ԵՐԵՒԱՆ.- Անցեալ Հինգշաբթի օր, Ազգային Ժողովի պատգամաւոր, արտաքին գործոց նախկին նախարար Վարդան Օսկանեան հանդէս եկած է հետեւեալ յայտարարութեամբ.
Պատգամաւորական անձեռնմխելիութիւնից ինձ զրկելու գլխաւոր դատախազի՝ Ազգային ժողով ներկայացրած միջնորդագիրը միանշանակօրէն համարում եմ քաղաքական պատուէր: Առաջին օրուանից, երբ Ազգային անվտանգութեան ծառայութիւնը յարուցեց քրէական գործը, ինձ համար պարզ էր, որ սա քաղաքական պատուէր է, քանի որ յարուցուած գործը զուրկ էր որեւէ իրաւաբանական բովանդակութիւնից:
Ես պաշտօնապէս դեռ չեմ ստացել անձեռնմխելիութիւնից ինձ զրկելու միջնորդագիրը, ուստի չեմ ուզում ենթադրել՝ կոնկրետ ինչ մեղադրանք է լինելու: Մինչ այժմ խօսքը եղել է «փողերի լուացման», «հարկային պարտաւորութիւններից չարամտօրէն խուսափելու» կամ «գումար իւրացնելու» մասին: Չեմ զարմանայ, եթէ այլ անհեթեթ մեղադրանքներ լինեն:
Անկախ նրանից, թէ այս անգամ ինչ մեղադրանք են նախատեսել ինձ համար, դա որեւէ իրաւական հիմք չի կարող ունենալ:
Ինձ համար սա քաղաքական պայքարի նոր հանգրուան է: Չնայած որ պայքարի այս հարթութիւնը իմ հարթութիւնը չէ, բայց ես պատրաստ եմ մինչեւ վերջ պայքարել: Եթէ այս ամէնի նպատակը իմ քաղաքական գործունէութիւնը կաշկանդելն է եւ բոլոր բնագաւառներում ձախողած իշխանութիւնների նկատմամբ իմ քննադատութիւնը լռեցնելը, ապա միանաշանակ կարող եմ ասել, որ իշխանութիւնները նաեւ այս հաշուարկներում են սխալուել:
Ես պատրաստ եմ թէկուզ այս պայմաններում եւ այս հարթութեան վրայ շարունակել իմ պայքարը երկրում իրական փոփոխութիւնների հասնելու համար:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.