
Նոյեմբերի 9ին Հոնկոնգում տեղի ունեցաւ Ջէք եւ Ջուլի Մաքսեանների Հոնկոնգի հայկական կենտրոնի բացման պաշտօնական արարողութիւնը: Միջոցառմանը մասնակցեցին տարբեր երկրներից ժամանած շուրջ 100 հայեր: Արարողութեանը ներկայ էր Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսը, ով օծեց կենտրոնում տեղադրուած Աստուածամօր սրբապատկերը եւ վէմ քարը ու իր օրհնութիւնն ու պատգամը բերեց հաւաքուածներին:
Միջոցառմանը ելոյթով հանդէս եկաւ ՉԺՀում ՀՀ դեսպան Արմէն Սարգսեանը, ով, կարեւորելով հայկական կենտրոնի ստեղծումը, յոյս յայտնեց, որ այն խթան կը հանդիսանայ Չինաստանի եւ ամբողջ տարածաշրջանի հայերին միաւորելու եւ Հայաստանից հեռու գտնուող մեր հայրենակիցների ազգային աւանդոյթներն ու դիմագիծը պահպանելու հարցում:
Յաջորդ օրը Աւստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Հայկազուն եպիսկոպոս Նաջարեանը մատուցեց Սուրբ պատարագ: Ապա Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Սեպուհ Ասլանեանը ներկաների համար կարդաց դասախօսութիւն՝ Նոր Ջուղայի հայ վաճառականների կողմից ժամանակին ստեղծուած համաշխարհային առեւտրային ցանցի վերաբերեալ: Դասախօսութիւնից յետոյ Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հիմնադիր նախագահ Երուանդ Զօրեանը ներկայացրեց ՀՎՀ կառուցուածքն ու գործունէութիւնը եւ յայտնեց, որ այսուհետ հայկական կենտրոնի համակարգմամբ ՀՎՀը կը գործի նաեւ Չինաստանում եւ ողջ տարածաշրջանում:
Այնուհետեւ տեղի ունեցաւ տարածաշրջանում առաջին հայ համայնքային կառոյցի՝ Չինաստանի հայ համայնքի, անդրանիկ նիստը, որի ընթացքում հաստատուեց կազմակերպութեան հիմնադիր արձանագրութիւնը եւ կառուցուածքը, ապա ընտրուեցին ղեկավար մարմինները՝ նախաձեռնութեան հեղինակներից մէկի՝ Հենրի Արսլանեանի գլխաւորութեամբ:
Նշենք, որ մինչ Հոնկոնգ ժամանելը Ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական այց կատարեց Չինաստանի Պեկին, Շանհայ եւ Գուանջօու քաղաքներ: Պեկինում վեհափառ հայրապետն այցելեց նաեւ ՉԺՀում ՀՀ դեսպանութիւն, ուր տեղի ունեցաւ Հայաստանի վարպետների կողմից պատրաստուած եւ ՀՀ Անկախութեան տօնի նախօրէին Պեկին տեղափոխուած առաջին խաչքարի օրհնման արարողութիւնը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ
ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՈՒՈՒԹԵԱՆ
ԵՒ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹԵԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