ԶՈՀՐԱՊ ԸՌՔՈՅԵԱՆ
Օգոստոսի 8ին Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում հարաւային թեւի համայնքների ղեկավարների մասնակցութեամբ տեղի ունեցաւ խորհրդակցութիւն, որը վարեց ԼՂՀ վարչապետ Արա Յարութիւնեանը:
Ողջունելով ներկաներին՝ կառավարութեան ղեկավարը ներկայացրեց հանդիպման նպատակը՝ ամփոփել բերքահաւաքի աշխատանքները, արդէն այսօր յստակեցնել ապագայ անելիքները:
«Բերքահաւաքի աշխատանքները դեռ ընթանում են, հիւսիսային թեւում նոր պէտք է սկսուեն: Այս մի քանի տարիների ընթացքում բազում խորհրդակցութիւններ ենք անցկացրել, կարեւորել հողի ճիշդ օգտագործման կանոնները, սակայն, չնայած որոշ ձեռքբերումներին՝ բերքահաւաքի արդիւնքները դեռ գոհացուցիչ չեն: Մեր այստեղ հաւաքուելու նպատակն է նաեւ ճշդել, թէ որտեղ ենք թերացել, որպէսզի անցնենք յետագայ աշխատանքներին», ասաց Ա. Յարութիւնեանը:
Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարեանը ներկայացրեց աշնանացանի եւ գարնանացանի ծաւալները, ստացուած բերքի քանակը: Ըստ զեկուցողի՝ շրջանում ընդհանուր հաշուով կատարուել է 17,438 հա. հացահատիկի ցանք (15,059 հա. աշնանացան եւ 2379 հա. գարնանացան), որից գարի՝ 9862 հա. աշնանացան, 1230 հա. գարնանացան, ցորեն՝ 4900 հա. աշնանացան, 10 հա. գարնանացան, հաճար՝ 1147 հա. գարնանացան: Մայիսի 24ին սկսուած բերքահաւաքը շարունակւում է: Իշխանաձորում ստեղծուել է շտաբ՝ բերքահաւաքն անկորուստ եւ ժամանակին կազմակերպելու համար (ղեկավար՝ Ա. Մխիթարեան): Կատարուել է 295,5 հա. հակահրդեհային պաշտպանիչ շերտի հերկ, շտաբի աշխատանքները դեռ շարունակւում են: Աշխատել է 71 կոմբայն, որից 51ը՝ Սիւնիքի մարզից եւ Հադրութի շրջանից: Դրանցից 12ը դեռեւս շարունակում է աշխատանքը: Օգոստոսի 8ի դրութեամբ շրջանում կատարուել է 14,240 հա. հունձ, ստացուել է 22,427 տօննա համախառն բերք՝ 15.7 ց/հա բերքատուութեամբ, որից ցորեն՝ 5079 հա., գարի՝ 12,677 տ., հաճար՝ 1144 տ.: Մնացել է հնձելու 128 հա. գարի եւ 517 հա. հաճար: Գարնանը կատարուել է նաեւ 917 հա. եգիպտացորենի ցանք: Կարկտահարութիւնից 80-100 տոկոսով տուժել է 2460 հա. հացահատիկի արտ, 30 հա. եգիպտացորեն եւ այլ մշակաբոյսեր: Մարտ-Ապրիլ ամիսների երաշտից վնասուել է 2529 հա., մէկ հեկտարի բերքը չի գերազանցել 5 ցենտները:
Անդրադառնալով տարուայ ցածր բերքատուութեանը՝ Ա. Մխիթարեանը նշեց, որ դա պայմանաւորուած է նաեւ նրանով, որ աշնանացանը ժամանակին չի կատարուել: Ինչ վերաբերում է անասնակերի (խոտի) կուտակմանը (շրջանում կայ 12,300 խոշոր եւ 25,500 մանր եղջերաւոր անասուն), նա ասաց, որ խոտհարքերում (հիւսիսում՝ 4500 հա.) այս տարի խոտն առատ է, սակայն խոտհնձի եւ ստացուած կանաչ զանգուածի տեղափոխմանը խոչընդոտ է դաշտամիջեան եւ խոտհարքներ տանող ճանապարհների վատ վիճակը:
Տարածքում արտադրուող բանջարաբոստանային մշակաբոյսերի ծաւալներին, բերքատուութեանը, իրացման խնդիրներին անդրադարձաւ շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ, հարաւային թեւի պատասխանատու Արտաւազդ Ալեքսանեանը: Նախ ծանուցելով, որ հարաւում արդէն ստեղծուել է 35 ջերմոցային տնտեսութիւն, յաւելեց, որ դրանց թիւն աւելացնելու միտում կայ: Այս տարի կատարուել է 197 հա. ձմերուկի ցանք, որն ապահովել է առատ բերք, լաւ է ընթանում նաեւ բերքի վաճառքը: Եգիպտացորենի ցանքերից եւս սպասւում է առատ բերք, իսկ այն ցանքատարածքները, որոնց բերքատուութիւնը ցածր է լինելու, կը հնձուեն սիլոսի համար: Արդէն պայմանաւորուածութիւն կայ Կապանում գործող «Վա Մաքս» կազմակերպութեան հետ՝ կանաչ զանգուածի կիլոգրամը 12 դրամով գնելու վերաբերեալ: Աշխատանքները կատարելու է գնորդը: Նոյն կազմակերպութիւնը շրջանից գնում է նաեւ բանջարեղէն, չոր խոտ: Ինչ վերաբերում է աշնանացանին նախապատրաստուելուն՝ Ա. Ալեքսանեանն ասաց, որ անցածի համեմատ այս տարի քիչ աշխատանք է կատարուել: Դա կապուած է վարկերի տրամադրման, կարկտահարութեան ու երաշտի հետեւանքների, գիւղտեխնիկայի պակասի, ինչպէս նաեւ հացահատիկի գնի ցածր լինելու հետ (առ 08.08 2013թ. կատարուել է մօտ 100 հա. սկաւառակով եւ 400 հա. գութանով հերկ, աշխատում է 10 տրակտոր): Այս առթիւ ԼՂՀ վարչապետն ասաց, որ ցանկացած բերքի իրացման հարցում հարկ է համագործակցել կառավարութեան հետ, իսկ ինչ վերաբերում է հողագործութեանը, այն միշտ եղել եւ մնում է ռիսկային: ԼՂՀ վարչապետն ասաց նաեւ, որ կառավարութիւնը պատրաստ է վարկային պարտաւորութիւնների դիմաց կիլոգրամը 145 դրամով հացահատիկ վերցնել:
Արտաւազդ Ալեքսանեանը եւ որոշ համայնքների ղեկավարներ տեղեկացրին, որ ջրատարների վիճակը բաւարար չէ, եւ ոռոգման ջրի մատակարարումը մշտական խնդիր է: Յատկապէս վատ է Երիցվանք տանող շուրջ 25 կմ. ջրատարի վիճակը: Այս հարցում վարչապետը տեղեկացրեց, որ աշնանը, երբ ոռոգման խնդիր չի լինելու, այդ ուղղութեամբ աշխատանքներ կ՛իրականացնեն՝ աւելացնելով համապատասխան տեխնիկայի քանակը: Առաջարկ եղաւ, որ համայնքների ղեկավարները շրջվարչակազմի ղեկավարի հսկողութեամբ մասնաւորներից վարձակալեն համապատասխան տեխնիկա՝ ոռոգման ջրատարների եւ ճանապարհների բարեկարգման համար: Աշխատանքների ֆինանսաւորումը կը կատարուի կառավարութեան կողմից: Խօսելով լիսինգային կարգով գիւղատնտեսական մեքենաներ տրամադրելու մասին՝ Ա. Յարութիւնեանը նշեց, որ Քաշաթաղի շրջանին դրանք կը յատկացուեն արտօնեալ կարգով՝ առանց կանխավճարի: Ինչ վերաբերում է այս տարի կարկտահարութիւնից եւ երաշտից վնասուած տարածքների վարկային պարտաւորութիւններին, կառավարութեան ղեկավարն ասաց, որ հնարաւոր է՝ կայացուի որոշում եւ պարտքերի մարումը յետաձգուի:
Իրենց յուզող տարբեր հարցերով (վարկերի մարման հնարաւոր յետաձգում, ջրատարների, դաշտամիջեան ճանապարհների կարգաւորում, շինանիւթի յատկացում, միջհամայնքային սահմանների յստակեցում, գիւղտեխնիկայի յատկացում, Արցախի հանրային հեռուստատեսութեան հեռարձակման ապահովում, շտապ օգնութեան մեքենայի յատկացում, դպրոցական շէնքերի բարելաւում եւ այլն) ԼՂՀ վարչապետին դիմեցին համայնքների ղեկավարները: Կառավարութեան ղեկավարը որեւէ հարց անպատասխան չթողեց: Խօսելով վարկային պարտաւորութիւնների մասին նա ասաց, որ շրջանը 2013թ. Օգոստոսի 6ի դրութեամբ գիւղատնտեսական աշխատանքներ իրականացնելու եւ լիսինգային տեխնիկա ձեռքբերելու շրջանակներում կէս միլիարդ դրամից աւելի պարտք ունի պետութեանը, եւ պէտք է հին պարտքը մարուի, որ հնարաւոր դառնայ նոր վարկերի յատկացումը: Շինանիւթ շրջանին յատկացուել է 500 ընտանիքի՝ բիւջէով նախատեսուածի կրկնակին՝ կապուած նաեւ եկւոր սիրիահայերին անյապաղ օժանդակելու հետ: Կառավարութեան ղեկավարը շեշտեց, որ բոլոր հարցերի լուծման համար ֆինանսական մեծ միջոցներ են հարկաւոր, ինչն այժմ չի բաւականացնում: Այս առումով յորդորեց առաւել մեծ ուշադրութիւն դարձնել սեփական եկամուտների մեծացմանը:
Խորհրդակցութեանը մասնակցում էին Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրէն Խաչատրեանը, աշխատակազմի ղեկավարը, կառոյցների ղեկավարներ, աշխատակիցներ: Հրաժեշտ տալով ներկաներին՝ Ա. Յարութիւնեանը կարճ հանդիպում ունեցաւ նաեւ Կովսականում բնակութիւն հաստատած սիրիահայերի հետ. քննարկուեցին մի շարք կենսական հարցեր: