ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի լիպերալ կուսակցութիւնը որոշում տուած է հեռանալու Հայ Ազգային Կոնգրեսի կազմէն։ Այս մասին յայտարարութիւն տարածեց կուսակցութիւնը՝ նշելով, որ նման որոշումի հիմնական պատճառը ՀԱԿի կողմէ Ազգային ժողովին մէջ 7 աթոռները ընդունիլն է։
«Կուսակցութիւնը գտնում է, որ պէտք է վայր դնել այդ մանդատները եւ չմտնել խորհրդարան: Ազգային ժողովի ընտրութիւններին նախորդող ժամանակաշրջանում եւ դրանից յետոյ կուսակցութեան քաղաքական ակտիւի եւ բազմաթիւ անդամների հետ քննարկումներից, զրոյցներից ելնելով՝ կուսակցութեան քաղաքական խորհուրդը որոշեց, որ ՀԼԿն դուրս է գալիս Հայ Ազգային Կոնգրեսի կազմից՝ այլեւս աննպտակայարմար համարելով կաշկանդուած մնալ ՀԱԿ որոշումների եւ գործողութիւնների շրջանակներում», նշուած է յայտարարութեան մէջ։
«Միեւնոյն ժամանակ կուսակցութեան այն անդամները, ովքեր կը ցանկանան շարունակել իրենց քաղաքական գործունէութիւնը ՀԱԿ շրջանակներում եւ դուրս գալ ՀԼԿից, ազատ են իրենց որոշումների մէջ: Կուսակցութեան հետագայ ծրագրերի եւ անելիքների մասին որոշումները կ՛ընդունուեն 2012ի աշնանը հրաւիրուելիք համագումարում, բազմակողմանի վերլուծութիւնների եւ քննարկումների արդիւնքում:
Հայաստանի լիբերալ կուսակցութիւնը շնորհակալութիւն է յայտնում իր բոլոր գործընկերներին այս տարիների համատեղ աշխատանքի ու միասին անցկացրած օրերի համար՝ մաղթելով նրանց յաջողութիւն»: