«ԵՐԿԻՐ»
Ըստ 2001 եւ 2011 թուականներին անցկացուած մարդահամարների համեմատական արդիւնքների՝ անցած տասը տարուայ ընթացքում Հայաստանից արտագաղթել է մօտ 600 հազար մարդ: Փաստօրէն, 10 տարուայ ընթացքում կորսուել ու վատնուել է մարդկային ռեսուրսների մօտ 16-17 տոկոսը: Ասել, թէ սրանք սահմռկեցուցիչ թուեր են, նշանակում է՝ չասել ոչինչ:
Արտագաղթն արդէն վաղուց վերածուել է համապետական աղէտի, ազգային անվտանգութեանը սպառնացող թիւ մէկ մարտահրաւէրի: Եթէ նկատի ունենանք, որ առաւել ինտենսիւ (մեծ թափով-Խմբ.) արտահոսքը տեղի է ունեցել յետճգնաժամային 3 տարիներին, առկայ ժողովրդագրական ներկայիս խղճուկ պատկերի պատասխանատուութեան մեծ մասն ընկնում է այս իշխանութիւնների ուսերին:
Մինչ երկրի վարչապետը մարդկանց արտահոսքը սքօղում էր՝ վերագրելով մարդկանց արտագնայ աշխատանքին, հանրապետութեան նախագահը յայտարարում էր, որ եթէ պետական մարմիններն աւելի ինտենսիւօրէն հակառակը համոզեն բնակչութեանը, արտագաղթի խնդիր չի լինի առհասարակ: Զարգացող մտացածին երկիր ներկայացնելու, դրանով ինքնասփոփուելու, վարուող անհասկանալի սոցիալ-տնտեսական քաղաքականութեան, անվստահութեան, անարդարութեան եւ անպատժելիութեան մթնոլորտ ձեւաւորելու արդիւնքը սա էր լինելու: Բայց որքան էլ ցաւալի է, դրա համար ոչ ոք պատասխանատուութիւն չի կրելու: