ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»Ի
Մարտի 3ին տարածաշրջանային այցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն այցելեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) եւ Ժակ Ֆորը (Ֆրանսիա), ով այդ պաշտօնում փոխարինել է Ֆրանսիայի՝ երկար տարիների ներկայացուցիչ Բեռնար Ֆասիէին:
Միջազգային միջնորդների իւրաքանչիւր այց ադրբեջանա–ղարաբաղեան հակամարտութեան տարածաշրջան հետաքրքրութիւն է առաջ բերում դիմակայութեան կողմերի հասարակայնութեան մօտ ու, թերեւս, կարգաւորման գործընթացում գոնէ չնչին առաջխաղացման հասնելու որոշ յոյս ծնում:
Սակայն յանուն անաչառութեան հարկ է նշել, որ կողմերի հասարակութիւններում նաեւ թերահաւատութիւնն է նկատելի հիմնախնդրի լուծման հեռանկարների նկատմամբ, որի պատճառները հակամարտութեան կողմերից իւրաքանչիւրը իւրովի է մեկնաբանում: Ինչպէս էլ դա լինի, իրողութիւնն այն է, որ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը շարունակում են մնալ իրենց դիրքերում, ինչը լաւատեսութեան համար տեղ չի թողնում:
Եթէ վերանալու լինենք բուն ադրբեջանա–ղարաբաղեան հակամարտութիւնից եւ զուտ մտահայեցօրէն դատենք, ապա սեփական դիրքորոշումը պաշտպանելն, ընդհանրապէս, դատապարտելի բան չէ, քանզի իւրաքանչիւր կողմ, եւ դա լիովին բնական է, պէտք է որ իր շահերը պաշտպանի: Եւ եթէ նա իրօք շահագրգռուած է այս կա՛մ այն հիմնախնդրի լուծմամբ, ապա պէտք է նաեւ իր ընդդիմախօսի շահերը յարգի: Բայց ահա ադրբեջանա–ղարաբաղեան հակամարտութեան դէպքում վերացական մտահայեցական տեսութիւնը չի գործում, քանի որ պաշտօնական Բաքուն ոչ միայն ցինիկաբար քամահրում է Լեռնային Ղարաբաղի շահերը, այլեւ նոյնիսկ չի թաքցնում նրան լիովին ոչնչացնելու մտադրութիւնը: Ինչը, հասկանալի է, ԼՂՀ ղեկավարութեան համապատասխան վերաբերմունքը չյարուցել չի կարող:
Ադրբեջանի հետ յարաբերութիւնների նորմալացման թեման շօշափուել է նաեւ Ստեփանակերտ միջնորդների կատարած ներկայիս այցի ընթացքում: ԼՂՀ Նախագահ Բակօ Սահակեանի դիրքորոշումը եղել է առաւելագոյն չափով կոնկրետ. առանց բանակցութիւնների լիարժէք ձեւաչափի վերականգնման եւ բանակցային գործընթացի բոլոր փուլերին ԼՂՀի լիիրաւ մասնակցութեան՝ հակամարտութեան համապարփակ կարգաւորման հասնել չի կարելի: Իրօք, ինչպէ՞ս կարելի է ադրբեջանա–ղարաբաղեան յարաբերութիւնների կարգաւորում յուսալ, չխօսելով արդէն բուն հակամարտութեան լուծման մասին, եթէ Ադրբեջանը, օբյեկտիւ (առարկայական-Խմբ.) իրողութիւնները քամահրելով, մտադիր չէ հաշուի նստել Լեռնային Ղարաբաղի հետ:
Ինչպէս Ստեփանակերտում լրագրողներին հաղորդել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԼՂՀ Նախագահի հետ զրոյցում քննարկուել է նաեւ այս տարուայ Յունուարին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից յետոյ ստեղծուած իրադրութիւնը: Յայտնի է, որ այն ժամանակ ընդունուած՝ նախագահների համատեղ յայտարարութեան մէջ որպէս վստահութեան ամրապնդման միջոցներից մէկն է անուանուել կողմերի միջեւ հումանիտար շփումների զարգացումը, մասնաւորապէս՝ երկխօսութեան հաստատումը մտաւորականութեան, գիտական ու հասարակական շրջանների ներկայացուցիչների միջեւ: Առանց, այսպէս կոչուած ժողովրդական դիւանագիտութիւնն իդէալականացնելու՝ այնուամենայնիւ նշենք, որ այն եւս որոշ չափով ընդունակ է թուլացնել լարուածութիւնը հակամարտութեան կողմերի յարաբերութիւններում: Սակայն նոյնիսկ հումանիտար բնոյթի միջոցներն է պաշտօնական Բաքուն յաջողացնում քաղաքականացնել՝ ընդհանուր առմամբ բարի ցանկութիւնները վերածելով բացայայտ սրբապղծութեան: «Մենք հաւատում ենք, որ դա լաւ նախաձեռնութիւն է, որովհետեւ շատ կարեւոր է, որ հանրութիւնն իմանայ, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի բաղկացուցիչ մասն է հանդիսանում: Ինչքան աւելի յաճախակի հանդիպեն Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական ու հայկական համայնքների ներկայացուցիչները, այնքան աւելի շուտ դա թոյլ կը տայ խաղաղութիւն եւ կայունութիւն բերել տարածաշրջան»,- սա թարմ մէջբերում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդեարովից:
Ինչպէս ընդունուած է ասել նման դէպքերում, մեկնաբանութիւններն աւելորդ են: Բայց մենք, այնուամենայնիւ, մեզ թոյլ կը տանք մեկնաբանել ադրբեջանական նախարարի խօսքերը: Ադրբեջանը շատ լաւ գիտէ այն մասին, որ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում Լեռնային Ղարաբաղը ճանաչուել է որպէս հակամարտութեան լիիարաւ կողմ: Աւելին, Ադրբեջանի իշխանութիւններն՝ ի դէմս հանգուցեալ Հէյդար Ալիեւի, պատերազմի տարիներին, երբ ադրբեջանական ստորոբաժանումները ճողոպրում էին Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան բանակի հարուածների տակ, բազմիցս է կրակի դադարեցման մասին աղերսագին խնդրանքով ուղղակիօրէն դիմել ոչ թէ, այսպէս կոչուած՝ հայկական համայնքին, այլ ԼՂՀ ղեկավարութեանը: Երեւում է՝ պաշտօնական Բաքուն լրջօրէն ախտահարուած է ամնեզիայով, եթէ չափից դուրս արագ է մոռացել իր ազգային առաջնորդի նամակագրական հակումների մասին եւ արդէն առաջին անգամ չէ, որ փորձում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնն իջեցնել համայնքի մակարդակին: Դեռ աւելին, պաշտօնական Բաքուն, հակառակ իր ստանձնած միջազգային պարտաւորութիւնների եւ ի հակասութիւն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկած կարգաւորման հայեցակարգի, շարունակում է միլիտարիստական (ռազմապաշտ-Խմբ.) քաղաքականութիւնը եւ հիմնախնդրի լուծման համար առաջ քաշում «կամ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, կա՛մ՝ պատերազմ» վերջնագրային սկզբունքը: Այլ խօսքով՝ շարունակում է «Ղարաբաղը վերադարձնելու» ցնորական յոյսեր փայփայել: Բայց, աւելի շուտ, դա «ուրախ դէմք է տանուլ տուած խաղի ժամանակ»: Սաստիկ վատ խաղի: Եւ ամենեւին պատահական չէ, որ ԼՂՀ Նախագահ Բակօ Սահակեանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ յիշեալ հանդիպմանն առաձնայատուկ կերպով ընդգծել է, որ խօսք անգամ լինել չի կարող Արցախի անկախութեան եւ անվտանգութեան նոյնիսկ աննշան թուլացման մասին: Դրանում էլ կայանում է ղարաբաղեան կողմի կենսական շահը, որն արտացոլում է ԼՂՀ ժողովրդի կամքը:
Ընթացիկ ամսում լրանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծման 20 տարին: Առայժմ նրան չի յաջողուել կատարել իր հիմնական առաքելութիւնը, այն է՝ լուծել ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութիւնը: Ինչպէս Ստեփանակերտում նշել են միջնորդները՝ Մինսկի խմբի գլխաւոր ձեռքբերումն է պատերազմի վերսկսումը թոյլ չտալը: Իսկ հակամարտութեան կարգաւորման վրայ աշխատանքը շարունակւում է, բայց, խոստովանեցին նրանք, լուծումը դեռեւս հեռու է: Ասենք, վերը շարադրուածի հաշուառումով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից այլ խոստովանութիւն չէր էլ սպասւում: