Ադրբեջանական լրատուամիջոցների յայտարարութիւնները, թէ զօրահանդէսում ցուցադրուած տեխնիկան Հայաստանինն է եղել եւ վերադարձուել է Հայաստան, սո՛ւտ է, ոչ մի բան Հայաստանից չի բերուել, բացառութեամբ ուղղաթիռների եւ այն, ինչ որ տեսել էք զօրահանդէսում, դա մեր սպառազինութեան ընդամէնը հինգ տոկոսն է: Մնացածը մարտական խնդիր է կատարել», Լեռնային Ղարաբաղի զօրամասերից մէկում լրագրողների հետ օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ յայտարարեց ԼՂՀ պաշտպանութեան նախարար, պաշտպանութեան բանակի հրամանատար, գեներալ-լէյտենանտ Մովսէս Յակոբեանը:
Յիշեցնենք, որ Մայիսի 9ին, Արցախում կազմակերպուել էր Շուշիի ազատագրման եւ պաշտպանութեան բանակի կազմաւորման տարեդարձերին նուիրուած զօրահանդէս:
ՊԲ հրամանատարը կարծում է, որ ղարաբաղեան զօրահանդէսը իր կազմակերպուածութեամբ առանձնացել է մինչ այդ Ադրբեջանում եւ նոյնիսկ Հայաստանում կազմակերպուած զօրահանդէսներից:
Յակոբեանի խօսքով, զօրահանդէսում ցուցադրուած անօդաչու սարքերը լինելու են պաշտպանութեան բանակի հաստիքում: Նա վստահեցրեց, որ զօրահանդէսի ժամանակ իրենք չեն փորձել որեւէ մէկին խաբել, եւ զօրահանդէսի նպատակն է եղել նախ՝ ժողովրդին ցոյց տալ զինուած ուժերի մարտական պատրաստուածութեան աստիճանը, իսկ հակառակորդն էլ՝ հասկանայ, թէ պատերազմ վերսկսելու դէպքում ի՛նչ ուժեր են դիմակայելու նրանց: «Մեր զօրահանդէսը ցոյց տուեց, որ պաշտպանութեան բանակն ի վիճակի է լուծել իր առջեւ դրուած խնդիրները», յայտարարեց Յակոբեանը:
Հարցին, թէ սուղ բիւջէի պարագայում՝ կարեւո՞ր էր զօրահանդէս կազմակերպելը, եւ միթէ՞ հնարաւոր չէր գումարներն ուղղել աւելի կարեւոր խնդիրների լուծմանը, ԼՂՀ ՊԲ հրամանատարը պատասխանեց. «Պաշտպանութեան բանակի բիւջէն սուղ չէ, միայն անցեալ տարի մենք ներմուծել ենք այնքան զինամթերք, ինչքան Ադրբեջանի ռազմական բիւջէն է, ռազմական մեր հնարաւորութիւնները նաեւ պայմանաւորուած են Ռուսաստանի հետ ունեցած Հայաստանի յարաբերութիւններով»:
Աւելին, Ղարաբաղի կառավարութեան ներկայացուցչի պնդ-մամբ, ինչպէս անցեալ տարի, այս տարի եւս շարունակուել է բանակը նոր սպառազինութեամբ ու ռազմական տեխնիկայով զինելու գործընթացը: «Այս տարի պաշտպանութեան բանակ ենք ներկրել մեծ քանակութեամբ տանկեր, եւ այսօր մեր տանկային ստորաբաժանումները, ըստ հաստիքի՝ ամբողջութեամբ տանկերով համալրուած են: Կազմաւորուած են եւս երկու ստորաբաժանումներ՝ տանկային ստորաբաժանումների բազայի վրայ», յայտարարեց Յակոբեանը՝ ընդգծելով, որ արդիական հրետանային սարքերով է համալրուել երկու զօրամասերի հրետանին: Ղարաբաղեան բանակը համալրուել է նաեւ նոր տիպի 35 «Ուրալներ»ով եւ բացի այդ, հրամանատարական կազմի համար են մեքենաներ ներկրուել:
«Հայկական բանակի համալրումն իրականացւում է Ադրբեջանի կողմից մեզ նետուած մարտահրաւէրների համար եւ պահելու է այն աստիճանը, որ պաշտպանութեան բանակը կարողանայ զսպողի դերում լինել», յաւելեց պաշտօնեան:
ԼՂՀ ՊԲ հրամանատարը տեղեկացրեց նաեւ, որ բանակը շարունակւում է համալրուել ինչպէս պարտադիր զինուորական ծառայութեան զինուորներով, այնպէս էլ՝ պայմանագրային: Նրա խօսքով, բանակը հիմնականում համալրուած է նաեւ սպայական կազմով: «Ի ուրախութիւն մեզ, պէտք է ասեմ, որ Վազգէն Սարգսեանի անուան ռազմական ինստիտուտը լրիւութեամբ ապահովում է հրաձգային, մոտօ-հրաձգային եւ հետախուզական ստորաբաժանումների հրամանատարների պաշտօնները», նկատեց Մովսէս Յակոբեանը:
Այս տարուայ առաջին կիսամեակում ադրբեջանական կողմից հնչող կրակոցների քանակը, նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ, աւելացել է երկու անգամ, իսկ դիվերսիոն հետախուզական խմբերի գործողութիւնների քանակը՝ չորս անգամ: Անցած տարուայ առաջին կէսին հակառակորդի կողմից երկու դիվերսիոն գործողութիւն է կատարուել, իսկ այս տարի արդէն չորս նման գործողութիւն է կատարուել: Դրանցից երկուսի դէպքում երեք զինծառայող վիրաւորուել է, իսկ մէկը՝ մահացել: Իսկ միւսների դէպքում ժամանակին բացայայտուել է, եւ հակառակորդի խումբը կորուստներ կրելով՝ հեռացել է:
Այս եւ նախկին տարիների վիճակագրական տուեալները հիմք են տուել Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան նախարար, պաշտպանութեան բանակի հրամանատար, գեներալ-լէյտենանտ Մովսէս Յակոբեանին կարծել, որ վերջին տարիներին ղարաբաղա-ադրբեջանական սահմանում իրավիճակը փոխուել է, եւ հակառակորդը տարեց տարի առաջնագծում լարուածութիւնը մեծացնում է:
Դրա պատճառները, ըստ նախարարի, մի քանիսն են՝ նախ այն, որ Ադրբեջանն այդպիսով փորձում է միջազգային հանրութեանը ցոյց տալ, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի լուծւում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ պատերազմն անխուսափելի է, միւս կողմից՝ փորձում է զօրքը վարժեցնել, բարձրացնել մարտական ոգին, եւ վերջապէս, լարուածութիւնը մեծացնելով, ադրբեջանական կողմը ամէն գնով ուզում է հարուած հասցնի հայկական զինուած ուժերին, որպէսզի մերոնք կորուստներ ունենան: Մովսէս Յակոբեանի խօսքով, երկար տարիների ընթացքում արցախեան բանակը կարողացել է իրագործել իր առջեւ դրուած խնդիրը եւ տարածաշրջանում զսպողի համբաւ է վայելում: «Խաղաղութիւնը տարածաշրջանում պաշտպանութեան բանակի ուժի շնորհիւ է, որ պահպանւում է: Մենք վճռական ենք, որպէսզի առաջին գծում իշխողի դերակատարութիւնը երբեք չզիջենք հակառակորդին: Եթէ հակառակորդը յանկարծ մի պահ հասկացաւ, որ ինքն իշխող է առաջնագծում, պատերազմ կը լինի», յայտարարեց պաշտպանութեան բանակի հրամանատարը:
Պատերազմի հնարաւոր վերսկսման մասին խօսելիս՝ գեներալ-լէյտենանտն ասաց, որ դա միշտ էլ հնարաւոր է: «Այսօր էլ, այս պահին էլ Ադրբեջանը հնարաւոր է վերսկսի պատերազմ: Բայց այդ դէպքում, մենք նորից յաղթելու ենք: Եւ յաղթելու ենք՝ լինելով աւելի լաւ իրավիճակում, քան այսօր կայ: Բայց բոլոր դէպքերում, կարծում եմ ամենալաւ ալտերնատիւը խաղաղութիւնն է, եւ մեր իշխանութիւններն ամէն ինչ անում են, որպէսզի պատերազմը չվերսկսի: Ու այս պահին եւ մօտակայ ժամանակներում կարծում եմ՝ պատերազմի վերսկսումը հանարւոր չէ», նկատեց Մովսէս Յակոբեանը:
Հարցին, թէ բաւարարո՞ւմ է արդեօք միջազգային կառոյցների աշխատանքը՝ հաշուի առնելով այն, որ ադրբեջանական կողմից հրադադարի ցանկացած խախտման ու նաեւ զոհերի դէպքում հնչում են ընդհանուր բնոյթի յայտարարութիւններ՝ Յակոբեանն ի պատասխան նկատեց, որ այդ կառոյցների աշխատանքը իրեն ե՛ւ բաւարարում է, ե՛ւ չի բաւարարում: Ղարաբաղեան հակամարտութեան լուծման շրջանակներում միջազգային կառոյցների գործունէութիւնը ԼՂՀ պաշտպանութեան բանակի հրամանատարին գոհացնում է այնքանով, որ տարածաշրջանում նաեւ նրանց աշխատանքով պայմանաւորուած, խաղաղութիւն է տիրում:
«Նրանց գործունէութիւնը, սակայն, չի բաւարարում այն առումով, որ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներից ու ոտնձգութիւններից յետոյ, իրենք ընդհանուր յայտարարութիւններ են անում: Ի հարկէ, դա ինձ չի բաւարարում, եւ այդ պահին ես ուզում եմ կոնկրետ պատասխան նրանցից: Բայց պէտք է նկատել, որ իրենք մեզ էլ են մեղաւոր ճանաչելու, որովհետեւ հակառակորդի ամէն մի սադրանքին, մենք պատասխանում ենք շատ խիստ եւ մի քանի անգամ աւելի զոհերով», յաւելեց ՊԲ հրամանատարը:
«ՓԱՆՈՐԱՄԱ»