Քսան Քաղաքների Եկեղեցին
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայ առաքելական եկեղեցին մեր ժողովրդի համար դարեր ի վեր ծառայել է ոչ միայն որպէս հոգեւոր կենտրոն, նաեւ՝ ստանձնել է ազգապահպանման դժուարին գործառոյթը: Աշխարհասփիւռ հայութեան համար, այսօր էլ եկեղեցին շարունակում է լինել ազգային ինքնութեան՝ լեզուի, մշակոյթի, կրօնի, պատմութեան ու աւանդոյթների պահպանման սուրբ կենտրոն, որի շուրջ համախմբւում են հայ համայնքները:
ԱՄՆ Արեւմտեան հայոց թեմի Սուրբ Յակոբ եկեղեցին ասուածի վառ վկայութիւններից մէկն է: 1941 թուականից Լոս Անջելեսի հարաւ-արեւմտեան շրջանում գործող այս եկեղեցին իր հովանու ներքոյ ստեղծել է հայկական տարբեր կազմակերպութիւններից կազմուած մի կուռ համայնք՝ միախմբելով տեղի հայերին: «Մեր համայնքի յիսուն տոկոսից աւելին ամերիկահայեր են եւ շատ հաւատարմօրէն են յաճախում եկեղեցի: Նրանց շարքում են նաեւ հիմնադիրներ ու նրանց ժառանգները, ում հետ եկեղեցին ու կից կազմակերպութիւնները շատ ջերմ ու աշխոյժ յարաբերութիւններ ունեն: Մեր ծառայութիւնները ոչ միայն եկեղեցական բնոյթի են, նաեւ մշակութային ընկերական ձեռնարկներ ենք անցկացնում», պատմում է Ս. Յակոբ եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Յարութիւն քահանայ Թաշճեանը՝ միաժամանակ ցոյց տալով եկեղեցու բակում գտ-նուող յարակից սրահները, որտեղ հայ մանուկներն ու պատանիները հայեցի կրթութիւն են ստանում, իսկ աւագ սերնդի ներկայացուցիչները ստեղծում ու փայփայում են այդ միջավայրը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Տէր հայր, պատմէք խնդրեմ Սուրբ Յակոբ եկեղեցու եւ նրա ծխական համայնքի մասին:
ՅԱՐՈՒԹԻՒՆ ՔՀՆՅ. ԹԱՇՃԵԱՆ.- Սուրբ Յակոբ Հայաստանեան առաքելական եկեղեցու ծխական համայնքը ներառում է Արեւմտեան Հոլիվուտի եւ Արեւմտեան Լոս Անջելեսի շրջանները, Լոս Անջելեսի Քաղաքակենտրոնի, Սանթա Մոնիքայի, Ռըտանտօ եւ Մենհեթըն Բիչի, Թօրենսի, Լոնգ Բիչի, Պալոս Վերդեսի հայախօս հանրութեանը՝ թուով շուրջ եօթ հազար մարդ: Սուրբ Յակոբ եկեղեցու հովանու ներքոյ գործում են մի շարք տարբեր կազմակերպութիւններ: Վարչական առումով, եկեղեցական համայնքն ունի ընդհանուր անդամական ժողով՝ իր ատենապետով ու դիւանով: Տարին մէկ անգամ անցկացուող Ընդհանուր ժողովի ժամանակ համայնքի տրատու անդամները հաւաքւում են, եւ նրանց է ներկայացւում եկեղեցու եւ նշուած կազմակերպութիւնների հաշուետուութիւններն ու տեղեկագրերը, ապա տեղի են ունենում նաեւ նոր անդամների ընտրութիւններ: Բացի դրանից ունենք նաեւ մեր ծխական խորհուրդը, որ ընտրւում է անդամական ժողովի կողմից՝ կազմակերպելու եկեղեցու վարչական կեանքը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Որո՞նք են եկեղեցու հովանու ներքոյ գործող կազմակերպութիւնները:
ՅԱՐՈՒԹԻՒՆ ՔՀՆՅ. ԹԱՇՃԵԱՆ.- Սուրբ Յակոբ Հայաստանեաց առաքելական եկեղեցու ներքոյ գործում են տարբեր կազմակերպութիւններ: Սկսեմ Կիրակնօրեայ վարժարանից, որտեղ դասաւանդւում է հայոց լեզու եւ կրօնագիտութիւն: Ներկայում ունենք շուրջ 30 աշակերտ, եւ այս թիւն աճելու միտում ունի: Մեր դպրոցում ստեղծուած է բացառիկ ջերմ ընտանեկան մթնոլորտ, որովեհետեւ բոլոր ծնողներն էլ շատ աշխուժօրէն մասնակցում են դպրոցական կեանքին, սիրայօժար իրենց նիւթական ու բարոյական ընծայումներով: Որոշ ծնողներ նաեւ դասաւանդում են դպրոցում որպէս ուսուցիչներ եւ շատ յաջող գործունէութիւն են ծաւալում Սուրբ Յակոբ եկեղեցու համայնքի սրտում: Վարժարանի գրականութիւնն ու ուղեցոյցները ստանում ենք Արեւմտեան թեմի քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքից, որ կոչւում է Քրիստոնէական կրթական խորհուրդ (Christian Educational Council): Կիրակնօրեայ վարժարանը տարբեր առիթներով, տարին նուազագոյնը երկու անգամ, հանդէսներ է կազմակերպում, որ առիթ է նաեւ ծնողների ու մեզ համար գնահատելու աշակերտների դպրոցական արդիւնքները: Մենք բացառիկ յարգանք ունենք նաեւ մեր այն ծնողների հանդէպ, ովքեր հայերէն չեն կարող խօսել ընդհանրապէս, սակայն բերում են իրենց երեխաներն հայերէնի դասերի եւ նրանց հետ միասին ճիգ են թափում հայերէն խօսել: Մեզ համար շատ կարեւոր է, որ հայ մատղաշ սերունդը դաստիարակուի մայրենի լեզուի հանդէպ սիրով ու հայեցի ազգային կրօնական դիմագծով: Այս առումով, վարժարանի վարչութիւնը, ուսուցչական կազմը եւ ծնողները տարբեր առիթներ ենք ստեղծում՝ վարժարանի բիւջէն մշտապէս հաւասարկշռուած պահելու համար:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Պատանիներն եւ երիտասարդների համար ի՞նչ կենտրոններ են գործում:
ՅԱՐՈՒԹԻՒՆ ՔՀՆՅ. ԹԱՇՃԵԱՆ.- Հայ եկեղեցու Երիտասարդական կազմակերպութիւնը ACYO, մեր Արեւմտեան Թեմի ամենակարեւոր կառոյցներից է, որ ունի իր Կենտրոնական խորհուրդը Մայր եկեղեցու ներքոյ ում սահմանած ուղղութեամբ էլ առաջնորդւում ենք: Լոս Անջելեսի Սուրբ Յակոբ եկեղեցու Երիտասարդական կազմակերպութիւնն ունի երեսունից աւելի անդամներ, որ կազմուած են երկու խմբից՝ պատանեկան (junior) 12-18 տարեկաններ եւ այս տարի ունենք նաեւ աւագ խումբ (senior)՝ 18ից բարձր: Մեր ACYO-ի պատանիների ու երիտասարդների հետ տարբեր միջոցառումներ են կազմակերպւում. ամիսը մէկ անգամ հաւաքւում ենք հերթական ժողովի եւ Սուրբ Գրքի սերտողութիւն է կատարւում, այնուհետեւ՝ ժողովի ընթացքում որոշւում է, թէ ինչ հայկական, ընկերային, բարեգործական բնոյթի տեղական ու հայրենական ձեռնարկներ պէտք է իրականացնենք: Կապ ունենք տարբեր բարեգործական ընկերութիւնների հետ, որ մեզ տեղեկացնում են, թէ ում պէտք է օգնենք: Անցեալ տարի, օրինակ, նուէրներ, խաղալիքներ հաւաքեցինք եւ երեխաները անձամբ դրանք նուիրեցին կարիքաւոր ընտանիքներին ու ծնողազուրկ երեխաներին: Բացի այդ, Երիտասարդական կազմակերպութեան շրջանակներում կազմակերպում ենք նաեւ ընկերային ձեռնարկներ՝ երիտասարդներին համախմբելու համար ուրախ առիթների շուրջ: Այս առումով, աւանդական է դարձել առաջնորդարանի արեւմտեան թեւի Ֆրեզնոյում գտնուող ամառային ճամբարում ամէնամեայ բանակումները: Այստեղ շատ հաճելի մթնոլորտում, պատանիներն ու երիտասարդները տեղեկացւում են եկեղեցական, կրօնաբարոյական ու ազգային հարցերի ու թեմաների մասին: Տարին անգամ մը նաեւ Մայիսի չորրորդ շաբաթավերջին մասնակցում են Արեւմտեան թեմի կազմակերպած Ֆրեզնոյում տեղի ունեցող մրցախաղերին: Այս երիտասարդները իսկապէս իմ եւ մեր համայնքի հպարտութիւնն են. երբեմն նաեւ՝ միջհամայնքային ձեռնարկներ ենք կազմակերպում միւս համայնքների եկեղեցիների երիտասարդական կազմակերպութեան երիտասարդների ու պատանիների հետ:
Ես անձամբ մեծապէս ներգրաւուած եմ կիրակնօրեայ վարժարանի, երիտասարդական կազմակերպութեան գործունէութեան մէջ եւ բացառիկ ուրախութիւն է ինձ համար, երբ տեսնում եմ, թէ ինչպէս են մեր փոքրիկները, երիտասարդները նման աշխոյժ կերպով մասնակցում նաեւ եկեղեցու ծիսապաշտամունքային կեանքին: Ամիսը մէկ անգամ, մեր մանուկներն ու ACYO-ի պատանիներն ու երիտասարդները գալիս են Խոստովանութեան ու Ս. Հաղորդութիւն ստանալու: Մենք էլ մասնայատուկ պարզաբանուած քարոզներ ենք խօսում նրանց, ընկալելի ոճով եւ հարցազրոյցի ձեւով, նաեւ՝ առիթ տալով նրանց եւս արտայայտուելու: Ծնողները հպարտութեամբ են լցւում երբ տեսնում են այս ամէնը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Աւագ սերունդն ինչ միութիւնների շուրջ է համախմբւում:
ՅԱՐՈՒԹԻՒՆ ՔՀՆՅ. ԹԱՇՃԵԱՆ.- Լոս Անջելեսի Սուրբ Յակոբ համայնքի կարեւորագոյն կազմակերպութիւններից մէկը Տիկնանց միութիւնն (St. James Ladies Society) է, որ ունի վաթսունից աւելի աշխոյժ անդամուհիներ, որոնք ամսուայ երկրորդ Երեքշաբթի օրը գումարում են իրենց հերթական ժողովը: ԱՄՆ Արեւմտեան թեմի գրեթէ բոլոր եկեղեցիները վայելում են այս անձնուրաց, ժրաջան ու բարեպաշտ տիկինների եկեղեցանուէր ծառայութիւնը: Տարուայ ընթացքին բազմաթիւ առիթներով նրանք կազմակերպում են ընդունելութիւններ ու ճաշկերոյթներ բարեսիրական, ընկերային եւ մշակութային