ՅՈՎԻԿ ՉԱՐԽՉԵԱՆ
Ամէնայն Հայոց կաթողիկոս Վազգէն Առաջինի հովուապետական այցելութիւնը Հնդկաստան տեղի է ունեցել 1963 թուականի Նոյեմբերին: Այդ այցելութեան հետ կապուած կայ առաջին հայեացքից գրեթէ անհաւանական թուացող մի պատմութիւն: Սակայն, ըստ վկայութիւնների, ստորեւ ներկայացուող դէպքը ժամանակին պատմել է թարգմանիչ Ա. Կիւզելեանը, որն անձամբ ներկայ է եղել վեհափառի եւ Հնդկաստանի նախագահի հանդիպմանը:
Իսկ ամէն բան կատարուել է այսպէս: Հանդիպման նախորդ օրը կաթողիկոսին է այցելում նախագահական նստավայրի արարողապետը: Սա սկսում է մանրամասն բացատրել, որ հանդիպումը նախատեսուած է ժամը 3ին, մեր շքախումբը պիտի տեղում լինի 3ին 10 պակաս: Յետոյ դռները կը բացուեն, նախագահ Սարվեպալի Ռադհակրիշնանը դուրս կը գայ, որից յետոյ երկու ղեկավար անձինք համաչափ քայլով պիտի ընդառաջ գնան, ողջագուրուեն եւ այլն, եւ այլն:
Յաջորդ օրը Հայոց հոգեւոր առաջնորդը ճիշդ ժամանակին հասնում է նախագահական պալատ: Բացւում են դռները, երեւում է Հնդկաստանի նախագահը, բոլորը սպասում են, որ նա արարողակարգի տառին հաւատարիմ հանդարտ քայլով պիտի շարժուի դէպի Վազգէն Առաջինը, բայց յանկարծ կատարւում է զարմանալի մի բան: Նախագահը մի կողմ է թողնում ամէն կարգի ձեւական պատշաճութիւն, ձեռքերը լայն բացած հասնում է կաթողիկոսին՝ բացագանչելով. «Բարի էք եկել, ձերդ Սրբութիւն», իսկ այնուհետեւ դառնալով դէպի թարգմանիչը՝ մի այնպիսի բառ է ասում, որից ոչ միայն սա է ապշում, այլեւ նրա կողքին կանգնած պատուոյ պահակախմբի պետը: Ռադհակրիշնանը ասում է. «Հարցրէք խնդրեմ, արդեօք հայերի հոգեւոր առաջնորդը իր հետ բերե՞լ է նաեւ Երեւանի ռադիոյի անեկդոտներից»:
Երբ հարցը թարգմանում են, միւսներից պակաս չի շփոթւում ու չի զարմանում նաեւ Վազգէն վեհափառը: Նրան այլ բան չի մնում, քան դիմել թարգմանիչին ու ասել. «Հարցրէք նորին գերազանցութեանը, թէ նա Երեւանի ռադիոյի ո՞ր անեկդոտներն է լսել…»:
Հայկական ռադիոյի անեկդոտների համբաւը, որ հասել էր մինչեւ հեռաւոր Հնդկաստան, դարձաւ ջերմ բարեկամութեան հիմնաքար: Մէկ տարի անց՝ 1964ին, երբ Հնդկաստանի նախագահը պաշտօնական այցով գտնւում էր Մոսկուայում, ցանկութիւն յայտնեց լինել նաեւ Երեւանում եւ տեղեկացրեց, որ ինքը հրաւէր է ստացել Ամենայն Հայոց կաթողիկոսից: Այդ օրը վեհափառ հայրապետը գտնւում էր Արագած լերան լանջին գտնուող իր ամառանոցում, երբ նրան յայտնեցին, որ Սարվեպալի Ռադհակրիշնանի ինքնաթիռն արդէն օդում է: Վազգէն Առաջինն անմիջապէս շտապեց օդանաւակայան՝ թանկագին հիւրին դիմաւորելու: Իսկ թէ նա հնդիկ նախագահի համար նոր անեկդոտ ունէ՞ր մտքում պահած, դա մենք երբեք չենք իմանայ: