Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2017 թուականի վերջին՝ 4րդ համարը, սովորականից աւելի մեծ՝ 326 էջ ծաւալով, ինչը հիմնականում պայմանաւորուած է անցնող տարուայ ընթացքում նշուած յոբելեանական իրադարձութիւններին արձագանգելու եւ դրանց գիտական գնահատականներ տալու ցանկութեամբ: «Վէմ»ի յոբելեանական բնոյթ ունեցող հրապարակումներից վերջինը՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Գարեգին Ա. Յովսէփեանի ծննդեան 150ամեակի հետ կապուած յօդուածաշարը, լոյս է տեսնելու յաջորդ՝ 2018 թուականին:
Դրանով հանդերձ, հանդէսի 2017 թուականի վերջին համարում տեղ են գտել հրապարակումներ, որոնց հիմնարար բնոյթը զուգորդւում է մի կողմից՝ քննարկուող նիւթի այժմէականութեան, իսկ միւս կողմից՝ հայեցակարգային ընդհանրացումների հետ:
Հայոց պատմութեան անտիկ շրջանը վաղ միջնադարի հետ կապող ժամանակահատուածում արձանագրուած արժէքային յեղաբեկումների նորովի քննութեանն է նուիրուած անգլերէնով լոյս տեսած՝ Ալբերտ Ա. Ստեփանեանի «Արեւմտականացումը Հին Եւ Վաղ Միջնադարեան Հայքում» ուսումնասիրութիւնը: Իսկ Գեղամ Մ. Բադալեանի «Տայքի Կենտրոնական Եւ Արեւելեան Գաւառների Ազգային Նկարագիրը 16րդ Դարի Վերջին» ուշագրաւ հրապարակումը փաստօրէն «փակում է» Վրաստանի, իսկ յետագայում՝ Օսմանեան կայսրութեան տիրապետութեան տակ անցած այդ հայկական երկրամասի ժողովրդագրական պատկերի վերաբերեալ հայ եւ վրացի գիտնականների շուրջ կէսդարեայ բանավէճը: Հիմնուելով հէնց վրաց գիտնականների հրապարակումների եւ երկրամասում նոր հաստատուած թուրքական իշխանութիւնների՝ «Գիւրջիստանի Վիլայեթի Ընդարձակ Յարկացուցակ»ի համեմատական քննութեան վրայ, հեղինակը 16րդ դարավերջի տեղանունների ու անձնանունների ծաւալուն աղիւսակների միջոցով անհերքելիօրէն ապացուցում է, որ Տայքը պահպանել էր իր բնիկ հայկական նկարագիրը նաեւ Օսմանեան կայսրութեան տիրապետութեան վաղ շրջանում:
Շարունակելով Առաջին Հանրապետութեան 100ամեակին ընդառաջ տպագրուող «Պետականութեան Մարտահրաւէրը» շարքը, «Վէմ» հանդէսը 2017 թուականի 4րդ համարում տեղ է յատկացրել Արմէն Ա. Ասրեանի՝ «Արամ Մանուկեանի Անհատականութիւնը Որպէս Պատմակերտ Գործօն» ուսումնասիրութեանը եւ Արամ Ս. Սայիյեանի՝ «Դերսիմը 1920թ. Թուրք-Հայկական Պատերազմի Օրերին» ոչ մեծ հրապարակմանը, որում հայ պատմագիտութեան մէջ առաջին անգամ գիտական քննութեան են ենթարկւում 1920թ. աշնան ամիսներին Հայաստանի Հանրապետութեան խորքերն արշաւող թուրքական բանակի թիկունքում բռնկուած, բայց այդպէս էլ հարկ եղած ձեւով չօգտագործուած՝ Քոչգիրիի ապստամբութեան դասերը:
2017 թուականի վերջին համարում տեղ են գտել նաեւ այլ հետաքրքրական ուսումնասիրութիւններ ու փաստաթղթերի հրապարակումներ: