Հայաստանի սփիւռքի նախարարութիւնը նախաձեռնում է Տեղեկատուական եւ հեռահաղորդակցութեան տեխնոլոգիաների (արհեստագիտութեան) (ՏՀՏ) համահայկական ընկերակցութեան ստեղծման գործընթացը:
ՏՀՏ ոլորտի համահայկական մասնագիտական ընկերակցութեան եւ ցանցի ստեղծումը նպատակ ունի առաւել համախմբելու ՏՀՏ ոլորտում առկայ մեծ ներուժը, որը կը նպաստի համապատասխան մասնագէտների գիտելիքների ներդրմանը ՏՀՏ ոլորտի զարգացման մէջ եւ կը յանգեցնի Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան եւ կիբեռանվտանգութեան (cyber security) ամրապնդմանը:
Հայաստանի եւ Սփիւռքի համապատասխան մասնագէտների հետ այդ ուղղութեամբ արդէն կազմակերպուել են խորհրդատուութիւններ, համատեղ քննարկումներ, ի մի են բերուել արդիւնքները, նախանշուել գործողութիւնների յետագայ քայլերը եւ ներկայումս աշխատանքներ են տարւում նման ցանցի ստեղծման ուղղութեամբ:
Հայաստանում ՏՀՏ ոլորտում գործում են ՏՀՏ գործատուների միութիւնը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութիւնը, Ձեռնարկութիւնների ինկուբատոր (թխարան-Խմբ.) հիմնադրամը եւ մի շարք այլ կառոյցներ, որոնց գործունէութեան ընդլայնումը Սփիւռքում եւ համախմբումը մէկ միասնական հարթակում իր ծիրում կը ներգրաւի նաեւ Սփիւռքում գործող ընկերութիւններին, աշխատանքային խմբերին, ինչպէս նաեւ սփիւռքահայ անհատներին:
Մասնագիտական ցանցերի գործունէութեան արդիւնաւէտութիւնն ակնյայտ է:
Այդ մասին են վկայում ՀՀ սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ ստեղծուած եւ յաջողութեամբ գործող մասնագիտական այնպիսի ընկերակցութիւններ, ինչպիսիք են Ճարտարապետների եւ ճարտարագէտների համահայկական ընկերակցութիւնը, իրաւաբանների համահայկական խորհրդաժողով ՀԿն, «Հայկական առեւտրային ցանցը», Լրատուամիջոցների համահայկական ընկերակցութիւնը, բժիշկների ընկերակցութիւնները եւ այլն:
Տարիների փորձը ցոյց է տալիս, որ այս ընկերակցութիւնների գործունէութիւնը նպաստում է մասնագիտական միասնական հարթակի ձեւաւորմանը, փորձի փոխանակմանն ու նոր գաղափարների արծարծմանը:
Համաշխարհայնացման պայմաններում պետութիւնների առջեւ ծառացած նոր մարտահրաւէրներն ու զարգացումներն առաւել հրատապ են դարձնում ռազմավարական եւ նորարարական նշանակութիւն ունեցող կառոյցների համախմբումն ու միասնական գործունէութեան ծաւալումը, որին էլ միտուած է ՏՀՏ ոլորտի համահայկական մասնագիտական ընկերակցութեան ստեղծումը:
ՏՀՏ ոլորտի յարգելի հայրենակիցներ,
Եթէ ցանկանում էք արձագանգել եւ միանալ մեր առաջարկին խնդրում ենք անհատապէս կամ կազմակերպութեան անունից դիմել հետեւեալ հասցէներով՝ info@mindiaspora.am, panarmeniaorg@gmail.com, ministry@mindiaspora.am:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ
ՍՓԻՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