ԽՈՐԷՆ ԱՐԱՄՈՒՆԻ
Ասացին որ նախկին Ալմաստի գործարանին կից «Ալմաստ» երկաթուղակայարանից ամէն Ուրբաթ, Շաբաթ եւ Կիրակի օրերը, առաւօտեան ժամը 8:30ին գնացք է շարժւում դէպի Սեւան՝ մինչեւ Շորժա եւ աւելին:
Ինչպէս միշտ, համաձայն իմ սովորութեան, ժամանակից շուտ եղայ «կայարանում»: Չէի սխալւում կայարան էր, աղբանոցի վերածուած, Բիզէի աշտարակը յիշեցնող, ծռուած փոքրիկ մի կրպակ, նախկինում հաւանօրէն՝ տոմսարկղ, մէկը միւսի կողքին շարուած ծուռտիկ-մուռտիկ ժանգոտուած նստարաններ, ծանրոցներով եւ ուսապարկերով բեռնաւորուած, գնացքին սպասող երիտասարդներ ու ընտանիքներ, հեծանիւներին յենուած մի խանդավառ, աշխոյժ ու բարետես երիտասարդ զոյգ, որոնք երբեմն կտուց-կտցի տալով իմաստաւորում էին արեւածագը:
Գնացքը իր խլացնող շչակով, ճիշդ ժամանակին ազդարարեց իր ժամանումն ու նոյն ազդանշանով՝ ժամանակին մեկնումը:
Դանդաղ ու ռիթմիկ երաժշտութեամբ սահեցինք ոչ թէ դէպի առաջ՝ հիւսիս, այլ անցեալ՝ Հայաստանում իմ ապրած տարիները, 70ականները:
Գնացքը չէր փոխուել, ինձ հետ միասին ծերացել, գունաթափուել, մասամբ ժանգոտուել, փտել էր: Ծեր կնոջ պէս շպարել էին, բայց՝ ապարդիւն: Ներկը ծուէն-ծուէն, տեղ-տեղ պոկուել, տակից ի յայտ էին եկել հազիւ նշմարուող ռուսերէն տառեր, որոնք հաւանաբար Սովետական Միութիւնից մնացած բարի յիշատակ՝ կարգախօսների ու եղբայրական ժողովրդների բարեկամութեան սիրախաղերի մարմաջների թերմացքներ էին:
Դէմ-դիմաց, բաւարար տարածութեամբ շարուած փայտեայ նստարանները ուղեւորներին ազատ շարժուելու հնարաւորութիւն էին տալիս:
Նաեւ նկատեցի, ոստիկանի համազգեստով մի զուարթ ու խանդավառ միջահասակ տղամարդու, որը անընդմէջ գնում-գալիս ու որոշ ուղեւորների հետ հին ծանօթի պէս էր վերաբերւում:
Ես առաջին վագոնում էի: Պատկառելի դէմքով վաթսունն անց մի տղամարդ յայտնուեց ու հարազատի պէս սկսեց ուղեւորների հետ կատակել, երբեմն էլ քիչ թէ շատ երկար զրոյցի բռնուել… Նա տոմսավաճառն էր, հաւանաբար յաճախ էր հանդիպում այդ մարդկանց, որոնք մեծ հաւանականութեամբ այդ երթուղու բնակիչ-ուղեւորներն էին:
Վերջապէս, առանց շտապելու, դանդաղ, տոմսավաճառը գրպանից հանեց հաշուիչ-սարքաւորումն ու սկսեց տոմսերի «վաճառք»: Իհարկէ, անծանօթներից գումարը վերցնում կտրօն էր տալիս, ինձ եւս տուեց, իսկ ծանօթ ընտանիքների անդամներին հաշւում, գումարը գանձում ու առանց տոմս տալու անցնում էր յաջորդին, այնպէս, ինչպէս ժամանակին Էջմիածին-Երեւան աւտոբուսում, ամաչում էինք տոմս վերցնել, վճարում իջնում էինք: Աւանդական աշխատաոճ՝ հրաշալի յիշողութեան արթնացում: Զսպուած ժպիտը դէմքիցս անպակաս էր, յատկապէս, որ այդ երեւոյթին ականատես էր նաեւ դրանից փայ ունեցող անտարբեր ոստիկանը:
Հեծանուորդ զոյգը, տոմսավաճառի ցուցմունքով հեծանիւները տեղաւորեցին առաջին երկու նստարանների արանքում, իրենք տեղաւորուեցին յաջորդ նստարանին, որի դիմաց արդէն տեղ էին զբաղեցրել երկու կին ու հասցրել էին նախաճաշի պարագաները դնել իրենց կողքին: Այդ կանանց անմիջապէս յետեւը ես էի նստած, աչքիս ծայրով նայեցի սուփրային՝ ձու, պանիր, խառը կանաչի, թթու… Նորից մտքով գնացի անցեալս, նոյն նախաճաշն էր, միայն խուժան, տնական արաղն էր պակասում: Բերանս ջուր ընկաւ, նախաճաշ չէի կերել…
Ուշադրութիւնս գրաւեց միւս կողմում նստած մի սափրագլուխ, որը բոլորովին էլ նման չէր ախրանիկի, լուսանկարչական ապարատները կողքին, առիթ առ առիթ փոփոխում ու լուսանկարում էր, մէկ էլ նրա ուշադրութիւնը գրաւեց նախաճաշի համեստ սուփրան, ֆոկուսը կենտրոնացրեց այնտեղ ու ժպտաց.
– Արի, արի ջահէլ ջան, արի մի պատառ հաց կտրի, մօտիկ արի,- ասաց քիչ թէ շատ արեւից վառուած կինն ու լաւաշի մի մեծ պատառ մեկնեց նրան: Ո՛նց նախանձեցի, մանաւանդ որ հեծանուորդները հասցրել էին տիրանալ իրենց հասանելիք բաժիններին ու ախորժակով ծամում էին: Լուսանկարիչը առանց յապաղելու կամ նախապէս շնորհակալութիւն յայտնելու, խլելու պէս վերցրեց համեղ պատառն ու սարքաւորումները մի կողմ դրեց:
Երկրորդ կինը ետ նայեց, հարազատի պէս ժպտաց. «Համեցէք, մի պատառ էլ դուք վերցրէք,»: «Չէ, շնորհակալ եմ»- պատասխանեցի ու բերանը ջուր ընկած շան պէս փոշմանեցի:
Հիւրասէր կանայք ջերմ զրոյցի բռնուեցին հեծանուորդ զոյգի հետ, երբեմն նաեւ սկսեցին բարձրաձայն ծիծաղել:
Ահել ու ջահել, մանուկ, թէ ծեր, գիւղացու թէ քաղաքաբնակի տպաւորութիւն թողնող բոլոր ուղեւորները դեռ գնացք բարձրանալիս տարուած էին իրենց հեռախօսներով, i-Pad-ներով կամ համակարգիչներով: Բարեբախտաբար ծխողներ չկային, ահա այն մեծ փոփոխութիւնները, որոնք անմիջապէս նկատեցի ու ներքուստ մեծ բաւականութիւն ստացայ:
Իւրաքանչիւր կայարան մի նոր յուշ էր արթնացնում: Ահա Աբովեան քաղաքի կայարանը որտեղից էլ պիտի նստէինք գնացք ու Աբովեանի դպրոցից գողացուելիք գրամեքենայի հետ չքուէինք, իսկ Չարենցաւանի կայարանում մի օր ուշ գիշերին հազիւ էի հաւասարակշռութիւնս պահում, խաւարի մէջ ձիւնախառն բուքը ինձ քշում էր դէպի ուր, ինքս էլ չէի հասկանում…
