
Վարեց՝ ՍԻՐՎԱՐԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Սօս Սարգսեանի հետ մեր թղթակից Սիրվարդ Մարգարեանի հարցազրոյցը առնչւում է մշակոյթին, աշխարհաքաղաքական իրողութիւններին, ազգային բանակին եւ այլն:
ՍԻՐՎԱՐԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Սօս Արտաշէսի, ձեր բնորոշմամբ ու գնահատմամբ, ո՞վ է Հայը…
ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ.- Հայը ինձ համար սուրբ արարած է ամէն իմաստով… Այն ինձ համար հայրենիքի երբեք չզօրացրուող զինուորն է: «Ձորի Միրոն» ֆիլմում Միրոն իր տղային այսպիսի խօսք է ասում. «Յիշիր, որ հայ զինուորը մարդասպան չէ, հայ զինուորը՝ զինուոր է…», ասել է թէ՝ հայրենեաց պաշտպան: Մեծ տարբերութիւն կայ մարդասպանի, եաթաղանը ձեռքին կին, ծեր ու մանուկ սպանողի եւ հայ երկրապահի միջեւ: Դեռեւս Անդրանիկի ժամանակներից ամենախիստ կերպով էր այդ հարցը դրուած՝ յանկարծ խաղաղ բնակչութեանը վնաս չհասցնել՝ թուրք լինէր դա, թէ քուրդ: Ֆիդայիները միայն ու միայն մարտնչել են կռուի դաշտում, զինուած մարդու դէմ: Այս իմաստով, իհարկէ, մենք բացառիկ ենք, եւ այս տեսքով, այս կերպարով եմ ես պատկերացնում Հային, ուստի նա ինձ համար դառնում է սուրբ կերպար, դառնում է Քրիստոսի մարտիկը՝ քրիստոնէական փիլիսոփայութեամբ ու հաւատքով:
ՍԻՐՎԱՐԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Ձեր՝ Արցախեան շարժման գաղափարի մարտիկներիդ սկսած շարժումն ի վերջոյ յաղթանակով պսակեց…
ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ.- Ինձ համար անչափ դժուար է այդ մասին խօսելը… Ամէն անգամ, երբ այցելում եմ Եռաբլուր կամ Ստեփանակերտի յուշահամալիր՝ մեր նահատակների շիրիմներին, քանդւում եմ, հոգիս քանդւում է ցաւից, վշտից այն երիտասարդների համար, ովքեր մատաղուեցին հայրենիքի փրկութեանը: Այս իմաստով ես անչափ զգայուն եմ, բայց դա կեանքի թելադրանքն էր, անհրաժեշտ էր պայքարել, համախմբուել եւ զինուորանալ ազգովին, այլապէս տանուլ էինք տալու, որովհետեւ շրջապատուած ենք «ոխերիմ բարեկամներով», որոնք դեռ խնդիր ունեն եւ չեն կարողանում ձերբազատուել իրենց վայրագ ու բարբարոս կեցուածքից: Նրանք դեռ վայրենի մոլուցքով կացնահարում են քնած մարդկանց ու, ինչպէս Թումանեանն է ասում. «Դէպի մարդ դեռ երկար է այդ ճամբան»: Մենք դեռ երկար ենք սպասելու, թէ, ի վերջոյ, երբ պիտի նրանք մարդ դառնան…
Այս իմաստով, որքան էլ դժուար լինի ծառայելը, մենք պիտի ծառայենք, մեր զաւակները պիտի ծառայեն, յաղթանակների ոգով պիտի դաստիարակենք մեր զաւակներին եւ պիտի դիմանանք՝ որքան էլ դժուար լինի: Այլընտրանք չունենք, այլապէս ատամ կրճտացնողները մեզ պիտի վերացնեն, եթէ մենք հայրենասէր չեղանք, ուրեմն՝ դատապարտուած ենք: Սա միայն ղարաբաղեան յաղթանակ չէր, այլեւ հայ հոգեւոր վերելքի յաղթանակ, հազարամեայ պատմութիւն ունեցող հայի հոգեւոր նորացման ակցիա էր: Դէպի ակունքները, դէպի Արտաշէս թագաւոր, Տիգրան Մեծ ու Տրդատ Մեծ տանող յաղթանակ էր Ղարաբաղեան պատերազմը:
ՍԻՐՎԱՐԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Հայ թատրոնին, մշակոյթին ծառայելուց զատ, դուք նաեւ գաղափարի զինուոր եղաք ողջ կեանքում, ուրիշ ի՞նչ իղձ, նպատակ ու երազանք ունէք, որ դեռեւս չի իրականացել…
ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ.- Առաջին երազանքս այն է, որ խաղաղութիւն լինի, եւ անմեղի արիւն չթափուի… Երազում եմ, որ իւրաքանչիւր հայ զինուոր հայրենիքի հանդէպ իր պարտքը կատարի եւ բարով ու խերով տուն վերադառնայ: Բայց եթէ մեզ ստիպեն կրկին զէնք վերցնել, թող մեր զինուորն այնքան մարտական ու հզօր լինի, որ թշնամին գայ, բախուի եւ վերստին զգալով Հայի աներերութիւնը, փշրուի առհաւէտ: Ես հաւատում ու վստահում եմ մեր Հայի բազկի եւ կամքի ուժին: Երազանքս է, որ Արցախում սկիզբ դրուած մեր յաղթանակների ոգին հային ուղեկցի դարեդար, եւ այսուհետ աշխարհի հետ խօսենք ու յարաբերուենք միայն մշակութային յաղթանակներով:
ՍԻՐՎԱՐԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Ծառայել մշակոյթին, ասել է թէ՝ ծառայել հոգեւոր արժէքներին ու նաեւ քաղաքականութեանը… Ինչպէ՞ս է ձեզ յաջողւում միանգամից երկու ճակատում կռիւ տալ:
ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ.- Գիտէ՞ք ինչ, իւրաքանչիւր մարդ, ինչ գործով էլ որ զբաղուի, քաղաքականութիւն է: Լաւ արուեստը քաղաքականութիւն է, չէ՞, քաղաքականութիւն է, սպորտը ծայրից ծայր քաղաքականութիւն է… Եթէ այս աշխարհում դու հաստատում ես բարին, արդարը, դա էլ քաղաքականութիւն է եւ, իմ կարծիքով, դրանից դուրս գործունէութիւն չկայ:
Ամենափոքրիկ պարտութիւնն անգամ վարակ է, ամենափոքրիկ յաղթանակը նոյնպէս վարակ է՝ դրական իմաստով: Մենք այն ազգն ենք, որ անընդհատ պիտի կրենք, կռենք յաղթանակներ… Մեզ իւրաքանչիւր վայրկեան անհրաժեշտ են յաղթանակներ, մենք այլ ճակատագրի տէր մարդիկ ենք, միանգամից միլիոնուկէս մարդ ենք կորցրել, մենք Երկիր ենք կորցրել ու այլեւս պարտուելու իրաւունք չունենք: Չունենք ոչ միայն ֆուտբոլում, սպորտում ու մշակոյթում, առաւել եւս՝ պարտուելու իրաւունք չունենք հարեւանների հետ յարաբերութիւններում: Անհրաժեշտ է, որ շատ զգօն ու աչալուրջ լինենք:
Մենք մեկուսացուած չենք կարող ապրել, դա բնական է, մանաւանդ հայ մարդը, որ հսկայական ներունակ ուժ ունի իր մէջ գործ անելու, ստեղծելու, եւ նա միջավայր, տարածք է փնտռում, թափ է փնտռում՝ թափ առնելու… Պատահական չէ, որ ուրիշ երկրներում նրանք դարձել են ադմիրալներ (ծովակալներ-Խմբ.) ու մարշալներ… Այդ թափի, այդ ուժի ժողովուրդ ենք մենք… Մեծ ռեժիսոր Վախթանգով ունեցող ազգ ենք մենք, մեծ ասպարէզի ժողովուրդ ենք, սակայն խեղդւում, եփւում ու տապակւում ենք այս փոքր երկրում, մեր էութիւնն ուրիշ է, իսկ հնարաւորութիւնը՝ ուրիշ: Եւ ուզենք- չուզենք, պիտի փնտռենք ճանապարհներ՝ մեր ազգային շահը հետապնդելով: Ես կոչ եմ անում զգաստ եւ զգօն լինել, այսուհետ մեր ճակատագրի տէրն այլեւս մենք ենք… Մեր ճակատին միշտ ուրիշներն են գրել ինչ լինել, այսուհետ ինքնե՜րս պիտի մեր ճակատին գրենք մեր գիրը… Վերջապէս մեր պետութեան շահը, մեր ազգային շահն առաւել կարեւոր է, քան որեւէ այլ խնդիր: Մենք մեր արժանապատուութիւնը չպիտի կորցնենք, ոչ մի վայրկեան: Ինչո՞ւ են նրանք (մեր հարեւան կոչուածները) ատում մեզ, որովհետեւ մենք նրանց վայրենութեան վկան ենք, մենք նրանց գազանութիւնների վկան ենք աշխարհով մէկ, եւ դրանք չեն մոռացուելու:
ՍԻՐՎԱՐԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Ղարաբաղեան շարժումը եւս մի ազդակ էր Սփիւռք-Հայրենիք կապի ամրապնդման: Այս ամբողջ համատեքստում՝ ձեր վերաբերմունքը Սփիւռքի հանդէպ:
ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ.- Այսօր էլ մենք մինչեւ վերջ չենք հասկանում սփիւռքահայերի վիճակը, դրութիւնը, մենք շատ քիչ բան գիտենք սփիւռքահայ համայնքների կառոյցի մասին: Նրանք մեծ նուիրեալներ են, որ տասնեակ տարիներ ի վեր հայութեան համար կռիւ են տալիս, դպրոց ու եկեղեցի պահում… Այս ամբողջ վերիվարումներում ինձ համար շատ կարեւոր է Սփիւռքի ձայնը, նրանք զրկուել են իրենց հայրենիքից, եւ նրանց զանգի բոլոր հնչիւնները մեզ համար պէտք է կարեւոր լինեն, նրանց իւրաքանչիւր միտք պէտք է ուշադրութիւն գրաւի, քննութեան առարկայ դառնայ:
ՍԻՐՎԱՐԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Արցախեան խնդրի վերաբերեալ ձեր տեսակէտն ու կարծիքը… Ե՞րբ ենք վերջապէս մեր յաղթանակներն ամրագրելու նաեւ դիւանագիտական ճակատում:
ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ.- Ես այդ հարցում մի պատասխան գիտեմ՝ կոշտուկոպիտ… Ծով արիւն ենք թափել, արիւնով վերցրածը հէնց այնպէս չեն տալիս, թող գան ու տանեն՝ եթէ ուժները պատում է… Ոչ մի մետր անգամ զիջել չկայ, նախ մերն են դրանք, իմ Արցախինն են…
ՍԻՐՎԱՐԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Եւ ի՞նչ է Արցախը ձեզ համար…
ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ.- Իմ հայրենիքն է Արցախը, իմ սրբութիւնը… Արցախեան շարժումը հայութեան վերածննդի վերելքն էր, մենք ուրիշ ազգ դարձանք դրանից յետոյ՝ ողջ հայութեամբ: Եւ այս յաղթանակը մենք պիտի ըմբոշխնենք մինչեւ վերջ, իսկ կորցնելու իրաւունք այլեւս չունենք: Արցախը Հայ մարդու «Մեքքա»ն է, իւրաքանչիւր հայ մարդ պիտի անպայման ոտք դնի այս հողի վրայ: Արցախը պիտի լինի ու հզօրանայ, այստեղ ենք սնւում, այստեղ հզօրանում, սա մեր՝ հայերիս հողն է, եւ պիտի Անթէյի նման այս հողից ուժ առնելով զօրանանք աշխարհին ի տես… Այս հողից են մեր ուժը, կարծրութիւնը, տղամարդկութիւնը, հերոսութիւնը, մեր խելքն ու իմաստութիւնը… Ամէն ինչ Արցախում կայ:
«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»