ԼՂՀ Գերագոյն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտ-չեանը ծնուել է 1959թ.՝ Հադրութի շրջանի Էդիլլու գիւղում: 1976թ. աւարտելով գիւղի միջնակարգ դպրոցը, ընդունուել էր Երեւանի պետական համալսարանի պատմական ֆակուլտետը: Յետոյ սովորել էր Մոսկուայի Մ. Մակլայի անուան ազգագրութեան ինստիտուտի ասպիրանտուրայում: 1981-83թթ. աշխատել է Հայաստանի ազգագրութեան պետական թանգարանում, 1986թ. տեղափոխուել է ծննդավայր եւ աշխատել որպէս Հադրութի պատմա-երկրագիտական թանգարանի տնօրէն: 1988թ. պաշտպանել է թեկնածուական թեզ եւ ստացել պատմական գիտութիւնների թեկնածուի աստիճան: 1992 թուականի Յունուարին ընտրուել է ԼՂՀ Գերագոյն Խորհուրդի առաջին նախագահ: Ամուսնացած էր, ունէր երկու զաւակ: 1992թ. Ապրիլի 14ին Արթուր Մկրտչեան մահացաւ: Առ այսօր խօսւում է այն մասին, որ դա ինքնասպանութիւն չէր, այլ՝ սպանութիւն:
ԼՂՀ Գերագոյն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտ-չեանի այրուն՝ Գոհար Մկրտչեանին, հանդիպեցինք Շուշիում.
ԲՈԼՈՐ ԺՈՂՈՎՆԵՐԸ ՎԱՐՈՒՄ ԷԻՆ ԱԴՐԲԵæԱՆԵՐԷՆ
Այն տարիների Ղարաբաղը միանգամայն այլ էր, քան հիմա: 1980ականների սկզբին արդէն առանձին դրուագներով արտայայտւում էին հայերի հանդէպ խտրականութիւնն ու անհաւասար վերաբերմունքը: Հայերին ճնշելու տրամադրութիւնն իշխում էր Ղարաբաղում: Իրավիճակն այնպիսին էր, որ Հայաստանում եւս փորձում էին լռել Արցախի թեմայի մասին: Անգամ հայաստանեան դպրոցների պատմութեան դասագրքերում Լեռնային Ղարաբաղի պատմութեան մասին ոչինչ չէր ասւում: Այդ հարցին փորձում էին չմօտենալ:
Երբ ամուսնացայ Արթուր Մկրտչեանի հետ եւ տեղափոխուեցի Հադրութ, աշխատանքի անցայ տեղի դպրոցներից մէկում: Յիշում եմ, որ անգամ մեր դպրոցի մանկավարժական խոր-հրդի բոլոր ժողովները վարում էին ադրբեջաներէն: Զարմանում էինք, թէ ինչո՞ւ մի դպրոցում, որի տնօրէնը եւ ուսուցիչների մեծ մասը հայեր էին, բոլոր ժողովներն անցնում էին ոչ հայերէնով:
Դպրոցի մանկավարժների միջեւ երբեմն զրոյցներ, քննարկումներ էին ծաւալւում հայ եւ ադրբեջանցի ազգերի պատմութեան շուրջ: Իւրաքանչիւրը փորձում էր իր ազգի լաւագոյն յատկանիշների մասին խօսել, ներկայացնել պատմութեան նշանաւոր դրուագները, նուաճումները: Մեր ասելիքը միշտ շատ էր լինում: Սակայն նկատում էի, որ Հադրութում վախի մթնոլորտ էր տիրում: Մարդիկ, ովքեր անցեալում տխուր փորձ էին ձեռք բերել նմանատիպ խօսակցութիւնների պատճառով, մտավախութիւն ունէին, որ այդ զրոյցները լաւ աւարտ չեն ունենայ:
Ապրիլին մեր դպրոցի պատի թերթը մեծ աղմուկ բարձրացրեց: Դպրոցի տնօրէնը թերթը պատից հանել էր միայն այն պատճառով, որ այնտեղ յիշատակւում էր Հայոց Ցեղասպանութեան մասին: Որոշ հայկական շրջանակներում մտավախութիւն կար, որ այդ քայլով մենք կարող էինք վիրաւորել ադրբեջանցիների զգացմունքները:
ԱՐԹՈՒՐԻՆ ՀԱՄՈԶՈՒՄ ԷԻ,
ՈՐ ԳԱՆՔ ԵՐԵՒԱՆ
Երբ Արթուրն աւարտեց ասպիրանտուրան եւ Մոսկուայից վերադարձաւ Հադրութ, այստեղ արդէն իշխում էին խտրական տրամադրութիւնները: Սկզբնական շրջանում, 1980ականների սկզբին, հադրութցիները կենտրոնական իշխանութիւններից պահանջում էին այնպիսի փոփոխութիւններ, ինչպէս, օրինակ, Հադրութի հայկական դպրոցներում հայոց պատմութիւն առարկայի դասաւանդումը, հայալեզու հեռուստահաղորդումների հիմնումը: Մեզ համար զարմանալի էր, թէ ինչո՞ւ մեր երեխաները պէտք է զրկուած լինէին իրենց ազգի պատմութիւնն իմանալու հնարաւորութիւնից: Այս պահանջով մենք խնդրագրեր էինք ուղարկում շրջանի վարչակազմին, այնուհետեւ՝ ԽՍՀՄ կենտրոնական իշխանութիւններին:
Հասկանում էինք, որ այդ ամէնը պետական քաղաքականութիւն էր՝ ուղղուած Արցախի հայաթափմանը: Մենք մեր աչքի առջեւ արդէն ունէինք Նախիջեւանի հայաթափման օրինակը եւ գիտակցում էինք, որ նոյն ճակատագիրը մեզ էր սպասւում:
Այդ էր վկայում նաեւ այն հանգամանքը, որ այդ շրջանում Արցախում սկսուեց ադրբեջանցիների զանգուածային բնակեցումը: Տարւում էր յատուկ քաղաքականութիւն, որպէսզի հայկական բնակավայրերը շրջափակուէին ադրբեջանաբնակ գիւղերով: Ստեփանակերտը եւս փորձում էին առնել օղակի մէջ, որպէսզի յարմար պահին հայերին վերցնէին օղակի մէջ:
Ես Արցախ տեղափոխուեցի 1982ին, եւ մի քանի տարի ապրելով, արդէն չէի դիմանում այդ մթնոլորտին ու յաճախ Արթուրին համոզում էի, որ գանք Երեւան:
ԱՐԹՈՒՐԻՆ ՈՐԱԿԵՑԻՆ ՈՐՊԷՍ «ԱՆԹԻՍԱՎԵԹՑՔԻ ԷԼԵՄԵՆԹ»
Արթուրը, Մոսկուայից վերադառնալով, որպէս տնօրէն աշխատանքի անցաւ Հադրութի երկրագիտական թանգարանում: Մի օր թանգարան եկաւ Արթուրի ընկերներից մէկը, ում շատ զարմացրեց թանգարանի մուտքի մօտ փակցուած Լենինի նկարը: Արթուրն էլ որոշեց հանել այն: Այդ քայլը մեծ աղմուկ հանեց ողջ շրջանում: Արթուրին որակեցին որպէս «Անթիսավեթցքի էլեմենթ» (հակախորհրդային տարր-Խմբ.):
Շրջանի վարչակազմի ղեկավարը յանձնարարեց թանգարանում ստուգումներ սկսել եւ պատճառ գտնել Արթուրին թանգարանից հեռացնելու համար: Ըստ էութեան, հէնց այդ օրուանից էլ սկսուեցին քաղաքական հետապնդումները:
Արթուրի եւ իր կողմնակիցների յարաբերութիւնները շրջանի վարչակազմի հետ արդէն իսկ լարուած էին: Արթուրը, լինելով Հադրութի հայ երիտասարդների առաջնորդը, դարձաւ մարզկոմի «աչքի փուշը»:
ԱՌԱæԻՆ ՀԱՆՐԱՀԱՒԱՔՆԵՐԸ ՀԱԴՐՈՒԹՈՒՄ
Հադրութում առաջին հանրահաւաքը տեղի ունեցաւ 1988 թ. Փետրուարի 12ին: Ես վատառողջ էի, տանն էի մնացել: Այդ օրը ժողովուրդը հաւաքուել էր շրջկենտրոնի հրապարակում, վանկարկում էր՝ «Միացում», «Հայաստան»: Դուրս եկայ պատշգամբ: Տեսայ մարդկանց, տեսարանը նման էր Չարենցի նկարագրած «Ամբոխները խելագարուածին»: Յաջորդ օրը, թէեւ հիւանդ էի, ջերմութիւն ունէի, բայց գնացի հանրահաւաքի: Մօտեցայ մարզկոմի (մարզային կոմիտէի-Խմբ.) շէնքի մօտ կանգնած մարդկանց, հարցրեցի, թէ որտե՞ղ է Արթուրը: Ինձ պատասխանեցին, թէ Արթուրն ու իր կողմնակիցները գրաւել են շէնքը եւ կապ հաստատել Ստեփանակերտի հետ՝ յայտնելով Հադրութում տիրող իրավիճակի մասին: Ստեփանակերտում արդէն ձեւաւորուել էին գաղտնի խմբեր, որոնց մէջ մտնում էին Ժաննա Գալստեանը, Ռոբերտ Քոչարեանը: Նրանք յաճախ էին լինում մեր տանը:
Հանրահաւաքներին շատ չեմ մասնակցել: Ինձ ուղարկում էին տուն՝ երեխաների մօտ: Բայց հարկ եղած ժամանակ դպրոցի երգչախմբին տանում էի հանրահաւաքի, որպէսզի երգեն ու ոգեւորեն մարդկանց:
Այդ հանրահաւաքներին պարզ դարձաւ, որ մարդիկ շատ էին ընդունում Արթուրին: Նրա խօսքը պարզ էր ու հասկանալի: Լինելով ազգագրագէտ՝ Արթուրը լաւ էր ճանաչում ժողովրդին եւ գիտէր՝ ինչպէս խօսել մարդկանց հետ:
ՇԱՐԺՈՒՄՆ ՈՒՆԷՐ Ե՛Ւ
ՎԵՐԵԼՔԻ, Ե՛Ւ ԱՆԿՄԱՆ
ՇՐæԱՆՆԵՐ
Եղան շարժման ե՛ւ անկման, ե՛ւ վերելքի շրջաններ: Յատկապէս Գորբաչովեան «պուտչի» (յեղաշրջումի-Խմբ.) օրերին շարժումն ուժեղ անկում ապրեց: Այդ օրերին «էքստրեմիստները» (ծայ-րահեղականներուն-Խմբ.) շատ խիստ հետապնդւում էին:
Կային մարդիկ, ովքեր վառ արտայայտուած «էքստրեմիստներ» էին, եւ կային նրանք, ովքեր վառ արտայայտուած «հակաշարժումական» էին: Վերջին խմբի մէջ մտնում էին բարձր դիրք զբաղեցնող անձինք, վարչական աշխատողները, ովքեր վախենում էին կորցնել իրենց պաշտօնները: Բայց եղան նաեւ նրանք, ովքեր անկախ պաշտօնից, բարձրաձայնեցին իրենց կարծիքը եւ միացան պայքարին:
Սումգայիթի դէպքերից յետոյ պարզ էր, որ պատերազմն անխուսափելի է: 1989ին Մայիսին ՕՄՕՆը մէկ գիշերուայ ընթացքում դատարկեց Հադրութի շուրջ գտնուող 16 հայկական գիւղեր: Հասկացանք, որ Հադրութի վերջն եկել է: Մնացել էր մէկ գիւղ, որպէսզի ուժերը մտնէին Հադրութի շրջկենտրոն: Մարդիկ յուսահատութեան մէջ էին:
Այդ օրերին ոտքի էին կանգնել բոլորը: Հադրութի մանկապարտէզներից մէկը վերածուել էր շտաբի, կանայք հերթապահութեամբ կերակուր էին պատրաստում կռուող տղաների համար: Կանանց միջեւ անգամ մրցակցութիւն էր ընթանում, թէ որ խմբի պատրաստած կերակուրներն էին աւելի համեղ: Մի օր Հադրութ եկաւ Վազգէն Սարգսեանը: Նա, տեսնելով տղաների համար մեր պատրաստած սեղանն ասաց. «Որ զինուորն այսքան ուտի, էլ ո՞նց կը կռուի»: Տներից ամէն ինչ բերում էինք կռուող տղաների համար:
«ՁԵՐՈՆՔԱԿԱՆ»Ն
ՈՒ «ՄԵՐՈՆՔԱԿԱՆ»Ը
1992 թ.ին Յունուարին կայացան Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Գերագոյն խորհրդի նախագահի ընտրութիւնները: Արթուրն ընտրուեց Գերագոյն Խորհրդի նախագահ, իսկ նրա տեղակալ ընտրուեց Գէորգի Պետրոսեանը: Արթուրի ընտրուելու մասին տեղեկացայ ռադիոյով:
Յիշում եմ, որ յաջորդ օրը, երբ նա վերադարձաւ Հադրութ, մի տեսակ մեղաւորի պէս նայեց ինձ ու ասաց. «Գորիկ, ես մեղաւոր չէի, ընտրեցին»: Բանն այն է, որ նա խոստացել էր ինձ, որ այլեւս երկար չի բացակայելու, քանի որ միշտ մի վատ բան պատահում էր, երբ նա տանը չէր լինում:
Մի օր, շատ պատահական խօսակցութիւն լսեցի այն մասին, թէ ինչպէս է ՀՀ նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը դժգոհել, որ Արթուրն է ընտրուել Ղարաբաղի Գերագոյն խորհրդի նախագահ եւ ասել էր՝ նախագահը «ձերոնքական է», թող գոնէ տեղակալը «մերոնքական» լինի: Յետոյ ինձ բացատրեցին, որ «ձերոնքականը» նշանակում էր դաշնակցական է, իսկ «մերոնքականը»՝ ՀՀՇական: Միայն յետոյ իմացայ, որ Արթուրը Տող գիւղում երդում է տուել եւ Դաշնակցութեան անդամ դարձել:
Ցաւալի էր տեսնել, որ այդ օրերին, երբ հայութիւնն աւելի միասնական պիտի լինէր, «ձերոնքական» եւ «մերոնքական» հասկացութիւն կար…
Արմէն Գրիգորեան եւ Սեւակ Մկրտչեան աջակցած են այս նիւթի պատրաստութեան:
ԳՈՀԱՐ ՄԿՐՏՉԵԱՆԻ հետ զրուցել է ԵԿԱՏԵՐԻՆԱ ՊՕՂՈՍԵԱՆը:
«ՀԵՏՔ»
Այս Էջը Կը Հովանաւորեն
–ՏԷՐ ԵՒ ՏԻԿ. ՄԻՆԱՍ ԵՒ ԹԱԼԻՆ ՀԱՇՕԼԵԱՆՆԵՐ ԵՒ ԶԱՒԱԿԸ՝ ԿԱՐՕ
–ԴՈԿՏ. ՎԻԳԷՆ ԵՒ ԱԶԻԹԱ ԵԱԳՈՒՊԵԱՆՆԵՐ ԵՒ ԻՐԵՆՑ ԶԱՒԱԿԸ՝ ԱՐԱ