Հրազդանի կայարանում էինք, այնտեղ, որտեղ երեք օրուայ հայրենադարձս, Նոյեմբեր ամսի սառնամանիքին, առաւօտեան ժամը հինգին, ստացայ Իրանից ուղարկած մեր իրերը… Այն ժամանակ ես չգիտէի, որ սովետական վարչակարգում վարձոյթով որեւէ ինքնաշարժ, այդ թւում նաեւ բեռնատար, գոյութիւն չունի…
Մի քիչ երկար սպասեցինք: Մի զոյգ բարձրացաւ: Ոչ հայր ու աղջկայ, ոչ էլ ընկեր-ընկերուհու տպաւորութիւն էին թողնում: Աղջկայ հագուստը աւելի հետաքրքիր էր, քան ինքը, մանր գունաւոր ծաղիկներով, վերից վար թափուող նուրբ շորը սրբում էր վագոնի յատակը, նստելուն պէս երկար մազերը գցեց ուսին, ծածկեց ինձ նայող դէմքի մասը, պայուսակից մի գիրք հանեց ու խորացաւ: Դասական գրականութեան հերոսուհու կերպար յիշեցնող այդ պարմանուհու ծածկուած դէմքը գնալով սկսեց աւելի գրաւիչ ու գեղեցիկ թուալ: Մօտս ցանկութիւն առաջացաւ իմանալ, թէ ի՛նչ գիրք է ընթերցում, համարձակութիւնս չբաւարարեց… Հայեացքս չէի հեռացնում նրանից, չնայած դէմքը այնքան էլ լաւ չէր երեւում, բայց իր հագուկապով, կեցուածքով ու երբեմն գրքի ազդեցութեան տակ ոտքերի տեղափոխումը, մազերի հետ խաղն ու դիրքի փոփոխութիւնները այնքան խօսուն էին, որ ինձ թւում էր՝ ես եմ ընթերցում գիրքը:
Սեւանի կայարանում ուղեւորների զգալի մասը իջան: Իջան նաեւ հեծանուորդներն ու ընթերցող աղջիկը…։ Վագոնում խաղաղութիւն տիրեց: Հաւաքուել էր նաեւ նախաճաշի սուփրան:
Սափրագլուխը մօտեցաւ ինձ, նստեց կողքիս ու սովորականից բարձր ձայնով անգլերէնով հարցրեց.
– Do you speak English.
– Yes,- անգլերէնով պատասխանեցի ու մեր խօսկցութիւնը ընթացաւ այդ լեզուով:
– Որտեղի՞ց էք:
– Լոս Անջելեսից, իսկ դո՞ք:
– Վայեմինգից, US:
– Հասկանալի է, ուրախ եմ: Հա՞յ ես:
– Այո, մայրս է հայ, տասնհինգ թուականների մազապուրծների սերունդ է, ինքն էլ հայերէն չգիտի, մի քանի բառ տատիկիցս եմ սովորել, տատիկիս լաւ եմ յիշում:
– Իսկ հա՞յրդ:
– Ի՞նչ:
– Հայրդ, հայրդ հա՞յ է:
– Կը ներես լաւ չեմ լսում, երկու ականջներս էլ լաւ չեն լսում, – ասաց ու տեղաշարժեց աջ ականջի մէջ տեղադրուած փոքրիկ սարքաւորումը:
– Հայրդ:
– Այո, բայց փոքր եմ եղել, մեզ լքել է, չենք հանդիպում: Հայաստանը սիրում եմ, այս չորորդ անգամն է գալիս եմ, մի քանի ամիս եմ մնում, հրաշալի երկիր է, լուսանկարչութեամբ եմ զբաղւում, իսկ Հայաստանի բնութիւնն ու կենցաղը դրա համար հիանալի է, անսպառ նիւթ կայ, համ էլ էժան երկիր է…
– Այո, ես էլ նոյն կարծիքին եմ…
– Էս, ո՞ւր էք գնում:
– Շորժա, միչեւ հիմա չեմ եղել, առաջին անգամն է:
– Ես եղել եմ…
Զրոյցը երկարեց մինչեւ Շորժա: Իջանք: Ես մէկ՝ աջ, մէկ՝ ձախ նայեցի, չէի կողմնորոշւում ուր գնալ…
– Էստեղ բան չկայ, վերեւը գիւղն է, ներքեւում՝ սովորական փոքրիկ վարձով ափեր են, երկու կիլոմետր դէպի աջ մի լաւ ափ կայ, հրաշալի է, եղել եմ, եթէ կ՛ուզես միասին քայլենք, հէնց ափին մի լաւ բար կայ, հաճելի տեղ է:
Համաձայնուեցի, բայց ասացի որ սոված եմ, ժամը տասներկուսն է մօտենում, նախաճաշ եւս չեմ կերել, անպայման պիտի մի բան ուտեմ: «Ես էլ…»- ասաց նա:
Յիսուն-հարիւր մետրի վրայ գողտրիկ մի ճաշարան տեսանք, նստեցինք: Դեկոլտէ հագած թմբլիկ մատուցողուհին մօտեցաւ, սեւանավարի՝ գեղեցիկ, ժպտաց, կրծքերը կախեց սեղանին, չարաճճօրէն մէկ ինձ, մէկ ընկերոջս նայեց, ձախ ձեռքով ծածկեց կաթնագոյն դօշի հմայքն ու աջ ձեռքի լաթով սկսեց սրբել սեղանը, ապա ուղիղ եւ հպարտ կեցուածքով, լաթը բռնած ձեռքը կողքին յենած, ճաշացանկերը դրեց մեր առաջ ու ասաց՝ պատրաստ լինէք, կանչէք:
Խոզի խորովածի գիժ եմ, առաջարկեցի նաեւ Բրայանին, հա՛, մոռացայ, անունը Բրայան էր: Չմերժեց:
– Ես նաեւ ամառային սալադ կը վերցնեմ:
– Ես էլ,- վրայ բերեց Բրայանը:
– Ջերմուկ:
– Ես էլ:
– Չնայած շոգ է, բայց հարիւր գրամ ծիրանի կամ թթի արաղը վատ չէր լինի:
– Հա, լաւ է, ես էլ կ՛ուզեմ:
– Գուցէ մի-մի հատ էլ քաբաբ, հա՞:
– Հա, ինչու ոչ:
– Իսկ պանի՞ր:
– OK,- ասաց նա ու ճաշացուցակը դրեց սեղանին:
Կանչեցի մատուցողուհուն, պատուիրեցի ու խնդրեցի ջուրը շուտ բերի:
Խորովածը հիանալի էր, քաբաբը նոյնպէս, ծիրանի օղին ամէն ինչ արժեր, հրաշալի սեղան էր, կերանք խմեցինք ու հաշիւը պահանջեցինք: Մատուցողուհին թմբլիկ յետոյքը այս ու այն կողմ շպրտելով, ժպիտը դէմքին մօտեցաւ, հաշիւը դրեց սեղանին, սեղանը հաւաքելու հետ միասին հարցրեց.
– Հը՞, ո՞նց էր, ծիրանը լա՞ւն էր:
– Հոյակապ, մինչեւ հիմա այսպիսի ծիրանի օղի չէի խմել:
– Ինքը հայերէն չգիտի՞:
– Չէ, մի քանի բառ:
– Հաւանե՞ց:
– Կարծում եմ…
– Վերցրեցի հաշիւը մի թղթադրեմ դրեցի գրքոյկի արանքն ու մեկնեցի նրան:
– Շնորհակալութիւն,- ասաց Բրայանն ու ջերմուկի վերջին կաթիլները դատարկեց:
Մանրը վերադարձուեց, մատուցողուհին գոհ մնաց, մենք եւս շնորհակալութեամբ վեր կացանք եւ լճի ափի երկայնքի տաք ասֆալտի վրայ ուղղուեցինք դէպի Բրայեանի ասած վայրը: Համարեա երկու կիլոմետր արեւի տակ քայլեցինք, մեր առաջ բացուեց մի գեղեցիկ տեսարան՝ ափ, որտեղ տարբեր լեզուներով խօսող տասնհինգ-քսան մարդ էր հանգստանում: Բարը գրաւեց ուշադրութիւնս, մօտեցայ, բարեւեցի, միջահասակ գեղադէմ տղամարդը բարեւիս պատասխանը տուեց ու մաքուր անգլերէնով զրոյցը շարունակեց խօսակցուհու հետ, ապա ներողութիւն խնդրելով դիմեց ինձ.
– Ինչո՞վ օգնեմ, որեւէ բան կը ցանկանա՞ք:
– Այո, գարեջուր եթէ կարելի է, բայց շատ լաւ անգլերէն էք խօսում, որտեղի՞ց էք:
– Ղարաբաղից, Ղարաբաղցի եմ, ցաւդ տանեմ, չի՞ երեւում,- կէս կատակ, կէս լուրջ ասաց ու բարի յետեւը կանգնած կարճլիկ աղջկան խնդրեց գարեջուր լցնի:
– Բրայան, գարեջուր կ՛ուզե՞ս,- հեռուից գոռացի արդէն նստարաններից մէկի վրայ տեղ գրաւած ուղեկցիս:
– Ինչո՞ւ ոչ,- համարձակ բղաւեց նա ու մօտեցաւ բարին:
Ամերիկեան ջազ էր հնչում, բարում կանգնած աղջնակը հաւասար երգում ու տեղում պարում էր, երկու գաւաթ գարեջուր մեկնեց, գումարը ստացաւ, մանրը թողեցի: «Թենք եու, ջենթլմեն»,- ասաց նա ու ձայնը բարձրացրեց:
Լողափին պառկելուց ու Սեւանի հմայքը ըմբոշխնելուց բացի ուրիշ անելիք չունէի: Մէկ ժամ յետոյ երկրորդ գաւաթ գարեջուրս պատուիրեցի, Բրայեանը մօտեցաւ, մի գաւաթ էլ ինքը ուզեց:
Վճարեցի…
Կապոյտ երկինք, տաք աւազ, վառ արեւ ու գարեջուր…
Սեւանը սկսեց գոյնն ու բնաւորութիւնը փոխել, ալիքները լեզու էին առնում, ոգեղէն երկխօսութեան հետ համատեղ առաջին անգամ լճի քաղցր ջրի համն առայ ու անկոչ հիւրի պէս կողքիս յայտնուեց «Պետրոս Դուրեանը»…
Ինչո՞ւ ապշած ես, լըճա՜կ,
Ու չեն խայտար քու ալեակք,
Միթէ հայլուոյդ մէջ անձկաւ
Գեղուհի մը նայեցաւ:
Աչքերս փակուեցին:
Ժամը հինգին գնացքը շարժուելու էր: Ոտքերս ջրից հանեցի, մօտեցայ Բրայանին, արթնացրի, պատրաստուեցինք մեկնելու: Բրայանը գնաց դէպի բարը, մի հատ ջուր գնեց ու ասաց. «գնանք»:
Ասֆալտապատ ճանապարհին երկու խանդավառ պատանիներ, թռչկոտելով ու ինչ-որ երգ դնդնալով մօտեցան մեզ ու անգլերէնով բարեւեցին:
– Էս ինչո՞ւ էք անգլերէն բարեւում:
– Տուրիստ չէ՞ք:
– Ինչի՞, հայ տուրիստ չկա՞յ:
– Հոպար, տղա՞դ ա:
– Հա, կորցրել էի, երեսուն տարի ման եմ եկել՝ էսօր գտել եմ…
– Ո՞նց:
– Հէնց էնպէս, արա, լաւ տղայ ես երեւում, արի հետս տանեմ Ամերիկա:
– Հոպար, խոմ չեմ գժուել, օրը յիսուն դոլար փող եմ աշխատում:
– Ո՞նց:
– Պլեաժ ունեմ, ափ եմ վարձով տալիս, էս գիւղում էլ ապրում եմ, մեր գիւղից լաւ տեղ չկայ: Հոպար, ինքը հայերէն չգիտի՞:
– Չէ:
– How are you,- Բրայանին դիմեց պատանին: Ապա խօսքը ուղղեց ինձ,- անգլերէն լա՞ւ եմ խօսում, հոպար…
– Դպրոց գնո՞ւմ ես:
– Հա, բա ոնց: Էսա աւարտում եմ գնամ բանակ:
– Բայց խի՞ ես ուզում բանակ գնաս, էստեղ վա՞տ ա:
– Հոպար, մինչեւ մի թուրքի ականջ չբերեմ… խոստացել եմ, գրազ եմ եկել…
– Ի՞նչ է ասում, ինչո՞ւ է էդպէս ոգեւորուած,- հարցրեց Բրայանը…
* * *
Գնացքը ճիշդ ժամը հինգին շարժուեց:
Արդէն Բրայանից առանձնացել էի, ես վագոնի սկզբում, Բրայանը մի քանի նստարան հեռու, նստած, լուռ ու մունջ հետեւում էինք գնացքի ռիթմիկ բայց միապաղաղ երաժշտութեանը:
Սեւանում գնացք բարձրացան նաեւ երիտասարդ հեծանուորդները, տեղաւորուեցին նոյն տեղում, մի քանի անգամ կտուցները միմեանց քսելուց յետոյ աղջիկը գլուխը տղայի ուսին՝ փակեց աչքերը, յետոյ հեւիհեւ բարձրացան ընթերցողն ու հետի տղան: Կրկնուեց նոյնը՝ ընթերցողը գլուխը կախեց գրքի վրայ, իսկ տղան հայեացքը գցեց բնութեան վազքին:
Հրազդան չհասած, ընթերցողը մօտեցաւ ինձ, նստեց դիմացիս ազատ նստարանին ու ինչպէս աշակերտը կը մօտենար ուսուցչին, դողացող ձայնով հարցրեց.
– Կը ներէք, դուք նկարի՞չ էք:
– Ոչ,- պատասխանեցի ես ու աւելացրի,- իսկ ինչի՞ց ենթադրեցիք որ պիտի նկարիչ լինեմ:
– Չգիտեմ, արուեստագէտի տպաւորութիւն էք թողնում, գուցէ գրո՞ղ էք:
– Այո, գրում եմ:
– Ապեր, ապեր, բա որ ասում էի, ինքը գրող ա,- հրճուանքով բղաւեց ընթերցողն ու եղբօրը խնդրեց մեզ լուսանկարի:
– Ուսանո՞ղ էք:
– Ոչ, տասնմէկերորդ դասարանում եմ սովորում, որ աւարտեմ պիտի գործերս տամ բա-նասիրական բաժին:
Ուսապարկիս մէջ հեղինակային գիրք ունէի, հանեցի, մեկնեցի նրան, սկսեց ցատկոտել, փարուեց ինձ ու ճչաց՝ Խորէն Արամունին է ապեր, իրա գիրքը կարդացել եմ, «Խրամատից Դուրս»: Վայ Աստուած իմ, որ խնդրեմ կը մակագրէ՞ք:
Եղբայրը իր հեռախօսով անմահացնում էր քրոջ երջանիկ պահերը, երբ գնացքը կանգ առաւ Հրազդան կայարանում ու նրանք հրաժեշտ տուեցին…
Երեւանում իջանք, Բրայանը մօտեցաւ, հարցրեց ո՞ր ուղղութեամբ եմ գնում, անակնկալի եկած պատասխանեցի՝ չգիտեմ ու իսկապէս առանց իմանալու թէ ուր եմ գնում սկսեցի քայլել…
Կը շնորհաւորենք ձեր Նոր Տարին
եւ Սուրբ Ծնունդը, մաղթելով, որ
իրականանան ձեր բոլոր անձնական,
ընտանեկան եւ ազգային իղձերը
Ս. Երրորդութիւն Հայց.
Առաքելական Եկեղեցի
Ֆրեզնօ