
ԽՈՐԷՆ ԱՐԱՄՈՒՆԻ
Ոտքս ոլորուեց: Հաւասարակշռութիւնս չկարողացայ պահել: Ընկայ: Ընդամէնը առաջին աստիճանից ընկայ ու գլուխս դիպաւ, արդէն սուտ կը լինի ասեմ ինչի կամ որտեղ դիպաւ, որովհետեւ այդ պահին ինձ ոչ թէ դա էր հետաքրքրում, այլ այն, որ գնամ պառկեմ:
Այդ օրը, կինս աւելի քան քառասուն հիւր ունէր, ընկնելուց առաջ նրանց դիմաւորում ու առաջնորդում էի տուն, հարկ եղած ժամանակ էլ մեքենաներն էի տեղաշարժ անում…
Հիւրերին ու մերձաւորներիս չանհանգստացնելու համար, գլուխս երկու ափերիս մէջ առած, սուուփուս գնացի, տանից կտրուած, աւտոտնակիս մէջ, որը վերածել եմ աշխատասենեակի, պառկեցի:
Ահաւոր գլխացաւ էր սկսել:
Հիւրերը գնացին, ամէն ինչ ընկաւ իր բնականոն հունի մէջ, իսկ գլացաւս դեռ չէր ուզում ինձ հանգիստ թողնել:
Երրորդ օրը, առաւօտեան, լոյսը դեռ չբացուած, բնական պահանջները ինձ ստիպեցին դուրս գալ մահճակալից, մեծ ցանկութիւն էր, բայց զգացի, որ այդ պահին միայն ցանութիւնը քիչ է, ինչ որ բան ինձ թոյլ չի տալիս անգամ նստել, գլո՞ւխս էր աշխարհի շուրջ պտտւում, թէ աշխարհը՝ գլխիս, չէի կարողանում կողմնորոշուել, միայն հասկանում էի, որ ինչ որ բան, ինչ որ տեղ, իրօք ճիշդ չէ:
Առանձին սենեակում էի պառկում, փորձեցի ինձ հասցնել կնոջս ննջասենեակը, կամք ցուցաբերեցի, դժուարութեամբ հասայ, բռնեցի նրա մահճակալի ձողից, փորձեցի նրան արթնացնել, չէր արթնանում, ոչ խուլ էր, ոչ էլ խորը քնած, պարզապէս ձայնս դուրս չէր գալիս, յետոյ գլխի ընկայ, մօտեցայ նրան, հասկացայ, որ լաց եմ լինում, նստեցի մահճակալի եզրին ու կնոջս շարժեցի: Վեր կացաւ, ինչ որ հարցեր տուեց, չեմ յիշում ընդհանրապէս պատասխանե՞լ եմ, թէ ոչ:
Իրարանցում:
Շտապ օգնութեան կանչ:
Հիւանդանոց:
Ախտորոշում՝ ուղեղի ցնցում:
Անցեալը, ներկան ու ապագան էի խառնում, խօսելիս բառերը դժուար էի արտաբերում, կակազում էի, երբեմն զգում էի թէ ինչ է կատարւում ինձ հետ, շատ էի լաց լինում, լացը փրկում էր ինձ: Գալիս-գնում էին, հաւանօրէն շատ, երբեմն յիշողութիւնս ի սպառ կորցնում էի, ընդհուպ՝ կնոջս չէի ճանաչում: Ապաքինուելուց յետոյ կատակում էի, թէ՝ «դրանք երանելի օրեր էին՝ կնոջս չէի ճանաչում»:
Երեք օր հիւանդանոցային կեանքից յետոյ, մի պարկ դեղորայքի հետ ինձ տուն տարան: Մէկ շաբաթ ժամանակ էին տուել, եթէ դեղորայքը չօգնի վիրահատական միջամտութիւն էր լինելու:
Դեղորայքի օգնութեամբ ժամանակը բուժեց ինձ ու երեք-չորս ամիս անց զգացի, որ լիարժէք ապաքինուած եմ: Ինձ թոյլ տուեցի մեքենայ վարել ու երբեմն-երբեմն հանդիպել ընկերներիս: Թւում էր՝ այդ ամիսներին, որ ինձ տարիներ էր թուացել, շատ բան է փոխուել, հետաքրքիր անակնկալների կը հանդիպեմ…
Այդպէս էլ եղաւ…
* * *
– Է՜, Խորէ՞ն, էդ դո՞ւ ես, ինչպէ՞ս ես, լա՞ւ ես,- առեւտրի կենտրոնում հանդիպեց հին ընկերներիցս մէկն ու զարմացած շարունակեց,- տարիներ ա չենք հանդիպել, լուրջ, ինչպէ՞ս ես, լա՞ւ ես:
– Լաւ եմ, նորմալ, ինչպէս տեսնում ես, շնորհակալ եմ:
– Ճիշդն ասած, ինչ որ բաներ եմ լսել, ես կարծում էի…
– Հա, ճիշդ ես լսել, բայց հիմա լաւ եմ, ամէն ինչ կարգին է, դու ո՞նց ես:
– Ճիշդն ասաց, չնեղանաս, ասում էին ինչ որ գլխի, այսինքն ուղեղի խնդիր ես ունեցել, գժանոց են տարել ու…
– Այ ցաւդ տանեմ, ուղեղի պրոբլեմ բոլորն էլ ունեն, մէկը՝ քիչ, միւսը՝ աւելի քիչ, ոմանք էլ՝ մի քիչ շատ, ուզում եմ ասել բոլորն էլ գժանոցի կարիք ունեն, ես էլ ունէի, գնացի բուժուեցի, եկայ:
– Լաւ, կատակը մի կողմ,- մի քիչ իրեն վատ զգալով շարունակեց վաղեմի ընկերս,- լուրջ բան կա՞ր:
– Ինչ որ էր, մնաց անցեալում, ո՞նց ես:
– Լաւ եմ, Խորէն ջան, կը ներես, շտապում եմ, երեխաները մեքենայի մէջ են,- ասաց նա ու շտապեց դէպի մեքենան:
«Գժանոց». խորհելու տեղիք տուող վայր…
* * *
Բրենդ-Բրոդուէյ փողոցների անկեան բացօթեայ սրճարանում նստած էինք, համատարիք մի ազգական-բարեկամ մօտեցաւ, անծանօթի պէս, կասծկածամտօրէն բարեւեց եւ ուղիղ աչքերիս մէջ նայելով, խղճահարութեամբ հարցրեց.
– Խորէն ջան, ես Վարդգէսն եմ, ինձ յիշո՞ւմ ես:
Հասկացայ բանն ինչումն է, աչքերս լայն բացեցի, սեւեռուեցի նրա աչքերի մէջ ու անծանօթի պէս, չգիտեմ ինչու, բացասական գլուխս շարժեցի:
– Հէ՜յ, աշխարհ,- մէջքս շոյելով հոգոց հանեց բարեկամս ու այս անգամ նայեց իր հետ քայլող ընկերոջը,- հանգուցեալ հերը՝ Արամն էլ էսպէս եղաւ, հեծանիւից ընկաւ ու ոտի չկանգնեց, տասը տարի քաշեց, ջահէլ էր, էդպէս էլ չբուժուեց,- նորից նայեց ինձ ու շարունակեց,- ափսոս, շա՜տ ափսոս… ես Վարդգէսն եմ, Խորէն ջան, հիմա չես յիշում, բայց յոյս ունեմ որ կը լաւանաս, կը յիշես, Աստուած քեզ հետ, ի՞նչ ասեմ ախպերս, քեզ առողջութիւն: Գոնէ խօսայիր, հանգուցեալ հերդ էլ…
Յետոյ դիմեց ընկերոջս.
– Ախպեր ջան, քեզ էլ շնորհակալ եմ, չեմ ճանաչում, բայց ապրես, մեր Խորէնին լաւ նայիր, ապրես,- ասաց եւ յուզուած հեռացաւ:
Հազիւ կարողացայ ապո՞ւշ, թէ յիմար հայեացքս մինչեւ վերջ պահել ու ծիծաղս զսպել, միանգամից երկուսով փռթկացինք, ծիծաղը շարունակուեց մինչեւ սրճարանի հաշիւը փակելը:
* * *
Հարսանիք էր: Խնջոյքի սեղանին նստած ուտում խմում էինք: Կողքիս նստած բարեկամս նկատելով, որ քիչ եմ ուտում, չափաւոր խմում ու քիչ եմ խօսում, սկսել էր կարեկցանքով մօտենալ ու մի քիչ էլ ուշադիր լինել իմ նկատմամբ: Ինչքան բանջարեղէնային ուտեստներ կար մօտեցնում էր ինձ, ձկնեղէն ու թարմ կանաչիներ, այնպէս, որ ինձ զգացի խոտակերի կարգավիճակում, իսկ երբ հարցական նայեցի կարեկից բարեկամիս, ժպիտը դէմքին շտապեց արդարանալ.
– Էս գազարը յիշողութեան համար լաւ ա, կեր: Բայց, լուրջ, դու ինձ յիշո՞ւմ ես:
– Շնորհակալ եմ, յիշում եմ, բա ոնց:
– Լաւ է, ուրախ եմ, կեր, խաւիարն էլ վատը չէ, ինչքան կարող ես կանաչի կեր, շատ օգտաւէտ է:
– Հա, գիտեմ, շնորհակալ եմ:
Կանայք գինի ցանկացան, ոմանք օղի իսկ ես վիսկի խնդրեցի:
– Խորէն ջան, խորհուրդ կը տամ կոնեակ խմես, եւ ընդհանրապէս օղուց հեռու մնաս, ուղեղի վրայ, յատկապէս յիշողութեան համար շատ վատ ա: Յիշո՞ւմ ես, անցած տարի Յակոբի տղայի հարսանիքին…
– Յիշում եմ:
– Լաւ էլ յիշողութիւն ունես, բա ասում էին, եսիմ…
– Հա, ճիշդ են ասում:
– Ճի՞շդ են ասում, որ լրիւ ցնդել ես:
– Հա, ճիշդ են ասում, ցնդել եմ, բա ինչ եմ արել, բոլորն են ցնդում, մէկը՝ մի քիչ շուտ, միւսը՝ մի քիչ ուշ, Աստուած բոլորին էլ երկար կեանք պարգեւի, որ արժանանան այդ բախտին, դէ, ես մի քիչ շուտ ցնդեցի, քո կենացը, լաւ մնաս:
– Այ մարդ, ի՞նչ գործ ունես,- ամուսնու ականջին շշնջաց կինն ու շարունակեց,- չե՞ս տեսնում կինը ոնց ա նայում, մեղք ա, ուրիշ բանի մասին խօսայ:
Ոգելից խմիչքի հերթական ամէն կումից յետոյ, աչքիս առաջ մի ձեռք էր ցցւում ձեռքի երկու մատերի արանքում գազար էր՝ յիշողութիւնը վերականգնելու լաւագոյն բանջարեղէնը:
* * *
Կնոջս բարեկամուհին հրաւիրել էր սուրճի՞, թէ թէյի, միեւնոյն է, կարեւորը դա չէ: Երեկոյ էր, ես քիչ թէ շատ անտրամադիր, կնոջս հետ շարժուեցինք: Թէ՛ ես, թէ՛ կինս, գիտէինք ինչու ենք հիւրընկալւում այնպիսի մարդկանց տուն, որ երբեւէ մտքներովս չէր անցնելու: Ապաքինուել էի, այդ հեռու-մօտիկ ազգակիցներս ցանկացել էին իրենց ուրախութիւնը կիսել մեզ հետ:
Դուռը բացուելուն պէս հիւրընկալ բարեկամուհին փաթաթուեց ինձ ու սկսեց լաց լինել: Կինս, աւելի քան ես, զարմացած նրան ետ քաշեց, ո՛չ, չէր խանդում, պարզապէս զարմացած էր, ինչի՞ համար էր այդպէս հեկեկում.
