ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Սովորաբար այս ակնարկները տնտեսական բնոյթի են, սակայն ժամանակ առ ժամանակ այլ թեմաներ եւս արծարծւում են, ելնելով դրանց կարեւորութիւնից:
Երբ այս յօդուածը պատրաստւում էի գրել, դեռեւս յստակ չէի պատկերացնում, թէ ինչպիսի ելք կարող է ունենալ այն, բայց ինքնին հարցը բարձրացնելու գաղափարը կարեւոր թուաց ինձ: Գիտեմ որ այն կարող է որոշ ալիքներ առաջացնել մեր հասարակութեան, յատկապէս որոշ խաւի մօտ: Բայց խնդիրը կայ եւ մինչեւ այժմ այս խնդրի շուրջ որդեգրուած «ջայլամի քաղաքականութիւնը» (երբ չես ուզում տեսնել ակնյայտը) մեզ ոչ մի լաւ տեղ չի հասցնում:
Վերջերս մտերմիկ մի զրոյցի ընթացքում ուշադրութեան առարկայ դարձաւ մի հանգամանք. Հայաստանում կատարուած մի հետազօտութեան համաձայն երկրում վեներական եւ սեռական այլ բնոյթի հիւանդութիւնների թիւը հասել է աննախադէպ չափերի: Փորձեցի ստանալ պաշտօնական տուեալները, սակայն չյաջողուեց: Մի հարցազրոյցի ընթացքում պաշտօնատար մի անձ յայտարարեց, թէ «Էյդզ»ով վարակուած հիւանդների թիւը հայաստանում մօտ 1200 է, սակայն դա չէ իրական թիւը: Հիւանդների թիւը իրականում շատ աւելի շատ է եւ բազմաթիւ մարդիկ չեն համարձակւում հետազօտութեան ենթարկուել: Իսկ զրուցակիցս յայտնեց, թէ Հայաստանում կատարուած մի ուսումնասիրութեան արդիւնքում պարզուել է, թէ վերջին տարիներին բազմապատկուել է յատկապէ՛ս կանանց շրջանում առկայ վեներական հիւանդութիւնների քանակը: Խօսքը ոչ թէ մարմնավաճառների, այլ սովորական կանանց, այդ թւում նաեւ ամուսնացած տանտիկինների մասին է: Եթէ դա այդպէս է, ապա հաշուի առնելով որոշ հանգամանքներ, պէտք է ահազանգ բարձրացնել, քանի որ երեւոյթը կարող է սպառնալ իւրաքանչիւր ազգի, այդ թւում նաեւ Հայաստանի տնտեսական, սոցիալական, ընկերային բարօրութեանը, շարունակելով վտանգել գենոֆոնդի որակը:
Երեւոյթը շատ աւելի խորն է, քան նկատելի է առաջին հայեացքից: Հայ տղամարդը միշտ էլ դոմինանտ (տիրապետող-Խմբ.) դեր է ունեցել ընտանիքում, հասարակութեան մէջ: Տղամարդու խօսքը եղել է գերակայ, երբ նշանակալից որոշումներ են ընդունուել ընտանիքում: Տղամարդուն նաեւ «ներել են» որոշակի սայթաքումների համար, ասենք՝ երբեմն արտաամուսնական կապերի մէջ «բռնուելուց» յետոյ: Երբեմն կնոջ անհաւատարմութիւնը չի ներուել մեծ մասամբ եւ հրապարակայնօրէն այն դատապարտուել է ոչ միայն ընտանիքի, այլ նաեւ հասարակութեան կողմից: Տղամարդու անհաւատարմութիւնը շատ անգամ «գնահատել» են որպէս ամենակարողութեան, որոշ դէպքերում էլ որպէս իւրատեսակ յաջողութեան նշան, իսկ կնոջը քարկոծել են ու անբարոյական անուանել: Այսպիսի «դաստիարակութիւն» են ստացել բազմաթիւ հայ երիտասարդներ, անուղղակիօրէն օրինակ վերցնելով իրենց հայրերից, հօրեղբայրներից, քեռիներից: Ճիշդ է, հազուադէպ են հայրերն ու քեռիները խորհուրդ տալիս միաժամանակ մի քանի կնոջ հետ կապի մէջ մտնել, բայց դեռահասը աւելի շատ սովորում է օրինակից, քան խօսքից: Հայ կնոջ մօտ դեռ վաղ տարիքից արմատացած է համեստութիւնը, ընդհանուր առմամբ: Տանտիկիններն ու մայրիկները պարկեշտութեան օրէնքներն են սովորեցնում աղջիկներին, ինչ որ բնական է: Արբունքի տարիքի հասած երիտասարդը հաւանում