ձեռնարկներ: Նրանց գործունէութեան ամբողջական եկամուտը յատկացվում է Եկեղեցու, Կիրակնօրեայ դպրոցին ու բարեգործական ձեռնարկների: Ունենք նաեւ Եկեղեցու պայծառութեան տիկինների յանձնախումբը (St. James Altar Guild), որ հաշւում է տասէ աւելի անդամուհիներ եւ նրանք ամէն շաբաթ զբաղւում են եկեղեցու մաքրութեամբ, Ս. Խորանի պայծառութեան համար զգեստներ կարում ու բացառիկ առթիների դէպքում զարդարում են եկեղեցին:
Մեր եկեղեցու հովանու ներքոյ գործում է «Տէր եւ Տիկին» ակումբը (St. James Club Mr. & Mrs. Club), որտեղ ներգրաւուած են հիմնականում միջինից բարձր տարիքի ամուսիններ, կան նաեւ երիտասարդ ընտանիքներ: Նրանք տարբեր առիթներ են ստեղծում հաւաքուելու հաճելի մթնոլորտում՝ մշակութային ձեռնարկներ, ճաշկերոյթներ: Այդ առիթով, ցանկանում եմ ընդգծել, որ չափազանց կարեւոր է նաեւ երիտասարդների ներգրաւուածութիւնը եւ հրաւիրում եմ բոլորին մասնակցելու այս ակումբի միջոցառումներին:
Նշեմ, որ մեր համայնքի ներքոյ գործում է նաեւ ժամանցային՝ «Ֆելօշիփ» ակումբը «Fellowship Club»: Սուրբ Յակոբի «Տուլկարեան» սրահում ամիսը երկու անգամ տարբեր տարիքի յիսունից աւելի անդամներ հանդիպում են միմեանց խաղերի շուրջ: Երբեմն նաեւ ծննդեան եւ ամուսնութեան տարեդարձներն ենք նշում միասնաբար: Նարդի, բինգօ խաղացողների համար սա շահելու կամ վնասելու վայր չէ, այստեղ ձեռքբերուած ողջ հասոյթը յատկացւում է մաքրութեան ծախսերին եւ մնացածը սիրով փոխանցւոմ է եկեղեցուն: Ես անձամբ ծանօթ եմ բոլորին, եւ նրանցից շատերի հետ հանդիպումները պատճառ եղան, որ նրանք աւելի աշխոյժ սկսեն յաճախել եկեղեցի:
Մենք ունեցել են նաեւ ամուրիների միութիւն, եւ այժմ աշխատում ենք վերականգնել այն՝ յարմար առիթներ ստեղծել, որ մէր հայ երիտասադրները ծանօթանան միմեանց, ընկերանան, նաեւ՝ ընտանիք կազմեն:
Սուրբ Յակոբ եկեղեցին վայելում է նաեւ մեծաթիւ երիտասարդ եւ փորձառու սարկաւագների ծառայութիւնը. 35ից աւելի սարկաւագներ, դպիրներ ու դպրուհիներ ունենք, որ կանոնաւոր կերպով ծառայում են, պայծառացնում են մեր եկեղեցին: Մեր եկեղեցին վայելում է նաեւ տաղադաւոր հայրէնի երգչուհի Մանիկ Մանուկեանի ներկայութիւնը որպես եկեղեցու երգչախմբի ղեկավարուհի:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Տէր Յարութիւն, մեծապէս տպաւորուած եմ ձեր պատմածից, որ վկայում է Սուրբ Յակոբ եկեղեցու բացառիկ կազմակերպուածութեան մասին:
ՅԱՐՈՒԹԻՒՆ ՔՀՆ. ԹԱՇՃԵԱՆ.- Ինչպէս որ քիչ առաջ ասում էի, Սուրբ Յակոբ Եկեղեցին շատ կազմակերպուած է գործում եւ բոլոր կազմակերպութիւնները հաշուետու են եկեղեցու Անդամական ժողովին: Մեր թեմի բարեխնամ առաջնորդ՝ տէր Յովնան սրբազան արքեպիսկոպոս Տէրտէրեան շատ հոգածու է մեր թեմի բոլոր եկեղեցիների նկատմամբ ընդհանրապէս եւ շատ մօտիկից է հետեւում Սուրբ Յակոբ եկեղեցու գործունէութեանը մասնաւորապէս որովհետեւ Սուրբ Յակոբը Լոս Անջելեսի առաջին պատմական եկեղեցին է եւ մենք հպարտ ենք, որ մեր թեմական կառոյցի մէջ ունենք շատ երկար տարիների վաստակ ունեցող ղեկավարներ, որ Սուրբ Յակոբ եկեղեցու տրատու անդամներ են: Հակառակ այն իրողութեան, որ մեր համայնքը փոքրաթիւ է, այստեղ կայ կազմակերպուածութեան բացառիկ որակ եւ այս առումով ես ինքս երջանիկ հովիւ եմ համարում: Նշեմ, որ մեր եկեղեցին այցելում են նաեւ բարեպաշտներ յարաբերաբար հեռաւոր քաղաքներից՝ Գլենդէյլից, Փասադենայից, եւ ասում են, որ Սուրբ Յակոբ եկեղեցում իրենց տան պէս են զգում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր շրջանում բնակւում է շուրջ եօթ հազար հայ, ինչ միջոցներով էք փորձում նրանց հետ կապեր հաստատել:
ՅԱՐՈՒԹԻՒՆ ՔՀՆՅ. ԹԱՇՃԵԱՆ.- Մեր եկեղեցու ծուխի ներքոյ աշխարհագրօրէն քսան քաղաքներ կան: Մենք համացանցի ելեկտրոնային հասցէատետրի միջոցով փնտռում ենք հայերի, հեռաձայնում ենք կամ նամակներ ենք գրում նրանց եւ պատմում ենք մեր մասին՝ հրաւիրելով եկեղեցի եւ մասնակցելու Սուրբ Յակոբ եկեղեցու վերոնշեալ կազմակերպութիււնների միջոցառումներին: Երբ մարդիկ եկեղեցուց եւ դպրոցից են ստանում հրաւէրը, սիրով են վերաբերւում եւ հասկանում են, որ մենք համայքնը համախմբելու առաքելութեամբ ենք առաջնորդւում: Շատերը սկսում են այցելել մեզ, ինչը մեզ մեծ ուրախութիւն է պատճառում: Կիրակի օրերին Ծխական խորհուրդը «բարի գալուստ»ով է դիմաւորում նոր այցելուներին եւ հաւաքում նրանց տեղեկութիւններ եւ մենք այնուհետեւ ուղարկում ենք մեր գործունէութեան մասին տեղեկագրեր ու հրաւէրներ: Ներկայում ունենք հազար երեք հարիւրից աւելի հասցէներ: Իւրաքանչիւր հայ մարդ թանկ է մեզ համար եւ անհատական վերաբերմունքն է նաեւ նպաստում նոր անդամների ներգրաւմանը: Ես կարծում եմ, որ հովիւը չպէտք է նստի գրասենեակում, այլ պէտք է անձամբ հաղորդակցուի բոլորի հետ: Ես, ինչպէս մեր թեմի իմ բոլոր հոգեւոր եղբայրները, մեր թեմակալ առաջնորդին ուղեկցում եւ նաեւ այցելում ենք Միշըն Հիլզի եւ Իգլ Ռաքի հանգստեան տուները, որտեղ իւրաքանչիւրս ունենք մեծահասակ ծխականներ, անձամբ շփւում նրանց հետ, աղօթում եւ մխիթարում նրանց:
Այստեղ, Սուրբ Յակոբ համայնքում, մեր գործունէութեանց, ձեռնարկների մասին մեր հանրութեանը տեղեկացնում ենք «Կիրակնօրեայ թերթիկ»ների եւ մեր եկեղեցու պաշտօնական եռամսեայ տեղեկատու «Օշական»ի միջոցով:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր ծխական շրջանում գործում են նաեւ հայկական այլ կազմակերպութիւններ, ինչպիսի յարաբերութիւններ ունէք նրանց հետ:
