
ԵՐԵՒԱՆ, «Արմէփրէս».- Երեւանի գլխաւոր ճարտարապետ Նարեկ Սարգսեանի դէմ ՀՀ ոստիկանութեան Երեւան քաղաքի քննչական վարչութեան կենտրոնականի քննչական բաժնում նիւթեր են նախապատրաստւում: Նիւթերը պատրաստւում են Նարեկ Սարգսեանի դէմ՝ պաշտօնական լիազօրութիւնների չարաշահման համար:
«Թրանսփարէնսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպութիւնը յայտարարութիւն է տարածել, որում նշւում է, որ նախապատրաստւում են նիւթեր՝ Երեւան քաղաքի կենտրոնի կառուցապատման եւ դրա հետեւանքով պատմամշակութային յուշարձանների ոչնչացման փաստի առթիւ:
«Սարգսեանի պաշտօնավարման ընթացքում նրա անմիջական մասնակցութեամբ սկիզբ է դրուել Երեւանի կենտրոնի խոշորածաւալ կառուցապատմանը, որի շինարարական-նախագծային աշխատանքներում ներգրաւուած է նրան պատկանող «Նարեկ Սարգսեան ճարտարապետական արուեստանոց» ընկերութիւնը: Այն նախագծել է նաեւ Աբովեան փողոցի 3 հասցէում գտնուող Արտասահմանեան երկրների հետ մշակութային կապերի եւ համագործակցութեան հայկական ընկերակցութեան (ԱՕԿՍ) շէնքի եւ դրան յարակից տարածքում կառուցուելիք հիւրանոցային համալիրը, ինչը նշանակում է, որ քանդման վտանգի տակ են յիշեալ շէնքը եւ դրան յարակից տարածքը, որոնք ՀՀ կառավարութեան որոշմամբ համարւում են հանրապետական նշանակութեան յուշարձաններ», նշել է հասարակական կազմակերպութիւնը՝ յաւելելով, որ ՀՀ գլխաւոր դատախազութիւնը դեռեւս 2005թ. յայտնաբերել է Երեւան քաղաքում յուշարձանների ոչնչացման փաստերը, սակայն մինչ օրս որեւէ մէկը ՀՀ օրէնսդրութեամբ սահմանուած կարգով պատասխանատուութեան չի ենթարկել: Մինչդեռ ՀՀ քրէական օրէնսգիրքը սահմանում է պատասխանատուութիւն պատմութեան եւ մշակոյթի յուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու համար:
ԹԻՀԿն նշել է նաեւ, որ 2008-2011թթ.ին Նարեկ Սարգսեանն, աշխատելով որպէս ՀՀ գլխաւոր ճարտարապետ, քաղաքաշինութեան նախարարի տեղակալ, համատեղել է իր պաշտօնն ու բիզնեսը եւ ներգրաւուել արդէն իսկ կառուցուած կամ կառուցապատման ընթացքում գտնուող մի քանի շէնքերի նախագծային աշխատանքներում: Նոյն գործելաոճը շարունակել է 2011թ.ից ի վեր՝ կրկին աշխատելով որպէս Երեւանի գլխաւոր ճարտարապետ: Երեւանի գլխաւոր ճարտարապետը հանրային ծառայող է: Համաձայն «հանրային ծառայութեան մասինէ ՀՀ օրէնքի 24րդ յօդուածի՝ հանրային ծառայողը եւ բարձրաստիճան պաշտօնատար անձը չեն կարող անձամբ զբաղուել ձեռնարկատիրական գործունէութեամբ:
Նարեկ Սարգսեանը Երեւանի գլխաւոր ճարտարապետի պաշտօնը ստանձնել է 1999-2004թ.ին՝ այն վերստանձնելով նաեւ 2011թ.ից մինչ օրս:
Անդրադառնալով ՀՀ ոստիկանութեան քննչական գլխաւոր վարչութեան կողմից «Թրանսփարէնսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպութեան դիմումով նախապատրաստուող նիւթերին՝ Երեւանի գլխաւոր ճարտարապետ Նարեկ Սարգսեանը յայտարարել է, թէ առաջինն է շահագրգռուած, որ անաչառ քննութեան արդիւնքում պարզուի իրականութիւնը ե՛ւ յուշարձանների հետ կապուած գործընթացների վերաբերեալ, ե՛ւ ի վերջոյ, լոյս սփռուի, թէ տարիներ շարունակ իր դէմ ուղղուած զրպարտութիւնների եւ բանսարկութիւնների հեղինակներն ինչ նպատակներ են հետապնդում:
«Ցանկացած գլխաւոր ճարտարապետ՝ Հայաստանում թէ՝ այլուր ստեղծագործական աշխատանքով զբաղուելու իրաւունք ունի: Ստեղծագործական աշխատանքով զբաղուել են մեր բոլոր գլխաւոր ճարտարապետները՝ Ալեքսանդր Թամանեանից ու Նիկողայոս Բունիաթեանից սկսած՝ մինչեւ Գրիգոր Աղաբաբեան, Մարկ Գրիգորեան, æիմ Թորոսեան, Ասլան Մխիթարեան, Սամուէլ Դանիէլեան, Նարեկ Սարգսեան եւ մեր քաղաքի ու հանրապետութեան բազմաթիւ խոշոր կառոյցներ կեանքի են կոչուել յատկապէս նրանց կողմից: Ընդ որում, Երեւանի գլխաւոր ճարտարապետ Նարեկ Սարգսեանի հեղինակած նախագծերի հիմնական մասը մշակուել է այն տարիներին (2004 Յուլիս-2008 Յուլիս), երբ նա որեւէ պետական պաշտօն չէր զբաղեցնում: Հէնց այդ շրջանում՝ 2004ին է ստեղծուել «Նարեկ Սարգսեան ճարտարապետական արուեստանոցը»: ՀՀ վաստակաւոր ճարտարապետ, պրոֆեսոր Նարեկ Սարգսեանը երբեւէ որեւէ բիզնեսի մէջ ներգրաւուած չի եղել եւ ապրուստը վաստակում է բացառապէս իր մասնագիտութեամբ, այն է՝ ճարտարապետական նախագծումով, ինչի մասին բազմիցս յայտարարել է նաեւ ինքը: Ինչ վերաբերում է ԹԻՀԿ կողմից ՀՀ գլխաւոր դատախազութիւն ներկայացրած դիմումի «նիւթերին», ի մասնաւորի՝ Երեւանի յուշարձան շէնքերի վերաբերեալ Երեւանի քաղաքապետարանի կամ Երեւանի գլխաւոր ճարտարապետի կողմից իբր իրականացրած գործընթացներին, ապա յայտնում ենք, որ ՀՀում յուշարձաններին վերաբերող ցանկացած գործառոյթ վերապահուած է տուեալ բնագաւառում լիազօր մարմին հանդիսացող ՀՀ մշակոյթի նախարարութեանը: Այսինքն, աւելի քան պարզ է, որ այստեղ որեւէ այլ կառոյց կամ անձ չի կարող գործառոյթներ իրականացնել», ասուած է Գլխաւոր ճարտարապետի հանրային կապերի գծով պատասխանատու Անահիտ Եսայեանի տարածած պարզաբանման մէջ: