Նախորդ երկու շաբաթուայ ընթացքում, մեր տուած խորհուրդները վերաբերում էին ճիշդ սննդակարգին: Այսօր թեման շարունակելով՝ ներկայացնում ենք ֆրանսիացի բժիշկ Փիեռ Դիւկանի մօտեցումը այն սննդակարգին, որը նպաստում է նիհարելուն:
Հիմքում, սպիտակուցային սնունդն է, որը մեծ տարածում է գտել շնորհիւ իր արդիւնաւէտութեան: Սպիտակուցային սննդակարգի շնորհիւ, սովածութեան զգացում չի լինում: Մեր խորհուրդներում մենք խուսափում ենք խիստ զսպուած սննդակարգից: Սակայն, բժշկի խորհուրդները, որին նա հասել է տարիների փորձառութեան շնորհիւ, յարմար ենք գտնում ներկայացնել մեր խորագրում:
Ա. խորհուրդը՝ ըստ Դիւկանի
Լաւ՛ քնիր եւ լա՛ւ նախաճաշիր՝ հիմնականում սպիտակուցային մթերքներով՝ ձու, կաթնաշոռ, անիւղ միս.
Բ. խորհուրդ՝ շա՛տ քայլիր.
Գ. խորհուրդ՝ բոլոր ժամանակների լաւագոյն ըմպելիքը ջուրն է: Բացառութիւնը կանաչ թէյն է, որը նպաստում է նիհարելուն.
Դ. խորհուրդ՝ օգտագործիր համեմունքներ՝ սխտոր, պղպեղ, քրքում: Ինչքան շատ են համեմունքները, այնքա՛ն արագ է գալիս յագեցուածութեան զգացումը: Կարմիր եւ կանաչ պղպեղները արագացնում են նիւթափոխանակութիւնը:
Սննդակարգի մէջ ճիշդ է ներառել չիայի սերմերը, որոնք պարունակում են մարմնի համար անհրաժեշտ «օմէգա» իւղերը, նպաստում նիհարելուն եւ պահպանում մաշկը:
Բժիշկ Դիւկանի առաջարկած մթերքներից են՝ սպանախը, լոլիկը, վարունգը: Սրանց ամէնօրեայ օգտագործումը շա՛տ օգտակար է:
Սպիտակուցներով հարուստ է եւ քիչ կալիորականութիւն է պարունակում սունկը, որն համեղ է եւ օգտակար:
Դդումը անփոխարինելի է բժիշկ Դիւկանի սննդակարգում: Այն օգնում է մաքրել օրգանիզմը եւ քիչ կալորիաներ է պարունակում:
Կիվին, նարինջը, խնձորը եւ մանգօն բժիշկ Դիւկանի նախընտրած մրգերն են: Իսկ պանանը, որը սննդարար է, բայց շատ կալորիա է պարունակում, բժիշկը խորհուրդ չի՛ տալիս:
Առո՛ղջ եղէք: