ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայ կաթողիկէ համայնքի համար Հոկտեմբերի 27ը տօնական էր: Առաւօտեան, Թագուհի Մարտիրոսաց Հայ կաթողիկէ եկեղեցու զանգերն աւետեցին այս հոգեւոր կենտրոնի վաթսունամեակը: Յոբելենական օրն սկսուեց Ս. պատարագով, որ մատուցեց Միացեալ Նահանգների եւ Կանադայի Հայ կաթողիկէ թեմի առաջնորդ Միքայէլ եպիսկոպոս Մուրատեանը: Ներկայ էին ԱՄՆ Արեւմտեան հայոց թեմի առաջնորդ Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը, Մոնթեպելլոյի Ս. Խաչ Մայր տաճարի հոգեւոր տեսուչ Միւռոն Ծ. վրդ. Ազնիկեանը, Լոս Անջելեսի թեմի առաջնորդ Էտուարտ եպիս. Քլարքը, այլ հոգեւոր առաջնորդներ: Այս յոբելեանը կրկնակի տօն էր հաւատացեալ ժողովրդի համար, քանզի նշանաւորում էր նաեւ յիշարժան պատմութիւն ունեցող Լոս Անջելեսի հայկական եկեղեցու նորոգութիւնը:
Տարեդարձին նուիրուած հանդիսութեան բարձր տրամադրութիւնը շարունակուեց «Ռենեսանս» սրահում: Յատկանշանական էր, որ միեւնոյն յարկի տակ հաւաքուել էին Թագուհի Մարտիրոսաց Հայ կաթողիկէ եկեղեցու հիմնադրման օրից նրա նուիրեալ հաւատացեալներն իրենց զաւակների, թոռների հետ, ովքեր հետեւելով ընտանեկան աւանդոյթներին՝ շարունակում էին համախմբուել այս եկեղեցու շուրջ: Տասնամեակներ շարունակ, Թագուհի Մարտիրոսաց Հայ կաթողիկէ եկեղեցին հայ համայնքի համար եղել է նաեւ հոգեւոր, մշակութային, ազգային ինքնութեան պահպանման կենտրոն եւ այդ գործում մեծ դեր են ունեցել նուիրեալ հոգեւորականները:
Առաջին ժողովրդապետ հայր Միքայէլ վրդ. Ագեանը, Վիեննայի Մխիթարեան ուխտից, մեծ զոհողութիւններով եւ անխոջ աշխատանքով յաջողել էր Համաշխարհային երկրորդ պատերազմի արդիւնքում օտար ափերում յայտնուած գաղթականներին համախմբել եկեղեցու շուրջ՝ տալով նրանց հոգեւոր սնունդ եւ յոյս: Այսօր, եկեղեցու հոգեւոր առաջնորդ Արմենակ վարդապետ Պետրոսեանը նոր շունչ է հաղորդել Թագուհի Մարտիրոսաց Հայ կաթողիկէ եկեղեցուն՝ համախմբելով նաեւ շրջանի հայ կաթողիկէ համայնքին. «Եկեղեցին հայկական, ամէն հայի հոգու ծննդավայրն է, որովհետեւ նրա Ս. աւազանի մէջ ենք մկրտուած եւ Սուրբ միւռոնով կնքուած իբրեւ հայ քրիստոնեայ: Սիրելիք, եկեղեցին, խորանէն, ծէսէն, մոմէն ու խունկէն անդին, ժողովուրդն է՝ իր հաւատքով ու նուիրումով, հոգեւոր ու ազգային տեսիլքով: Եկեղեցին ժողովուրդն է իր հաւաքական կեանքով», եկեղեցու ադամանդեայ յոբելենական հանդիսութեան մասնակիցներին պատգամով դիմեց Արմենակ վարդապետ Պետրոսեանը:
Ձեռնարկը լի էր յուզիչ պահերով, որ երանգաւորւում էր ազգային եւ հոգեւոր երաժշտական կատարումներով: Յոբելենական ձեռնարկին բացման խօսքով հանդէս եկաւ Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը, իր մաղթանքը յղեց Էտուարտ եպիս. Քլարքը, Միքայէլ եպիսկոպոս Մուրատեանն էլ «Պահպանիչ» աղօթքով եզրափակեց երեկոն: