ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԻՐԱՆԱՀԱՅ ԳՐՈՂ ԿՈԼԻԱ ՏԷՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԻ ՀԵՏ

Վարեց՝ ՍԻՐԱՆՈՅՇ ՆԱԶԼՈՒԽԱՆԵԱՆ
ՍԻՐԱՆՈՅՇ ՆԱԶԼՈՒԽԱՆԵԱՆ.- 2007 թուին հիմնադրել ու խմբագրում էք «Գրական Կամուրջ» կայքը, հիմնական նպատակը կարծես գրական կամուրջ ստեղծե՞լն է Հայաստանի եւ Սփիւռքի հեղինակների միջեւ:
ԿՈԼԻԱ ՏԷՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Գրական կամուրջը հիմնադրել ենք իրանահայ բանաստեղծ Վահէ Արմէնի ու գրականագէտ Դուին Գալստեանի հետ միասին՝ իմ նախաձեռնութեամբ: Դա սկզբում միտուած էր հայ եւ պարսիկ ժամանակակից հեղինակների մերձեցմանը, բայց երկու տարի անց, պարսկերէն բաժնի դադարեցումից յետոյ մնացի մենակ ու կայքը ինքնաբերաբար կամուրջ դարձաւ հայրենիքի ու Սփիւռքի հեղինակների միջեւ: Ներկայիս, ինձ հետ համագործակցում են արձակագիր Սիրանոյշ Օհանեանը Հայաստանից, հալէպահայ բանաստեղծ ու գրականագէտ Մարուշ Երամեանը Սիրիայից ու գրականագէտ Գիսանէ Յովսէփեանը Վրաստանից:
ՍԻՐԱՆՈՅՇ ՆԱԶԼՈՒԽԱՆԵԱՆ.- Իրանահայ նոր գրականութեան մասին ի՞նչ կ՛ասէք:
ԿՈԼԻԱ ՏԷՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Վերջին տարիներին շատ եմ բացակայել Իրանից ու մասամբ անհաղորդակից եմ իրանահայ նոր գրականութեան կեանքին: Այնուամենայնիւ, յանդգնում եմ նշել, որ իրանահայ համայնքի փոքրացման արդիւնքում բնականաբար տուժել է նաեւ գրականութիւնը, չկայ նախկին աշխուժութիւնը: Ըստ իս, աւելի ակտիւ է մամուլը: Ընդհանուր առմամբ թոյլ է հայերէնի իմացութիւնը, ակնյայտ է պարսկերէնի ու պարսիկ հարուստ գրականութեան ազդեցութիւնը, որն ի դէպ իւրայատուկ երանգ է պարգեւում իրանահայ գրականութեանը: Յուսադրիչ երեւոյթ կարելի է համարել մի շարք երիտասարդ գրողների յայտնութիւնը, սակայն չի նկատւում գրական որեւէ նոր տեղաշարժ: Ցաւօք սրտի իրանահայ գրական շրջանակներում առկայ է հայկական բոլոր համայնքներին բնորոշ անմիաբանութեան ոգին, որն անհերքելիօրէն եղել ու մնում է խանգարիչ գործօն: Ինչեւէ, արժանին պիտի հատուցել բոլոր նրանց, լինեն գրողներ, մամուլի մարդիկ եւ հրատարակչութիւններ, ովքեր, այսօր, դժուարին պայմաններում պայքարում են հայ գիր ու գրականութեան պահպանման ու գոյատեւման համար:
ՍԻՐԱՆՈՅՇ ՆԱԶԼՈՒԽԱՆԵԱՆ.- Սփիւռքահայի կեանքը իր բոլոր դրսեւորումներով. հիմնական ձեր ստեղծագործութիւններում առկայ թեման: ժամանակակից սփիւռքահայ մարդու կերպարն այսօր ինչպիսի՞ն է:
ԿՈԼԻԱ ՏԷՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Ես Սփիւռքը բաժանում եմ երկու մասի՝ հին եւ նոր: Հինը խոր արմատներ ունի, նորը կազմաւորման փուլում է: Հին սփիւռքահայ մարդու կերպարը անմիջականօրէն կապւում է իր ապրած երկրի մշակութային, հասարակական ու կլիմայական տուեալներին, այլ յօդակապով այլասերուած հայ է, ինչքան էլ պահած լինի հայի ոգին, այլասերուած է նոյնիսկ ֆիզիոլոգիական առումով: Այս թեմայով մի յօդուած ունեմ «Հայի Տեսակները» խորագրով: Չեմ կարծում, թէ շատ է փոխուել հին սփիւռքահայի ազգային նկարագիրը, ինչը չի կարելի ասել նոր սերնդի դէպքում: Հին Սփիւռքի նոր սերունդը, ցաւօք, աւելի արագ է հեռանում իր արմատներից ու վերցնում տուեալ երկրի յատկանիշները. դա կարելի է բացատրել նաեւ հաղորդակցական արդի տեխնոլոգիաների ազդեցութեամբ եւ այն փաստով, որ ներկայ մէկ տարին հաւասար է անցնող դարի տաս տարուայ հետ: Այլ խօսքով՝ արագացել է ձուլման տեմպը: Իսկ Սփիւռքի ամենամեծ թշնամին ժամանակն է…
Գալով նոր սփիւռքահայի կերպարին, դժուարանում եմ կարծիք յայտնել: Ես ուղղակի խղճում եմ Հայաստանից արտագաղթող հայերի զաւակներին, որ մի օր կը լինեն ինձ նման սփիւռքահայ, փոքրամասնութիւն. չգիտես, թէ ում «մեղքով» ես աչք բացել օտար հողում: Եւ այսպէս, գիտակցական տարիքին հասնելուն պէս նրանք կ՛անդրադառնան, որ չեն ապրում իրենց մռութին ու էութեանը համապատասխանող մի երկրում, որ ոչ այս են, ոչ այն, եւ դա մինչեւ կեանքի վերջը, թէկուզ գնան այն երկիրը, որտեղից եկել են, մէկ է նրանց չի լքելու «երկկենցաղութեան», խտրականութեան, խորթութեան մղձաւանջը, որը միշտ նրանց հետ է: Ճեղքուածք է առաջանում անհատի ոչ միայն ազգային գիտակցութեան, այլեւ հոգեկան աշխարհում: Նրանց ասելու են. «Դու հայ ես», բայց հայկական կամ հայերէն շատ քիչ բան են տեսնելու իրենց շրջապատող աշխարհում՝ կանգնելով հոգեկան կեղեքիչ պարադոքսի առջեւ:
ՍԻՐԱՆՈՅՇ ՆԱԶԼՈՒԽԱՆԵԱՆ.- Վերջերս , առաջիկայում կայանալիք Հայաստան-Սփիւռք վեհաժողովի հետ կապուած դուք առաջարկ էք ներկայացրել. առաջարկել էք, որ Սփիւռքի կողմը արծարծի՝ հայկական հեռուստատեսութիւններից ռուսերէն հաղորդումները եւ ֆիլմերը վերացնելու հարցը: «Նախ, որ սփիւռքահայերից շատերը ոչինչ չեն հասկանում: Երկրորդ դա պատիւ չի բերում «հայկական» յորջորջուող հեռուստաընկերութիւններին իրենց հաղորդումների պատկառելի մասը յատկացնել օտարալեզու հաղորդումներին: Երրորդ, եւ որ կարեւորն է, նման հաղորդումները ջլատում են նոր սերնդի սէրը հանդէպ մայրենի լեզուն, որի արդիւնքում տուժում է նաեւ ազգայինը»: Արձագանգներն ինչպիսի՞ն էին:
ԿՈԼԻԱ ՏԷՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- «Ձայն բարբառոյ յանապատի»… բացարձակապէս ոչ մի արձագանգ: Եթէ շատ խօսես, կ՛ասեն վերցրու «պուլտը», փոխիր ալիքը: Բայց ախր բոլոր ալիքներն էլ ռուսերէն են, էլի Հ1ում գերակշռողը հայերէնն է:
Դրանից աւելի, ես սրտնեղւում եմ ռուսերէնի «հաստատակամ» ներկայութիւնից՝ որպէս միջնորդ լեզու հայերէնի մէջ: ՀՀի հաւաքականի պաշտպան Հայրապետեանը գրւում է Այրապետեան, ինչ է ռուսները չունեն Հ տառը: Մէջքին գրուած էր Ayrapetyan: Երբ տեսայ, ինձ վատ զգացի: Միթէ դժուար է գրել Hayrapetyan: Իսկ անգլերէն բառերի արտասանութիւնը կրում է զաւեշտական բնոյթ, Քեչափը (ketchup) գրւում եւ արտասանւում է «Կետչուպ»: Եթէ յաւակնում ենք, որ հասել ենք անկախութեան, ապա առաջին հերթին պիտի լեզուն դարձնենք անկախ եւ դա հնարաւոր է մեր հիանալի Այբուբենի օգնութեամբ: Դրա դրօշակակիրը պիտի լինեն հեռուստաընկերութիւնները, որոնք անում են ճիշդ հակառակը:
Երբեմն մոռանում ես, որ գտնւում ես Հայաստանում կամ նայում ես հայկական հեռուստաալիք:
ՍԻՐԱՆՈՅՇ ՆԱԶԼՈՒԽԱՆԵԱՆ.- Կայ կարծիք, որ այսօրուայ Սփիւռքում ստեղծուող հայերէն գրականութիւնը կորցնում է իր իմաստն ու կարեւորութիւնը հայաստանաբնակ գրողի կամ ընթերցողի համար, որովհետեւ մամուլը համապատասխան ձեւով չի անդրադառնում Սփիւռքին: Ի՞նչ կ՛ասէք այս մասին:
ԿՈԼԻԱ ՏԷՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Չգիտեմ որքանով է առարկայական ձեր նշած երեւոյթը: Գուցէ ծիծաղելի հնչի, եթէ ասեմ, որ դա թէ՛ զգացել եւ թէ՛ չեմ զգացել սեփական կաշուիս վրայ: Իմ ուրախութեանը չափ չկար, երբ իմ ծանօթ բարեկամուհիներից մէկը մի օր ինձ ասաց, որ «Ինեսսա»ն կարդալուց յետոյ տուել է ընկերուհուն, նա էլ իր ընկերուհուն եւ այսպէս շարունակ. եւ մէկ ամիս յետոյ գիրքը վերադարձուել է քրքրուած վիճակում… Ուրեմն ինձ կարդում են Հայաստանում. գիտէ՞ք, սա ինչ երջանկութիւն է ուզած սփիւռքահայ գրողի համար: Իսկ հիասթափութեանս ու տխրութեանս չափ չկար, երբ մի օր բախտ ունեցայ հանդիպելու «Գրական Թերթ»ի խմբագրին, եւ երբ մեծ յոյսերով գրքերս նուիրեցի իրեն, նա ասաց, որ չի կարդայ, որովհետեւ ժամանակ չունի: Գոնէ մարդը անկեղծ եղաւ ինձ հետ: Եղել են ոմանք, որ խոստացել են կարդալ, բայց համոզուած եմ, որ դրել են մի կողմ: Եղել է նաեւ, որ անտեղեակ ես եղել գրքիդ ճակատագրի մասին. ես մամուլին չեմ մեղադրում: Մամուլն իր ծաւալային սահմանափակումներն ու տեղական խնդիրներն ունի: Կայ նաեւ որակի հարցը. իմ որոշ պատմուածքները լոյս են տեսել հայաստանեան մամուլում: Այնուամենայնիւ, ոչ միայն սփիւռքահայ գրողների, այլեւ ըստ ամենայնի սփիւռքահայի հանդէպ առկայ է ինչ որ վանողական վերաբերմունք հայաստանաբնակների (ես կը նախընտրէի հայաստանցիներ բառը, բայց գիտեմ, որ դա չի սիրւում) կողմից եւ սա չի առնչւում միայն ներկային:
ՍԻՐԱՆՈՅՇ ՆԱԶԼՈՒԽԱՆԵԱՆ.- 2008 թ.ին Երեւանում հրատարակուած ձեր «Ինեսսա» վիպակի գրութեան շարժառիթի մասին խօսելիս դուք նշում էք. «Ինեսսայի եւ Ժորայի, նաեւ միւս կերպարների կեանքի պատմութիւնը կաղապար է՝ ասելու իմ խօսքը սփիւռքահայութեան մասին, ուծացման վտանգի, ազգային դոգմաների խորտակման մասին: Ինեսսան «իսկական» հայուհի է, սակայն աւելի «հեշտութեամբ» է կապւում օտարազգի երիտասարդի հետ: Այս խնդիրը շատ է զբաղեցնում մեր միտքը…»: Այսօր, առհասարակ, ի՞նչ մտահոգութիւններ կան ձեր գրականութեան մէջ:
ԿՈԼԻԱ ՏԷՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Թերեւս նոյնը. վերջերս, աւելի շատ արտագաղթն ու նոր Սփիւռքի ձեւաւորւումը, որի մասին նշեցի վերեւում: Ուղղակի սոսկալի է: «Ինեսսա»ի մէջ Ժորան մի տեղ ասում է. «Հողը, ահա թէ ես ինչ կ՛ասեմ, հողն է կարեւոր, ով ապրում է իր հողում, նա է տուեալ ազգութեան բուն ներկայացուցիչը: Որքան էլ օտար քամիներ փչեն, բան դուրս չի գայ, հողը կը պահի, հողը ուժեղ է…»:
Ես գրում եմ հողը լքողների մասին ահագնացող մտահոգութեամբ:
«ԳՐԱՆԻՇ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ», granish.org
aprum ek dzer hoghum?