«Խորէն ջան, ցաւդ տանեմ, դու մեր պարծանքն ես, ինչո՞ւ պիտի քեզ էդպիսի բան պատահէր, մեր գրող ախպեր ջան, մեր փառքն ու պատիւը, մեր պարծանքը, իմ ախպերս, իմ լաւ բարեկամս, բա առանց քեզ, Խորէն ջան…»:
Ես անել վիճակում էի, ոչ ծիծաղս էր գալիս, ոչ էլ կարողանում էի «վշտակցել»:
Կինս հանգստացրեց նրան, վստահեցրեց, որ ամէն ինչ նորմալ է: Ներս մտանք, տեղաւորուեցինք: Փափուկ ու յարմարաւէտ կահոյք էր, կիսով չափ փռուեցի:
– Սիրուն նստի, ի՞նչ ես փռուել,- նկատողութիւն արեց կինս:
– Վայ, Նուարդ ջան, թող ոնց որ հանգիստ ա, էդպէս էլ նստի, օտարի տուն չի, համարէք ձեր տունը… Նուարդին մի լսիր, Խորէն ջան, ոնց որ յարմար ես գտնում: Կ՛ուզե՞ս պառկել, բարձ բերե՞մ:
– Չէ, չէ, շնորհակալ եմ, լաւ է:
– Խորէն ջան, ես Զուարթն եմ, ինձ յիշում ես, չէ՞,- ականջիս տակ համարեայ բղաւեց Զուարթը:
Պատասխանի փոխարէն նայեցի կնոջս, նա իմացաւ որ Զուարթի հոգու հետ եմ խաղալու, ինքը պատասխանեց.
– Հա, Զուարթ ջան, ո՞նց չի յիշում, թեթեւ բան էր, անցաւ, ամէն ինչ կարգին ա: Լսի՛ր, Զուարթ, արագ մի բաժակ թէյ տուր, ուրիշ ոչինչ չենք ուզում: Իսկապէս, Լեւոնն ո՞ւր ա:
– Գնաց խանութ, ուր որ է կ՛երեւայ, գնաց Խորէնի համար պտուղի ջուր առնի, ասում էր հաւիճի (գազարի) ջուրը յիշողութեան համար լաւ ա:
Օ՜, Աստուած իմ, նորից գազարի հիւթ, ուր գնում եմ՝ գազարի հիւթ, այնքան էին խմացրել, որ դեղնել, հիւանդի տեսք էի ստացել, բախտս բերել էր փորկապութիւն չունէի, թէ ոչ, գազարով
«կլիզմա» (գրեխ-enema-խմբ.) կ՛անէին:
– Լաւ, մինչեւ Լեւոնը գայ, ես չայ դնեմ:
Զուարթը գնաց խոհանոց ու հեռուից դիմեց կնոջս.
– Նուարդ ջան, դու աշխատում էիր, երեխեքը աշխատում էին, բա Խորէնի մօտ ո՞վ էր մնում:
– Փառք Աստծոյ, էնքան մեծ շրջապատ ունենք, այնպէս որ պակաս չենք բերում:
– Ճիշդն ասաց, գնացել էի մօրքուրիս տեսնելու, տեղեկատուից հարցրի, Խորէնի հիւանդասենեակի համարը, գնացի մօտը, մենակ էր, չճանաչեց, սիրտս կտոր-կտոր եղաւ, Աստուած հեռու տանի, յիշո՞ւմ ես, Խորէն ջան, վայ թէ չյիշես: Էդ անտէր հիւանդանոցներն էլ որ մտնում ես, կեանքիցդ կշտանում ես, մանաւանդ՝ «Մեմորեալ»ը:
– Հա, յիշում եմ, ո՞նց չեմ յիշում,- ցանկանալով ապացուցել յիշողութեանս վերականգնումը՝ ստեցի: Բացի դա, ես ոչ թէ եղել էի «Մեմորեալ» հիւանդանոցում, այլ՝ «Ադվենթիստ»ում, ընդամէնը երեք օր եմ բուժումներ ընդունել ու համարեա բոլոր այցելուներիս յիշում էի:
Գազարի հիւթն էլ վայելեցինք, թէյն էլ, սուրճն ու անգամ՝ ոգելից խմիչքը: Այդ պահին մտքովս մի բան անցաւ. «Բախտս բերել է, հալովինեան տօնական օրերին չեմ ապաքինուել, թէ ոչ գազարից դեղնած դէմքս, փոխան դդմի, կը դնէին սեղանին»: