Աղաւնին պուրակում մի բու է տեսնում եւ ասում է.
– Այդ որտեղի՞ց ես գալիս, բո՛ւ:
Բուն պատասխանում է.
– Ես ապրում էի արեւելքում, իսկ հիմա թռչում եմ դէպի արեւմուտք:
Այսպէս պատասխանելով՝ բուն սկսում է չարամտօրէն ճչալ ու քահ-քահ ծիծաղել:
Աղաւնին նորից է հարցնում.
– Ինչո՞ւ ես թողել հայրենի տունդ եւ թռչում ես օտար երկրներ:
– Որովհետեւ արեւելքում ինձ չեն սիրում, ասում են, որ զզուելի ձայն ունեմ ես:
Եւ բուն ճչում է նորից:
– Ի զուր ես թողել հայրենի երկիրդ,- ասում է աղաւնին:
– Ինչպէ՞ս թէ ի զուր,- վրդովւում է բուն,- չէ՞ որ ես քեզ բացատրեցի՝ արեւելքում ինձ ոչ ոք չի սիրում: Էլ ինչո՞ւ ես պէտք է մնամ այնտեղ:
– Ախ, բու մօրաքոյր, պէտք է փոխես ոչ թէ երկիրդ, այլ՝ ձայնդ: Իմացիր, որ ինչպէս արեւելքում, այնպէս էլ արեւմուտքում մարդիկ չեն կարող տանել քո չարամիտ ճիչն ու վայրի քրքիջը: Իսկ եթէ չես կարող փոխել բնաւորութիւնդ, այն ժամանակ մինչեւ վերջ ապրիր քո սեփական տան մէջ:
ՅՈՎԻԿ ՉԱՐԽՉԵԱՆԻ «Պլոկ»էն
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.