Սեպտեմբերի 15ին Վրաստանում մեկնարկում է նոր ուսումնական տարին. վիրահայ աշակերտների համար իր դռներն է բացում 129 հայկական դպրոց: Ինչ փոփոխութիւններ են իրականցուել Վրաստանի կրթական համակարգում այս տարի…
Հայաստանից դուրս Վրաստանը միակ երկիրն է աշխարհում, որ պետբիւջէից ֆինանսաւորում է աւելի քան հարիւր հայկական դպրոց կամ հայկական բաժին, որտեղ ուսում են ստանում հազարաւոր վիրահայ աշակերտներ: Անցեալ տարի նրանց թիւը անցնում էր 14 հազարը (աւելի ստոյգ 14,139 աշակերտ, որից 1297ը առաջին դասարանցիներ էին): Այս տարի, ինչպէս «Ռադիօլուր»ին փոխանցեցին Վրաստանի ԿԳ նախարարութեանը կից գործող կրթութեան կառավարման տեղեկատուական համակարգից, թուերը դեռ ճշգրտւում են եւ կը ներկայացուեն մօտ օրերս:
Ցաւօք, վերջին մի քանի տարիների օպտիմալացման արդիւնքում աւելի քան 150 դպրոցից մնաց 129ը: Դրանցից զուտ հայկական են համարւում թուով 115ը, որոնց մեծամասնութիւնը գտնւում է Սամցխէ æաւախեթի շրջանում: Հայկական դպրոցների փակման պատճառները տարբեր են: Սակայն ամենագլխաւորը՝ ծնողները դեռեւս շարունակում են իրենց երեխաներին ռուսական, վերջին տարիներին նաեւ՝ վրացական դպրոցներ տանել:
Արդէն յայտնի է, որ այս տարի առաջին դասարան չի բացուի Թբիլիսիի թիւ 132 (վրաց-ռուս-հայկական) դպրոցի հայկական բաժնում: Ի դէպ, մայրաքաղաքում այսօր գործում է երեք հայկական դպրոց, որոնցից միայն մէկն է ամբողջութեամբ հայկական, իսկ միւս երկուսը՝ հայ-վրաց եւ հայ-վրաց-ռուսական բաժանմունքներով դպրոցներ:
ԿԳ նախարարութեան ազգային ուսումնական ծրագրերի վարչութեան ոչ վրացալեզու ուսումնական նիւթերի համակարգող Կարինէ Մանուկեանը ասում է, որ հայկական դպրոցները հիմնականում ապահովուած են մայրենիի դասագրքերով, որ ստացուել են անցեալ տարի. «Այս տարի եւս այդ ուղղութեամբ աշխատանք է տարւում. այն դպրոցները որոնցում դասագրքերի քանակը բաւարար չէր, այս տարի կը լրացուեն նոր հրատարակութեան մայրենիի գրքերով: Այս պահին ընթացքի մէջ է կարգաւորման գործընթացը, լուծւում են տեխնիկական հարցեր»:
Վրաստանում կրթական համակարգում սկսուած բարեփոխումները շարունակւում են: Նոր ուսումնական տարում Վրաստանի հանրային դպրոցներում մի շարք փոփոխութիւններ են տեղի ունեցել, որոնք վերաբերում են նաեւ ոչ վրացալեզու դպրոցներին. այսուհետ երկրորդ օտար լեզուն աշակերտները կը սկսեն ուսումնասիրել 5րդ դասարանից՝ 7րդի փոխարէն: Նոր ուսումնական տարուայ համար վերանորոգուել է 400 դպրոց, 1500 կրթօջախ կը համալրուի նոր գոյքով, այս պահին էլ թուով 9 դպրոց վերակառուցւում է. «Դրանցից մէկը հայ-վրացական թիւ 103 դպրոցն է, որը շահագործման կը յանձուի յաջորդ ուսումնական տարում», նշեց Կարինէ Մանուկեանը:
«Ռադիօլուր»