ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Տնտեսական անմխիթար իրավիճակը շարունակւում է որոշակի անորոշութիւններով պատուած եւ դրա հիմնական դրդապատճառը առաջիկայ ընտրութիւններն են: Վիճակը աւելի պարզ կը դառնայ ընտրութիւններից յետոյ: Ուշադրութիւն դարձրէք այն հանգամանքի վրայ, որ այդ որոշակիութիւնը բնաւ չի նշանակում իրավիճակի բարելաւում: Նրանք ովքեր յոյս ունեն տեսնել 21րդ տասնամեակի առաջին կէսի ցուցանիշները, չարաչար սխալւում են: Սակայն դա չի նշանակում, թէ ձեռքերը ծալլած նստելու յորդոր ենք քարոզում: Կեանքը շարունակւում է, եւ փիլիսոփաներից մէկի խօսքերով՝ այժմ շատ շատերը ճօճանակի պտոյտի ստորին հորիզոնականում են յայտնուած:
Հնարաւորութիւնները, սակայն, իսպառ չեն կորչում, իսկ ոմանց պնդմամբ համատարած յուսալքութեան միջավայրում աչքաբաց մարդիկ աւելի լայն հնարաւորութիւններ են ստանում իրենց սոցիալ տնտեսական իրավիճակը բարելաւելու: Բայց որքանո՞վ է դա հնարաւոր եւ հաւանական, եւ ո՞ւմ է բախտ վիճակւում ծանր պայմաններից յաղթական դուրս գալ: Պատմութեանը յայտնի են դէպքեր, երբ պետութիւնը անդնդի եզրին կանգնած է եղել, սակայն չի գահավիժել, այլ ոտքի կանգնելով, կարողացել է աշխարհին ստիպել իր հետ հաշուի նստել: Խորհրդային Միութեան օրինակը (ճիշդ է, պատմական առումով չնչին տարիք ունեցաւ այս երկիրը) վառ օրինակ է, թէ ինչպիսի սադայելական դժոխքում հասցրեց իր ժողովրդին պատերազմի տարիներին, բայց ինչպէս կարողացաւ աճել, դառնալ գերհսկայ պետութիւն, շրջանցելով 20րդ դարի սկզբի բոլոր հսկաներին: Կամ՝ Գերմանիայի օրինակը, որ պատերազմի աւարտից յետոյ հասել էր այնպիսի ողորմելի վիճակի, որ շատերը նոյնիսկ փորձում էին ջնջել նրան քարտէզի վրայից, իսկ այսօր նա Եւրոպայի բախտը որոշողներից մէկն է դարձել:
Ահա այս մասին էի մտորում, երբ հանդիպեցի մի հետազօտութեան արդիւնքների, որոնք առաջին հայեացքից յուսահատեցնող կարելի էր համարել, բայց միաժամանակ այնքան հետաքրքիր էին, որ պարտաւոր եմ ձեզ ներկայացնել: Եթէ այս մի քանի տողը ձեզ չի ձանձրացրել արդէն, ապա մի փոքր էլ զինուէք համբերութեամբ, քանի որ այն, ինչ պիտի կարդաք ստորեւ, սահմռկեցուցիչ է՝ ամէն առումով:
Վերջերս կատարուած մի հետազօտութեան համաձայն, անձի յաջողութիւնը ուղղակիօրէն պայմանաւորուած է այն հանգամանքի հետ, թէ ովքեր են եղել իր նախնիները ոչ թէ մէկ, երկու, այլ մի քանի սերունդներ առաջ: Տարօրինակն այն է, թէ տուեալները գրեթէ նոյնն են Միացեալ Նահանգների, Չինաստանի, Հարաւ ամերիկեան ինչ որ երկրի պարագայում: Այսպէս կոչուած social mobility-ի (ընկերային շարժունակութեան տուեալ դէպքում՝ վերելքի) ուսումնասիրութեան երկարատեւ աշխատանքների արդիւնքում «Իւ.Սի.Դէյվիս» համալսարանի գիտնականներից Գրեգըրի Քլարքը պարզել է, թէ ձեր յաջողութեան աստիճանը բազմաթիւ գործօններով պայմանաւորուած է ձեր նախնիների ունեցած դիրքի հետ: Հետեւաբար, մարդու դիրքային կտրուկ բարելաւումը շատ աւելի բարդ է ու դանդաղ, քան նախապէս կարծում էին:
Քլարքի սկզբնական ուսումնասիրութեան նիւթը բրիտանական վերնախաւի առաջխաղացումներն են եղել: Այդ ընթացքում ինչ որ մէկը նրան խորհուրդ է տուել ընդլայնել քննարկման առարկայի շրջանագիծը: Ուսումնասիրութեան արդիւնքում Քլարքը պարզել է, թէ եթէ 3 դար առաջ հարուստ կամ յաջողակ նախնիներ էք ունեցել, ապա 9 անգամ աւելի մեծ հաւանականութիւն ունէք յաջողակ կամ հարուստ դառնալու քան նրանք, ովքեր աւելի քիչ բախտ են ունեցել բարձր դիրքի ընտանիքում ծնուելու: «Յաջողակ» մարդկանց սերունդների կեանքի տեւողութիւնը 2 տարով աւելի է Անգլիայում, քան միւսներինը, եւ շատ աւելի մեծ է հաւանականութիւնը, որ նրանք եկամտաբեր մասնագիտութիւն ունեն:
Զարմանալի այս հետազօտութիւնը հիմք է հանդիսացել, որ Քլարքը իր ուսումնասիրութիւնները ընդլայնի, այլ երկրների տուեալները հաշուի առնելով: Անգլիայում, Շուէդիայում, Միացեալ Նահանգներում, Հնդկաստանում, Չինաստանում, Ճապոնիայում եւ Չիլիում հարիւրամեակներ առաջ ապրած բժիշկների, իրաւաբանների եւ այլոց սերունդները շատ աւելի յաճախ են «ժառանգում» իրենց պապերի ու տատերի մասնագիտական եւ սոցիալական դիրքն ու յաջողութիւնները, քան միւս մահկանացուները: Տուեալները համահաւասար են գրեթէ բոլոր երկրներում: Դրանք գրեթէ նոյնն են, երբ համեմատել են միջին դարերում արձանագրուած արդիւնքները մէկ կամ երկու հարիւրամեակներ յետոյ գրանցուած արդիւնքների հետ: Յատկանշական է այն հանգամանքը, թէ Քլարքի ուսումնասիրութեան առարկան ոչ թէ հարստութիւնն ու ընդհանուր կենսապայմաններն են, այլ հասարակութեան մէջ զբաղեցրած յարաբերական դիրքը: Այսինքն, եթէ այսպէս կոչուած ցածր կամ միջին խաւի ներկայացուցիչն է ուսումնասիրութեան առարկան, ապա դիրքային սանդուղքով վեր բարձրանալու եւ «էլիտայի» (ընտրանու) մաս կազմելու հաւանականութիւնը չնչին է: Մինչեւ այժմ յայտնի փորձերը ընդամէնը երկու սերունդ էին պարփակում, իսկ այս մէկը հնարաւորին չափ հեռու է գնացել՝ չորս, հինգ, յաճախ էլ աւելի սերունդներ: Ի հարկէ այստեղ առկայ են նաեւ մարդու անհատական յատկանիշները, բայց ընդհանուր առմամբ կարելի է ասել, թէ մարդը ծնուած օրուանից արդէն 60 տոկոսով նախախնամուած է, թէ նա ինչ դիրք կը գրաւի հասարակութեան մէջ: Կասկածներն այն մասին, թէ պետական ծրագրերը մարդկանց դիրքը բարելաւելու առումով այնքան էլ արդիւնաւէտ չեն, գնալով աճում են: Յուսադրիչ է այն տեղեկութիւնը, թէ ընդհանուր առմամբ ընտանիքները ի վիճակի են բարելաւել իրենց դիրքը հասարակութեան մէջ, սակայն դա կարող է մի քանի հարիւրամեակ տեւել: Թերեւս բացառութիւն կարելի է համարել Հնդկաստանի պարագան, որտեղ դեռեւս առկայ են «կաստաները», եւ բարձր խաւի մարդիկ չեն ամուսնանում ցածր խաւի ներկայացուցիչների հետ, այդ իսկ պատճառով այս երկրում դիրքային առաջխաղացումը նուազագոյնն է: Քլարքի ուսումնասիրութեան արդիւնքում պարզուել է, թէ Միացեալ Նահանգները նկատելի արդիւնքներ են գրանցել դիրքային առաջխաղացման տեսանկիւնից, սակայն ստրկատիրութեան հետեւանքների ի սպառ վերացումը աւելի քան երկու հարիւր տարի յետոյ կարելի է նկատել: Քլարքի ուսումնասիրութիւնը իր մէջ բազմաթիւ հաւասարումներ է ներառնում, որտեղ աւելի շատ անյայտներ կան, քան կարելի էր կանխատեսել: Սա չի նշանակում, թէ չորս հարիւր տարի առաջ բժիշկ նախապապ ունեցող անձը կարող է ծուլանալ, եւ ջանք չդնել իր ճակատագրի կերտման ասպարէզում եւ ընդհակառակը, աղքատ եւ անանուն մի ընտանիքից սերած անձը չի կարող սրընթաց վեր մագլցել սոցիալ տնտեսական աստիճանով: Պատմութեանը յայտնի են բազմաթիւ դէպքեր, երբ մոռացութեան մատնուած մի ընտանիքում աշխարհահռչակ երաժիշտներ, գիտնականներ, առաջնորդներ են ծնուել, բայց այս մարդիկ իրենց դիրքին հասել են անձնուրաց աշխատանքի եւ գերբնական օժտուածութեան արդիւնքում: Պէտք չէ մոռանալ, թէ Քլարքի հետազօտութիւնը ընդամէնը վիճակագրութիւն է, իսկ վիճակագրութիւնը միշտ փոփոխութեան է ենթակայ, ոչինչ որ այդ փոփոխութիւնը ժամանակ առ ժամանակ սպասուածից աւելի դանդաղ ընթացք է դիմագրաւում: