ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Աշխարհի հարիւրից աւելի հեղինակաւոր պատկերասրահները Լոս Անջելեսի «Քոնվենշըն Սենթր»ում (Convention Center) Յունուարի 19-22 կը ներկայացնեն համաշխարհային արուեստի լաւագոյն նմոյշներ: Նկարչութիւն, քանդակագործութիւն, լուսանկարչութիւն, ինստալիացիարներ (տարածական արուեստի ճիւղ-Խմբ.), եւ այս ամէնը 17րդ միջազզգային Լոս Անջելես «Արթ Շօ»ի (LA Art Show) ժամանակ իսկական տօն են խոստանում բարձր արուեստի սիրահարներին:
Արուեստի հանրագիտարան յիշեցնող այս «շօ»ն Պաբլօ Պիկասոյի, Կամիլ Պիսարոյի, Արշիլ Գորկիի, Էնդի Ուորհոլի, Ֆեռնանդօ Բոտերի կողքին ներկայացնում է տարբեր մայրցամաքների ժամանակակից ամենաճանաչուած արուեստագէտների գործեր:
Հեղինակաւոր այս ցուցահանդէսին առաջին անգամ մասնակցելու հրաւէր է ստացել հայկական պատկերասրահ Լոս Անջելեսում գործող «Մուրադեան Գելըրի»ն: Հայկական տաղաւարում կը ներկայացուեն ժամանակակից կերպարուեստի յայտնի եօթ հայ նկարիչներ՝ Էմիլ Գազազը, Սեմ Զումեանը, Վահէ Պէրպէրեանը, Կիկին, Սարգիս Համալբաշեանը, Սեմ Սագան ու Սեւ Բլեքը:
Համաշխարհային արուեստի այս ցուցահանդէսին հայկական պատկերասրահի մասնակցութիւնը «Մուրադեան Գելըրի»ի տնօրէն Գրիգոր Մուրադեանը համարում է պատմական իրադարձութիւն եւ խորհուրդ է տալիս ներկայ գտնուել այս բացառիկ միջոցառմանը:
Տեղեկանք: 1991ից Լոս Անջելեսում գործող «Մուրադեան Գելըրի»ն (Mooradian Gallery) ներկայացնում է ժամանակակից հայ արուեստագէտների:
Պատկերասրահում ցուցադրւում են նաեւ 20րդ դարի հայ ճանաչուած նկարիչների՝ Մարտիրոս Սարեանի, Ալեքսանդր Բաժբէուկ Մելիքեանի, Յարութիւն Կալենցի, Մինաս Աւետիսեանի, Վրոյր Գալստեանի, Աշոտ Յովհաննիսեանի, Յակոբ Յակոբեանի եւ Գայիանէ Խաչատրեանի գործերը: Գործունէութեան ընթացքում «Մուրադեան Գելըրի»ն մասնակցել է միջազգային բազմաթիւ ցուցահանդէսների: