«ԱՍՊԱՐԷԶ»
Ատրպէյճանի վերջին արկածախնդրութիւնը ցաւալի հետեւանքներ ունեցաւ, պատճառ դառնալով ազերի կնոջ մը եւ երկու տարեկան աղջկայ մը մահուան:
Հայոց բանակը անմեղ բնակչութեան վրայ կրակելու ոչ մէկ մտադրութիւն ունեցած է անցեալին եւ պիտի չունենայ երբեք: Հայկական զոյգ պետութիւններու ռազմական եւ քաղաքական ղեկավարութիւնը յստակացուցած են մեր բանակի հակադարձ գործողութիւններուն դրդապատճառները (տես էջ 5ի վրայ Արցախի պաշտպանութեան նախարարի եւ էջ 19ի՝ Հայաստանի արտաքին գործոց փոխնախարար Շաւարշ Քոչարեանի մեկնաբանութիւնները):
Արցախի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութիւնը պատահածին նկատմամբ հրապարակած է պաշտօնական յայտարարութիւն մը, ուր կ՛ըսուի.
«Ս. թ. Յուլիսի 4ին ադրբեջանական կողմը նախաձեռնել է հերթական սադրանք՝ գնդակոծելով Արցախի Հանրապետութեան տարածքը: 2016 թ. ապրիլեան ագրեսիայից (յարձակումէն-Խմբ.) յետոյ առաջին անգամ Ադրբեջանի զինուած ուժերը կիրառել են TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ: Գնդակոծումն իրականացուել է Ալխանլու գիւղի տարածքում՝ անմիջապէս բնակելի տների մերձակայքում տեղակայուած կրակակէտերից:
Արցախի պաշտպանութեան բանակը ստիպուած էր պատասխան միջոցներ ձեռնարկել՝ ճնշելու ադրբեջանական բանակի կրակային ակտիւութիւնը: Ադրբեջանական կողմի սադրած միջադէպի արդիւնքում, դժբախտաբար, գիւղի բնակիչների շրջանում կան տուժածներ:
Մենք բազմաթիւ անգամ, դեռեւս ապրիլեան ագրեսիայի օրերին, ուշադրութիւն ենք հրաւիրել այն փաստին, որ ադրբեջանական կողմը, խախտելով միջազգային մարդասիրական իրաւունքի բոլոր նորմերը, չի խորշում օգտագործել իր իսկ քաղաքացիական բնակչութեանը որպէս կենդանի վահան՝ Արցախի տարածքը գնդակոծելու նպատակով:
Սահմանի երկու կողմերում ապրող խաղաղ բնակչութիւնը վաղուց արդէն գերի է դարձել ադրբեջանական իշխանութիւնների քաղաքականութեանը՝ ուղղուած Արցախի եւ Ադրբեջանի զինուած ուժերի շփման գծում լարուածութեան սրմանը եւ բանակցութիւնների վերականգնման ուղղուած միջնորդների ջանքերի տապալմանը:
Կատարուածը հերթական անգամ հաստատում է 2016 թ. Մայիսի 16ի Վիեննայի եւ 2016 թ. Յունիսի 20ի Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում՝ շփման գծում իրավիճակի կայունացման նպատակով ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների կարեւորութիւնը: Նշուած պայմանաւորուածութիւնների անյապաղ իրագործումը, որը տորպեդահարւում (տապալի-Խմբ.) է Ադրբեջանի կողմից, թոյլ կը տայ յետագայում խուսափել նման միջադէպերից»: