ՔՐԻՍՏԻՆԷ ՆԱՌԱՐԵԱՆ
Հայոց Ցեղասպանութեան մասին գիտելիքի փոխանցումը նոր սերունդների համար ունի կարեւոր նշանակութիւն: Անկախ գիտելիքի փոխանցման ձեւից ցեղասպանութեան մասին կրթութեան մէջ միշտ էլ առանձնայատուկ ուշադրութիւն է դարձուել դրա գործառութային նշանակութեանը: Մեծ հաշուով, ցեղասպանութեան թեմայի ուսուցումը կոչուած է նախ եւ առաջ ցեղասպանութեան ենթարկուած ժողովրդի, ապա նաեւ ամբողջ մարդկութեան հաւաքական յիշողութեան պահպանմանը եւ փոխանցմանը: Ցեղասպանութեան ուսուցման (Genocide Education) միւս կարեւոր գործառոյթը՝ նոր ցեղասպանութիւնները կանխարգելելուն ուղղուած ազդեցութիւնն է: Այնուամենայնիւ, վերոնշեալ հիմնական գործառոյթների իրացմանը հասնելուն ուղղուած միջոցները տարբեր են:
Ցեղասպանութեան Մասին Գիտելիքը
Հայ ժողովրդի բազմահազարամեայ պատմութեան մէջ Ի. դարասկիզբը դարձաւ թերեւս ամենաողբերգականը. մի ամբողջ ժողովուրդ ոչնչացուեց իր պատմական հայրենիքում: Դրան յաջորդած հարիւրամեայ պատմութեան ընթացքում այդ ողբերգութեան վերաբերեալ յիշողութիւնը դարձաւ հայ ժողովրդի ազգային ինքնութեան ամենակարեւոր բաղադրիչներից մէկը: Սակայն դա տեղի ունեցաւ միայն ու միայն այդ յիշողութեան պահպանման եւ փոխանցման շնորհիւ: Անշուշտ, ցեղասպանութեան մասին գիտելիքի, իսկ դրա արդիւնքում նաեւ յիշողութեան փոխանցումը յետ-ցեղասպանական շրջանի տարբեր փուլերում կատարուել է տարբեր միջոցներով:
Տասնամեակներ շարունակ ցեղասպանութեան մասին գիտելիքը փոխանցուել է բանաւոր պատմութիւնների, գեղարուեստական կինոնկարների, գրականութեան ու դասագրքային յիշատակումների միջոցով: Անկախ գիտելիքի փոխանցման ձեւից՝ այդ փոխանցումը դարձել է պատմական յիշողութեան պահպանման կարեւոր գրաւական՝ այդպիսով լուծելով իր ֆունկցիոնալ (գործնական-Խմբ.) առաջին խնդիրը:
Ցեղասպանութեան մասին գիտելիքի փոխանցման առանցքային միւս գործառոյթը կանխարգելումն է: 1948 թուականին ՄԱԿի Գլխաւոր ասամբլիայի (ժողովի-Խմբ.) կողմից ընդունուած «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի (ուխտի-Խմբ.) կարեւորագոյն առաքելութիւնը յետագայ ցեղասպանութիւնները կանխերգելելն էր, սակայն ժամանակի ընթացքում, ակնյայտ դարձաւ, որ կոնվենցիան բաւարար չէ կանխելու համար յետագայ ցեղասպանութիւնները, քանի որ Ի. դարի երկրորդ կէսին եւս տեղի ունեցան ցեղասպանութիւններ (Կամբոջա՝ 1975-1979, Ռուանդա՝ 1994, Բալկաններ՝ 1992-1995 եւ այլն): Ահա հէնց այստեղ է երեւում ցեղասպանութեան մասին գիտելիքի դերակատարութիւնը: Այս հարցում ձախողումների մի մասը ցեղասպանութեան մասին կրթութեան թերացման, իրազեկութեան ցածր մակարդակի, այլ խօսքերով՝ նախկին ցեղասպանութիւններն ու կոտորածները լաւ չուսումնասիրելու, դրանք չպատժելու, դրանց սարսափների մասին չդասաւանդելու, ժխտողականութեան դէմ չպայքարելու հետեւանք էր:
Առանձին Կամ Մասնաւոր Պատմութիւնը՝ Ցեղասպանութեան Մասին Գիտելիքի Փոխանցման Միջոց
Ցեղասպանութեան թեմայի՝ դպրոցներում ուսուցանումը կամ ամենատարբեր հարթակներում դրա մասին իրազեկումը յարաբերականօրէն կարելի է բաժանել երկու մակարդակի: Առաջին մակարդակը՝ հիմնարար գիտելիքն է, այսինքն՝ Մեծ եղեռնին առնչուող ամենակարեւոր հիմնական գիտելիքների փոխանցումը: Այն կարող է լինել ամենամակերեսային գիտելիքներից մինչեւ նիւթի բաւական խորը մատուցում: Սակայն, անկախ դրա խորութիւնից՝ բովանդակային առումով այն միեւնոյն է՝ կոչուած է ընդհանուր պատկերացում տալու Հայոց Ցեղասպանութեան մասին, եւ միեւնոյն է՝ այդ մանրամասների մեծ մասը շատ արագ մոռացւում են: Օրինակ, դասագրքային նիւթում աշակերտը հանդիպում է Հայկական Հարցի ծագմանն առնչուող մի դրուագի, ինչպիսին 1878թ. Բեռլինի կոնգրեսի արդիւնքում ստորագրուած պայմանագրի 61րդ յօդուածն է: Չնայած դրա կարեւորութեանը՝ փորձը եւ մեր անձնական հարցումները ցոյց են տալիս, որ կոնկրետ (յստակ-Խմբ.) տուեալ յօդուածի մասին տեղեակ են շատ քչերը: Միւս կողմից էլ, առանց ցեղասպանութեան մասին հիմնարար գիտելիքների փոխանցման, ընդհանրապէս դժուար է պատկերացնել ցեղասպանութեան մասին կրթութիւնը:
Այնուամենայնիւ, պէտք է նշել, որ ցեղասպանութեան մասին գիտելիքի փոխանցման մէջ, օգնութեան է գալիս մէկ այլ միջոց եւս՝ առանձին պատմութիւնները: Առանձին պատմութիւններ ասելով՝ մենք նկատի ունենք ականատես-վերապրողների անձնական փորձառութիւնն ու դրանց մասին պատմութիւնները: Պէտք է նշել, որ այդ առանձին պատմութիւնները մեզ են հասել ինչպէս բանաւոր պատմութիւնների, այնպէս էլ լոյս տեսած հարիւրաւոր յուշագրութիւնների տեսքով:
Առաջին խումբը, ցեղասպանութիւնը վերապրողների բանաւոր պատմութիւններն են: Այս ոլորտում Ռիչարդ Յովհաննիսեանի, Վերժինէ Սվազլեանի, Զօրեան ինստիտուտի՝ տասնամեակների ընթացքում կատարած վիթխարի աշխատանքի արդիւնքում մենք ունենք ականատես-վերապրողների անձնական փորձառութեանը վերաբերող հսկայական նիւթ՝ ինչպէս տեսանկարահանուած, այնպէս էլ տպագիր: Առանձնանում է նա Ջէյմս Բրայսի բանաւոր պատմութիւնների ժողովածուն: Կան նաեւ վիթխարի քանակութեամբ տպագրուած յուշագրութիւններ: Չնայած մեծաքանակ նիւթի առկայութեանը՝ այնուամենայնիւ այդ նիւթերը եւ պատմութիւնները մեծ հաշուով անյայտ են մեզ: Այսինքն՝ առանձին ճակատագրերի պատմութիւնը մնում է լայն շրջաների համար անհասանելի:
Բաւական ուսանելի է այդ ոլորտում հրէական փորձը: Հոլոքոստի ականատես-վերապրողների վկայութիւնները ահռելի քանակութիւն են կազմում, սակայն գլխաւորը ոչ թէ դրանց քանակն է, այլ այդ պատմութիւնների օգտագործումը Հոլոքոստի իրազեկման եւ Հոլոքոստի մասին պատմելու մէջ: Այդ պատմութիւնները կարող են երբեմն աւելի ազդեցիկ լինել, քան թէ մի քանի ակադեմիական հրատարակութիւն: Դրա լաւագոյն օրինակը կինոռեժիսոր Ռոման Պոլանսկու նկարահանած «Դաշնակահարը» ֆիլմն է (2002թ.), որն արժանացաւ Ամերիկեան Կինոակադեմիայի բարձրագոյն՝ «Օսկար» մրցանակին: Ֆիլմը հիմնուած է լեհական հրեայ դաշնակահար Վլադիսլաւ Շպիլմանի յուշագրութեան հիման վրայ: Այն Հոլոքոստը վերապրած հրեայ մարդու պատմութիւն է, որի ներկայացման գեղարուեստական բարձր մակարդակը ապահովեց Հոլոքոստի թեմայի մասին իրազեկմանը ֆիլմի միլիոնաւոր դիտումներով:
Հայոց Ցեղասպանութեան թեմայի իրազեկման մէջ տասնամեակներ շարունակ առանձին պատմութիւնները տեղ են գտել գեղարուեստական եւ փաստավաւերագրական ամենատարբեր ֆիլմերում: «Ձորի Միրոն», «Մայրիկ», «Արամ», «Արարատ», «Արտոյտների Ագարակ» եւ մի շարք այլ ֆիլմերում հրաշալի անդրադարձ է կատարւում Մեծ Եղեռնին: Այնուամենայնիւ, Հայոց Ցեղասպանութեան տարիներին շարքային մարդու ողբերգութեան մասին պատմող օրինակները քիչ են:
Մուշեղիկ. Ցեղասպանութիւնը Մէկ Հայի Աչքով
Մեծ Եղեռնի դէպքում առանձին պատմութիւնների կարեւորութիւնը հասկանալու համար, մենք դիտարկում ենք ցեղասպանութիւնը վերապրած երեխայի՝ Մուշեղիկի պատմութիւնը: Երեխայ, ով փրկուել է ցեղասպանութիւնից՝ սակայն ամբողջ կեանքում կրել է դրա բոլոր սարսափները եւ ողբերգականութիւնը:
Ո՞վ էր Մուշեղիկը:
Մուշեղիկը ծնուել է 1907-08 թուականին Վանի նահանգի Վանի գաւառի Դիզա գիւղում, 13 հոգանոց ընտանիքում: Փրկուել են միայն ինքը եւ մայրը՝ Բէյազ Բադալեանը: Մուշեղիկի հայրը եւ նրա երեք հօրեղբայրները 1914թ. զօրահաւաքից յետոյ որպէս ամելէ-թաբուրի (աշխատանքային գումարտակի զինուորներ) սպանուեցին Բաշկալէի ճանապարհին: 1915թ. գարնանը Խալիլ բէյի հրամանով Դիզա գիւղից թուրք զինուորականները հաւաքում են 5-10 տարեկան տղայ երեխաների եւ դաժանաբար սպանում գիւղի հարեւանութեամբ գտնուող աղբանոցում: Մուշեղիկի մայրն իր երկու որդիներին՝ Սմբատին եւ Մուշեղին, մահից փրկելու խնդրանքով դիմում է իրենց ընտանիքի վաղեմի ծանօթ թուրք պաշտօնեային (իւզբաշի): Նա համաձայնում է միջնորդել Խալիլ բէյին երեխաների փրկութեան համար՝ կրօնափոխութեան առաջարկն ընդունելու դիմաց: Այդ նոյն ժամանակ մի քուրդ, լսելով Բէյազի որդու՝ Մուշեղիկի հայկական անունը, նրա ձեռքերը դաժանաբար գամում է փայտին:
1915թ. Վանի տասնեակ հազարաւոր հայ գաղթականների մէջ էին նաեւ մահից մազապուրծ Բէյազն իր երեք երեխաների՝ Սմբատի, Մուշեղի եւ Արեգնազի հետ: Գաղթի ճանապարհին՝ Սալմաստում, մեռնում է փոքրիկ Սմբատը: Բաքւում ընտանիքը հաստատուելուց կարճ ժամանակ անց մեռնում է նաեւ Արեգնազը:
Մեծ եղեռնի սարսափները՝ որպէս չսպիացող վէրքեր, ողջ կեանքում ուղեկցել են Մուշեղիկին՝ ամէն վայրկեան յիշեցնելով իր մանկութեան դաժան օրերն ու ապրած զարհուրելի պահերը: Մուշեղիկի կրած անմարդկային «պատժի» ապացոյցներն երեւում են նոյնիսկ դէպքից մէկ տարի անց արուած լուսանկարում, որտեղ նա ի ցոյց է դրել իր ձեռքերը՝ սպիացած վէրքերով:
Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած այս երեխայի պատմութիւնը եւ այդ պատմութեան մատուցելը իրազեկում է ցեղասպանութեան սարսափների ու մեր կորուստների մասին: Բայց միւս կողմից այս փոքրիկ պատմութիւնը խորհրդանշում է նաեւ հայ ժողովրդի վերածնունդը եւ ապրելու մեծ ուժը: Անշուշտ այս դիտարկումը մենք կատարել ենք բացառապէս թանգարանի՝ որպէս ցեղասպանութեան մասին պատմող եւ կրթող հաստատութեան գործառոյթների տեսանկիւնից: Սակայն դա էլ բաւարար է հասկանալու առանձին ճակատագրերի պատմութիւնների հանրայնացման կարեւորութիւնը: Այսինքն՝ ցեղասպանութիւնը վերապրած մէկ հայի անձնական պատմութիւնը շատ յաճախ կարող է դառնալ Հայոց Ցեղասպանութեան ամբողջ պատմութիւնը ներկայացնելու լաւագոյն տարբերակներից։
ՔՐԻՍՏԻՆԷ ՆԱՌԱՐԵԱՆ՝ Հայոց Ցեղասպանութեան Թանգարան-ինստիտուտի գիտաշխատող