ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ
Փետրուարի 4ին Արցախի Հանրապետութեան Շահումեանի շրջանի Քարվաճառ շրջկենտրոնի Մշակոյթի եւ երիտասարդութեան կենտրոնի դահլիճում ելոյթ ունեցաւ Համազգային թատրոնի դերասանուհի, Երեւանի կինոյի (շարժապատկերի-Խմբ.) եւ թատրոնի ինստիտուտի (հիմնարկի-Խմբ.) դասախօս Տաթեւ Ղազարեանի ղեկավարած «Թատրոն-պօէզիա» դերասանների խումբը: Ծրագրում ներկայացում-ասմունք էր:
Միջոցառման սկզբում ներկաներին ողջունեց Տաթեւ Ղազարեանը, ով արդէն երկրորդ անգամ էր հանդիպում քարվաճառեան հանդիսատեսին: Առաջին անգամ դերասանուհին հանդէս էր եկել Համազգային թատրոնի «44 Աստիճանի Վրայ» ներկայացման մէջ՝ խաղալով գլխաւոր դերերից մէկը:
«Շատ ուրախ եմ նորից հանդիպել ձեզ: Այսօր իմ ուսանողները ձեզ կը ներկայացնեն պօէզիա՝ ասմունքելով հայ մեծերի գործերից», ողջունելով ներկաներին՝ նշեց դերասանուհին ու շնորհակալութիւն յայտնեց բոլորին ներկայութեան համար: Ներկայացումը կազմուած էր հայ բանաստեղծների՝ Պարոյր Սեւակի, Ռազմիկ Դաւոյեանի, Յովհաննէս Թումանեանի, Վահագն Դաւթեանի, Համօ Սահեանի ստեղծագործութիւններից, որոնք փոխադարձաբար իրար լրացնելով ու շարունակելով պատմում էին կարօտի, հայրենիքի, սիրոյ ու երազների մասին: Ներկայացման մէջ կարմիր գծի նման անցնում էր հայրենիքի կարօտի, կորցրած եզերքի ու ապրելու եւ սիրոյ մեծ ցանկութեան թեման: Ներկայացումն ուղեկցւում էր երաժշտութեամբ:
Ներկայացման աւարտին դերասաններին ու կազմակերպիչներին շնորհակալութիւն յայտնեց Շահումեանի շրջանի վարչակազմի ղեկավար Յարութ Մնացականեանը: «Ներկայացման խորհուրդը շատ խորն էր: Այն բոլորիս էլ մտածելու, խորհելու առիթ տուեց ու իւրաքանչիւրիս սրտի մէջ մի բան փոխեց», նշեց նա իր խօսքում:
Տեղեկացենք, որ «Թատրոն-պօէզիա» խումբն այս օրերին հիւրախաղերով հանդէս է գալիս Արցախի տարբեր շրջաններում՝ Մարտունիում, Մարտակերտում, Ստեփանակերտում: Յաջորդիւ խումբը ելոյթ կ՛ունենայ նաեւ Արցախի զօրամասերից մէկում: Հիւրախաղերն իրականացւում են երգչուհի Շուշան Պետրոսեանի աջակցութեամբ:
Քարվաճառում հիւրախաղի կայացմանն աջակցել է շրջանի վարչակազմը: