ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հոլիվուդի աշխարհահռչակ Փառքի պուրակում աստղերը ոչ միայն շլացուցիչ փայլում են, նաեւ՝ անհետանալու յատկութիւն ունեն: Նման դէպք, յամենայնդէպս, տեղի է ունեցել Ակիմ Թամիրովի (երկու անգամ Օսկարի առաջադրուած հայկական ծագումով դերասան) աստղի հետ՝ Վայն սթրիթի վերանորոգումից յետոյ: Երբ 2010 թուականի Մարտին այդ խորհրդաւոր անհետացման մասին յայտնեցի Հոլիվուդի Առեւտրի պալատին, ինձ սկզբում չհաւատացին՝ հաւանաբար մտածելով, որ դա մի հայի հերթական անյաջող կատակն է միւս հայի նկատմամբ: Սակայն յաջորդ օրը սիրալիր պատասխան ստացայ, որտեղ ասւում էր, որ թիւրիմացութիւն է տեղի ունեցել եւ իսկապէս Թամիրովի աստղը բացակայում է: Իսկ արդէն բոլորովին վերջերս, Ապրիլի սկզբին, աստղը վերականգնեցին նախկին տեղում՝ 1634 Վայն սթրիթ հասցէում:
Իսկ եթէ ես չբացայայտէի՞ «աստղի» բացակայութիւնը:
Հոլիվուդի Առեւտրի պալատից իմ հարցին պատասխանեցին երկարատեւ եւ տանջալի լռութեամբ:
Ներկայացուած ակնարկը հատուած էր Ռաֆայէլ Յակոբջանեանի «Հայերի ճամբորդութիւնը» գրքից: Դրամատուրգ, թատերական գործիչ, գրող-հրապարակախօս Ռաֆայէլ Յակոբջանեանը ստեղծել է իւրատեսակ ժողովածու գրքում ամփոփելով անձնական ճամբորդութիւնների արդիւնքում հայերի ու հայկականի մասին իր բացարիկ բացայայտումները, ներկայացրել է քիչ յայտնի փաստեր աշխարհահռչակ հայերի մասին, հաւաքել օտարների կարծիքը մեր մասին եւ այդ ամէնն արել է մեծ գորովանքով ու սիրով, ինչն առաւել արժէքաւոր է դարձնում ժողովածուն:
Գրքում ընթերցողի առջեւ յառնում է դիմանկարների մի ողջ պատկերասրահ՝ առասպելական Անահիտ աստուածուհու, հայկակական ծագմամբ աշխարհահռչակ Եւգենի Վախթանգովի, Վիլեամ Սարոյեանի, Ռուբէն Մամուլեանի, Արշիլ Գորկու, ինչպէս նաեւ՝ գրող Մայքըլ Առլենի, քանդակագործ Հայ Բատիկեանի, դերասանուհի Թամար Դէյկարխանովայի մասին: Ոչ միայն գրականութեան եւ արուեստի գործիչներն են յայտնուել հեղինակի ուշադրութեան կենտրոնում, նաեւ՝ քաղաքական գործիչներ՝ Խորհրդային Միութիւնից Անաստաս Միկոյեանն ու Կալիֆորնիայի նահանգապետ Ջորջ Դոքմէջեանը: Ռաֆայէլ Յակոբջանեանը իւրովի է ներկայացնում նրանց ներդրումը համաշխարհային պատմութեան մէջ՝ նրանց յաջողութեան գրաւական համարելով այս մարդկանց հաւատարմութիւնը հայ մշակոյթին: Գրքում կարմիր թելի պէս անցնում է Հայոց Ցեղասպանութեան թեման:
«Հէնց այս իմաստուն՝ «հեռուից հայեացքն է» գրքին հաղորդել ճշգրիտ կրքոտութիւն, իր ժողովրդի ճակատագրի պատմական նշանակութեան խորը ըմբռնում՝ թոյլ տալով ընդհանրացում կատարել մէկ առանձին կեանքի օրինակով», իր գրախօսականում նշում է ռուս գրող Գենադի Կալաշնիկովը:
«Հայերի ճամբորդութիւնը» գիրքը գրուած է մէկ հայի կողմից, ով անձական պատասախանատուութիւն է կրում իւրաքանչիւր բառի համար, գրում է հեղինակը եւ առաջարկում բացառիկ, երբեմն դժուար անցանելի ճամբորդութիւն դէպի հայերի աշխարհ: Գիրքը լոյս է տեսել ռուսերէն լեզուով: Հրապարակման են պատրաստւում նաեւ անգլերէն եւ հայերէն օրինակները:
Ներկայացնում ենք «Հայերի ճամբորդութիւնը» գրքի վերջաբանը կրճատումներով:
«Հայաստան՝ հեռու Հայաստանից
«Ես պատրաստւում էի գնալ Բելիզ, Կենտրոնական Ամերիկայի միակ անգլալեզու պետութիւնը: Բելիզցինիները՝ կրէոլներ, մեթիսներ, մայաներ, հարիֆիացիներ ու գերմանացի-մենոնիտներն իրենց երկիրը համեմատում են Նոյեան Տապանի հետ: Նոյը, նրանց հաւաստմամբ, վերածնեց մարդկութեանն ու փրկեց ֆաունան (կենդանական աշխարհը), իսկ իրենց շրջանը, որին անուանում են միայնակ մոլորակ, պահպանեց կուսական ֆլորան (բուսական աշխարհը):
Եւ ինչպէ՞ս չայցելել այդ «բուսական աշխարհի տապան»:
««Ամերիքըն Էրլայն» (American Airline) աւիաընկերութեան 757 Բոինգը, սահուն վայրէջք կատարեց բելիզցի լրագրող եւ քաղաքական գործիչ Ֆ. Գոդսոնի անուան միջազգային օդանաւակայանում: Այստեղ ինձ դիմաւորելու համար մեքենայ պատուիրել էին դեռ Սան Ֆրանցիսկոյում: Անցնելով մաքսային անցակէտից, ես տեսայ յաղթանդամ, թխադէմ տղամարդու մի ցուցանակով, որի վրայ գրուած էր իմ ազգանունը (կարծում եմ, տանջանքով էր գրուած):
Ծանրաքաշ Nissan Amada-ն 50կմ./ժամ արագութեամբ (սա բելիզեան աւտոմեքենաների արագութիւնն է, փոխարէնը փողոցներում չկայ ոստիկանական հսկողութիւն, քանի որ ոստիկանութիւնը յայտնւում է ճանապարհատրանսպորտային պատահարներից յետոյ) սլանում էր երկրի ամենահարաւային շրջանը՝ Պլացենսիա թերակղզու ուղղութեամբ, որ դրախտային երկրի դրախտային անկիւնն է: Ճանապարհը տեւելու էր երեք-չորս ժամ եւ վարորդի հետ ժամանակը մենք կարճում էինք զրոյցով.
«Մենք արդէն անցել էինք կէս ճանապարհը, անցնում էինք Բելմոպանը:
Սըր, Ձեր անգլերէնում թեթեւ ակցենտ է նկատւում: Ծագումով որտեղի՞ց էք: Չէ՞ որ Դուք բնիկ Սան Ֆրանցիսկոյից չէք,- ինձ հարցրեց Թիմոթին (մեքենայի վարորդը):
«Ես Հայաստանից եմ, – պատասխանեցի նրան:
«Թիմոթին անսպասելիօրէն լռեց: Ինձ թուաց, թէ նա ինչ-որ բանից նեղացաւ: Միթէ՞ «Հայաստան» բառը նրան վիրաւորեց: Ես փորձեցի վերսկսել զրոյցը եւ ցոյց տալով հեռուն՝ հարցրեցի.
«- Սրա՞նք են Մայայի լեռները:
«- Ոչ, սրանք Մայայի լեռները չեն, – վարորդի մեղմ ձայնը յանկարծ փոխուեց (հեղ. ձայնում նկատուեցին տամտամի երանգներ)
«Քսան րոպէ անց նա շեշտակի արգելակեց:
«- Ահա Ձեր Հայաստանը սըր, եթէ կարծում էք, թէ կարող էք յիմարի տեղ դնել վարորդին՝ խորապէս սխալւում էք: Ի՞նչ է, Դուք ծնունդով այստեղի՞ց էք, – եւ գլխով արեց դէպի ցուցանակը:
Կանաչ ցուցանակի վրայ սպիտակով գրուած էր՝
Armenia Please drive carefully through the village (Արմէնիա. խնդրում ենք գիւղի միջով զգոյշ վարել):
«Այստեղ ես ծիծաղեցի.
«- Սիրելի Թիմոթի, ես ծնուել եմ ոչ թէ Հայաստան գիւղում, այլ Հայաստան պետութեան մայրաքաղաք Երեւանում: Այժմ քո խնդիրն է ինձ բացատրել, թէ ինչո՞ւ է այս գիւղը կոչւում իմ հայրենիքի անունով:
«Թիմոթին ամօթխած ժպտաց՝ թիւրիմացութիւնը պարզաբանուեց: Սակայն խնդիրը, պարզուեց, հեշտերից չէր:
«- Մի բան գիտեմ, որ Հայաստանում, այսինքն՝ այս Հայաստանում, սալվադորցիներ են ապրում: Նրանք այստեղ են եկել քաղաքացիական պատերազմի տարիներին՝ նախորդ հայիւրամեակի 80ականների կէսերին: Իսկ թէ ինչո՞ւ են նրանք իրենց բնակավայրն անուանել Արմէնիա, եկէ՛ք հարցնենք այ այն տղամարդուն:
«Խօսելու պատրաստակամ «այ այն տղամարդը», ինձ չկարողացաւ հասկացնել անգլերէնով՝ աշխուժօրէն լրացրեց իսպաներէնով: Նրանից ստացած տեղեկութիւնները փոխանցում եմ հակիրճ: Սալվադորում, Սոնսօնատի նահանգում կայ Հայաստան անունով փոքր քաղաք: Սալվադորի փախստականների հիմնական մասն այդ նահանգից են եղել: Գիւղն էլ, հայրենաբաղձութեան արդիւնքում անուանել են իրենց քաղաքի անունով: Վերջում տղամարդը հարցրեց
«- Ի՞նչ է, Ձեզ դուր չի գալիս Արմէնիա բառը: Գեղեցիկ բառ է:
«Բառը ոչ միայն գեղեցիկ է, նաեւ՝ հարազատ ինձ համար: Սակայն, ցաւօք,«այ այն տղամարդը» պատկերացում չունէր իրական Արմէնիայի մասին, թէեւ տեղեակ էր հարեւան Հոնդուրասում Nueva Armenia-ի եւ Էկուադորի Nueva Armenia-ի մասին:
«Առաջին անգամ, կարծես, «Արմէնիա» բառը Նոր Աշխարհում յայտնուել էր Կենտրոնական Կորդիլյերի արեւմտեան լանջերում, Կոլումբիայում:
Այսօր այդ քաղաքը, որի բնակչութեան քանակը գրեթէ հաւասար է բելիզեան ողջ բնակչութեան թուին, Կինդօ նահանգի վարչական կենտրոնն է: Կլիման այնտեղ բարձր լեռնային է, ինչպէս Հայաստանում, սակայն այդ վայրը ենթահասարակածային է:
«Կոլումբիացիները քաղաքը Հայաստան են անուանել հայերի նկատմամբ սուլթան Համիդ երկրորդի գազանութիւններից յետոյ: Հնարաւոր է, որ դա է երկու երկրների դրօշներում առկայ գունային նմանութեան պատճառը: Կուլումբիայի դրօշի գոյներն են՝ դեղին, կապոյտ, կարմիր: Հայաստանինը՝ կարմիր, կապոյտ, ծիրանագոյն: Ի դէպ, վեկսիլոգիայում (դրօշներ, զինանշաններ ուսումնասիրող գիտութիւն) երբեմն հանդիպում են պատահականութիւններ: Իսկ ահա Արմէնիան, որ տեղակայուած է ջունգլիների եւ Կարիբեան ծովի միջնամասում, ինձ համար բելիզեան ճամբորդութեան ընթացքում դարձաւ ոչ միայն աշխարհագրական բացայայտում, այլ՝ իր տեսակով օրինաչափութիւն: Գրեթէ ամէն երկրում, աշխարհի իւրաքանչիւր անկիւնում, փառք Աստծոյ, ինձ վիճակուած չէ հեռու մնալ Արմէնիայից: Իսկ արդեօ՞ք այլ հայերի հետ այլ կերպ է լինում:
«Մարդը ոտքերով պէտք է խրուած լինի իր հայրենի հողում, բայց նրա աչքերը թող դիտարկեն ողջ աշխարհը»: Այս խօսքերը, որ պատկանում են ծագումով իսպանացի սակայն երկար ժամանակ Միացեալ Նահանգներում բնակուած Ջորջ Սանթայեանին՝ ամերիկեան փիլիսոփայութեան դասականին, անկասկած, համաշխարհայնեցման գործընթացի լաւագոյն բնութագրումն են, եւ ամենալաւ պատասխանը բոլոր նրանց, ովքեր «Հայերի ճամփորդութիւնը» գրքիս համար ինձ կը կշտամբեն ազգայնական լինելու մէջ:
Թարգմանութիւնը ռուսերէնից՝ Նանէ Աւագեան
Տեղականք
Ռաֆայէլ Յակոբջանեանը ծնուել է Երեւանում: 1978-1985թ.թ. գլխաւորել է Հայաստանի Ազգային Ակադեմիական թատրոնի գրականութեան բաժինը: 1988-1992թ.թ. եղել է Հայաստանի Թատերական Գործիչների միութեան քարտուղարը: 1992-1998 թ.թ. հիմնադրել եւ նախագահել է Ստանիսլաւսկու եւ Վախթանգովի անուան հիմնադրամները: ԵՈՒՆԵՍՔՕի Թատրոնի Միջազգային ինստիտուտի Հայկական կենտրոնի առաջին նախագահն է:
1994 թուականից մշտական բնակութիւն է հաստատել Միացեալ Նահանգներում:
1995-1996 թ.թ. եռփլ է «էխօ» թերթի հիմնադիրն ու գլխաւոր խմբագիրը (Լոս Անջելես)
1997-2002 թ.թ. «Ասոշիէյթըդ Ինթերնէշընըլ Էնթրըփրայզ»ի գլխաւոր խմբագիր (Լոս Անջելես)::
2002-2009 թ.թ. Սան Ֆրանսիսկոյում գործող ԱՄՆ «Արգուս» հրատարակչատան գլխաւոր խմբագիր:
Հանդիսացել է Լոս Անջելեսում հրապարակուող «Երեւան» ամսագրի գլխաւոր խմբագիր:
Ռաֆայէլ Յակոբջանեանն հեղինակ է աւելի քան երեք հարիւր յօդուածների ու էսսեների (փորձերու-Խմբ.), որոնք հրատարակուել են ռուսերէն, հայերէն, անգլերէն, լիտուերէն, ուկրաիներէն, իտալերէն լեզուներով:
Գրել է Հայաստանի, Ռուսաստանի, Իտալիայի, Լիտուայի, Միացեալ Նահանգների բազմաթիւ հեղինակաւոր պարբերականներում: Ամերիկայում լոյս են տեսել նրա «Բուլվար Հոլիվուդ», «Բեւերլի Հիլզ» եւ այլ գրքոյկները: Բազմաթիւ այլ գրքերի ու պիեսների (թատերախաղերի-Խմբ.)հեղինակ է:
Ռաֆայէլ Յակոբջանեանի գրքերը թարգմանուել են նաեւ լեհերէն, իսկ «Գիշերային թռչունը ցերեկը» եւ «Ես՝ Ռասպուտինի դուստրն եմ» պիէսները 2003, 2004 թթ. բեմադրուել եւ մեծ յաջողութիւն են ունեցել Վարշաւայում՝ Ռաֆայէլ Յակոբջանեանին հռչակելով հայկական մշակոյթի դեսպան Լեհաստանում: