ԿԱՐԷՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ
Հայաստանում ապրած ժամանակս, երբ խօսք էր գնում սփիւռքահայութեան մասին, այն արւում էր մի այնպիսի շեշտադրութեամբ, որ ակամայից ստեղծւում էր մեծ, կազմակերպուած միութեան մի պատկեր: Դէ ասենք՝ համարեա նոյն հիմունքներով, ինչ կարող է լինել պետութեան ղեկավարութիւնն ու նրան հետեւող ժողովուրդը: Միայն այս դէպքում՝ աւելի՛ միահամուռ: Չէ՞ որ, ի վերջոյ, հեռու են հայրենիքից, եւ այն ինչ չի անհանգստացնում Հայաստանում ապրող հային, այս պայմաններում դառնում է խորհրդանշական:
Այդ յետոյ էր, երբ սկսեցի հասկանալ ցաւալի փաստը, որ հայերը միահամուռ չեն կարող լինել: Հէնց միայն իրենց էութիւնից ելնելով: «Չէ՞ որ իւրաքանչիւրս աշխարհի կենտրոնն ենք, եւ ամէն բան պիտի որ պտտուի մեր շուրջ եւ մեր հասկացողութեամբ, այլապէս՝ թող կորչի՛, գնա՛, քանի որ այստեղ մի ճշմարտութիւն կայ եւ այնն էլ՝ ի՛մն է»: Եւ ահա՛, այստեղ միայն տեսայ, որ Սփիւռքի հայութիւնը բաժան է ոչ միայն աշխարհագրութեամբ, այլ նաեւ գաղափարներով, եւ որ այստեղ, միմեանցից երկու հայրենակից կարող են վիրաւորուել ու տարիներով չխօսել մի բանի համար, որ եթէ օտարազգի մէկն անէր նրանցից իւրաքանչիւրի հանդէպ, կը լռէին, մոռացութեան կը տային եւ մէկ-երկու օր անց սիրալիր կը բարեւէին:
Ահա՛ թէ ինչու, ասենք Գլենդէյլ քաղաքում, մեծամասնութիւն կազմող հայերը մէկ ազգութեամբ հայ ընտրելու փոխարէն՝ իւրաքանչիւրն իրենն է առաջարկում, մասնատելով ձայների քուէն այնքա՛ն, որ արդիւնքում քաղաքային խորհրդի անդամ է ընտրւում օտարազգի քաղաքական գործիչ: Ցաւալի՛ է, որ այս երեւոյթի ողբերգական մասը ոչ ոք չի ընկալում, որ տարաձայնութիւնների արդիւնքում՝ հայերը դուրս են մնում: Ընդհակառակը, ուրախանում են, որ թէկուզ իրենց թեկնածուն չանցաւ, բայց հոյ հակառակորդի՛նն էլ դուրս մնաց պայքարից: Ու ցաւով հասկանում ես, որ այդ հակառակորդի տակ նկատի ունեն մէկ այլ հայի, ում շատերն անձնապէս չեն էլ ճանաչում: Պարզապէս՝ լցրել են գլուխները, թէ նա լաւ չէ՛, սրա՛ն ընտրէք: Իսկ ինչո՞ւ լաւ չէ, կամ սա ինչո՞վ է լաւ: Խելքը գլխին պատասխան դժուար թէ գտնէք:
Սկզբից միամտաբար կարծում էի, թէ սա միայն քաղաքականութեան ոլորտ է, սակայն շուտով նկատեցի, որ՝ ո՛չ: Երկու հայկական նպարատուն իրարից մէկ թաղամաս հեռու են գտնւում, բայց միմեանց հանդէպ թշնամանքի շունչը կարծես մագնիսական դաշտ լինի՝ երկու խանութ բեւեռների միջեւ: Թողնե՛նք դա: Ասենք՝ այստեղ էլ առք ու վաճառք կայ, ուրեմն՝ քիչ թէ շատ գումար ու եկամուտ: Հապա այդ դէպքում ինչպէ՞ս բացատրես գրական, մշակութային ոչ-շահութաբեր կազմակերպութիւնների թշնամութիւնը: Բայց արի ու տես, որ այստեղ էլ նոյնն է: Գրողի, իսկ եթէ աւելի խորանանք՝ հա՛յ գրողի նախանձը: Եւ թւում է, որ թքա՛ծ, թէ մէկն ի՛նչ է անում (միջոցառում, շնորհանդէս թէ ուղեւորութիւն)… Իրենք չեն, ուրեմն թող այդ միջոցառումն էլ ձախողուի: Յետո՞յ ինչ անենք, որ մի նոր հայկական գիրք է հրատարակուել համայնքում, կամ՝ մեր մեծերից մէկին նուիրուած երեկոն է: Մենք չենք կազմակերպել, ուրեմն՝ փորձենք վնասել: Չէ՞ որ մենք էլ դրանից ենք զօրեղ, (իւրաքանչիւրս իր գործի մէջ): Ու սկսենք կողքից կծոտել ու հաչալ, գուցէ թէ աղմուկի վրայ մի երկու հոգի մարդ միանայ այն խղճուկ խմբակին, որ դեռ մեծամտաբար շարունակում են միութիւն կոչել, եւ որի, այսպէս կոչուած՝ վարչութեան անդամների թիւն աւելի՛ է քան բուն միութեան…
Այո՛, իրօք որ փոքրերի ու թոյլերի միակ զէնքը կոկորդ պատռելն է: Կա՛մ օգնութիւն պիտի գոռան, կա՛մ էլ շնիկների պէս հաչան՝ թաքնուելով տիրոջ ոտքերի յետեւում, կ՛ամ սեփական ցանկապատի այն կողմում: Գուցէ թէ դրա համար է, որ անուանի բանաստեղծ Վազգէն Վանատուրն իր «Շարական 10 Միլիոն Ձայնի Համար» պօէմում դառնացած նշում է. «Ծովից ծով հայրենիք ունենալու փոխարէն, ովկիանից ովկիան Սփիւռք ունենք»:
Բայց, կարծես թէ շեղուեցինք, քանի որ գրիչը վերցնելուս նպատակն այս անգամ բարի ու հաճելի մի ուղեւորութեան մասին էր, որ կազմակերպուել էր մի միութեան կողմից, որին բախտն ունեմ անդամակցելու: Որպէս գաղտնիք ասեմ, որ նման խմբակցութիւնների մէջ մտնելու ցանկութիւն բոլորի մօտ է առաջանում, նամանաւանդ այստեղ, երբ յոգնած վերադառնում ես աշխատանքից, յարմարաւէտ բայց միշտ մի տեսակ օտար տունդ, երբ զգում ես իւրայիններիդ կամ պարզապէս գաղափարակիցներիդ ներկայութեան պակասն ու պահանջը:
Գուցէ դրա համար է, որ այստեղ այսքա՛ն խմբեր ու խմբակցութիւններ կան, ոչ պարտադիր հայկական, եւ ուղղուածութիւնն էլ՝ տարբեր ու բազմազան, գրական-մշակութայինից մինչեւ աղանդաւոր-մասոնական:
Եւ այսպէս՝ մեր Միութեան մասին: Դեռ երկու տարեկան էլ չկայ: Առաջացել է Կալիֆորնիայի Հայ գրողների միութեան տրոհումից, որ ինձ յաճախ սխալ է թւում, քանի որ իր կազմում ընդգրկում է հէնց այդ կազմակերպութեան նախկին անդամների մօտ երեք քառորդից աւելին: Ուրեմն, մի գուցէ ճիշդ կը լինի ասել՝ վերաճել է մի նոր կազմակերպութեան: Անուանել ենք մենք այս կազմակերպութիւնը «Ամերիկայի Միացեալ Նահանգների Հայ Գրողների Միութիւն» (կամ՝ յապաւումով՝ ԱՄՆ ՀԳՄ): Ինչո՞ւ ենք: Որովհետեւ հիմնադիրների մէջ ես էլ էի մտնում՝ վաստակաշատ մանկագիր, տիկնիկագործ, երգահան Ֆիրա Ակեանի, Հայաստանի ժուռնալիստների միութեան անդամ եւ իր առաջին մասնագիտութեան սկզբունքներին անդաւաճան, երկրաբանի յամառութեամբ պրպտող, հինը յայտնաբերող, նորն արժեւորող, յայտնի լրագրող եւ հրապարակախօս Վահէ Մեսրոպեանի, Իրաւարարների միջազգային ատեանի նախագահ, Ռուսաստանի Դաշնութեան Բնական գիտութիւնների ակադեմիայի Ամերիկեան բաժանմունքի նախագահ, իրաւագիտութեան դոկտոր, բանաստեղծ Սուրէն Ղազարեանի, եւ միութեան շարժիչ, նրա նախագահ, «Ոսկէ Դափնի» մրցանակակիր, «Վազգէն Առաջին» մեդալակիր, Հայաստանի Գրողների միութեան անդամ, ականաւոր բանաստեղծ եւ գրականագէտ Վազգէն Վանատուրի հետ միասին:
Չեմ ցանկանում մանրամասնել միութեան գործունէութիւնը: Հակիրճ կ՛ասեմ, սակայն, որ իր այս կարճատեւ գոյութեան ընթացքում, հինգ հոգանոց խմբից վերածուել է մի քանի հարիւրեակ ունեցող կազմակերպութեան, որն իր անդամներն ունի ոչ միայն ԱՄՆի տարբեր նահանգներում, այլ նաեւ Հայաստանում, Արցախում, æաւախքում եւ Ռուսաստանի Դաշնութեան տարբեր հայաշատ բնակավայրերում: Միութիւնն ընդգրկում է ոչ միայն յայտնի գրողների ու գրականագէտների, այլ նաեւ նրանց ովքեր նոր են մուտք գործում գրական աշխարհ: Սրանով մենք փորձում ենք կատարել մեր առաջաբանի առաջին հատուածը՝ «տարածել ու ընդարձակել հայ գրականութան ոլորտը»: Միութիւնը հանդիսանալով մեծահասակների կազմակերպութիւն՝ իր շարքերում ունի 20ից աւելի մանուկ ստեղծագործողներ, որոնցմով մենք հպարտանում ենք, սոսկ այն պատճառով, որ տեսնում ենք նրանց մէջ մեր սերնդափոխութեան յաջող լուծման բանալին եւ հաւատում, որ միութիւնն այս քաղաքականութիւնը որդեգրելով՝ դեռ աւելի կը բարգաւաճի մեզանից յետոյ (սա էլ մեր առաջաբանի երկրորդ մասը՝ պահպանել լեզուն եւ գրականութիւնը, այսինքն՝ պատրաստել այն սերնդին, որին հնարաւոր կը լինի փոխանցել հայկական աւանդները):
Կազմակերպութիւնը հրատարակում է «Վերնատուն» եւ «Ծիր Կաթին» մանկապատանեկան պարբերականները, եթեր է սփռում «Վերնատան Հիւրերը» եւ «Ծիր Կաթին» համանուն մանկապատանեկան հերուստահաղորդումները, կազմակերպում գրական շնորհանդէսներ, նոր գրքերի շքահանդէսներ, հայ մշակոյթի մեծերին նուիրուած մեծարման երեկոներ, կազմակերպում ուղեւորութիւններ դէպի մօտակայ հայաշատ շրջաններ: Ահա հէնց այդպիսի՛ մի ուղեւորութիւն էլ միութիւնը կայացրեց վերջերս՝ միութեան փոխնախագահ, ԱՄՆ ՀԳՄ Լրագրողների խմբակցութեան առաջին փոխնախագահ Վահէ Մեսրոպեանի նախաձեռնութեամբ:
Եւ այդ ուղեւորութիւնն էր դէպի Ֆրեզնօ:
Քաղաքի մասին շատ էի լսել: Խորհրդային տարիներից դեռ գիտէի, որ այդտեղ է բնակւում Վիլեամ Սարոյեանը: Կարգերի փլուզումից յետոյ տեղեկացայ նաեւ, որ այդտեղ է գտնւում Սողոմոն Թեհլիրեանի աճիւնը, եւ որ այնտեղ, այդ համեմատաբար փոքրիկ քաղաքում, մեծ հայկական համայնք կայ, որը սակայն ոչնչով չի տարբերւում միւս հայ համայնքներից, այսինքն՝ ունի իր հակադիր կուսակցութիւնները, հակառակորդ կազմակերպութիւնները, ախոյեան միութիւնները, մրցակից համայնքավարները եւ այլն:
Բայց եւ այնպէս, մեր նպատակն այդ օրն ա՛յլ էր: Այն կարելի կը լինէր կոչելու իւրովի ուխտագնացութիւն: Չէ՞ որ ծաղիկներ էինք դնելու Սողոմոն Թեհլիրեանի շիրիմին, նրա հետ վերյիշելու մեր անցեալի եւ ներկայի քաջ մարտիկներին, ովքեր իրենց կեանքն ի սպաս են դրել մեր հայրենիքի պաշպանութեան, մեր ժողովրդի բարեկեցութեան համար, չէ՞ որ խունկ էինք ծխելու նաեւ մեծահամբաւ գրող Վիլեամ Սարոյեանի շիրմաքարին, տեսնելու նրա առանձնատունը, որտեղ իր կեանքի վերջին տարիներն է անցրել նա: Վերջապէս, պիտի տեսնէինք այն մեծ գործի արդիւնքը, որ արել էին տեղի համայնքավարները՝ Ցեղասպանութեան նուիրուած յուշակոթողը եւ Վարազ Սամուէլեանի հեղինակած Սասունցի Դաւթի արձանը: Ինչո՞ւ յատկապէս նշեցի համայնքին: Քանի որ այս յուշարձանների (համաձայնէք, որ գաղափարն արդէն իսկ գովելի է) տեղավայրերը հասարակական վայրեր էին: Առաջինը՝ Ֆրեզնոյի Կալիֆորնիայի Պետական համալսարանի բակում, երկրորդը՝ քաղաքային զբօսայգու պուրակներից մէկում, ուղիղ քաղաքապետարանի դիմաց:
Սա ի հարկէ ոգեւորեց մեզ՝ երեք-չորս ժամ ճանապարհին անցրած ուղեւորներիս: Գուցէ թէ սա էր պատճառը, որ այդպիսի խանդավառութեամբ, հէնց նոր արթնացած մարդու թարմութեամբ մտանք տեղի հայկական եկեղեցին, ապա եւ նորաբաց վերանորոգ Հայ մշակութային կենտրոնը, որտեղ եւ ունեցանք մեր փոքրիկ ճաշկերոյթ-միջոցառումը: Ինչպէս միշտ, այս անգամ եւս այդ օրն ակնկալած մեր սպասումները գերկայացան, եւ նոյնիսկ մեր ծրագրուած հակիրճ ելոյթները ծաւալուեցին, եւ այն ի վերջոյ վերածուեց մի գեղեցիկ գրական միջոցառման՝ երգերով, պարերով (մեր միջոցառմանն իրենց մասնակցութիւնը բերեցին տեղի ՀՄԸՄի երիտասարդներն ու աղջիկները՝ խմբի ղեկավար Կարինէի գլխաւորութեամբ, ցուցադրելով հայրենասիրական պարանմուշներ)։ Բացման խօսքով ես հանդէս եկայ (նախագահ Վազգէն Վանատուրը յարգելի պատճառով բացակայում էր ուղեւորութիւնից), որտեղ հակիրճ ներկայացրեցի մեր միութեան գործունէութիւնը, ապա եւ կարդացի մեր մեծերից մի-երկու գործ՝ միջոցառմանը ժողովանիստից գրական-հայրենասիրական շղարշ հագցնելու նպատակով: Իմ կարծիքով՝ ստացուե՛ց:
Եղան եւ այլ ասմունքողներ՝ արձակագիր Մարգարիտ Դերանցն ու բանաստեղծուհի Արաքս Նաւասարդեանը, միջոցառումը փայլուն կազմակերպած փոխնախագահ Վահէ Մեսրոպեանն ու միութեան հիմնադիր անդամ Սուրէն Ղազարեանը, սկսնակ բանաստեղծուհի Ռուզաննա Մխիթարեանն ու երգչուհի Սօսի Մարտիրոսեանը:
Հպարտութեամբ նշեմ, որ մեր կազմում կային արդէն ճանաչուած եւ հայրենիքում վաստակ ձեռք բերած արուեստագէտներ, Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր արտիստներ Արտաշէս Հայիրեանն (օպերայի մեներգիչ) ու Յովհաննէս Բաբախանեանը (կինօ եւ թատրոնի դերասան): Չմոռանամ ասել, որ թէ՛ միջոցառման եւ թէ ուղեւորութեան ողջ ընթացքին, իր անզուգական ձայնով մեզ ոգեւորում էր հայրենասիրական երգերով դրա բացառիկ մեկնաբան Նշան æաղացպանեանը: Միջոցառումը եզրափակեցին Ֆրեզնոյի Հայ կենտրոնի պատուիրակները՝ Խաչիկ Հաւաթեանը եւ Արթուր Դաւթեանը, որոնք յոյս յայտնեցին, որ նման հանդիպումները կը դառնան յաճախակի եւ անպատճառ բազմամարդ: Այո՛, հանդիպումը ջերմ էր, սրտառուչ, հաճելի: Գուցէ թէ սա էր պատճառը, որ նախապէս յայտարարուած գրքերի վաճառքը վերջում վերածուեց մի ընդհանուր նուիրատուութեան, եւ գրողներն արդէն իսկ բաժանում էին իրենց գրքերը տեղի ներկայ գտնուողներին: Այդ ներկաների թւում նաեւ նկատեցի մեր հանրակառքով ուղեւորութիւն կատարածներին, որոնք նոյնպէս ոգեւորութեամբ վերցնում էին մեր գրքերը։ Յետոյ միայն պարզեցի, որ ուղեւորների կէսից աւելին մեր միութեան անդամներից չէին, եւ սակայն՝ չէի նկատել:
Այնքան ջերմ ու ընկերական էր մթնոլորտը: Եւ թէեւ միութեան անդամների քանակը չէր գերազանցում ճամբորդութեանը մասնակցած այլ անձանց թուին, սակայն այն տուեց եւ իր առաւելութիւնը: Միութիւնն ունեցաւ նոր ընկերներ, որոնք տեսնելով մտաւորականների մեր այս կազմակերպութիւնը՝ պարզապէս խնդրում էին յետագայ միջոցառումներին իրենց մասնակից դարձնել: Հաւանական համակիրնե՛ր, որոնք յետագայում, հաւանական է, որ նաեւ համալրեն միութեան շարքերը: Գուցէ թէ այսքանը՝ այս գեղեցիկ, կարճատեւ, բայց յուսով եմ երկարայիշատակ ճանապարհորդութեան մասին: Եւ գլխաւորն այստեղ, որ ստեղծեց այդ հաճելի մթնոլորտը, մարդկային գործօ՛նն էր: Դրա շնորհիւ էր, որ չզգացուեց ո՛չ հանրակառքում՝ ընդհանուր առմամբ 8-9 ժամ լինելը, ո՛չ տարբեր, անծանօթ եւ նոյնիսկ այլազգի մարդկանց ներկայութիւնը (ճանապարհորդների թւում նաեւ կային ռուսներ), ո՛չ այլազնի կուսակցութիւնների առկայութիւնը, ո՛չ էլ աւտոբուսի սառեցուցիչի անսարքինութիւնը: Մարդկային գործօնը ծածկեց բոլոր կարգի տարաբնոյթ որակները, քանի որ բոլորս զգում էինք մեզ մի համախոհ խմբի անդամներ, որոնք իրենց ուղեւորութեան մէջ ունեն մի նպատակ՝ մեծարել, յիշատակել ազգի հերոսներին, եւ այդ մեծարման մէջ նոյնանա՛լ նրանց մեծութեան հետ:
«Թւում է, թէ ինչ ունես պատմելու», ասել է Մերենիդների հարստութեան ժամանակակից, յայտնի արաբ դատաւոր ու ճանապարհորդ Մուհամմեդ Իբն Բատտուտան, «պարզապէս՝ ուղեւորութի՛ւն է: Բայց ո՛չ, հաճելի ուղեւորութիւնը քեզ համր է դարձնում, յետագայում՝ այն պատմելու մեծագոյն ձիրքով օժտելու համար»։ Եւ դրա պատճառներից մէկն էլ մեր՝ ուղեւորներիս, բարեացակամ միասնութիւնն էր: Չէ՞ որ ճանապարհորդութիւնը չափւում է ոչ թէ մղոններով, այլ՝ ընկերներով: Դրա համար քարոզում եմ բոլորիս՝ միասնութի՛ւն, յանուն մեր ազգի բարօրութեան: Դէ իսկ բոլոր նրանց ովքեր տառապում են իրենց գերազանցութեան բարդոյթով, կրկին խորհուրդ կը տամ ճանապարհորդել՝ յիշելով ֆրանսիացի մեծ դասական գրողներից մէկի՝ Գուստաւ Ֆլոբերի խօսքերը. «Ճանապարհորդի՛ր: Այն քեզ համեստ է դարձնում: Ճանապարհորդութեանդ ընթացքում ինքդ էլ աստիճանաբար կը համոզուես, թէ որքա՛ն փոքրիկ տեղ ես զբաղեցնում դու այս աշխարհում»:
Ցաւօ՛ք թէ բարեբախտաբա՛ր, դա իմ համար չի ասուած՝ չափազանց շատ եմ կշռում:
*Կարէն Խաչատրեան՝ ԱՄՆ Հայ գրողների միութեան առաջին փոխնախագահ եւ Հայաստանի գրողների միութեան անդամ։