ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
Վերջերս ինձ մի ճանապարհային ոստիկան մօտեցաւ եւ առանց երկար նախաբանի սկսեց՝ «Էս ի՞նչ է լինելու էս ժողովրդի վիճակը, մի բան ՊԷՏՔ Է անել, սաղ էթում են երկրից, էս անարդարութիւնները… էս կաշառակերութիւնը…»:
Երբ նրան հարց տուեցի՝ «Իսկ անձամբ դուք վարորդներից կաշառք վերցնո՞ւմ էք», պատասխանը նոյնպէս սպասելի էր՝ «Բա իրանց տուած կոպեկներով ո՞նց ընտանիք պահեմ»:
Այստեղ առանցքային բառը՝ «պէտք է»ն է: Ինչ որ բաներ ՊԷՏՔ Է տեղի ունենան՝ իմ կամքից եւ իմ գործողութիւններից անկախ: Ծառերը ՊԷՏՔ Է ծաղկեն, արտերը ՊԷՏՔ Է բերք տան, Հայաստանում ՊԷՏՔ Է լաւ, այսինքն՝ ժողովրդին «լաւ նայող» իշխանութիւն լինի եւ այլն: Իրականում, այդ թեմայով հնարաւոր է խօսել ժամերով եւ օրերով՝ յուզուելով, բողոքելով ու բորբոքուելով: Մեր մտքով շատ հազուադէպ է անցնում մի պարզ հարց՝ «Իսկ ի՞նչ ՊԷՏՔ Է անեմ ես»:
Մասնաւորապէս, իմ զրուցակից «գաիշնիկը» (ոստիկանը-Խմբ.) ՊԷՏՔ Է դադարի մարդկանց գլխին գործ սարքել եւ դրանով ընտանիք պահել: Գլոբալ հարցերից խօսելը հեշտ է, մայթին ընկած կոնֆետի (շաքարի-Խմբ.) թուղթն աղբամանը գցելը շատ աւելի դժուար է: Մամուլի ակումբներում ամէն օր հիւրընկալւում են քաղաքական գործիչներ, եւ բոլորը խօսում են «պէտք է»ի տեսանկիւնից՝ «Հայաստանը ՊԷՏՔ Է դառնայ զարգացած, քաղաքակիրթ երկիր», «իշխանութեան ճիւղերը ՊԷՏՔ Է տարանջատուեն», «դատական համակարգը ՊԷՏՔ Է անկախ լինի», «ՊԷՏՔ Է զարգացնել ռազմարդիւնաբերութիւնը», «ՊԷՏՔ Է իրական պայքար ծաւալել կոռուպցիայի դէմ», «ժողովուրդը ՊԷՏՔ Է ոտքի կանգնի», «այս իշխանութիւնը չարիք է եւ օր առաջ ՊԷՏՔ Է հեռանայ»:
Քանի որ այս ամէնը ես լսում եմ եւ որպէս լրագրող ստիպուած վերարտադրում եմ արդէն 26 տարի, ապա յայտնեմ իմ համեստ կարծիքը՝ օդի անիմաստ տատանումներին ՊԷՏՔ Է վերջ տալ: Վերջերս մի հեռաւոր երկրից հերթական ազգային գործիչն եկաւ ու ասաց. «Հայաստանը շատ վատ վիճակում է՝ ժողովուրդը քիչ է, տարածութիւնը՝ փոքր, բնական պաշարներ չկան, եւ այդ վատ վիճակից դուրս գալու համար ՊԷՏՔ Է աշխատանք տարուի, ՊԷՏՔ Է Սփիւռքին համոզել, որ գան, գործարաններ հիմնեն Հայաստանում: Այդ գործիչը նշեց նաեւ. «Հայաստանը ՊԷՏՔ Է ադամանդ դարձնենք, ՊԷՏՔ Է այստեղ աշխատատեղ ստեղծենք: Եթէ մարդ գործ չունենայ, ապագայ էլ չի լինի»: Լաւ է՝ ասաց, թէ չէ՝ մենք չգիտէինք:
… Ինչպէս ժամանակին գրել է Պարոյր Սեւակը՝ «Թէ ասելով լինէր՝ կարելի էր շուռ տալ աշխարհն իրօք եւ իսկոյն էլ տեղը նոր աշխարհ շինել»:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ «Առաւօտ» օրաթերթի գլխաւոր խմբագիրն է.