
Միզապարկի հիւանդութիւնների ժամանակ՝ (ցիստիտ, անմիզապահութիւն…) հիւանդները խուսափում են հեղուկ օգտագործելուց՝ պակասեցնելու համար միզարձակումների քանակը: Սակայն շատ հեղուկը կարող է կանխել մանրէների (միկրոբների) զարգացումը միզապարկում: Քիչ քանակութեամբ ջուրը փոքրացնում է միզապարկի ծաւալը եւ ընկալունակ դարձնում այն՝ մանրէների եւ բորբոքումների նկատմամբ: Հետեւաբար, քիչ ջուր խմելով հիւանդը կարող է վատթարացնել իր վիճակը: Միզապարկի հիւանդութիւնների ամենատարածուածը ցիստիտն է, որը միզապարկի պատերի բորբոքումն է: Հիւանդութեան առաջացման պատճառները տարբեր են՝ մեզի ոչ լիարժէք դատարկումը, երիկամային քարերի առկայութիւնը, հիգիենային (առողջաբանութեանը-Խմբ.) չհետեւելը, շաքարախտի առկայութիւնը եւ այլն: Կանայք աւելի հակուած են այս հիւանդութիւնը՝ քանի որ նրանց մօտ միզուկից դէպի միզապարկ ճանապարհն առաւել կարճ է:
Խուսափելու համար միզաբանական (ուրոլոգիական) հիւանդութիւնների բարդութիւններից պէտք է պահպանել օրուայ հեղուկի հաւասարակշռութիւնը: Այն պէտք է կազմի տղամարդկանց համար՝ 3-3.5 լիտր, իսկ կանանց՝ 2-2.5 լիտր: Ցանկալի չէ խմել քոֆէին պարունակող ըմպելիքներ, քանի որ դրանք գրգռում են միզապարկը եւ խթանում՝ միզագոյացումը: Քոֆէին են պարունակում սուրճը, թէյը, էներգետիկ ըմպելիքները, քոքա-քոլան, շոքոլադը եւ այլն: Ալկոհոլային խմիչքները նոյնպէս գրգռիչ ազդեցութիւն ունեն միզապարկի վրայ: Պէտք է խմել բնական ջուր, մրգային կամ տարբեր բուսական թէյեր: Կարեւոր է օրական խմել մէկ փոքր բաժակի չափով լորամրգի հատապտղի հիւթ՝ (craneberry juice): Խորհուրդ է տրւում հետեւել մեզի գոյնին, մուգ լինելու դէպքում՝ աւելացնել հեղուկի քանակը: