ԳԼԵՆԴԷՅԼ.- Հայ կրթական հիմնարկութիւնը (ՀԿՀ) ուրախութեամբ յայտնում է, որ բոստոնաբնակ դոկտ. Ալբերթ Մելիք Ղասումեանը նուիրել է 34,000 տոլար Արցախի երկու գիւղերի դպրոցներին, եւ 200 հազար տոլար՝ Արցախի պետական համալսարանի հանրակացարանի վերանորոգման համար:
Արցախի պետական համալսարանի աշակերտներն եւ ուսուցչակազմը Մայիս 10ին տօնեցին վերանորոգուած հանրակացարանի շէնքի բացումը: Ներկայ էին Արցախի պետական պաշտօնեաներ, Հայ կրթական հիմնարկութեան վարչութեան անդամներ եւ նախագծի առատաձեռն նուիրատու՝ դոկտ. Ալբերթ Մելիք Ղասումեանը:
Դոկտ. Ղասումեանի նուիրատուութիւնը հնարաւորութիւն արտօնեց ՀԿՀի՝ վերանորոգել հանրակացարանի չորս յարկերը: Չորրորդ եւ հինգերորդ յարկերի վերանորոգումը աւարտուեց եւ ներկայացուեց բացման տօնակատարութեան ընթացքին: Երկրորդ եւ երրորդ յարկերը կ՛աւարտուեն ամրանը: Հանրակացարանի վերանորոգման ծախսերը հոգալուց բացի, դոկտ. Ղասումեանը նաեւ օգնեց հայթայթելու բոլոր սենեակների կահաւորումը, նաեւ՝ ամէն յարկում տրամադրել երկու փոքրիկ խոհանոց:
Բացման տօնակատարութեան ժամանակ, համալսարանի նախագահն ու կրթութեան նախարար դոկտ. Ղասումեանի շնորհեց Արցախի պետական համալսարանի պատուոյ դոկտորայի գիտական աստիճանը: Դոկտ. Ղասումեանը, որ հանրայայտ սրտաբոյժ է եւ Բոստոնի համալսարանի Բժշկական դպրոցի Դեկանի խորհրդական խումբի անդամ, իր պատրաստակամութիւնը յայտնեց մարթասիրական օժանդակութիւն կատարել Արցախի պետական համալսարանի ապագայի նախագծերին: Դոկտ. Ղասումեան նաեւ իր ժամանակը տրամադրեց աշակերտների հարցումներին պատասխանելու եւ հարցրեց նրանց առօրեայ կեանքի մասին համալսարանում, եւ իրենց մասնակցութեանը մասին՝ համալսարանի կրթական ծրագրերում:
Տեղական պարբերաթերթի հետ ասուլիսի ընթացքում, դոկտ. Ղասումեանը ասաց, որ վերանորոգման նախագիծը իր սրտին շատ մօտիկ է, որովհետեւ իր մեծ հայրն ու մեծ մայրը ծնուել էին Արցախում, եւ այս փորձառութիւնը իրեն աւելի մօտեցրեց իր հայկական ժառանգութեանն ու արմատներին:
Հանրակացարանի վերանորոգման նախագծի գործադրումը ղեկավարեց ՀԿՀի վարչութեան անդամ Նշան Փիրումեանը, որը անցեալ տասը տարիների ընթացքում անձամբ տեսակցել եւ ընտրել է գործադիրներին ու վերահսկել է վերանորոգման նախագիծերը: Այս վերանորոգութեան նախագիծը գերազանցնում է Հայ կրթական հիմնարկութեան միջոցով վերանորոգուած դպրոցների ընդհանուր թիւը Հայաստանում, Արցախում եւ æաւախքում՝ աւելի քան 177 դպրոցով:
ՀԿՀը, ինչպէս միշտ, իր ստացած նուիրատուութիւնների 100 տոկոսը տրամադրում է այն նպատակին, որի համար հիմնական նուիրատուութիւնը կատարուել է: «Մենք անչափ շնորհակալ ենք դոկտ. Ղասումեանին՝ իր առատաձեռն նուիրատուութեան համար», ասաց ՀԿՀի ատենապետ Հերմինէ Փախանեանը եւ աւելացրեց. «Դոկտ. Ղասումեանի նման առատաձեռն նուիրատուների շնորհիւ է որ ՀԿՀն անցեալ 61 տարիների ընթացքում կարողացել է նիւթական օժանդակութիւն տրամադրել Հայ ուսանողներին եւ կրաթական հաստատութիւններին»: 2011 թուի տարեշրջանում, ՀԿՀը աւելի քան 445,000 տոլար տրամադրեց բազմաթիւ կրթական նախագծերի համար, որոնց շարքում էին դպրոցների վերանորոգում, կրթաթոշակներ, համակարգիչներ եւ դպրոցական պիտոյքներ՝ Հայաստանի եւ Արցախի գիւղերի դպրոցների համար:
Յաւելեալ տեղեկութիւնների կամ նուիրատուութեանց համար, խնդրում ենք դիմել ՀԿՀի գրասենեակ՝ (818) 242-4154, կամ համացանցային նամակով կապուել aef@aefweb.org կայքին:
ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ
ՀԻՄՆԱՐԿՈՒԹԻՒՆԸ