ԱԼԻՍԱ ԳԵՒՈՐԳԵԱՆ
«Մշակոյթների երկխօսութիւն» հիմնադրամը Գերմանիայի Բոնն քաղաքի քաղաքապետարանի կողմից ստացել էր Հոկտեբերի 7-13ն անցկացուող «Առանց սահմանների» միջազգային փառատօնին մասնակցութեան հրաւէր, որի շրջանակներում Բոննի Արուեստագէտների ֆորումը վեց երկրների գեղարուեստի գործիչների մասնակցութեամբ իրականացրել է համատեղ նախագիծ՝ «Կլիմայական փոփոխութիւններ» թեմայով: «Մշակոյթների երկխօսութիւն» հիմնադրամը փառատօնում ներկայացրել էր հայ արուեստագէտ Տիգրան Սահակեանին, ում աշխատանքն էլ ճանաչուել է լաւագոյնը: Հիմնադրամի նախագահ Սոնա Յարութիւննեանի խօսքով՝ Տիգրան Սահակեանի շնորհիւ եւրոպական պատկառելի մի հարթակում Հայաստանը հնարաւորութիւն ունեցաւ ներկայացնել իր ժամանակակից արուեստը:
Փառատօնի շրջանակներում կայացել է նաեւ «Մշակոյթ, քաղաք, կրօն» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը, որին մասնակցել են բոլոր վեց երկրների՝ Գերմանիայի, Աւստրիայի, Իսլանդիայի, Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի հոգեւորականներն ու մշակոյթի գործիչները: Տէր Ասողիկ քահանայ Կարապետեանը հանդէս է եկել «Քրիստոնեա Հայաստանը երէկ եւ այսօր» զեկուցումով: «Կրօնական ինքնութիւնը հայկական աւանգարդում» խորագիրը կրող զեկուցը ներկայացրել է Սոնա Յարութիւնեանը:
«Առանց սահմանների» միջազգային փառատօնը նաեւ հետաքրքիր համագործակցութեան սկիզբ է դրել, որի արդիւնքում 2014ի աշնանը վերոնշեալ գիտաժողովը կը շարունակուի Հայաստանում: Յետագայ համագործակցութեան հեռանկարում նաեւ համատեղ շրջիկ ցուցահանդէսներն են Զայցբուրգ, Ռէյկեաւիկ եւ Երեւան քաղաքներում:
Մշակութային մէկ այլ ուշագրաւ իրադարձութեան մասին, որը տեղի ունեցաւ Հոկտեմբերի 20ին Մոսկուայի կրեմլեան դահլիճում: «Արմէնիա պրոդաքշըն» պրոդիւսերական ընկերութեան նախաձեռնած Սայաթ Նովայի 300ամեակին նուիրուած յոբելաեանական համերգը ՀՀ ժողովրդական արտիստ, «Սայաթ-Նովա» մշակութային միութեան հիմնադիր, Հանրային ռադիոյի աշուղական երգի վաստակաւոր անսամբլի ղեկավար Թովմաս Պօղոսեանը բնորոշում է աննախադէպ: «Հոգուս խորքում այս համերգին գնացել եմ ակնկալիքով եւ փափաքով, որ սա կը դառնայ շրջադարձային երեւոյթ հայ երգարուեստում, որ այդ պատկառելի բեմում ի վերջոյ կը դադարենք ներկայանալ միայն շոու բիզնեսի հեշտ վաճառուող թեթեւ ժանրերով, այլ մեր ազգային հզօր մշակոյթով», ասում է Թովմաս Պօղոսեանը:
Նա այսօր անդրադարձաւ նաեւ Սեպտեմբերի 21ի տօնական համերգին: «Մենք ունենք պետական սքանչելի կոլեկտիւներ: Ինչո՞ւ ենք գումար ծախսում ու պահում դրանք, եթէ մեր պետական ամենապատկառելի տօնին այդ կոլեկտիւները չպէտք է ներկայանան», ասում է Թովմաս Պօղոսեանը:
«Ռադիօլուր»