ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- «Հայոց Ցեղասպանութեան Լուսաբանումը Համաշխարհային Լրատուամիջոցների Առաջին Էջերին» գրքում տեղ գտած նկարները կը ներկայացուեն ՀԲԸՄ «Ասպետներ»ի նախաձեռնութեամբ կազմակերպուած ցուցահանդէսին: Այն տեղի կ՛ունենայ 2015թ. Ապրիլի 8-10ը Լոս Անջելեսի Skirball մշակութային կենտրոնում: Այս մասին «Արմէնփրէս»ը տեղեկացաւ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի պաշտօնական կայքից: Եռօրեայ ցուցահանդէսն ու «Ինչի ականատեսն էր աշխարհը մէկ դար առաջ» խորագրով դասախօսութիւնների շարքը բացառիկ հնարաւորութիւն են համախմբելու բոլոր հայերին եւ՝ ոչ միայն: Բոլոր միջոցառումներն անվճար են:
Ցուցահանդէսի մեկնարկը կը սկսուի ՀԲԸՄ «Ասպետներ»ի նախագահ բժիշկ Յարութ Եաղսըզեանի եւ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն դոկտոր Հայկ Դեմոյեանի բացման խօսքով:
Ապրիլի 9ին Ամստերդամի Պատերազմի, Հոլոքոսթի եւ ցեղասպանագիտութեան ինստիտուտի պրոֆեսոր դոկտոր Ուգուր Ումիթ Ունգէօրը դասախօսութիւն կը վարի Հայոց Ցեղասպանութեան տնտեսական հետեւանքների թեմայով: Ապրիլի 10ին տեղի կ՛ունենայ «Ստիպողաբար իսլամացուած հայերը» թեմայով քննարկումը, որը կը վարի ՀԲԸՄ «Ասպետներ»ի նախկին նախագահ Գուրգէն Բերկսանլարը:
«Հայոց Ցեղասպանութեան Լուսաբանումը Համաշխարհային Լրատուամիջոցների Առաջին Էջերին» գիրքը 260 էջանոց հատոր է, որը ներառում է էսքիզներ, նկարազարդումներ եւ լուսանկարներ՝ հրատարակուած մի շարք միջազգային թերթերում 19րդ դարի վերջից մինչեւ 20րդ դարի սկիզբը: Լուսանկարները հիմնականում բնութագրւում են հայերէն եւ անգլերէն լեզուներով: Գիրքը հրատարակուել էր 2014թ. Երեւանում:
Դոկտոր Դեմոյեանը գրում է. «Հայերի հետապնդումների մասին այս հրատարակումները, որ յայտնուել են եւրոպական եւ ամերիկեան թերթերի առաջին էջերին, յատկապէս հետաքրքիր են եւ մատնանշում են ժամանակին Հայոց Ցեղասպանութեան արդիականութիւնը եւ հայերի հետ կատարուածն իմանալու պատրաստակամութիւնը»:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.