Ներկայացրեց՝
ԱՐՄԻՆԷ ԳՈՒՆՏԱՔՃԵԱՆ
«Անցեալի պատմութիւնը մի լուսաւոր լապտեր է,
որ ամէն մի ժողովուրդ ձեռքին պէտք է ունենայ իր
ճամբեն անմոլոր գնալու համար»:
Յովհաննէս Թումանեան
Մերօրեայ Արցախեան հերոսամարտի մասին հիւսւում են բազմաթիւ պատումներ, եւ այն դառնում է մի նոր էպոս: Իսկ այդ էպոսի ճիւղերը հիւսողները, գրողներն ու աղբիւրները որոնողներն անտրտունջ, խոնարհ իրենց առաքելութիւնն են իրականացնում՝ մեր պատմութեան հազուագիւտ հարուստ գանձարանը հարստացնելով քաջ հայորդիների սխրանքների բազում օրինակներով: Տարիներ ի վեր, Հայաստանի Հանրային ռադիոյի եթերում «Ապրելու բանաձեւ» հաղորդաշարով, այդ վեհ գործը նուիրուած կատարում է գրող, լրագրող Գոհար Մարտիկեանը, ում հետ զրոյցը ներկայացնում ենք մեր ընթերցողին:

ԱՐՄԻՆԷ ԳՈՒՆՏԱՔՃԵԱՆ.- «Ապրելու բանաձեւ» հաղորդաշարը ռադիոյի «երկարակեացներից» է՝ յաջորդ տարի կը նշուի 10ամեակը: Ինչպէ՞ս ծնուեց նման հաղորդաշար ստեղծելու գաղափարը:
ԳՈՀԱՐ ՄԱՐՏԻԿԵԱՆ.- Գաղափարը Արցախեան հերոսամարտն էր, որի կերտողները ներկայացւում էին հատուածաբար: Ես Հանրային ռադիոյի տնօրէն Արմէն Ամիրեանից յանձնարարութիւն ստացայ գրել բոլոր զոհուած ազատամարտիկների մասին: Իսկ գրել բոլորի մասին նշանակում է, որ դա շարք էր դառնալու՝ ինքնստինքեան: Ինձ ամէնից շատ ոգեւորեց այն, որ հաղորդաշարը պիտի լինէր բոլորի մասին: Անձամբ ինձ համար հերոսներ են բոլոր նրանք, ովքեր ոտք են դրել ռազմի դաշտ՝ Հայրենիքը պաշտպանելու համար, ու բոլոր նրանք, ովքեր զոհուել են համազգեստ հագնելու թէկուզ յաջորդ օրն իսկ: Բոլոր զոհուածների մասին գրել նշանակում է ստեղծել էպոս, մի դարաշրջան, Հայոց պատմութիւն, որն իր մէջ ներառում է ե՛ւ մեր յաղթանակները, ե՛ւ պարտութեան պատճառները: Սա մեծագոչ նախադասութիւն չէ, այսպիսին էլ դարձաւ իմ հաղորդաշարը, քանի որ իւրաքանչիւր հերոսի մասին գրելիս ես անպայման անդրադառնում եմ նրա արմատներին, հասնում նրա ծննդեան ժամին, մեծացնում եմ նրան, հասցնում սխրագործութիւնը կատարելու պահին եւ յետոյ, բնականաբար, այն պահին, երբ նա դառնում է յաւէրժի ճամփորդ: Այդ պահերին ես հաղորդակցւում էի յաւերժի ճամփորդների հետ, ուր անպայման պէտք է լինէր Աստծոյ օգնութիւնն ու օրհնութիւնը, առանց որի ես կը դժուարանայի նախ սկսել, ապա՝ գրել, շարունակել:
ԱՐՄԻՆԷ ԳՈՒՆՏԱՔՃԵԱՆ.- Խորիմաստ վերնագիր է՝ «Ապրելու բանաձեւ», ինչպէ՞ս գտաք ձեր ասելիքի նման ճշգրիտ ամփոփում-վերնագիր:
ԳՈՀԱՐ ՄԱՐՏԻԿԵԱՆ.- 2003թ. Սեպտեմբերի 20ին եթեր գնաց առաջին հաղորդումը: Այն նուիրուած էր որդուս՝ Աշոտ Ռուդոլֆի Չախոյեանի յիշատակին: Ուստի վերնագիրը եկաւ միանգամից՝ «Ապրելու բանաձեւ»: Որովհետեւ ինքնայրումով ապրելու բանաձեւը Աշոտի ապրելու բանաձեւն էր, իրենով սկսուեց այս շարքը, իր ապրած կեանքի բանաձեւով վերնագրուեց ու շարունակւում է մինչ այսօր: Աշոտը Յատուկ նշանակութեան գնդից էր եւ գնդի առաջին զոհը: Նրա սխրանքը այնքան իւրօրինակ է, որ հնարաւոր չէր այն չփաստել: Մարդը գիտակցաբար, մեն-մենակ մէկ ու կէս ժամ պահեց բարձունքը, որպէսզի իր գնդի տղաները յարմար դիրքաւորուեն՝ շրջապատման մէջ չընկնելու համար, ու զոհուեց ինքը:
Ես արդէն ունեմ 850ից աւելի հերոսների կենսագրութիւն, ապրելու բանաձեւեր, որոնք տրուած են Հանրային ռադիոյի Ոսկէ ֆոնդին ի պահ, եւ պահպանւում են սրբօրէն:
Դժուարն այն է, որ ամէն մէկի մարտական ուղին պէտք է գտնէի ինքս՝ ուսումնասիրելով, պեղելով, մարտական ընկերների հետ հանդիպելով: Նրանց արմատները, կենսագրութիւնը հնարաւոր էր գտնել, իսկ մարտական սխրանքի պատմութիւնն արդէն սկսում էր խամրել, մարել օր օրի: Երբ ես Յատուկ նշանակութեան գնդում զոհուած տղաների տուեալներ էի վերցնում, կռուած տղաների յիշողութեան մէջ եւս շատ բան սքօղուել էր, ուստի իրենք էլ մէկը միւսին կանչելով՝ ճշտում էին, թէ ինչը ինչպէս եղաւ, այս կամ հերոսն ինչպէս զոհուեց կամ կորաւ, փնտռում էինք իւրաքանչիւր անյայտ կորածի ու զոհուածի: Կարէն Եսայեանը Յատուկ նշանակութեան գնդից էր. վերջին պահին նրա աչքի առջեւ իր շատ սիրելի ընկերը զոհուել է, ու նա խենթացածի պէս գնացել է դէպի թշնամու դիրքեր ու անհետ կորել: Արտակ Աւետիսեանը մինչեւ չափահաս դառնալը կռուել է, յետոյ մտել Յատուկ նշանակութեան գունդ ու զոհուել է նշանառուի գնդակից: Ես ամէն մի կենսագրութիւն, սխրանք աւարտում եմ հերոսացումով:
ԱՐՄԻՆԷ ԳՈՒՆՏԱՔՃԵԱՆ.- Ինչպէ՞ս էք ընտրում՝ ում ներկայացնել հաղորդաշարով:
ԳՈՀԱՐ ՄԱՐՏԻԿԵԱՆ.- Ամէն շաբաթ 15 րոպէ տեւողութեամբ 4-5 հաղորդում է հնչում: Անդրադառնում եմ միայն զոհուած հերոսներին, որովհետեւ ապրողների մասին դեռ կը հասցնեն գրել: Իսկ նրանք, ովքեր իրենց կեանքը զոհել են, հարկաւոր է, որ շարունակեն մեզ հետ ապրել: Իմ գերագոյն նպատակն է, որ նրանք շարունակեն ապրել: Միայն մէկ անգամ մեր կողքին ապրող ազատամարտիկի մասին գրեցի, որովհետեւ նրա կեանքը արիութեան զարմանալի օրինակ է: Գիւմրիից կռուած տղաներն ինձ ծանօթացրեցին Օնօ անունով մի տղամարդու հետ: Նա երկրաշարժի ժամանակ կորցրել էր կնոջը, որդուն եւ դստերը, գնացել է կռիւ, լաւ հետախոյզ է եղել, կռուի ժամանակ վիրաւորուել է մի քանի անգամ, կորցրել երկու ոտքը, պատերազմից յետոյ նորից է ամուսնացել, մի տղայ է ունեցել: Ահա այդպիսի հերոսական պատմութիւն, որի մասին յանցագործութիւն կը լինէր չգրելը:
ԱՐՄԻՆԷ ԳՈՒՆՏԱՔՃԵԱՆ.- Ինչպիսի՞ ապրումներ էք ունենում հերթական քաջորդուն ներկայացնելիս:
ԳՈՀԱՐ ՄԱՐՏԻԿԵԱՆ.- Ամէն ազատամարտիկի ապրելու բանաձեւը շարադրելիս՝ ես իրենց հետ ծնւում, ապրում ու զոհւում եմ: Փորձում եմ հաղորդման ամփոփումը տալ ոչ որպէս մահ եւ վերջակէտ, այլ շարունակական, երանելի մի կեանքի սկիզբ: Ես սա վստահաբար եմ ասում, գիտեմ, որ հոգին անմահ է, ես զգում եմ հոգու գոյութիւնը: Ես ուզում եմ վերջակէտը դարձնել այնպիսին, որ այս վերջը դեռ վերջը չէ, նրանց համար երկնային արքայութիւն է նախասահմանուած, սա է հիմնական նպատակը: Եւ բոլոր 850ի համար էլ դա է, որ վերջը յաւերժութիւնն է: Իսկ ես ամէն անգամ աւարտելուց յետոյ նրանց հետ վերածնւում եմ, եւ դա ապրեցնող ու զարմանալի զգացողութիւն է:
ԱՐՄԻՆԷ ԳՈՒՆՏԱՔՃԵԱՆ.- Զոհուած ազատամարտիկների մայրերը արձագանգո՞ւմ են:
ԳՈՀԱՐ ՄԱՐՏԻԿԵԱՆ.- Մայրերը արձագանգում են, զանգահարում են: Նրանց հետ շփումը չափազանց յուզիչ է: Քանի՜-քանի՜ ընտանիք մտնելուց յետոյ մայրերն ասել են. «է՜, մեզ ով է յիշում որ, այդ ո՞նց եղաւ, որ յիշեցիք», իսկ յետոյ անընդհատ շնորհակալութիւն են յայտնում եւ օրհնում, որ յիշեցինք իրենց որդուն, որովհետեւ մոռացութեան էին մատնուած: Ասում են՝ «Կարելի՞ է ձայնագրութիւնը տաք, որ մենք անընդհատ լսենք»: Ու մրմնջում են՝ «Ոնց որ կորցրած որդուս գտայ, ինքը անհետ ու անյոյս չկորաւ»: Մայրը երբ տեսնում է, որ իր տղան հէնց այնպէս չի զոհուել, սկսում է իր կեանքը իմաստաւորուած համարել: Սա ամենակարեւորն է:
ԱՐՄԻՆԷ ԳՈՒՆՏԱՆՔՃԵԱՆ.- Գիտենք նաեւ, որ բացի եթերով հեռարձակելուց, այդ պատմութիւնները շարադրում էք գրքում:
ԳՈՀԱՐ ՄԱՐՏԻԿԵԱՆ.- Ընթերցողի սեղանին արդէն կայ 4 հատոր: Տպագրութեան եմ պատրաստում 5, 6, 7րդ հատորները, եւ սպասում եմ որեւէ մի հայրենասէր մարդու հովանաւորութեան: Առաջին հատորը տպագրուել է պետական աջակցութեամբ, երկրորդը՝ Գուրգէն Մելիքեանի «Քաշաթաղի բազմազաւակ ընտանիքների հիմնադրամ»ի, երրորդը՝ Աժ նախկին նախագահ Տիգրան Թորոսեանի, չորրորդը՝ գիւմրեցի գործարար Գուրգէն Սողոմոնեանի աջակցութեամբ: Հիմա սպասում եմ մէկին, ով հասկանում է, թէ ինչ է նշանակում լինել հայ, ինչ է նշանակում Հայոց պատմութիւն, ինչ է նշանակում պահպանել հայի տեսակը, Հայոց հողը, եւ հովանաւորելով հերթական հատորի տպագրութիւնը՝ 21րդ դարի դիւցազնավէպը կը դարձնի իւրաքանչիւր հայի սեղանի գիրքը:
ԱՐՄԻՆԷ ԳՈՒՆՏԱՔՃԵԱՆ.- Ի՞նչ էք նախատեսում ապագայում:
ԳՈՀԱՐ ՄԱՐՏԻԿԵԱՆ.- Երազանքս յաջորդ հատորները տպագրուած տեսնելն է, մնացածը կապուած է թոռներիս յաջողութիւնների հետ: Հայաստանի ծաղկման հետ կապուած երազանքներ ունեմ եւ ուզում եմ, որ երկիրս ծաղկուն լինի, եւ ոչ մի հայ չհեռանայ, չլքի երկիրը:
«Ապրելու բանաձեւ»ը մարդիկ համարում են 20րդ դարի դիւցազնավէպ, որովհետեւ հերոսի «ապրեց ու զոհուեց»ի մէջ Հայոց հազարամեակների պատմութիւնը կայ: Դա Հայոց ապրելու բանաձեւն է: Ուսումնասիրելով այդ տղաների կեանքը՝ մարդիկ կը սովորէն սիրել Հայրենիքը, հողը, որը յիշողութիւն ունի, ու այն կը շէնանայ միայն տիրոջ մատների տաքութիւնը զգալով եւ օտարի ոտնահետքերը մերժելով: Ես արդէն նշեցի, որ ամէն մի կենսագրութիւն սկսելիս գալիս եմ նախապատմութիւնից: Իմ հերոսներից մէկը, օրինակ, ծնուել է պատմական Շէնգաւիթի տարածքում, որն այսօր մնացել է Երեւանեան լճի եւ «Շէնգաւիթ» բժշկական կենտրոնի հարեւանութեամբ գտ-նուող հատուածում: Բաղդասար անուանեալ հերոսի կենսագրութիւնն ուսումնասիրելիս նաեւ Շէնգաւիթի պատմութիւնը հետազօտեցի, իմացայ, որ 6 հազար, անգամ՝ 12 հազար տարուայ պատմութիւն ունի այդ տեղանքը: Եւ այդ տարեթիւը կարելի է համարել Երեւանի անձնագրի Նորացուած տուեալը: Գալով նախորդ մտքիս՝ պէտք է կրկնեմ, որ այո, հողը կապուած է մարդու կենսագրութեանը, եւ ի զուր չէ, որ մարդիկ արիւն են թափում հողի վրայ՝ յանուն այդ հողի: Հէնց արիւնն է դարերով յիշողութիւն պահպանողը:
ԱՐՄԻՆԷ ԳՈՒՆՏԱՔՃԵԱՆ.- Թէեւ Արցախեան հերոսամարտն արդէն յուշ է դարձել, բայց ձեզ համար այն, փաստօրէն, շարունակւում է: Դժուար չէ՞ այդքան երկար «գտնուել» պատերազմի դաշտում:
ԳՈՀԱՐ ՄԱՐՏԻԿԵԱՆ.- Ես իմ նկարագրած պատերազմից չեմ ձանձրանում, չեմ յոգնում, որովհետեւ իմ մշտական յաղթանակը ինձ նոր ուժ է տալիս:
Ու տայ Աստուած, որ այդ յաղթանակը լինի յարատեւ: