ԱՆՈՒՇ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ-ՀՈՎԵԱՆ
Դաւթեան-Մարիամեան Կրթական հաստատութիւնը ակունք է առել Պարսկաստանի Դաւթեան տղայոց եւ Մարիամեան օրիորդաց դպրոցների հայեցի դաստիարակութեան ու պայքարունակ ոգու ցոլացումով ու խորհուդով: Ոգու դրսեւորման հիմնական ենթահողը նախ հայ ընտանիքն է, ուր կերտւում է անհատի «Ես»ը, ապա հայոց դպրոցները եւ հայոց լեզու դասաւանդող ուսուցիչ-ուհիները, որոնք զինուած գիտելիքներով, հայապահպանման ու հայրենասիրական վեհ գաղափարով եւ արուեստաբոյր ոճով ներարկում են այն աշակերտութեան սրտերում: Այստեղ, իբրեւ «Մարիամեան» դպրոցի սանուհի՝ երախտապարտութեամբ եմ ուզում յիշատակել մեր սիրելի ուսուցիչ, բանաստեղծ եւ դաստիարակ Ոոտանիկի քերթուածքներից՝ «Դպրոցական Հիմն»ը: Նա հայկական դպրոցները նմանացնելով սուրբ տաճարի՝ հիւսում է այս իմաստալից երգը.
Շէնքն սրբազան հին է ու
հաստատ
Որ թողել են մեզ նախնիքները մեր.
Որպէս ոսկեղնիկ մի լեզուի աւանդ
Ու Մեսրոպեան փառք՝
լուսարձակ տառեր:
Ու մենք ահա վառ, աշխոյժ ու խնդուն
Դարում գծուած պատմութեան ճամբով
Գնում ենք դէպի լոյս ու
գիտութիւն.
Նոյն բազմաբարբառ ու քաղցր լեզուով:
Ծփում է արդէն մեր հոգու վրայ
Խօսքը ճշմարտի, ազնիւ ու արդար.
Որ սերտում ենք մենք աղջիկ ու տղայ,
Այս սուրբ ՏԱՃԱՐՈՒՄ՝ նոր կեանքի համար:
Տասնամեակներ շարունակ երգուել ու սերնդէ սերունդ փոխանցուել, առաջնորդել ու ոգեւորել է մեզ: Բանաստեղծութեան ոլորտներում խտացուած է դարերում գծուած պատմութիւնը, որ դրոշմուել է մեր սրտում ու մեզ պահել անշեղ ու հաւատարիմ մեր մշակութային սկզբունքներին: Այս ոգին սփռուելով տիեզերքում՝ շարունկում է քայլել գծուած ճամբով՝ օրըստօրէ ընդլայնելով հայոց լեզուի դասաւանդութեան եւ հայկական մշակոյթի տարածման քարքարոտ դաշտը: Հպարտութեամբ պէտք է շեշտել, որ այսօր ԴՄ Կրթական հաստատութիւնը՝ կառչած իր նպատակասլաց, վսեմ գաղափարին՝ Քալիֆորնիա նահանգի տարածքում գտնուող աւելի քան 32 հանրային դպրոցներում հիմնել է արտադասարանային հայերէնի եւ մշակոյթի դասարաններ: Աւելի քան 24 տարի է, որ ԴՄ Կրթական հաստատութիւնը, իր վարչական, ուսուցչական եւ գրասենեակի անձնակազմով, յանուն մատղաշ սերնդի հայեցի դաստիարակութեան, ոչ մի ճիգ ու ջանք չեն խնայում, որ հանրային դպրոցներ յաճախող հայ աշակերտներ ներգրաւեն հայերէնի դասընթացներում: Որպէսզի փոքր ինչ չափով գաղափար կազմել ԴՄ Կրթական հաստատութեան գործունէութեան խիստ օգտակար ու լայնածաւալ աշխատանքի մասին, թւում ենք այն դպրոցների անունները, ուր հիմնուել է հայոց լեզուի ու մշակոյթի դասընթացները: Գլենդէյլի տարրական դպրոցներ՝ æան Մարշըլ, Թովմաս æեֆֆըրսըն, Բալբօա, Կոլոմբոս, Ռ.Դ. Վայթ, Մարք Քեփըլ, æան Միոր, Ֆրիմընթ, Վերդուգօ Ուուդլանդըս, Հորէս Մընն, Գլենոքս: Գլենդէյի Միջին կարգի դպրոցներ՝ Թոլ եւ Ուիլսըն: Բըրբենքի տարրական դպրոցներ՝ Էմըրսըն, Միլըր, æեֆֆըրսըն: Լա Քրեսենթա՝ Լինքոլըն, Լաքրասենթա, Մոնթէյն Աւենիու, Դանսմոր: Թահանգա՝ Մոնթէյն Վիու, Փայնվուդ: Գրանադա Հիլզ՝ Վան Գոխ: Նորթ Հոլիվուդ՝ Սաթիքօ, Արվին: Փորթըր Ռանչ՝ Քասըլ Բէյ Լայն: Սանլանդ՝ Սանլանդ: Լա Քանիադա՝ Լըրնինգ Քասըլ:
Բոլորիս համար պարզ է, թէ ինչքա՛ն դժուար է Ամերիկայի այս շլացուցիչ մթնոլորտում դասաւանդել հայկական գիր, գրականութիւնը եւ մշակոյթը: Ձուլման աղէտը մեծ է, ու նրա դէմ պայքարելու միջոցները՝ սահմանափակ: ԴՄ Կրթական հաստատութեան տրամադրուած հնարաւորութիւնները անհամեմատելի են հանրային դպրոցներում անգլերէն լեզուի եւ յարակից առարկաների դասաւանդութեան պայմանների ու միջոցների հետ: Դա հասկանալի է մեզ համար, բայց մեր փոքրիկների համար՝ յաճախ անհասկանալի. նրանք օրուայ ընթացքում վարժւում են Ամերիկեան մեթոտին, եւ սիրով չեն մասնակցում հայերէնի արտադասարանային դասընթացներին: Այստեղ է, որ ծնողները պիտի քաջալերեն, ոգեւորեն երեխաներին ու նրանց բացատրեն մայրենի լեզուն սովորելու անհրաժեշտութիւնը: Սակայն այս բոլոր դժուարութիւնները յաղթահարելու համար, ԴՄ Կրթական հաստատութիւնը աշխատել ու շարունակում է պայքարել դէպի աւելի կատարեալին: Դրա փայլուն ապացոյցը արտացոլւում է՝ տարեվեջի եւ աւարտական հանդէսների ոլորտներում:
Յունիս ամսուայ ընթացքում, վերոնշեալ բոլոր դպրոցներում տեղի են ունենում տարեվերջի հանդէսներ, որոնք վայելում են առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսեանի հովանաւորութիւնը եւ նրա տնօրինութեամբ Քահանայեաց դասի ներկայութիւնը, որոնք աղօթքով ու օրհնանքի խօսքերով քաջալերում են ներկաներին:
Այս տարի առիթն ունեցայ ներկայ գտնուելու Դանսմոր, Գլենոքս եւ Լինքոլըն դպրոցնորի տարեվերջի հանդէսներին: Գնահատելի է եւ յուսադրիչ, որ երեք դպրոցներում էլ, եռուզեռը ակնբախ էր. ուսուցչուհիները եւ ծնողները ձեռք-ձեռքի տուած՝ ճիգ ու ջանք չէին խնայել միջոցառումը յաջողեցնելու համար: Երեք դպրոցներում էլ բեմայարդարումը խնամուած էր ու խորհրդանշական…
Բեմի ճակատը զարդարել էր Եռագոյնը եւ Այբուբենը, իսկ բեմի երկու անկիւններից կարծես մեզ հետ ժպտում էին Մեսրոպ Մաշտոցի ու Վարդան Մամիկոնեանի պատկերները: Աշակերտ-ուհիների սեւ ու սպիտակ համազգեստի կրծքին փակցրած Եռագոյնը գեղեցկացնում էր նրանց ելոյթը: Ընտրուած էին իմաստալից արտասանութիւններ՝ «Հայոց տառեր», «Մեսրոպ Մաշտոց» եւ այլ 45 ելոյթներ: Երգերի ու ոտանաւորների երանգներով մեկնաբանւում էր ԴՄ Կրթական հաստատութեան տեսլականը: Երեք հանդէսներին էլ ներկայ էին Կոմիտաս քհնյ. Բաբումեանը, վարչութեան կողմից Սայադ Բաբումեանը եւ նախագահ Վահիկ Ծատուրեանը:
Տօնական էր հանդէսների մթնոլորտը: Ծնողները, տատիկ-պապիկները ուրախ էին, որ իրենց բալիկները խօսում, երգում ու արտասանում են հայերէն: Իսկ իմ ուրախութեանը չափ չկար, երբ թոռնիկներս, լայն ժպիտը դէմքերին՝ ինձ ցոյց տուին իրենց գնահատագրերը:
ԱՒԱՐՏԱՀԱՆԴԷՍ
Շաբաթ, Յունիս 18, 2011ի երեկոյեան ժամը 4ին, Դաւթեան-Մայրիամեամ Կրթական հաստատութեան (ԴՄԿՀ) աւարտահանդէսն էր, որ տեղի ունեցաւ «Pacific Community Center»ի հանդիսասրահում: Հետաքրքիր, առանձնայատուկ եւ յոյս ներշնչող միջոցառում էր: Իմի էին եկել տարբեր դպրոցներից (վերը նշուած) հայոց լեզուի դասընթացներին մասնակցող ու տարրական կրթութիւնը աւատող 80 աշակերտ-ուհիներ: Սրահը լեփ-լեցուն էր, ներկայ էին առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսեանի ներկայացուցիչ Տ. Միւռոն Ազնիքեան, Հայաստանի հիւպատոսարանի ներկայացուցիչը, Գլենդէյլի Միացեալ դպրոցների կրթաշրջանների նախագահ Ճոլին Ուոկնըր, խորհրդատու Նայիրի Նահապետեան եւ Կրեկ Կրեկորի, քաղաքապետ Լաուրա Ֆրիտմըն, ինչպէս նաեւ միութիւնների, կազմակերպութիւնների ներկայացուցիչներ եւ ուսուցիչներ:
Օրուայ հանդիսավարն էր ԳՄԴ փոխտեսուչ Կատարինէ Ֆոնտուքեան-Թորոսեանը. նա ողջունելով հիւրերին՝ բեմ հրաւիրեց ԴՄԿՀ ուսցչուհի Մարինէ Աղդաշլու-Աբրահամեանին, եւ նա կատարողական արուեստի բարձրօրակ մակարդակով, երգեց ԱՄՆի ու ՀՀի հիմները, որից յետոյ Նայիրա Քելթիկեանը ընթերցեց ՀՀ սփիւռքի նախարարութեան գնահատագիրը:
Ապա յայտագիրը շարունակուեց զանազան դպրոցների՝ աշակերտական, ուսուցչական եւ ԳՄԴԿ ներկայացուցիչների ելոյթներով, որոնցից նշում ենք մի քանիսը. «Ձօն ուսուցիչներին», «Ես Իմ Անուշ Հայաստանի», «Սփիւռք», «Ախր ես ինչպէ՞ս վեր կենամ գնամ», քերթուածները. աշակերտական երգչախումբը կատարեց «Հրաժեշտ դպրոց» երգը: Յուզումնալից եւ խոստմնալից էր «Շրջանաւարտների ուղերձ»ը, որ ըմբռնումով ու սահուն ոճով կարդացին Մարք Քեփըլ դպրոցի աշակերտներ Դաւիթ Աճէմեանը եւ Սեւան Լիւքը: Մէջ ընդ մէջ ԴՄԿՀ «Անուշ» պարախումբի աշակերտները բեմահարթակը զարդարեցին իրենց պարական «Մազուրկա» ու «Փափուրի», ելոյթներով: Հայրերի օրուան առիթով, ուսուցչուհի Լիանա Մարտիրոսեանը, համոզիչ կատարումով մեկնաբանեց «Հայրիկ» երգը:
Դաստիարակչական եւ իմաստալից էր Ուսուցչական կազմի ուղերձը, զոր փոխանցեց ուսուցչուհի Կիմա Կիրակոսեանը: Նա շնորհաւորելով շրջանաւարտներին, ծնողներին, պապիկներին ու տատիկներին՝ հայոց լեզուի դասընթացները աւարտելու կապակցութեամբ՝ դա կեանքի ամենակարեւոր քայլը համարելով՝ ասաց «Պահանջելու պէս խնդրում եմ՝ շարունակէ՛ք վառ պահել հայոց լեզուի լուսատու ջահը, որ վառել են ձեր ուսուցիչները ձեր սրտերում: Եղեք ու մնացէք մեր հայրենիքի զինուորը: Ուր էլ գնաք, ինչ էլ դառնաք, յիշէ՛ք, որ դուք նախ հայ էք եւ հպարտ եղէք դրանում»:
Ապա «Սկիւռը» վերնագրի ներքոյ, բնութեան եւ կենդանիների լեզուով ծնունդ առած իր խոհերը կարդալով՝ խօսքը եզրափակեց հետեւեալ նախադասութեամբ. «Ամէն մի լաւ գործ անես էլ, ձեր վրայ խօսողներ կը լինեն. բանի տեղ չդնէք. ձեր գործը շարունակէ՛ք»:
Հետաքրքիր եւ յաճելի նորոյթ էր, որ առաջին շարքում նստած հիւրերը, մէկ-մէկ բեմ բարձրանալով՝ յայտարարում էին յաջորդ հանդէսը, ու այդպիսով, բեմ-սրահ կապը աւելի էր ջերմանում: Ափսոս, որ բեմը անպաճոյճ էր եւ ԱՄՆ դրօշների կողքին՝ բացակայում էր Եռագոյնը:
Գնահատանքի խօսքով ելոյթ ունեցաւ նաեւ ՀՀ հիւպատոսարանի ներկայացուցիչը: Ապա վարչութեան անունից խօսք առաւ ԴՄԿՀ գործունեայ նախագահ Վահիկ Ծատուրեան՝ ներկայացնելով վարչակազմին եւ օրուան խորհուրդը: Գեղեցիկ էր ուսուցչուհիների գնահատման պահը, երբ արուեստագիտուհի Մարինէ Ա. Աբրահամեանի «Սիրելի ուսուցի»չ երգով բեմ հրաւիրուեցին ներկայ ուսուցիչները եւ պարգեւատրուեցին մէկական կարմիր վարդով:
Պահը հասաւ աւարտական վկայականների տուչութեան արարողութեան. ԴՄԿՀ-ԳՄԴԿ պատասխանատուների ձեռամբ, 80 շրջանաւարտներ ստացան իրեց վկայականները: Յայտագիրի աւարտին ուսուցիչ-աշակերտ միասին երգեցին տարիների վաստակաւոր ուսուցիչ դոկտ. Օննիկ Հայրապետեանի հեղինակած նոր հիմը, որ խորհրդանշում է Դաւթեան-Մարիամեան Կրթական հաստատութեան նպատակը եւ խորհուրդը՝ շեշտելով «Պայքարենք միասին՝ աղէտի դէմ ձուլման. ՊԱՅՔԱՐԵՆՔ»:
Վերջում, Միւռոն քհնյ. Ազնիքեան, բարձր գնահատելով ԴՄԿՀ առաքելութիւնը եւ աշխատանքը՝ Օրհնանքով քաջալերական ու բարեմաղթանքներով փակեց հանդիսութիւնը: