
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
2013 թուականին, Գլենդելում ճակատագրական ելքով տասնեակ վթարներ են եղել, որոնցում հինգ հայ է մահացել վրաերթի արդիւնքում: Անվտանգ երթեւեկութեան հարցը վերջին շրջանում յայտնուել է քաղաքային իշխանութիւնների կիզակէտում, եւ ճակատագրական միջադէպերից խուսափելու միջոցներից մէկը՝ երթեւեկութեան կանոնների մասին հանրութեանը կրթելն է: Այս հարցին արձագանգել էր հայ համայնքի հարցերի մասին մշտապէս բարձրաձայնող Գլենդելի Հայ Դատի յանձնախումբը՝ Յունուարի 30ին համախմբելով քաղաքապետարանի, Հանրային քոլեջի, Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան, Հայ Օգնութեան Միութեան, Հայ Իրաւաբանների միութեան, Գլենդելի Միացեալ դպրոցների վարչաշրջանի, Վոլք Բայք Գլենդելի եւ YMCA-ի ներկայացուցիչներին ու համայնքին: «Պատճառը, որ մեր յանձնախումբը նախաձեռել է այս ծրագիրը, այն է, որ լուրջ մտահոգուած ենք, որ վերջին մի քանի ամիսներին մեր հինգ հայրենակիցներ մահացել են մեքենայի հարուածից: Նրանք հատել են փողոցը եւ վրաերթի են ենթարկուել: Ում մեղքն է՝ դժուար է հաստատել, եւ այս դէպքում միակ խորհուրդն է վարորդներին ու հետիոտնին՝ զգոյշ լինել եւ հետեւել երթեւեկութեան կանոններին: Այս ծրագրի միջոցով ցանկանում ենք մեր համայնքին, յատկապէս տարեցներին կրթել եւ հնարաւորութիւն տալ ստանալու մասնագիտական խորհրդատուութիւն», յայտնեց Գլենդելի Հայ Դատի յանձնախմբի ատենապետ Պերճ Կարապետեանը: Ձեռնարկին ներկայ բանախօսները՝ ոստիկանութեան, իրաւական ոլորտի, քաղաքապետարանի, Գլենդելի քոլեջի ներկայացուցիչներ, իրենց խօսքում կարեւորեցին վարորդի եւ հետիոտնի միմեանց նկատմամբ յարգանքը, կանոնների պահպանման անրաժեշտութիւնը, նաեւ՝ թէ ինչպէս պէտք է վարուել վթարների դէպքում քրէական պատասխանատուութիւնից խուսափելու համար: «Վթարից յետոյ եթէ վարորդը չկանգնի եւ օրէնքի համաձայն չներկայացնի իր վարորդական իրաւունքը եւ պահանջուող այլ փաստաթղթեր, ու փախուստի դիմի դէպքի վայրից՝ դա վերածւում է քրէական հարցի: Մինչդեռ, հնարաւոր է խուսափել նման ելքից», իր խօսքում նշեց Հայ իրաւաբանների միութեան նախագահ Կարօ Ղազարեանը: Նա՝ յատկապէս ձեռնարկին ներկայ երիտասարդներին խորհուրդ տուեց լինել ուշադիր եւ վարելիս չտարուել հեռախօսազանգերով ու հաղորդագրութիւններով, նաեւ ներկայացրեց, թէ ինչպէս պէտք է վարուել վթարի ժամանակ, որպէսզի հարցը քրէական դատարանում չլուծուի: Գլենդելի ոստիկանութեան ու քաղաքապետարանի տուեալներով, ճակատագրական ելքով պատահարների 67 տոկոսը տեղի է ունեցել մեքենայի եւ հետիոտնի բախումից, որի 50 տոկոսը՝ հետիոտների պատճառով: Վրաերթի ենթարկուած անցորդների 75 տոկոսը մեծահասակներ են եղել, որոնցից 50 տոկոսը՝ ազգութեամբ հայեր են: Ոստիկանութեան սպայ Թինօ Սալոմէն պատմեց, թէ տարեցների հետ խօսելիս պարզել է, որ նրանցից շատերը տեղեակ չեն երթեւեկութեան տարրական կանոններին: «Շատ կարեւոր են նմանատիպ կրթական ձեռնարկները յատկապէս տարեցների ու երիտասարդների համար, որպէսզի հասնենք ճակատագրական միջադէպերի նուազմանը քաղաքում: Վարորդներին յորդորում ենք զերծ մնալ հեռախօս գործածելուց, որոնք ամենաշատն են շեղում, հետիոտն էլ պէտք է իր հերթին լինի չափազանց ուշադիր եւ զգոյշ, որովհետեւ արդիւնքում ամէնից շատ տուժում են հէնց հետիոտները», նշեց Սալոմէն: Ձեռնարկին ներկայ իր հասակակիցներին դիմեց նաեւ Գլենդելի հանրային քոլեջի ներկայացուցիչ Դաւիթ Աւագեանը: «Մէկ խախտում, որ այդ պահին կարող է օգտակար թուալ՝ մէկ վայրկեանում կարող է ճակատագրական դառնալ»: Բանախօսները կոչ արեցին հանրութեանը՝ լինել զգօն, յարգել միմեանց եւ հետեւել երթեւեկութեան բոլոր կանոններին: