ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Տնտեսական ճգնաժամը աներկբայօրէն ազդել է նաեւ մարդկային յարաբերութիւնների վրայ: Տարօրինակ լակմուսի թեսթ կարելի է համարել ներկայ իրավիճակը. օրինակ, երբ մէկը փող է պարտք եւ առանց ամաչելու նոյնիսկ իմաց չի տալիս պարտատիրոջը, թէ չի կարողանայ ժամանակին վերադարձնել պարտքը, խուսափում է նրանից, զանգերին չի պատասխանում, եւ այլն: Ծանր պայմաններում երեւում է մարդկային իրական դէմքը, գուցէ ներկայ օրերը փորձութի՞ւն են Բարձրեալի կողմից մեզ առաքուած:
Մի հետաքրքրական դէպք լսեցի վերջերս, երբ ընկերներիցս մէկը պատմեց, թէ իր ծանօթը ինչպէ՛ս էր չքուել աշխարհի երեսից, երբ ընկերս խնդրել էր վերադարձնել իր 4000 դոլարը, որ տարիներ առաջ նրան էր տուել: «Ասացի, եթէ այդ դրամը չստանամ, տնից դուրս շպրտուելու վտանգի առաջ կարող եմ կանգնել եւ ակնկալած օրը նոյնիսկ մի զանգ չստացայ, թէ չի կարողանում դրամս վերադարձնել», ասաց, նկատելիօրէն տխրելով, թէ ե՛ւս մի մարդ էր կորցրել իր մտերիմների շրջանակից: Դէ եթէ մեզ պէս սովորական անհատների մօտ է նման հարցեր առաջանում, պատկերացրէք, թէ մեծահարուստներն ինչպիսի՛ գլխացաւանքների առաջ են կանգնում: Նրանց տարաձայնութիւնները շատ աւելի աղմկոտ են ու յաճախ ցաւալի են աւարտւում:
Այս օրերին մամլոյ էջերում կարդում ենք, թէ ինչպէ՛ս «Ուինն Րիզորթս Լիմիթիդ» ընկերութեան սեփականատէր Սթիւ Ուիննը կտրուկ խզել է իր յարաբերութիւնները իր ճափոնացի երբեմնի գործընկերոջ՝ Քազուոյ Օքադայի հետ, ով յայտնի է որպէս խաղասրահների արքայ՝ յատկապէս արեւելեան կիսագնդում: Իսկ հակամարտութիւնն սկսուեց այն բանից յետոյ, երբ մի սովորական օր պարոն Օքադան մի ելեկտրոնային հաղորդագրութիւն ստացաւ, թէ Սթիւ Ուիննը այլեւս հետաքրքրուած չէ իրենց համագործակցութիւնը շարունակելու, եւ «Ուինն Րիզորթս Լիմիթիդ» ընկերութիւնը գնելու է Օքադայի ունեցած 20 տոկոս չափաբաժինը այսպէս կոչուած՝ «ջրի գնով», իսկ ամենակարեւորը, որ Օքադան արդիւնքում առաջացած կանխիկ դրամի մի զգալի մասը կը ստանայ առաջիկայ 10 տարիների ընթացքում: Պարոն Օքադային ամբաստանում են, թէ վերջինս Ֆիլիպիններում ապօրինի գործարքներ էր կնքել, այնտեղ խաղատներ հիմնելու ակնկալիքով: Ճապոնացին ժխտում է ամէն տեսակի ամբաստանութիւն, փոխարէնը յայտարարելով, թէ իր հետ հաշուեյարդար են տեսնում, քանի որ նա վերջերս Ուիննի՝ Մակաու կղզու մասնաւոր համալսարաններից մէկին կատարած 135 միլիոն դոլարի նուիրատուութիւնը հարցականի տակ էր առել, դատական հայց ներկայացնելով այս գործառութեան կապակցութեամբ: Հետաքրքրասէրներին տեղեկացնեմ, որ վերջին տարիների ընթացքում Մակաուի խաղատների բերած եկամուտը մի քանի անգամ գերազանցում է Լաս Վեգասի խաղատներից առաջացած եկամտին: Ընդհանրապէս այս օրերին ասիական խաղատները շատ աւելի գրաւիչ են դարձել ներդնողների համար:
Պարոնայք Օքադան եւ Ուիննը մտերմացան այն բանից յետոյ, երբ 2000 թուականին մեր հայրենակից ԳըրԳ Գըրգորեանի «Էմ.-Ճի.Էմ» ընկերութիւնը գնեց Ուիննի «Միրաժ Րիզորթս Ինքորպորէյթիդ» ընկերութիւնը: Օքադան 260 միլիոն դոլար ներդրեց Սթիւ Ուիննին պատկանող «Ուինն Րիզորթս» ընկերութիւնում, որ այն ժամանակ մի փոքրիկ խաղատուն էր տնօրինում Լաս Վեգաս պողոտայի վրայ, որի տարածքում խոյացաւ Ուինն հսկայ հիւրանոց խաղատունը: Յետագայում Օքադան եւս 160 միլիոն դոլարի ներդրում իրականացրեց համատեղ ընկերութիւնն առաւել հզօրացնելու ակնկալիքով: 2006 թուականին Ուիննը բացեց իր առաջին խաղատունը Մակաու կղզում, որին յաջորդեց երկրորդը՝ մի քանի տարի անց: Այսօրուայ դրութեամբ ընկերութեան ընդհանուր եկամտի 70 տոկոսը գալիս է հէնց այս 2 խաղատներից: Ուիննի փաստաբանները պնդում են, թէ Օքադան վերջերս աւելի քան 100,000 դոլարի ապօրինի նուիրատուութիւններ է կատարել Ֆիլիպինցի մի պետական բարձրաստիճան պաշտօնեայի համար Ուիննի՝ Մակաուի խաղատանը նրան թանկարժէք հիւրասենեակ եւ դրամ տրամադրելով: Այս պաշտօնեան, ոմն Քրիստինօ Նագուիյաթ, ընդունում է, որ անվճար է ապրել հիւրանոցի շքեղ համարում եւ սնուել է դարձեալ անվճար, բայց ժխտում է դրամ ստանալու փաստը, միաժամանակ աւելացնելով, թէ անվճար սենեակ եւ սնունդ ստանալու գաղափարը նորութիւն չէ իրենց բնագաւառում: Հարկ է նշել նաեւ, թէ պարոն Նագուիյաթը հէնց այն պաշտօնեան է, որի ստորագրութեամբ Ֆիլիպիններում կարելի է խաղատուն հիմնելու թոյլատուութիւն ստանալ:
Եւս մի հետաքրքրական փաստ. բաւական վերջերս մի համատեղ հարցազրոյցի ընթացքում Ուիննը նշել էր, թէ անվերապահօրէն վստահում է իր ճափոնացի գործընկերոջը: Դատական կատաղի պայքարը մտել է միջազգային թատերաբեմ:
Նորութիւն չէ գործընկերների միջեւ սեւ կատու անցնելու փաստը, եւ մարդկութեան պատմութիւնը լի է այնպիսի դէպքերով, երբ ամենայաջողակ ընկերութիւններն անգամ ներքին կատաղի պայքարի յորձանուտի մէջ են նետուել համասեփականատէրերի տարաձայնութիւնների պատճառով: Սակայն վերջերս նման յանկարծակի ընդվզումներն աւելի յաճախակի են դարձել: Ըստ երեւոյթին տնտեսական ճգնաժամը աւելի խիստ պայմաններ է թելադրում դրամատիրական աշարհի «շնաձկներին» եւ նրանք պարտաւոր են է՛լ աւելի խստացնել խաղի կանոնները, իսկ այս ճանապարհին չեն խնայում ոչ եղբօր, ոչ էլ հարազատի, էլ ուր մնաց՝ գործընկերոջ: Գուցէ միամիտ ու ծիծաղելի կը թուայ իմ հետեւեալ միտքը, թէ արդեօք փող աշխատելու մոլուցքից կուրացած ինչպէ՞ս են կարողանում շուտափոյթ մոռացութեան մատնել ամէն ինչ, այդ թւում նաեւ՝ մարդկային յարաբերութիւնները, մի կտոր ՀԱՑԸ, որ երբեմնի կիսել են իրար հետ: Որտե՞ղ է փողը դադարում միջոց դառնալուց, եւ դառնում է հրէշ, որ ստրկացնում է մարդ արարածին:
Այս նիւթը պատրաստ էր ընթերցողի դատին յանձնուելու, երբ զարմանքով տեղեկացայ մի շատ տարօրինակ միջադէպի մասին: Իտալիայի շքեղ հանգստավայրերից մէկում վերջերս պետական հարկային մարմինները կանգնեցրել են թանկարժէք ինքնաշարժների վարորդներին եւ ստիպել են բացայայտել, թէ անցեալ տարի որքա՞ն պետական տուրք են վճարել իրենց եկամուտներից: Պարզուել է, թէ աւելի քան 100,000 եուրօ արժողութեան ինքնաշարժի բազմաթիւ տէրեր տարեկան 30,000 եուրոյի եկամուտ են ցոյց տուել նախորդ տարի, իսկ այսպիսի մարդկանցից մէկը 60 տոկոս աւելի էժան էր վաճառել իր թանկարժէք աւտոմեքենան, որպէսզի խուսափի հնարաւոր պատասխանատուութիւնից: Ակամայից յիշում եմ Խորհրդային կարգերը, ուր մարդկանց համապատասխան «բաժին» էին հրաւիրում, պարզելու նրանց եկամտի աղբիւրը: Չեմ զարմանայ, եթէ նման «փորձառութիւնը» նաեւ արեւմուտք հոսի:
Տնտեսական ճգնաժամը շատերին է ստիպում յարմարուել նոր պայմաններին, եւ ինչպէս երեւում է, աշխարհի հարուստներն էլ են այս ազդեցութեան զոհերը դառնում: Իսկ նման պարագայում գուցէ ամենաճիշդը կենսակերպի վերանայումն է, պարզապէս ընդունելով նոր իրավիճակի թելադրանքները, ու յարմարուել առկայ պայմաններին: Միթէ՞ գաղտնիք է, որ աշխարհի միլիոնաւոր մարդիկ օրուայ հացի կարօտ են, եւ նոյնիսկ այդ պայմաններում նրանցից շատ շատերը հերոսաբար պահպանում են իրենց ինքնասիրութիւնն ու բարի անունը: Իսկապէս, ի՞նչ ենք տանելու այս աշխարհից: