Maximum Care Hospice Inc.
5301 Laurel Canyon Boulevard, suite 230
Valley Village. CA 91607
(818) 495-8853
www.maximumcarehospice.com
ՀԱՐՑԱԶՐՈՅՑ «ՄԱՔՍԻՄՈՒՄ ՔԷՅՐ ՀՈՍՓԻՍ»Ի ՀԻՄՆԱԴԻՐ-ՏՆՕՐԷՆ ՄԱՔՍԻՄ ԼԱԲՈՒՏԻՆԻ ՀԵՏ
«Հոսփիսը Կեանքի Մասին Է»
Հոսփիսը՝ hիւանդապահական կենտրոնը, յաճախ ընդունուած է համարել ծանր հիւանդութեամբ տառապող մարդու վերջին օրերի համար նախատեսուած վայր: Ոլորտի ներկայացուցիչները սակայն հաւաստիացնում են, որ նշուած բնորոշումը զուտ կարծրատիպ է. իրականում, հոսփիսն առաջարկում է բժշկական հոգատար խնամք, ուղղուած հիւանդի վիճակի բարելաւմանը, նրա ֆիզիկական, զգայական եւ հոգեւոր ցաւերը մեղմելուն, ծանր հիւանդների դէպքում էլ՝ հոգում է նրանց կեանքի վերջին օրերի արժանավայել անցկացումը:
«Մաքսիմում Քէյր Հոսփիս»ում անհատական մօտեցում է ցուցաբերւում իւրաքանչիւր յաճախորդի՝ հաշուի առնելով նաեւ ազգային, մշակութային առանձնայատկութիւնները: Հայախօս անձնակազմի շնորհիւ էլ, այս հաստատութիւնը մեծ վստահութիւն եւ հեղինակութիւն ունի նաեւ հայ համայնքի շրջանում: Առաջիկայ շաբաթների ընթացքում կը ներկայացնենք հարցազրոյցների շարք «Մաքսիմում Քէյր Հոսփիս»ի ղեկավար Մաքսիմ Լաբուտինի հետ, ով մանրամասն տեղեկութիւններ է հաղորդում Հոսփիս ծրագրի եւ իր ղեկավարած ընկերութեան կողմից առաջարկուող ծառայութիւնների մասին:
Հարցազրոյցը վարեց՝
ՎԻԿՏՈՐ ԿՈՅՖՄԱՆԸ
Ռուսերէնից թարգմանեց՝
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

ՎԻԿՏՈՐ ԿՈՅՖՄԱՆ.- Շատերի մօտ մինչ այժմ առասպելական, մտացածին պատկերացում կայ այդ «սարսափազդու» բառի մասին: Ասէք, խնդրեմ Մաքսիմ, ի՞նչ է «հոսփիս»ը՝ հիւանդապահական կենտրոնը, եւ ինչո՞ւ է այն անհրաժեշտ:
ՄԱՔՍԻՄ ԼԱԲՈՒՏԻՆ.- Հոսփիսը նախատեսուած է խրոնիկական հիւանդութիւններ ունեցող մարդկանց համար եւ յատկապէս նրանց, ովքեր առանց բժշկական օգնութեան հնարաւոր է, որ մահանան մէկ տարուայ ընթացքում: Նպատակը՝ նուազեցնել մարդու՝ հի-ւանդանոցում յայտնուելու ռիսկերը: Շատ յաճախ, այսինքն՝ 60 տոկոս դէպքերում, սրտանօթային, թոքային հիւանդութիւնների, ուռուցքների դէպքում, հիւանդը յայտնւում է հիւանդանոցում միայն այն պատճառով, որ տանը չի ստացել որակեալ համապատասխան բժշկական օգնութիւն: Ոչ բոլորն են տեղեակ, որ մենք կարող ենք ապահովել 24 ժամեայ խնամք՝ ներառեալ դեղամիջոցները: Աւելին, մեր ծրագիրը նաեւ նախատեսում է բժշկի այց հիւանդի տուն, ինչի շնորհիւ ծանր հիւանդին կարիք չկայ տանել բժշկի գրասենեակ կամ հիւանդանոց, որտեղ նա ստիպուած պիտի լինի տանջալի հերթ կանգնել: Բժիշկն այցելում է տուն, դառնում իւրային, եւ տուեալ ընտանիքը գիտի, որ նրան կարող է դիմել ամէն պահի: Մեր կազմում կան բուժքոյրեր, բժիշկ, սոցիալական ոլորտի աշխատող: Մեր գրասենեակը սերտօրէն համագործակցում է հիւանդին բուժող բժշկի հետ, ում մենք մշտապէս տեղեկացնում ենք հիւանդի մօտ նկատուող փոփոխութիւնների մասին: Մեր նպատակն է, որպէսզի հիւանդն ու իր հարազատները վստահ լինեն, որ մենք նրանց կը լսենք եւ կ՛օգնենք իւրաքանչիւր իրավիճակի դէպքում:
ՎԻԿՏՈՐ ԿՈՅՖՄԱՆ.- Այսպիսով, «հոսփիս» բառը չի՞ նշանակում, որ խօսքը վերաբերում է այնպիսի հիւանդի, ում կեանքի աւարտին մի քանի շաբաթ է մնացել, չի՞ ենթադրում ճակատագրական կարգավիճակ:
ՄԱՔՍԻՄ ԼԱԲՈՒՏԻՆ.- Հոսփիսը, կրկնում եմ, խրոնիկական հիւանդութիւններ ունեցող մարդկանց համար է: Հիւանդութիւններ, որոնք այսօր դեռ բուժում չունեն, սակայն դա բոլորովին չի նշանակում, որ մեզ դիմող մարդը դատապարտուած է: Օրինակ, Ալցհէյմերի հիւանդութիւնն աստիճանաբար վատթարացնում է առողջութիւնը, եւ բուժման միջոցներ դեռ չկան: Սակայն մարդը, պէտք է դրա հետ ապրի, եւ չմահանայ: Եթէ այդ հիւանդների նկատմամբ ճիշդ խնամք տարուի, խօսքը կարող է լինել տարիների մասին: Մենք օգնում ենք մարդկանց հոգ տանել իրենց մասին, ապահովում ենք աջակցութիւն, ինչի կարիքը նրանք ունեն, օգնում ենք ընտանիքին, քանի որ մարդիկ երբեմն չեն գիտակցում, թէ ինչ է նրանց հետ կատարւում, իսկ ընտանիքը՝ շփոթութեան մէջ է յայտնւում՝ չիմանալով, թէ տուեալ իրավիճակում ինչ անել: Այդ պատճառով, աւելի լաւ է ու հանգիստ, երբ մեր ծրագիրն է գործի դրւում՝ աւելի շուտ, քան հիւանդութիւնը ծանրանում է: Մենք գնահատում ենք հիւանդի վիճակը, հետեւում ենք հիւանդութեան ընթացքին եւ օգնում ենք մեղմելու ցաւը:
ՎԻԿՏՈՐ ԿՈՅՖՄԱՆ.- Իսկ ո՞վ է մեր օրերում որոշում կայացնում հիւանդի վիճակի մասին, եւ յատկապէս խնամքի ի՞նչ ծրագիր է նրան անհրաժեշտ:
ՄԱՔՍԻՄ ԼԱԲՈՒՏԻՆ.- Որոշում կարող է ընդունել բժիշկը, ընտանիքը կամ հիւանդն ինքը: Շատերը լսում են ընտանեկան բժշկի խորհրդին, սակայն յաճախ մարդիկ ուղիղ դիմում են մեզ՝ զանգահարելով մեր գրասենեակ:
ՎԻԿՏՈՐ ԿՈՅՖՄԱՆ.- Իսկ եթէ չունեն այդպիսի ընտանեկան կամ այլ մշտական բժիշկ:
ՄԱՔՍԻՄ ԼԱԲՈՒՏԻՆ.- Ոչ մի սարսափելի բան չկայ: Այդ դէպքում, մեր բժիշկը կ՛այցելի հիւանդի տուն, կը պարզի նրա առողջական վիճակը, եւ թէ ինչ օգնութեան կարիք ունի կ՛որոշի, թէ արդեօք մեր ծրագիրը համապատասպանո՞ւմ է նրան թէ ոչ:
ՎԻԿՏՈՐ ԿՈՅՖՄԱՆ.- Այս դէպքում շատ են ոչ միայն փիլիսոփայական, նաեւ աւելի հրատապ՝ հոգեբանական հարցերը: Եթէ մարդն անգիտակից վիճակում է, պարզ է, որ հարցեր էլ չունի, իսկ եթէ գիտակցութիւնը տեղում է, ապա իմանալով, որ գտնւում է «հոսփիսում», կարող է վախենալ՝ մտածելով, որ առողջութիւնը շատ վատ է: Ինչ որ մէկը բարոյա-հոգեբանական օգնութիւն տրամադրո՞ւմ է: Ունէ՞ք նման մասնագէտ:
ՄԱՔՍԻՄ ԼԱԲՈՒՏԻՆ.- Այո, իւրաքանչիւր հիւանդի հետ աշխատում է յատուկ աշխատակից: Եթէ ընտանիքի անդամներից մէկն ունի իր քահանան, ով իրեն լաւ գիտի եւ վայելում է վստահութիւնը, փորձում ենք աշխատել միասին: Իսկ եթէ չունի, ապա ընտանիքի ցանկութեամբ կարող ենք դիմել մեր հոգեւոր ներկայացուցչին: Երբեմն, ընտանիքին էլ անհրաժեշտ է բարոյական աջակցութիւն, երբ հարազատ մարդը մահանում է: Սակայն, ամենագլխաւորը, որ մարդիկ պէտք է իմանան՝ հոսփիսը գոյութիւն ունի ոչ թէ նրա համար, որ օգնի մահանալու. մենք օգնում ենք ապրել արժանավայել այն ժամանակը, որ մնացել է մարդուն: Ոչ ոք չգիտի, թէ որքան է մնացել: Մենք անում ենք հնարաւորինը եւ յաճախ ենք տեսնում, որ մարդկանց վիճակը ոչ միայն չի վատթարանում, այլ նոյնիսկ բարելաւում է: Հոսփիսը մահի մասին չէ, այլ՝ կեանքի:
ՎԻԿՏՈՐ ԿՈՅՖՄԱՆ.- Լոս Անջելեսում արդեօք շա՞տ է հոսփիսների թիւը, եւ ինչո՞վ է ձեր կենտրոնը տարբերւում միւսներից:
ՄԱՔՍԻՄ ԼԱԲՈՒՏԻՆ.- Վերջին շրջանում շատ հոսփիսներ են բացուել: Սակայն շատ քիչ է պատահում այնպէս, ինչպէս մեզ մօտ՝ ես ծանօթ եմ իւրաքանչիւր ընտանիքի հետ, ում հետ մենք աշխատում ենք, եւ միշտ, երբ էլ որ զանգահարեն մեզ՝ մենք տեղում ենք լինում: Ձեզ կը պատասխանեն առաւօտ կանուխ եւ գիշերը՝ բուժքոյրը կամ ես անձամբ: Եւ այս հարցում շատ կարեւոր է, որ ձեր հեռախօսազանգին պատասխանողը լինեն նոյն մարդիկ, ովքեր ճանաչում են տուեալ ընտանիքին եւ հիւանդին: Չկայ մէկ ընդհանուր մեթոդ կամ դեղատոմս բոլորի համար, իւրաքանչիւր կոնկրետ հիւանդի դէպքում մենք համապատասխան, անհատական մօտեցում ենք մշակում: Այսինքն, աշխատում ենք, ես կ՛ասէի՝ կառուցել ընտանեկան, անձնական յարաբերութիւններ մեզ դիմողների հետ, եւ այս հանգամանքն էլ մեր կենտրոնը բացառիկ է դարձնում, այսպէս ենք տարբերւում շատերից: Մեր հիմնական նպատակներից մէկն է՝ մարդկանց ապահովել հոսփիսի ծրագրով նախատեսուած բոլոր հնարաւորութիւններով:

ՎԻԿՏՈՐ ԿՈՅՖՄԱՆ.- Իսկ եթէ մարդը մի շարք հիւանդութիւններ ունի, օրինակ ասենք՝ Ալցհայմեր, շաքարախտ եւ սրտային խնդիրներ: Ձեր հոսփիսը կարո՞ղ է համապարփակ մօտեցում ցուցաբերել նման դէպքում եւ օգնել տուեալ հիւանդին:
ՄԱՔՍԻՄ ԼԱԲՈՒՏԻՆ.- Նման հիւանդները մեզ մօտ հազուադէպ չեն, եւ ի հարկէ, մենք հետեւում ենք նրանց արեան ճնշմանը, արեան մէջ շաքարի պարունակութեանը, շնչառական խնդիրներին, սրտի ցաւերին: Սակայն կրկնեմ, մենք չենք զբաղւում բուժմամբ, այլ՝ մարդու կեանքը դարձնում ենք այնքան յարմարաւէտ, որքան դա հնարաւոր է: Մենք նուազեցնում ենք տանջանքն ու անհանգստութիւնը՝ ապահովելով բժշկական այնպիսի խնամք տան պայմաններում, որ հիւանդանոց տանելու հարց առաջանայ միայն ծայրայեղ անհրաժեշտութեան դէպքում:
ՎԻԿՏՈՐ ԿՈՅՖՄԱՆ.- Կա՞յ արդեօք հիւանդին անհրաժեշտ որեւէ բուժում, ինչը ձեր հոսփիսը չի կարող տրամադրել:
ՄԱՔՍԻՄ ԼԱԲՈՒՏԻՆ.- Կան որոշակի սահմանափակումներ: Մեր ծրագրում գտնուելով, հիւանդը չի կարող անցնել քիմիոթերապիայի, ռադիօթերապիայի կուրսեր, կախուած լինի կեանքի պահպանմանն աջակցող մեքենայից (life support machine) կամ արհեստական շնչառութեան մեքենայից: Սակայն այստեղ եւս լինում են բացառութիւններ: Եթէ մարդը, օրինակ, քաղցկեղ ունի, եւ բժիշկը կարծում է, որ նա պէտք է շարունակի քիմիոթերապիա ընդունել ոչ թէ որպէս բուժման միջոց, այլ՝ իրավիճակի կայունացման, ցաւը մեղմելու նպատակով: Ի վերջոյ, մեր հիմնական խնդիրն է՝ ապահովել յարմարաւէտ պայմաններ հիւանդի համար: