ԹԵՀՐԱՆ.- Հազարաւոր թեհրանահայեր այս տարի եւս Հայոց Ցեղասպանութեան 102րդ տարելիցին իրենց խուռներամ շարքերով Ապրիլի 24ին մասնակցեցին լուռ բողոքի երթին:
Ապրիլի 24ի առաւօտեան Թեհրանի Ս. Սարգիս Մայր եկեղեցում ձեռամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսեանի մատուցուեց եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. պատարագ եւ բարեխօսական աղօթք:
Ս. պատարագից եւ բարեխօսական աղօթքից յետոյ, թափօրը հայ սկաուտների կազմած խրոխտ շարքերով շարժուեց դէպի եկեղեցու շրջափակում գտնւող Բիւրաւոր Նահատակների յուշարձանի մօտ, ուր կրօնական արարողութիւնից յետոյ թեմակալ առաջնորդն իր խօսքը ուղղելով համախմբուած հայորդիներին կոչ ուղղեց հաստատակամ քայլերով շարժուել դէպի Թուրքիայի դեսպանատուն:
Ապա սկսուեց ժողովրդի լուռ եւ կարգապահ երթը դէպի Թուրքիայի դեսպանատուն: Մէկ ժամեայ երթից յետոյ՝ կէսօրուայ ժամը մէկին, ժողովուրդը հաւաքուեց Թուրքիայի դեսպանատանդիմաց եւ ժողովրդի լուռ երթը վերածուեց բողոքի ցոյց՝ կարգախօսեր վանկարկելով: Համախմբուած հազարաւոր հայորդիներ բռունցքները վեր եւ դէպի դեսպանատուն ու ծածանուող դրօշը հայերէնով ու պարսկերէնով վանկարկում էին «Մահ Թուրքիայի ֆաշիստական կառավարութեանը», «Արդարութիւն, արդարութիւն մեր իրաւացի կանչն է»:
Համահաւաքի ընթացքում հրաւիրուեց իր պատգամը յղելու Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանն:
Ապա հրաւիրուեց թեմակալ առաջնորդն իր պատգամը յղելու:
Սրբազան հօր յղած պատգամից յետոյ ընթերցուեց օրուայ 10 կէտանոց բանաձեւը: Վերջում ժողովուրդը վերամբարձ բռունցքներով երգեց «Սարդարապատ» երգը: