ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԿԱՐԷՆ ՄԻՐԶՈՅԵԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ NEWS.AM ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԵԱՆԸ

ՀԱՐՑ.- Ինչպիսի՞ն էր 2014 թուականը Արցախի Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան համար: Ինչպիսի՞ ձեռքբերումներ եւ բացթողումներ կային:
ԿԱՐԷՆ ՄԻՐԶՈՅԵԱՆ.- 2014 թուականին Արցախի Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան առաջնային ուղղութիւնը, ինչպէս եւ նախորդ տարիներին, ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացն էր: Այդ իմաստով տարին բաւական արդիւնաւէտ էր. ԼՂՀ միջազգային ճանաչման հարցում վերջին տարիների դրական միտումները շարունակուեցին նաեւ անցեալ տարի: Այսպէս, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը սատարող բանաձեւ ընդունեց ամերիկեան Կալիֆորնիա նահանգը՝ դառնալով Ռոդ Այլենդից, Մասաչուսեթսից, Մենից եւ Լուիզիանայից յետոյ հինգերորդ նահանգը, որը պաշտպանեց ԼՂՀ անկախութիւնը: Յիշեցնեմ, որ աւելի վաղ՝ 2012 թուականին, նման բանաձեւ էր ընդունել Աւստրալիայի ամենամեծ նահանգի՝ Նոր Հարաւային Ուելսի օրէնսդիր մարմինը:
ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացն անցեալ տարի ներառեց նաեւ եւրոպական մայրցամաքը: Արցախի ինքնորոշման իրաւունքի մասին բանաձեւ ընդունեց Բասկերի երկրի (Իսպանիա) խորհրդարանը: ԼՂՀն որպէս անկախ պետութիւն ճանաչելու մասին յայտարարեց նաեւ Բասկերի երկրի Գիպուսկոա նահանգի նախագահը:
Աշնանը Նաւարայի խորհրդարանի խօսնակների խորհուրդը (Իսպանիայի ինքնավար մարզ) հանդէս եկաւ պաշտօնական յայտարարութեամբ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի իշխանութիւնները պէտք է պարտադիր կողմ հանդիսանան ցանկացած ձեւաչափի, որը կարող է վճռորոշ դերակատարութիւն ունենալ երկրի ապագայի համար:
Զգալիօրէն ընդլայնուեցին Արցախի եւ օտարերկրեայ տարբեր համայնքների միջեւ ապակենտրոնացուած համագործակցութեան շրջանակները: Այսպէս, անցեալ տարի Բարեկամութեան հռչակագրեր են ստորագրուել Ֆրանսիայի Վիէն, Բուրգ լէ Վալանս, Բուկ Բել Էր եւ Արցախի Հադրութ, Շուշի եւ Ասկերան քաղաքների միջեւ: Քարվաճառի եւ Հադրութի հետ բարեկամական յարաբերութիւնների հաստատման մասին նման հռչակագրեր են ընդունուել նաեւ ամերիկեան Պիկօ Ռիվերա եւ Բըրբանք քաղաքների կողմից: Համագործակցութեան մասին համաձայնագիր է ստորագրուել նաեւ Ստեփանակերտի եւ Դոնոստիայի միջեւ (Բասկերի երկիր):
Այսպիսով, ներկայումս արցախեան համայնքների հետ բարեկամական յարաբերութիւնների հաստատման մասին համաձայնագրեր են ստորագրուել չորս ամերիկեան եւ հինգ եւրոպական քաղաքների հետ, ինչը հնարաւորութիւն է ընձեռում համագործակցելու եւ տարբեր ծրագրեր իրականացնելու մշակոյթի, կրթութեան, սպորտի, առեւտրի եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում:
Բացի Լիտվայի խորհրդարանում Արցախի հետ բարեկամութեան խմբի եւ Ֆրանսիայում Բարեկամութեան շրջանակի, որը կազմուած է սենատորներից, խորհրդարանի անդամներից եւ հասարակական-քաղաքական գործիչներից, անցեալ տարի Եւրախորհրդարանում Արցախի հետ Բարեկամութեան խումբ ձեւաւորելու գործընթաց է սկսուել, որն աւելի յստակ ուրուագծեր կը ստանայ արդէն այս տարի:
Օրակարգում է մնում ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացը: Ցաւօք, ստիպուած ենք արձանագրել, որ 2014 թուականին նոյնպէս ադրբեջանական իշխանութիւնների վարած ապակառուցողական քաղաքականութեան պատճառով չյաջողուեց այդ հարցում իրական առաջընթացի հասնել: Ինչպէս գիտէք, անցեալ տարուայ Մայիսին լրացաւ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան գօտում հրադադարի ռեժիմի մասին համաձայնագրի 20 տարին, որը ստորագրուել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան, Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ:
Այս համաձայնագրի ուժի մէջ մտնելու 20րդ տարեդարձը լաւ հնարաւորութիւն էր ընձեռում բացառապէս խաղաղ ճանապարհով հակամարտութիւնը լուծելու՝ կողմերի հաւատարմութիւնը հաստատելու համար: Դրա հետ կապուած, ԼՂՀ իշխանութիւնները վերահաստատեցին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինուած ուժերի շփման գծում լարուածութեան թուլացման եւ կայունութեան ու կանխատեսելիութեան ապահովման իրենց առաջարկները:
Սակայն Ադրբեջանը ոչ միայն հրաժարուեց այս առաջարկներից՝ չնայած միջնորդների աջակցութեանն ու միջազգային հանրութեան կոչերին, այլեւ գնաց ղարաբաղեան հակամարտութեան գօտում իրավիճակի աննախադէպ սրման ճանապարհով: Խօսքը ե՛ւ ադրբեջանական կողմի ամռանը ձեռնարկած մի շարք դիւերսիոն գործողութիւնների ու ԼՂՀ տարածք ներթափանցելու փորձերի, ե՛ւ ԼՂՀ պաշտպանութեան բանակի ռազմաօդային ուժերի՝ ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման մասին է: Իր գործողութիւններով Ադրբեջանը միայն աւելի բարդացրեց ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան վերջնական կարգաւորման հեռանկարը եւ յետ նետեց կարգաւորման գործընթացը:
ՀԱՐՑ.- Արտերկրում ԼՂՀ նոր ներկայացուցչութիւնների բացում նախատեսւո՞ւմ է: Քանի՞ երկրներում եւ քաղաքներում արդէն ներկայացուցչութիւններ կան:
ԿԱՐԷՆ ՄԻՐԶՈՅԵԱՆ.- Արցախի Հանրապետութիւնը մշտական ներկայացուցչութիւններ ունի Հայաստանում, Գերմանիայում, Աւստրալիայում, Լիբանանում, ինչպէս նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներում՝ Ռուսաստանում, Ֆրանսիայում եւ ԱՄՆում: Մեր ներկայացուցիչները հետեւողական գործունէութիւն են ծաւալում՝ այդ երկրներում Արցախի շահերը ներկայացնելու եւ պաշտպանելու, մեր հանրապետութեան մասին օբյեկտիւ, հաւաստի տեղեկութիւն տարածելու ուղղութեամբ:
Արտերկրում ԼՂՀ մշտական ներկայացուցիչների գործունէութեան առաջնահերթ ուղղութիւնը, ի հարկէ, Արցախի միջազգային ճանաչման գործընթացի ընդլայնմանը նպաստելն է: Առաջադրուած խնդիրների շարքում կարեւոր տեղ է զբաղեցնում նաեւ մեր երկրի տնտեսութեան մէջ ներդրումներ ներգրաւելը:
ԼՂՀ մշտական ներկայացուցչութիւնների բացումն ինքնանպատակ չէ: Առաջին հերթին դիտարկում ենք քայլեր իրականացնելու հնարաւորութիւնը, որոնք ուղղուած կը լինեն արդէն գոյութիւն ունեցող ներկայացուցչութիւնների գործունէութեան արդիւնաւէտութեան բարձրացմանը, միաժամանակ չենք բացառում մօտ ապագայում նոր ներկայացուցչութիւններ բացելու հնարաւորութիւնը:
ՀԱՐՑ.- Ձեր կարծիքով, հայկական կողմը եւ Սփիւռքը բաւարար ջանքեր գործադրո՞ւմ են ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղութեամբ:
ԿԱՐԷՆ ՄԻՐԶՈՅԵԱՆ.- ԼՂՀ միջազգային ճանաչման հարցը համահայկական նշանակութեան այն հարցերից է, որոնց շուրջ համախմբուած են ամբողջ աշխարհի հայերը: Վստահ եմ, որ պետականաշինութեան գործում ԼՂՀ ձեռքբերումների միջազգային մակարդակով ճանաչումն անհնար է առանց բոլոր հայերի համատեղ ջանքերի՝ անկախ նրանց բնակութեան վայրից:
ՀԱՐՑ.- Կարելի՞ է խօսել ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման հարցում Երեւանի եւ Ստեփանակերտի դիրքորոշումների լիարժէք համընկնման մասին:
ԿԱՐԷՆ ՄԻՐԶՈՅԵԱՆ.- Ե՛ւ ԼՂՀն, ե՛ւ ՀՀն կիսում են ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման մոդելի միասնական տեսլականը: Միաժամանակ, դա չի բացառում այդ նպատակին տարբեր ճանապարհներով հասնելու հնարաւորութիւնը:
ՀԱՐՑ.- Ինչ էք կարծում, առաջիկայում հնարաւո՞ր է բանակցային գործընթացին ԼՂՀիլիարժէք մասնակցութիւնը: Եւ հակառակը, արդեօք յաջող կը լինե՞ն առանց ԼՂՀի մասնակցութեան անցկացուող բանակցութիւնները:
ԿԱՐԷՆ ՄԻՐԶՈՅԵԱՆ.- Ակնյայտ է, որ հակամարտութեան կարգաւորման գործընթացքում իրական առաջընթացի կարելի է հասնել՝ միայն հաշուի առնելով առկայ իրողութիւնները եւ բանակցային գործընթացի լիարժէք ձեւաչափի վերականգնման պայմանով՝ դրա բոլոր փուլերին ԼՂՀի անմիջական եւ ուղղակի մասնակցութեամբ: Ցանկանում եմ ընդգծել, որ խօսելով բանակցային գործընթացին ԼՂՀ լիարժէք մասնակցութեան մասին՝ մենք ելնում ենք հակամարտութեան կարգաւորման շահերից:
Բանակցութիւնների սեղանին հակամարտութեան հիմնական կողմերից մէկի՝ ԼՂՀի բացակայութիւնը խնդրայարոյց է դարձնում ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան վերջնական կարգաւորմանը հասնելը: Վստահ ենք, որ բանակցութիւններին ԼՂՀի անմիջական մասնակցութեան վերականգնումը ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան շուտափոյթ կարգաւորմամբ շահագրգիռ բոլոր կողմերի շահերից է բխում:
Այսօր դրա միակ խոչընդոտը պաշտօնական Բաքուի ապակառուցողական քաղաքականութիւնն է եւ նրա՝ առկայ իրողութիւնները ճանաչելու ցանկութեան բացակայութիւնը:
ՀԱՐՑ.- Ինչպիսի՞ն է Ադրբեջանից հայ փախստականների իրավիճակը ԼՂՀում:
ԿԱՐԷՆ ՄԻՐԶՈՅԵԱՆ.- Փախստականները սկսել են տարածաշրջանում յայտնուել հակամարտութեան սրմանը զուգահեռ, որը հետեւանք էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացումն ուժային ճանապարհով ճնշելու՝ Ադրբեջանի փորձերի: 1988-90ականներին Ադրբեջանից աւելի քան 120 հազար հայ փախստական ժամանեց Լեռնային Ղարաբաղ, որոնց շուրջ 30 հազարը բնակութիւն հաստատեց ԼՂՀում եւ շարունակում է այստեղ ապրել մինչ օրս:
Փախստականների այս խումբը տարածաշրջանում ամէնից խոցելին է, քանի որ նրանք զրկուած են միջազգային պաշտպանութիւնից եւ աջակցութիւնից՝ Ադրբեջանի իշխանութիւնների ապակառուցողական դիրքորոշման պատճառով, որոնք խոչընդոտում են մասնագիտացած կազմակերպութիւնների, մասնաւորապէս՝ ՄԱԿի Փախստականների հարցերով Գերագոյն յանձնակատարի վարչութեան ներկայացուցիչների այցերին ԼՂՀ: Խոչընդոտելով միջազգային մասնագիտացուած կազմակերպութիւնների մարդասիրական շփումը Լեռնային Ղարաբաղում բնակուող փախստականների հետ՝ ադրբեջանական իշխանութիւնները շարունակում են խախտել այս կատեգորիայի մարդկանց հիմնարար իրաւունքները:
Ֆինանսական եւ բարոյական աջակցութիւն չստանալով, լինելով շրջափակման մէջ՝ ԼՂՀ կառավարութիւնը ստիպուած էր այդ խնդիրը լուծել իր սահմանափակ ֆինանսական հնարաւորութիւնների շրջանակում: Միաժամանակ, Լեռնային Ղարաբաղը, ի տարբերութիւն Ադրբեջանի, չի քաղաքականացնում այդ մարդասիրական խնդիրը եւ դա քաղաքական առեւտրի առարկայ չի դարձնում՝ փախստականներին պահելով վրանային ճամբարներում եւ զգալի գումարներ ստանալով միջազգային կառոյցներից:
ՀԱՐՑ.- Որո՞նք են լինելու 2015 թուականի առաջնահերթութիւնները:
ԿԱՐԷՆ ՄԻՐԶՈՅԵԱՆ.- Արցախի Հանրապետութեան արտաքին քաղաքական գործունէութեան առաջնային ուղղութիւները 2015 թուականին մնում են ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորումը եւ ԼՂՀ միջազգային ճանաչումը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը, լինելով հակամարտութեան վերջնական կարգաւորմանը հասնելու հարցում ամէնից շահագրգիռ կողմը, այսուհետ նոյնպէս գործադրելու է բոլոր ջանքերը՝ ամուր խաղաղութիւն ու կայունութիւն հաստատելու համար:
Ինչ վերաբերում է ԼՂՀ միջազգային ճանաչմանը, ապա վստահ եմ, որ այդ գործընթացը նոյնպէս շարունակուելու է, եւ մենք դրա նոր դրսեւորումների ականատեսն ենք լինելու:
Artsakhi zhoghovurde kani dzez uni kianki yeres chi tesni-Zhamanakn e vor heranak yev te Artsakhe yev te Haiastane handznek haierin.Dzer teghehents rusneri girkn e!