ԵԸԼՄԱԶ ԳԻՒՆԷՅ
Թուրք յայտնի դերասաններից Եըլմազ Գիւնէյը, ելոյթ ունենալով Ժողովուրդների մնայուն ատեան կոչուող դատարանում, հրապարակաւ ընդունել է Հայոց Ցեղասպանութեան փաստը եւ ծաւալուն ելոյթով հանդէս եկել այդ թեմայով: «Ակունք»ը ստորեւ թուրքերէնից թարգմանաբար ներկայացնում է նրա ամբողջական ելոյթը, որը ֆրանսերէնով հրապարակուել է 1984թ. Փարիզում լոյս տեսած Le Crime de silence՝ «Լռութեան յանցանքը» գրքում:
«Մեծարգոյ նախագա՛հ,
Տեղեկացայ, որ ձեր յարգարժան դատարանը մի նիստ է գումարելու՝ Հայոց Ցեղասպանութեան թեմայով: Արդարութեանը սիրահարուած մարդիկ, մանաւանդ եթէ իմ նման՝ թուրքական արմատներ ունեն, չեն կարող անհաղորդ մնալ սոյն հարցի հանդէպ: Այդ է պատճառը, որ ցանկանում եմ ձեր ուշադրութիւնը հրաւիրել մի շարք հանգամանքների վրայ:
- Ըստ իս, Ցեղասպանութեան փաստն անվիճարկելի է: Տուեալ ժամանակաշրջանի՝ մահացու ազգայնամոլութեան ազդեցութեան տակ գտնուող թուրքական իշխանութիւնները երազում էին մի պանթուրանական կայսրութիւն ստեղծել, որը ձգուելու էր Թուրքիայից մինչեւ Միջին Արեւելքի տափաստաններ: Այնինչ, Թուրքիայի տարածքները Կովկասում եւ Ասիայում թուրքական լեզուներով խօսող միւս ժողովուրդների տարածքներից բաժանում էին քրդերով եւ հայերով բնակեցուած շրջանները: Այդ «արգելքը» վերացնելու համար Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան կառավարութիւնը որոշեց ֆիզիկապէս ոչնչացնել այդ երկու ժողովուրդներին: 1915թ. ի վեր գործադրուած ու զանգուածային կոտորածներից եւ աքսորներից բաղկացած այդ ծրագրաւորուած եւ համակարգուած քաղաքականութիւնն աւարտուեց Թուրքիայի հայերի ոչնչացմամբ: Առաջին աշխարհամարտի ընթացքում, նոյն քաղաքականութեան շրջանակներում, 700 հազարից աւելի քուրդ աքսորուեց Անատոլիայի ներքին շրջաններ:
- Եթէ Ցեղասպանութիւնը ժամանակին ճանաչուած լինէր միջազգային հանրութեան կողմից, եւ եթէ 1920ական թթ. դատէր Ազգերի լիգան մարդկայնութեան դէմ իրագործուած այդ յանցագործութեան հեղինակներին եւ ծանր կերպով պատժէր բոլոր յանցագործներին, քեմալիստական իշխանութիւնները չէին համարձակուի քրդերի նկատմամբ եւս գործադրել հայերի հանդէպ արուածը եւ 1924-1940 թթ. ընթացքում սպաննել ու աքսորել քրդական բնակչութեան մէկ երրորդին:
- Անկասկած է, որ ժողովրդավարական ռեժիմը կ՛ընդունէր պատմական ճշմարտութիւնը եւ կը պատժէր անիմաստ արկածախնդրութեամբ անգամ թուրքերին ողբերգական վիճակի հասցրած այդ ոճրագործութեան հեղինակներին: Առնուազն ներում կը հայցէր զոհ դարձած հայ ժողովրդից: Արդարադատութեան եւ պատուի հանդէպ մտահոգութիւնը պատճառ կը դառնար, որ Անկարայում ձեր դատարանի նման մի ատեան կազմաւորէր, որը կը բացայայտէր ճշմարտութիւնն՝ իր ողջ մերկութեամբ: Սակայն ափսո~ս, որ սեփական ժողովրդին տառապանք պատճառող, ահաբեկումներով իշխող թուրքական ռեժիմը շա~տ հեռու է նման պատուաբեր դիրքորոշում ընդունելուց: Չնայած տասնեակ ապացոյցներին՝ իր տարածքներում բնակչութեան առնուազն մէկ չորրորդը կազմող միլիոնաւոր քրդերի գոյութիւնն անգամ ժխտող մի ռեժիմից ուրիշ ի՞նչ կարելի է ակնկալել որ Եւ քրդերը երբ պահանջում են իրենց տեսակը բնորոշող իրաւունքները, Անկարայի իշխանութիւնները նրանց սպառնում են, թէ հայերին բախտակից կը դարձնեն նրանց: Իրականում դիկտատուրան առանձնապէս չի կարեւորում այն ստերը, որ հրամցնում է արտաքին աշխարհին, իր դաշնակիցներին եւ աջակիցներին:
- Թուրքական ռազմական դիկտատուրան ոչ միայն չի վախենում մեծ ուժերի պատժամիջոցներից, այլեւ՝ մինչեւ իսկ օգտւում է նրանց, մասնաւորապէս, ազատութեան եւ մարդու իրաւունքների մասին ելոյթների մէջ միշտ շռայլ եղած ԱՄՆի եւ Գերմանիայի աջակցութիւնից:
- Պատմական ճշմարտութեան ընդունումը չպէտք է հրահրի ցեղապաշտական ատելութիւնը եւ չպէտք է միմեանց դէմ հանի այսչափ պայթիւնավտանգ մեր տարածաշրջանի ժողովուրդներին: Մերօրեայ թուրքերը չեն կարող պատասխանատուութեան կանչուել 60 տարի առաջ իրենց պապերի կողմից եւ իր մայրամուտին հասած մի կայսրութեան բռնատիրական, մարդասպան ռեժիմի կողմից իրականացուած յանցագործութիւնների համար: Իմ կարծիքով, հակաթուրքական ցեղապաշտութիւնը պէտք է դատապարուի այնպէս, ինչպէս՝ Անկարայի իշխանութիւնների հակահայկական եւ հակաքրդական հիստերիան:
Մեծարգո՛յ նախագահ, իմ այս դիտարկումներից յետոյ թոյլ տուէք մաղթանքս յայտնել առ այն, որ ձեր դատարանի որոշումը միջազգային արձագանգ ստանայ, եւ որ այլեւս երբեք չկրկնուեն լռութեան ու անտարբերութեան հետեւանքով հայերի գլխին եկածները»:
Ժողովուրդների մնայուն դատարան
Թարգմանեց Մելինէ Անումեանը
«Ակունք»
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
Dr. Nazaret Darakjian
Armenian Organization of Istanbul Պոլսահայ Միութիւն
Դաւթեան-Մարիամեան Կրթական Հաստատութիւն