ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Վերջին հարիւրամեակի ընթացքում զգալիօրէն նուազել է ամուսնութիւնների թիւը: Չամուսնացած 100 կանանցից ընդամէնը 31ն է ամուսնանում այսօր: Համեմատութեան կարգով նշեմ, թէ 1920 թուականին այս թիւը կազմում էր 92: 2011 թուականին հեղինակաւոր ՓԻՈՒ հետազօտական կենտրոնի հրապարակած տուեալների համաձայն, այսօր ամերիկացիների միայն 51 տոկոսն են ամուսնացած, իսկ 1960 թուականին այդ ցուցանիշը կազմել է 72 տոկոս: 1960 թուականին ամբողջ երկրի մասշտաբով ընդամէնը մօտաւորապէս մէկ միլիոն զոյգեր էին բնակւում իրար հետ՝ առանց պաշտօնապէս ամուսնանալու: Այսօր այդ թիւը կազմում է աւելի քան 7.5 միլիոն: Հիմնական պատճառներից մէկն այն է, թէ զոյգերն այսօր նախընտրում են հասնել ֆինանսական կայուն վիճակի, որպէսզի յետոյ կարողանան պաշտօնապէս իրենց կեանքը կապել մէկ մէկու հետ: Փաստօրէն, ամուսնութեան խնդիրը ուղղակիօրէն կապուած է տնտեսութեան հետ: Այսօրուայ անմխիթար վիճակը ոչնչով չի նպաստում նոր ընտանիքների ձեւաւորման հարցում: Ինչպէս եւ այլ բնագաւառներում, հայկական իրականութեան մէջ տիրող իրավիճակը որեւէ վիճակագրական տուեալներում արտացոլուած չէ: Մեր իրականութիւնը կարելի է վերլուծել անհատական ուսումնասիրութիւնների հիման վրայ, որն էլ այսօրուայ մեր զրոյցի թեման է:
Առաջուայ հետ համեմատած՝ աւելի քիչ զոյգեր են «յանդգնում» պաշտօնապէս ամուսնանալու, չնայած, որ դեռեւս գործում են պապենական աւանդոյթները հայերիս մէջ: Իրարամերժ այս դրոյթը կը փորձեմ պարզաբանել: Հայերս աւելի շատ ենք միջամտում մեր զաւակների կեանքում, քան մեր իրականութեան մէջ առկայ միւս ազգերի ներկայացուցիչները: Սակայն գնալով այս գիծը նուաղում է: Մենք չենք կարող ետ մնալ մեր շրջապատում կատարուող զարգացումներից (տուեալ դէպքում՝ յետընթացից, ըստ շատերի պատկերացման): Աւելի շատ հայ զոյգեր եմ ճանաչում, ովքեր տարիներ ապրում են իրար հետ, բայց «ռիսկ»ի չեն դիմում երեխաներ ունենալու, պաշտօնապէս գրանցուելու: Հայ ծնողի համար սա օտար երեւոյթ է, քանի որ բոլորս էլ դեռ կրում ենք մեր աւանդոյթները, եւ հաւանաբար կը կրենք մինչեւ մեր օրերի վերջը: Այս երեւոյթի դէմ ուղղակի պայքարելը կարող է հակառակ արդիւնք տալ:
Յակոբը (անունները փոխուած են) արդէն 5 տարի է հանդիպում է Աննայի հետ: Նրանք բնակւում են միասին, իսկ ծնողները տրտնջում են, թէ ինչո՞ւ պիտի իրենց զաւակները պաշտօնապէս չամուսնանան: Այս հողի վրայ մի քանի անգամ անախորժ խօսակցութիւններ են եղել: Աղջկայ հայրը տաքացել է, վիրաւորել իր դստեր փաստացի կողակցին: Այսօր նրանք յարաբերութիւններ չունեն այս նորաձեւ «ընտանիք»ի հետ: Աղջիկը 28 տարեկան է, ամերիկեան չափանիշներով՝ լրիւ ինքնուրոյն մարդ, եւ կարող է իր բախտը տնօրինել այնպէս, ինչպէս կ՛ուզենայ: Յակոբի եւ Աննայի յարաբերութիւնների վտանգաւորութիւնն այն է, որ մի գեղեցիկ օր, երբ ընտանիքում վէճ լինի, նրանք կարող են ընդմիշտ բաժանուել իրարից, քանի որ չկան հիմնական կապող օղակները՝ երեխաները: Իսկ այս զոյգը դեռ սպասում է, որ «նորմալ» գործ ունենան, ոտքի կանգնեն…
Արտաշէսի ծնողները ստիպեցին, որ նա ամուսնանայ 26 տարեկանում: Տղան ենթարկուեց նրանց: Մի լաւ հայ աղջկայ հետ ծանօթացրին, ճոխ հարսանիք արեցին, բնակարանի բանալիներ նուիրեցին նորաստեղծ զոյգին: Բայց Արտաշէսը մի քանի տարի է, ինչ կապուած էր իսպանացի մի աղջկայ հետ, որից կտրուել չկարողացաւ: Օրինական կինը իմացաւ ամուսնու խորհրդաւոր ընկերուհու մասին, վերցրեց նորածնին ու վերադարձաւ «հօրական» տուն: Ընտանիքը քանդուեց: Այս պարագայի համար եթէ որեւէ մէկը դեղատոմս ունի, կարող է դառնալ հռչակաւոր փիլիսոփայ: Ո՞րն է ճիշդը: Տարիքը հասնելուն պէս երեխաներին ստիպել, թէ ժամանակն է ամուսնանալո՞ւ, թէ թողնել, որպէսզի իրադարձութիւնները զարգանան իրենց հունով: Ներկայ տնտեսական եւ ընկերային պայմաններում հաւանականութիւնը, թէ ձեր որդին կամ դուստրը կը հանդիպի իր կէսին ու ընտանիք կը կազմի, շատ եթերային է ու անհաստատ: Ամէն դէպքում, երեւի հարկ է միշտ յիշել, որ զաւակները իրենց կեանքն ունեն, եւ իրենց որոշումների հետ պէտք է հաշուի նստել: Այլապէս՝ կապը կը կորչի երեխաների հետ:
Նախկին իմ ակնարկներից մէկում նշել եմ, թէ եւս մի երեւոյթ է ի յայտ գալիս մեր իրականութեան մէջ: Իրեն միասեռական համարող աղջիկը կամ տղան ամուսնանում է, որպէսզի հօր ու մօր, բարեկամութան «բերանը փակի»: Նման մի «միութեան» մասին լսել եմ, թէ ինչպէս տղայի հայրն ու մայրը, եղբայրը նոյնիսկ չգիտեն, որ նա միասեռական է, քանի որ տարիներ առաջ էլի ճոխ հարսանիք են արել, ու հիմա կարծում են, թէ որդին երջանիկ ապրում է իր կնոջ հետ: Նրանք չեն էլ պատկերացնում, որ իրենց անհամբեր դրդումով ստիպել են, որ որդին երկակի կեանքով ապրի՝ իր կողմնորոշմամբ եւ ծնողների ակնկալած կեանքով: Թէ ինչպէ՛ս է այդ տղան կարողանում համատեղել ամուսնու եւ միասեռականի կեանքը՝ տեղեակ չեմ: Ենթադրում եմ, թէ ինչ վիճակի մէջ կարող է լինել կինը: Արդեօք արժէ՞ բռնանալ, որ մարդն ապրի մէկ ուրիշի կեանքով: Ցաւոտ եւ երերուն թեմա է սա ոմանց համար, եւ թող միանշանակ կարծիքներ չհնչեն: «Ո՞վ եմ ես, որ դատեմ», ասաց Հռոմի պապը մի քանի ամիս առաջ, եթէ յիշում էք: Ամուսնութիւնը եւ ընտանիքի գաղափարը աւանդութիւն է շատերիս համար, բայց այս աւանդութեան սահմաններում մեզնից ոմանք հրաժարւում են տեսնել իրականութիւնը: Իսկ իրականութիւնը հետեւեալն է. մենք բնակւում ենք աշխարհի ամենաազատ երկրում, եւ մեզնից շատերը չեն էլ պատկերացրել այստեղ գալիս, որ երբեմն այդ ազատութեան համար շատ թանկ պէտք է վճարել:
Ամէն դէպքում նախընտրելի է, որ փորձենք հասկանալ, թէ ի՛նչ է կատարւում մեր մերձաւորների կեանքում, իրական կեանքում: Իսկ բազմաթիւ հարցեր դեռ մնում են անպատասխան: Չեմ ակնկալում, որ այս փոքրիկ զրոյցով սահմանափակեմ այս ծաւալուն թեման: Ձեր կարծիքներն ու դատողութիւնները կարող էք յղել cmelikyan@aol.com հասցէով: