
ԱՐՄԻՆԷ ՆԱՐԻՆԵԱՆ
Յուլիսի 22ին Ասկերանում տեղի ունեցաւ Արեւմտեան Ամերիկայի Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան կողմից կազմակերպուած ճամբարի հանդիսաւոր բացումը: Բացմանը ներկայ էին ԼՂՀ մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի նախարար Նարինէ Աղաբալեանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգէյ Գրիգորեանը, Ասկերանի քաղաքապետ Ալէօշա Գաբրիէլեանը, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արմէն Սարգսեանը, պաշտօնատար այլ անձինք: Ճամբարը մեկնարկել է Յուլիսի 15ին եւ կը տեւի մինչեւ Յուլիսի 27ը:
Ճամբարին մասնակցում են 9-16 տարեկան տարիքային խմբի 100-120 երեխայ: Սա արդէն 2րդ տարին է, ինչ Արեւմտեան Ամերիկայի Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան անդամները ամառային ճամբար են կազմակերպում Արցախում:
Այս տարի Հայաստան են եկել 23 հոգանոց խմբով եւ ծրագրել են ընդհանուր առմամբ կազմակերպել 5 ճամբար՝ Արցախում, Գիւմրիում եւ Պռոշեանում:
Ճամբարականներին ճամբարում ուսուցանում են անգլերէն, պատմութիւն, հայրենասիրական երգեր, կազմակերպում են մրցոյթներ:
Մկրտչեան Մելինէն արդէն երկրորդ տարին է մասնակցում է ճամբարին:
«Նոր մարդկանց հետ եմ ծանօթացել, նոր գիտելիքներ եմ ձեռք բերել, եւ ի հարկէ հաճելի ամառային հանգիստ եմ անցկացնում այստեղ», ասում է նա:
Ճամբարի ընդհանուր պատասխանատու Սանանն ուսանում է Մարդու իրաւունքներ Ամերիկայի «Կոլումբիա» համալսարանում, պլանաւորում է համալսարանն աւարտելուց յետոյ հայրենիք վերադառնալ եւ գիտելիքները ծառայեցնել հայրենիքին: Արցախ այցելել է դեռ 8 տարի առաջ, որից յետոյ ամէն տարի նոյնիսկ տարին մի քանի անգամ վերադարձել է հայրենիքի այս մասը: Նա պնդում է, որ մի անգամ Արցախ այցելելուց յետոյ պարզապէս անհնարին է այստեղ չվերադառնալ:
Ըստ Սանանի՝ ճամբարի նպատակը իրենց գիտելիքները կիսելն է ու սովորելը արցախցի պատանիներից ու երիտասարդներից, ու նաեւ հաճելի ամառ պարգեւելն է նրանց: Իսկ լեզուի դժուարութիւնը, որ առկայ է, փորձում են յաղթահարել:
«Անշուշտ զարգացումներ եղել են, Արցախում նոր շէնքեր են կառուցւում եւ այլն, սակայն իմ համար փոփոխութիւնը կապ ունի մարդու հետ, կարող է շէնքը սիրունանայ, փողոցները սիրունանան, սակայն եթէ ժողովրդի համար փոփոխութիւն չկայ, ուրեմն դա մակերեսային փոփոխութիւն է», ասում է Սանանը:
Հարցին, թէ արդեօք կ՛ապրե՞ս Արցախում, գիտակցելով, որ բարձր աշխատավարձ չես ունենայ, Սանանը պատասխանեց, որ երբեւիցէ դրամը նրա համար ամենակարեւոր բանը չի եղել, նա դրամ վաստակելու համար չի ապրում, այլ կան աւելի բարձր բաներ, որոնց համար արժէ ապրել:
Ի տարբերութիւն Սանանի՝ Պիեռը առաջին անգամ է Արցախում: Ըստ նրա՝ իր համար մի նոր զգացողութիւն է ապրում, ասես աչքերը բացուած լինեն:
«Մարդիկ չափազանց բարեհամբոյր ու հիւրասէր են, լսել եմ Արցախի ու արցախցու անկոտրուն ոգու մասին, սակայն տպաւորութիւններս աւելին են: Երբ տեսնում եմ ինչպէս է ապրում այսօր արցախցին եւ ինչպէս եմ ապրում ես այնտեղ, ցանկութիւն է առաջանում գալ ու փորձել մի բանով օգնել: Վստահ եմ՝ պէտք է վերադառնամ, երբ աւարտեմ հալասարանը ու կը փորձեմ իմ լուման ներդնել հայրենիքի զարգացման գործին», աւելացնում է Պիեռը:
«ԱՊԱՌԱԺ»