ՅԱՐՈՒԹԻՒՆ ՔՀՆՅ. ԹԱՇՃԵԱՆ.- Մեր համայնքում կան նաեւ այլ կազմակերպութիւններ, մասնաւորապէս՝ ՀՕՄի կենտրոնի Թորենսի հայկական դպրոցը՝ Արաքս վարժարանը, որտեղ Ուրբաթ երեկոները հայերէնի դասեր են անցկացւում: Մենք հրաշալի կապեր ունենք նրանց հետ, որովհետեւ Արաքս վարժարանի վարչութեան եւ ուսուցչական կազմի անդամներից շատերը յաճախում են մեր կեղեցին, ոմանք նաեւ մեր եկեղեցւոյ կազմակերպութիւնների անդամ են: Մեզ մեծ ուրախութիւն է պատճառում ՀՕՄի նախաձեռնած մշակութային ձեռնարկները յատկապէս Թորենսի, Ռըտանտօ Բիչ հայաշատ շրջաններում: Անցեալ տարի, Ամանորի ու Ս. Ծննդեան առիթով, Արաքս վարժարանը հանդէս էր կազմակերպած, հրաւիրեցին զիս եւ առաւել քան յիսուն աշակերտներու մայրենիով կատարած երգերու եւ ոտանաւորներու ելոյթը մեծապէս տպաւորեց: Աղօթագրքեր նուիրեցի նրանց եւ հազիւ մէկ երկու ամիս վերջ Արաքս վարժարանի աշակերտները մեր եկեղեցում Հսկումի երեկոյեան ժամերգութեան մասնակցելով այդ նոյն աղոթագիրքից Ներսէս Շնորհալու Հաւատով Խոստովանիմի 24 աղօթքները ընթերցեցին անթերի հայերէնով: Ես քաջալերում եմ, որ այդ շրջանի ծնողները իրենց երեխաներին տանեն Արաքս վարժարանի հայերէնի դասերին ու ձեռնարկներին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք շուրջ մէկ տարի է, որ նշանակուել էք Սուրբ Յակոբ Եկեղեցու հոգեւոր հովիւ, ինչ մարտահրաւէրներ էք տեսնում եւ ինչ ծրագրեր ունէք:
ՅԱՐՈՒԹԻՒՆ ՔՀՆՅ. ԹԱՇՃԵԱՆ.- 2011 թուականի Սեպտեմբերի մէկին ԱՄՆ Արեւմտեան թեմի առաջնորդ Տ. Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանի կողմից նշանակուեցի այս եկեղեցու հոգեւոր հովիւ՝ ստանձնելով հրաշալիօրէն կազմակերպուած այս եկեղեցու հովուական պատասխանատուութիւնը: Սուրբ Յակոբ համայնքը մեծապէս պարտական է այս եկեղեցւոյ երախտաւոր հոգեւոր նախորդ սպասաւորին՝ տէր Արշակ աւագ քանահայ Խաչատուրեանին, որ աւելի քան երեսուն տարի բացառիկ նուիրումով ծառայել է այս համայնքին ու Սուրբ Յակոբ եկեղեցին հասցրել է այս առաջատար դիրքին եկեղեցւոյ անձնդիր ու նուիրեալ Ծխական խորհուրդի հետ սերտօրեն համագործակցելով: Իմ ծրագրերից առաջնայինը պիտի լինի՝ պահպանելով այս բոլոր ձէռքբերումները, կարելիի սահմանների մէջ աշխուժացնել յարաբերութիւնները համայնքի բոլոր զաւակաց հետ եւ ամէնուր արձագանգ հանդիսանալ մեր եկեղեցու գործունէութեան մասին: Դա հնարաւոր կարող է դառնալ մեծապէս նաեւ լրատուամիջոցների միջոցով: Այս առումով, ես երախտապարտ եմ «Ասպարէզ»ին եւ Լոս Անջելեսի միւս մամլոյ գործակալութիւններին, որ մեր եկեղեցու եւ նրա կազմակերպութիւնների լուրերին լայնօրէն անդրադառնում են: Մամուլը կը նպաստի նաեւ, որ մեր կիրակնօրեայ վարժարան ու երիտասարդական կենտրոն այցելուների թիւն աւելանայ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Տնտեսական ճգնաժամի այս օրերին եկեղեցիները նոյնպէս նիւթական դժուարութիւնների առաջ են: Ի՞նչ միջոցներով էք կարողանում գործել այսօր:
ՅԱՐՈՒԹԻՒՆ ՔՀՆՅ. ԹԱՇՃԵԱՆ.- Մեր համայնքի զաւակները բնականօրեն օգնում են իրենց բարեպաշտական նուէրներով եկեղեցու պիտճէն հաւասարակշռելու հարցում: Ունենք նաեւ «Յիշատակի» հիմնադրամ ( St. James Memorial Fund), որ ձեւաւորւում է ընտանիքների ու անհատների նուիրաբերութիւնների միջոցով: Այս հիմնադրամի նպատակն է եկեղեցուն օգնել, երբ շինարարական բացառիկ ծախսեր են յառաջանում: Հիմնադրամը մշտապէս օգնել է նաեւ եկեղեցու բիւդջէի հաւասարակշռման խնդրին: Ինչպէս նշեցի, մեր եկեղեցու ներքոյ գործող կազմակերպութիւնները նոյնպէս տարբեր առիթներով ձեռնարկներ, դրամահաւաք են կազմակերպում, որոնցից ստացուած հասոյթը նոյնպէս ուղղւում է մեր կարիքները հոգալուն: Հպարտութեամբ պէտք է նշեմ, որ դրամահաւաքի այս կարեւոր գործին մասնակից են նաեւ մեր մեր փոքրիկները: Օրինակ, Հոկտեմբերի 6ին մեր աշակերտների հետ պիտի գնանք Ֆրեզնօ եւ այգիներից պտուղներ հաւաքենք, եւ յաջորդ օրը պիտի վաճառենք եկեղեցու բակում եւ հասոյթը գնում է Կիրակնօրեայ վարժարանի բիւդջէ: Բերքահաւաքի օրը մենք օրհնելու ենք Ֆրեզնոյի առատաձեռն հայերի այդ այգիները, որ առաւել բարեբեր լինեն, այսպիսով մեր երախտագիտութիւնը կարող ենք յայտնել նուիրատու այգեպաններին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր կոչը՝ հայ համայնքին:
ՅԱՐՈՒԹԻՒՆ ՔՀՆՅ. ԹԱՇՃԵԱՆ.- Հայ եկեղեցու, ինչպէս նաեւ բոլոր ազգային կազմակերպութիւնների առաջին մարտահրաւէրն այսօր հայապահպանութիւնն է՝ հայ ոգու եւ լեզուի պահպանումը: Մեր ազգային հայկական կառոյցները՝ եկեղեցին, վարժարանը, մամուլը, մշակութային, բարեգործական կազմակերպութիւնները, տարբեր միութիւններն իսկապէս գուրգուրանքի կարիք ունեն, քանզի գործում են յօգուտ հայապահպանութեան, ազգային արժէքների պահպանման: Սուրբ Յակոբ եկեղեցին գործում է որպէս Կալիֆորնիայի այդ կազմակերպութիւնների մէկ կարեւոր մասնիկը եւ մեր կոչն է, որ մարդիկ առաւել աշխուժօրէն մասնակցեն մեր համայնքային կեանքին, իրենց փոքրիկներին մեր վարժարան առաջնորդեն, որ ազգային դիմագծով եւ կրօնական դաստիարակութեամբ հասակ առնեն եւ եկեղեցի գալով նրանց հոգիները սնուեն՝ Աստծու սիրով ու ազգային ու հայրենական սուրբ արժէքների գիտակցութեամբ: