2018թ. Մարտի 9ից 11ը Սպիտակում տեղի ունեցաւ ՀՅԴ Հայաստանի Պատանեկան միութեան Վարիչ մարմնի նախաձեռնած եռօրեայ սեմինարը, որի նպատակը Հայաստանում վարիչների վերապատրաստումն էր: Սեմինարին մասնակցում էին Հայաստանի գրեթէ բոլոր մարզերի վարիչները: Մասնակիցների թիւը կազմում էր մօտ 40 մարդ:
ՀՅԴ Հայաստանի Պատանեկան միութիւնը, կարեւորելով վարիչի դերը պատանու դաստիարակութեան գործում՝ անհրաժեշտութիւն է համարում պատրաստուած եւ բանիմաց վարիչներ ունենալը: Հէնց այդ նպատակով էլ ՀՅԴ ՀՊՄն նախաձեռնեց վարիչների սեմինար-դպրոցը:
Սեմինարի ընթացքում վարիչները լսեցին ՀՅԴ Հայաստանի Պատանեկան միութեան կանոնագիր, ժողովավարական կանոններ, դաստիարակչական նիւթերի մատուցման ձեւեր, մանկավարժական մեթոդներ, համաշխարհայնացում, համացանց եւ ընկերային ցանցեր թեմաներով դասախօսութիւններ, որոնց ընթացքում հնչեցին բազմաթիւ հարցեր ու տեսակէտներ եւ հետաքրքրիր մեկնաբանութիւններ:
Աշխատանոցների ընթացքում, խմբերը, որոնք ձեւաւորուել էին բոլոր մարզերից մէկ ներկայացուցիչ սկզբունքով, կատարեցին արդիական խնդիրների, վարիչի կերպարի, դերի եւ աշխատելաոճի վերաբերեալ քննարկումներ:
Քննարկումների արդիւնքները Վարիչ մարմինը կ՛ընդունի որպէս ուղեցոյց յետագայ աշխատանքների կազմակերպման համար: Սեմինարը հնարաւորութիւն տուեց հասկանալ ՀՅԴ ՀՊՄ խնդիրները, դիմագրաւած դժուարութիւնները եւ առկայ մարտահրաւէրները:
ՀՅԴ ՀՊՄ ՎՄն նմանաբնոյթ սեմինարներ կազմակերպելու է պարբերաբար:
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐԻՉ ՄԱՐՄԻՆ