է աղջկան, միասին դուրս են գալիս, սակայն իրեն թոյլ չի տալիս սեռական որեւէ տեսակի «ոտնձգութիւն» կատարել աղջկայ նկատմամբ, քանի որ «դա սխալ է»: Փոխարէնը նա ոտնձգութիւն է կատարում մէկ այլ աղջկայ նկատմամբ, որին համարում է թեթեւաբարոյ եւ նրա հետ անցնում է բոլոր սահմանները: Այսպիսով, դեռ վաղ տարիքից սերմանւում է մէկից աւելի ընկերուհի ունենալու գաղափարը մէկը հարսնացուի դեր ունի, միւսը՝ սեռական զուգընկերոջ: Այստեղից ծնւում է սուտն ու դաւաճանութիւնը, որ յղի է բազմաթիւ հետեւանքներով:
Ի՞նչ կապ ունի սա վերը նշուած խնդրի հետ, կը հարցնէք: Տասնեակ հազարաւոր հայ տղամարդիկ այսօր աշխատում են արտերկրում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելոռուսիայում եւ այլուր՝ երկար ժամանակով: Նրանցից շատերը այնտեղ կապւում են մէկ կամ մի քանի կանանց հետ, յաճախ վարակւում որեւէ հիւանդութեամբ, տուն են բերում այդ հիւանդութիւնը, վարակում իրրենց կնոջը, ով ամիսներով հաւատարիմ սպասել էր ամուսնուն: Որոշ դէպքերում վարակւում են նաեւ տանը սպասող երեխաները: Կինը ամօթից չի դիմում բժշկին, եւ փորձում է տնական մեթոդներով ինքնաբուժուել, բայց հիւանդութիւնը չի վերանում, եւ ընտանիքը կանգնում է փակուղու առջեւ՝ իր բոլոր հետեւանքներով հանդերձ: Նոյնիսկ այստեղ, Լոս Անջելեսում, բազմաթիւ անգամ զրուցել եմ հայ երիտասարդների հետ, որոնց մէջ ծնած է մէկից աւելի ընկերուհի ունենալու գաղափարը: Նրանք փորձել են իրենց կարճ խելքով համոզել, թէ բնական է ունենալ մի քանի կին՝ միաժամանակ մէկը որպէս իր ապագայ երեխաների մայր, միւսը՝ որպէս սիրուհի: Ահա այստեղ է, որ շատ երիտասարդներ չեն գիտակցում, թէ որքան խճճուած լաբիրինթոսի մէջ են իրենց գցում: Ժամանակն է, որ հայ մայրերն ու հայրերը սովորեցնեն իրենց զաւակներին, որ բնական է եւ բարոյական՝ կեանքի մէկ ընկեր ունենալ:
Պէտք է նաեւ սովորել չափաւորել կրքերը: Ահա այս վերջին որոշմանը անհատն ինքը պէտք է յանգի, գիտակցելով, որ ամէն ինչի մէջ չափաւորութիւն գտնելը իմաստութեան բանալին է: Սակայն ի՞նչ կարող է անել հայ երիտասարդը, երբ հաւանական խորհրդատուն ի՛նքը խորհրդի կարիք ունի: Մեծահասակի հետ ոչ ոք չի զրուցել այս մասին իր երիտասարդ եղած ժամանակ: Բնականաբար նա էլ չի կարող ուժ գտնել եւ բացայայտ խօսել սեռական դաստիարակութեան մասին, քանի որ նախ (տղամարդը) ամաչում է որդու հետ «տաբու» համարուող թեմաների մասին զրուցել, իսկ շատ դէպքերում էլ համաձայն չէ «բարոյականութեան օրէնքների» հետ: «Տղամարդուն կարելի է դուրս գնալ, կնոջ համար դա արգելուած է», կարծում է նա: Մոլորութեան նման արահետը քանդում է շատ ընտանիքներ: Ժամանակները փոխուել են, եւ հայ կինը համաչափ է քայլում այդ օրէնքների հետ: Հետեւաբար այն, ինչ տասնեակ տարիներ առաջ լուռ արցունքներով կուլ է տուել, այլեւս չի ցանկանում հանդուրժել: Ամուսիններն էլ զարմանում են, ի՞նչ եղաւ յանկարծ, ինչո՞ւ տարիներ առաջ կատարած միեւնոյն երեւոյթի համար կինը յանկարծ ընդվզում է: Վէճ, անհամաձայնութիւն, կռիւ, բաժանութիւն, խորտակուած ճակատագրեր:
Երբ ամերիկացիները սեռական դաստիարակութեան դասերի են յաճախում, ոմանք ծաղրում են նրանց: Իսկ միթէ՞ խաւարում մնալը, մէկի հետ քնելը՝ միւսին երեխաների մայր ճանաչելը, սեռական սանձարձակութեան աստիճանի հասնող արկածախնդիր վարքը աւելի վտանգաւոր չեն: Գուցէ սեռական դաստիարակութեան դասերից առաջ պէտք է տարրական բարոյականութեան նորմեր քարոզել, որ շատերի համար յետամնաց ու ծաղրական, մանկական ու մանկամիտ կարող է հնչել: Ինչպէ՞ս պաշտպանել երեխաներին ինչպէս ամերիկեան, այնպէս էլ հայկական իրականութեան մէջ առկայ սեռական սանձարձակութեան ռմբակոծութիւնից, երբ գրեթէ ամէն շարժապատկերում կամ գովազդային հոլովակում աստուածացնում են կիրքը եւ անբռնազբօս վարքը: Մի բան սովորեցնելուց առաջ մարդ նախ ինքը պէտք է համոզուի դրա հաւաստիութեան, օգտակարութեան եւ արժէքի մէջ: Ուրեմն, չափահասը՝ անկախ իր անցած նախկին ուղու խճճուածութիւնից, պէտք է անհատապէս օրինակ ծառայի դեռահասի համար, բացայայտօրէն ընդունելով իր նախկինում գործած որոշ սայթաքումները եւ դատապարտելով դրանք: Մայրերն էլ շատ գործ ունեն անելու՝ իրենց դուստրերին դաստիարակելու առումով: Սա այլ թեմա է, որի քննարկմանը ինձ իրաւունք չեմ վերապահում, եւ հրաւիրում եմ իգական սեռի ներկայացուցիչներին բարձրացնել այս հարցը: Խօսքը այն մասին է, թէ հայ աղջիկներից շատերը իրենց «սիրային երազներում» ոչ թէ հայ, այլ ուրիշ ազգի երիտասարդների են փնտռում, քանի որ հայ երիտասարդի հետ չեն կարող իրենց կրքերին ազատութիւն տալ, ինչ որ բան նրանց մօտ այնպէս չէ, կարծում են նրանք: Գուցէ բացայայտ երկխօսութեան ժամանակն է, երկու սեռի ներկայացուցիչների մէջ, թէ ինչպէ՞ս անել, որ ամրանայ հայ ընտանիքը, ինչպէ՞ս բացատրել, որ կայուն դառնայ իրենց զաւակների ապագայ ընտանիքի պատուանդանը: Ժամանակները սրընթաց առաջ են շարժւում եւ մենք էլ պարտաւոր ենք դրանց համապատասխան քայլեր ու որոշումներ ընդունել: Եթէ Հայաստանում առկայ վերը նկարագրուած պատկերը ճիշդ է, ապա ամիսների, գուցէ եւ տարիների համակարգուած աշխատանք է պէտք հարցը բարձրացնելու ու լուծման ուղիներ փնտռելու համար: Ինչպէս տեսնում էք, սփիւռքն էլ իր խճճուած խնդիրներն ունի: Այս ճանապարհի վրայ բազմաթիւ դժուարութիւններ կը լինեն, բայց պէտք չէ դրանից խուսափել ու շարունակել «ջայլամի քաղաքականութիւնը»: Համակարգուած մօտեցում է հարկաւոր, որին կը մասնակցեն հոգեբաններ, մանկավարժներ, բժիշկներ, եւ պարզապէս իմաստուն մարդիկ: Մենք չենք կարող համարել, թէ իրավիճակը նորմալ է: Երկու հարց շօշափուեց այսօր՝ մէկը հայ տղամարդու մէջ առկայ որոշ կարծրատիպերի արդիւնքում առաջացած հետեւանքներն են, միւսը՝ սփիւռքում տիրող իրավիճակն է երիտասարդների մօտեցման առումով, որի արդիւնքում պարարտ հող է ստելծւում հայ պարման-պարմանուհիների ձուլման տեսանկիւնից: Ահա մի քանի արտայայտութիւն, որ առնուազն մի քանի անգամ լսել եմ, ու աւելի քան զարմանքի զգացում եմ ապրել.
– «Հայ տղամարդը կարող է մի քանի կնոջ հետ միաժամանակ կապուել, իսկ կնոջ նմանօրինակ վարքը անընդունելի է»:
– «Հայ աղջիկներին միայն փողն է հետաքրքրում, ուրիշ ոչին»չ:
– «Հայ տղաները լուրջ չեն վերաբերւում յարաբերութիւնների ամրութեանը, անհաւատարիմ են»:
Այս ցանկը կարելի շարունակել, բայց նշուած թիւրիմացութիւնները կարծրատիպի վերածուելու յայտ են ներկայացնում: Դրանք կոտրել է հարկաւոր: Լռել չի՛ կարելի: