ԳԷՈՐԳ ԱՂԱԲԱԲԵԱՆ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանն օրերս, ասուլիսի ընթացքում արձագանգեց վարչապետ Տիգրան Սարգսեանի արած այն դիտարկմանը, թէ Հայաստանում ներդրումների նուազման հիմնական պատճառը շինարարութեան ոլորտում սպեկուլեացիոն էֆեկտի (չարաշահումի ազդեցութեան-Խմբ.) առկայութիւնն էր, որի «փուչիկ»ի պայթելուց յետոյ ներդրումները դիվերսիֆիկացնելու (այլազանեցնելու-Խմբ.) խնդիր է առաջացել: Ակնյայտ էր, որ վարչապետը, փորձելով երկրի տնտեսութեան ներկայիս աղէտալի վիճակն արդարացնել եւ իր դէմքը փրկել նախորդ իշխանութեան եւ կառավարութեան թոյլ տուած սխալներին յղումներ կատարելով, իրականում՝ «տակառ էր գլորում» հէնց Ռոբերտ Քոչարեանի եւ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարեանի ուղղութեամբ:
2rd.am-ին տուած կարճ հարցազրոյցում Ռոբերտ Քոչարեանը շինարարութեան ծաւալները անցած 5 տարիներին նուազելու երեք հիմանական պատճառ է նշում. մասսայական (զանագուածային-Խմբ.) արտագաղթը, որը անշարժ գոյքի շուկայում յանգեցրել է առաջարկի աւելցուկի եւ շինոլորտի գրաւչութեան անկման, հիպոթեքային (գրաւ՝ անշարժ կալուածի վրայ-Խմբ.) պայմանների վատթարացումը՝ բանկերի կողմից գրաւադրուող գոյքի ցածր լիկվիդայնութեան (պարտքի մարումին-Խմբ.) պատճառով եւ քաղաքացիների մօտ ձեւաւորուած ապատիան (հոգեկան անտարբերութիւնը-Խմբ.), երկրի ու ապագայի հանդէպ հաւատի կորուստը:
Քոչարեանի արձագանգը կարելի է բաւականին կոշտ համարել, որով նա, փաստօրէն որակում է տալիս ոչ միայն կոնկրետ շինարարութեան ոլորտում ստեղծուած իրավիճակին, այլեւ ընդհանուր առմամբ վարուող տնտեսական քաղաքականութեանը եւ կոնկրետ Տիգրան Սարգսեանի կառավարութեան գործունէութեանն ու արդիւնքներին: Պատահական չէ, որ Տիգրան Սարգսեանին Քոչարեանը որակում է «թերարժէք վարչապետ» եւ ընդգծում, որ նա որքան էլ փորձի, չի կարող խուսափել առկայ իրավիճակի համար պատասխանատուութիւնից:
Այդպիսով Քոչարեանն յստակ ուղերձ է յղում նաեւ գործող նախագահ Սերժ Սարգսեանին՝ որքան հնարաւոր է շուտ ազատուել նման վարչապետից:
Իր այս արձագանգով Քոչարեանը հետաքրքիր ինտրիգ (բանսարկութիւն-Խմբ.) մտցրեց քաղաքական դաշտում: Գոնէ այդ մասով, ամանորեայ տօներից յետոյ հաստատապէս անհետաքրքիր չի լինելու: Հիմնական հարցը, որին յանգեցնում է Քոչարեանի հերթական այս հրապարակային խօսքը, այն է լինելու, թէ սա ինչ նպատակ է հետապնդում. արդեօք սա զուտ ինքնապաշտպանական ռեֆլեքսիւ (հակազդող-Խմբ.) քա՞յլ է, թէ Քոչարեանն աւետում է իր վերադարձը մեծ քաղաքականութիւն: Քաղաքական հիմնական ուժերը, որոնք վերջին շրջանում հետաքրքրական վերադասաւորումների մէջ են՝ կապուած կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի եւ հայ-ռուսական գազային համաձայնագրերի շուրջ կողմնորոշման հետ, առաջին հերթին փորձելու են հասկանալ՝ ինչ սպասել Քոչարեանից եւ իրենց մարտավարութիւնը կառուցել հէնց այդ սպասելիքների վրայ:
Իր հերթին իշխանութեան ներսում եւս նոր սպասումներ են առաջանալու՝ պայմանաւորուած նրանով, թէ ինչպէս Քոչարեանի այս դեմարշին կ՛արձագանգի Սերժ Սարգսեանը: Որպէս կանոն, նման դէպքերում իշխանութեանը հրահանգւում է մասշտաբային քարոզչական հակայարձակում, որի ողջ իմաստը իշխանութեան կառավարելիութիւնը, կենտրոնացուածութիւնը եւ մոնոլիտութիւնը (մէկ ամբողջականութիւնը-Խմբ.), դրանցով պայմանաւորուած՝ Սերժ Սարգսեանի ուժը ցուցադրելու մէջ է: Բայց չպէտք է մոռանալ, որ Սերժ Սարգսեանն ինքն է օրակարգ բերել Տիգրան Սարգսեանի կառավարութեան հրաժարականի հարցը, որը փաստացի պէտք է լուծուի առաջիկայ Փետրուար-Մարտ ամիսներին: Յամենայնդէպս, նախագահն անձամբ է յանձնարարել կառավարութեանը՝ այդ ժամկէտներում հիմնաւոր բացատրութիւններ ներկայացնել իր սահմանած՝ 7 տոկոս տնտեսական աճը չապահովելու պատճառների համար: Այսինքն այս հարցը արդէն օրակարգում է՝ առանց Քոչարեանի կամ որեւէ մէկի կողմնակի միջամտութեան:
Այն խմբաւորումները, որոնք թաքուն դժգոհ են գործող վարչապետի աշխատանքից, նրան պահելու Սերժ Սարգսեանի յամառութիւնից եւ ընդհանրապէս իշխանութեան կարկանդակից իրենց ունեցած փայաբաժնից (եկամուտի բաժինէն-Խմբ.), շատ հնարաւոր է՝ փորձեն նոր հենման կէտեր որոնել ՀՀԿից դուրս, ինչը կարող է, օրինակ, նոր առնետավազքի տեղիք տալ: Դրա համար կարող է բաւարար լինել Քոչարեանի կողմից մեծ քաղաքականութիւն վերադառնալու շատ աւելի ուղղակի ուղերձների յղումը կամ դրան ուղղուած գործողութիւնները:
Այս իմաստով իշխանութիւնը նոր մարտահրաւէրի առաջ է կանգնելու, ինչը խոստանում է դիտարժան քաղաքական ձմեռ եւ տարեմուտ: