«Հայփոստ» ՓԲԸն իր լոգիստիկ նոր համակարգերի համար գործարկում է 49 լիովին նոր մեքենայ: Սրանք էկոլոգիապէս արդիւնաւէտ մեքենաներ են, որոնք գործում են բնական գազով՝ նուազեցնելով մթնոլորտ արտանետուող ածխաթթու գազի քանակը: Միաժամանակ մեքենաները յագեցած են GPS հսկման համակարգերով, ինչի շնորհիւ աշխատանքն առաւել ապահով եւ անվտանգ է դառնում: Այս փոփոխութիւնները միտուած են թարմացնելու եւ բարելաւելու գործառնութիւնների որակը՝ հաւասարեցնելով այն միջազգային բարձրագոյն չափանիշերին:
«Հայփոստ» ՓԲԸ շարժակազմը համալրւում է 49 նոր մեքենայով, այդ թւում՝
Renault Logan Van- 30 հատ ֆուրգոն,
Renault Duster- 10 հատ 4×4 մեքենայ,
KIA- 9 հատ բեռնատար մեքենայ:
49 մեքենաների համար ներդրման ընդհանուր արժէքը կազմում է 1.2 միլիոն ԱՄՆ դոլար:
Նոր Renault Logan Van մեքենաները գալիս են փոխարինելու մարզերում դեռեւս գործարկուող հնացած, երբեմն նոյնիսկ, խորհրդային արտադրութեան մեքենաներին: Իսկ նոր KIA բեռնատարները փոստը Երեւանից մարզեր տեղափոխելով 12 ամսուայ ընթացքում կ՛անցնեն 90,000 կմ.՝ երկու անգամ աւելի, քան հասարակածի երկարութիւնն է: Renault Duster ամենագնաց մեքենաները կիրառուելու են առաւելապէս մարզերում՝ փոստը ժամանակին հասցնելով նոյնիսկ ամենահեռաւոր գիւղական բնակավայրեր: KIA բեռնատարների եւ Renault Duster ամենագնաց մեքենաների բարձր անցանելիութեան շնորհիւ, ձմեռային ձիւնառատ ամիսներին եւս լեռնային գիւղերի բնակիչներին հնարաւոր կը լինի ժամանակին հասցնել առաքանիները:
Նոր մեքենաները կը նպաստեն Հայաստանի ողջ տարածքում բարձրակարգ փոստային եւ յարակից ծառայութիւններ մատուցելու Հայփոստ Թրասթ Մենեջմենթի ծրագրի իրագործմանը:
Հայաստանի Հանրապետութեան փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸն Հայփոստ Թրասթ Մենեջմենթի գլխաւորութեամբ շարունակում է իրականացնել իր արդիականացման եւ զարգացման լայնամասշտաբ ծրագիրը: Մինչ օրս գրանցուել են հետեւեալ արդիւնքները.
– Վերանորոգուել է 196 փոստային բաժանմունք (68ը՝ Երեւանում եւ 128ը՝ մարզերում): Բոլոր 196 փոստային բաժանմունքներն ամբողջութեամբ արդիականացուել են՝ ժամանակակից փոստային, փոստային-ֆինանսական եւ կոմերցիոն ծառայութիւններ մատուցելու, ինչպէս նաեւ յաճախորդների բարձրակարգ սպասարկում ապահովելու հնարաւորութեամբ: Իւրաքանչիւր վերանորոգուած փոստային բաժանմունք յագեցած է անվտանգութեան առաջատար համակարգերով:
– Ֆրանսիական փոստի ազգային օպերատոր «Լա Փոստ»ի հետ համագործակցութեան արդիւնքում «Հայփոստ» ՓԲԸն միջազգային բարձրագոյն չափանիշերին համապատասխանող լոգիստիկ նոր համակարգ է մշակել՝ բարելաւելով փոստային առաքանիների վերահսկողութիւնը եւ բարձրացնելով առաքման որակը:
– «Լա Փոստ»ի հետ համագործակցութեան շրջանակներում Արագածոտնի եւ Գեղարքունիքի մարզերում յաջողութեամբ փորձարկուել եւ գործի է դրուել տեսակաւորման կենտրոնացուած երկու նոր կենտրոն: Մինչ 2014 թուականի Սեպտեմբերը հնարաւոր կը դառնայ Սիւնիքի եւ Վայոց Ձորի մարզերը սպասարկող նոր տեսակաւորման կենտրոնի շահագործումը:
– «Հայփոստ» ՓԲԸն ձեռք է բերել եւ փոստային ցանցում կիրառման համար է նախապատրաստում «Էսչեր Գրուպ» ընկերութեան կողմից մշակուած՝ աշխարհի լաւագոյն կենտրոնական փոստային ծրագրային լուծումը: Վերջինս կիրառւում է աշխարհի առաջատար փոստային օպերատորների կողմից, ինչպիսիք են USPS-ը (ԱՄՆ), Deutsche Post-ը (Գերմանիա) եւ Royal Mail-ը (Միացեալ Թագաւորութիւն): Տուեալ ծրագրային լուծումը նախատեսուած է «Հայփոստ» ՓԲԸ փոստային ամբողջ ցանցի ներսում առցանց կապ ապահովելու եւ մատուցուող ծառայութիւնների որակը աննախադէպ բարձր մակարդակի հասցնելու համար:
– Աշխատակազմի համալիր վերապատրաստման ծրագրերի համար 700 քմ.ից մեծ մակերեսով նոր Վերապատրաստման կենտրոն է ստեղծուել: Դասընթացներին կարող է մասնակցել միաժամանակ մինչեւ 150 մարդ: «Հայփոստ» ՓԲԸ արդիականացուած փոստային բաժանմունքների նմանութեամբ ձեւաւորուել է յատուկ վերապատրաստման սենեակ՝ նոր ընդունուած աշխատակազմին թոյլ տալով կատարելագործելու յաճախորդների սպասարկման եւ շահագործական հմտութիւնները «իրական փոստային բաժանմունք»ի ռեժիմում: Վերապատրաստման կենտրոնի շահագործական տարածքներն օգտագործուելու են նաեւ որպէս լաբորատորիա՝ «Հայփոստ» ՓԲԸ փոստային ցանցում ներդնելուց առաջ միջազգային ամենավերջին նոր տեխնոլոգիաների փորձարկման համար:
– Մի շարք նոր արտադրանքներ եւ ծառայութիւններ են աւելացել փոստային, փոստային-ֆինանսական եւ կոմերցիոն ոլորտներում: Վերջերս ներդրուած ծառայութիւններից մի քանիսը մշակուել եւ ներդրուել են Ռուսաստանի Դաշնութեան Փոստային կապի ազգային օպերատոր «Պոչտա Ռոսսիի»ի եւ Իտալիայի փոստային կապի ազգային օպերատոր «Պոստէ Իտալիանէ»ի հետ համագործակցութեան արդիւնքում:
– Ընկերութեան գործառնութիւնների եւ լոգիստիկ համակարգի կատարելագործման նպատակով ներդրուել է 105 նոր մեքենայ:
Այս տարի, շարունակելով «Հայփոստ» ՓԲԸ զարգացման ծրագիրը, վերանորոգուելու է 60 փոստային բաժանմունք (1 փոստային բաժանմունք Երեւանում եւ 59 փոստային բաժանմունք մարզերում):
Վերջին հինգ տարուայ ընթացքում Հայփոստ Թրասթ Մենեջմենթի առաջնորդութեամբ «Հայփոստ» ՓԲԸն վնասով աշխատող ընկերութիւնից վեր է ածուել շահոյթով աշխատող ընկերութեան՝ զարգացման եւ վերափոխման ծրագրի համար իրականացնելով աւելի քան 20 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում:
«Հայփոստ Թրասթ
Մենեջմենթ» ԲՎ
«Հայփոստ» ՓԲԸ