ՎԱՐԴԳԷՍ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ
Մի քանի տարի առաջ, մի օր ուշ երեկոյեան, աֆղանական պատերազմի իմ մարտական ընկեր Նորայր Ղալումեանը առաջարկեց գնալ գեղանկարիչ Ռազմիկ Սամուելց Հաջիկեանի արուեստանոց: Սիրով ընդունելով ընկերոջս առաջարկը՝ այցելեցինք արուեստանոց, որտեղ մեզ ընդունեցին նկարիչը եւ նրա տիկինը՝ Յասմիկը:
Ես շատ եմ սիրում նկարչութիւնը եւ արդէն մի քանի տասնեակ տարիներ ընկերութիւն եմ անում Հայաստանի շատ յայտնի նկարիչների, արուեստաբանների, պատկերասրահների տնօրէնների հետ: Այս առումով իւրաքանչիւր նկարչի, առաւելապէս արուեստասէր հասարակութեան կողմից ընդունուած եւ գնահատուած նկարչի յայտնութիւնը տօն է ինձ համար: Հէնց նման տօն դարձաւ Հաջիկեանի նկարների ցուցադրութիւնը (ունկնդրումը): Նկարիչն իր վերացական յօրինուածքներում, նախանձելի համարձակութեամբ, նրբաճաշակ ձեւով համադրում է վառ գոյները՝ կարմիրը, դեղինը, կանաչը, կապոյտը: Իրար հետ համաձայնեցուած գոյները լցնում են կտաւը ոչ միայն կտաւի մակերեսով, այլեւ նրա ծաւալով, հեռանկարով:
Ցուցադրութիւնից յետոյ ծանօթացայ Ռ. Սամուելց Հաջիկեանի կողմից ստեղծուած նկարչական դպրոցի աշակերտների աշխատանքներին: Հասկացայ, որ հայրենիքից հեռու նկարիչը աստուածահաճոյ գործ է ծաւալում՝ երեխաներին սովորեցնելով սիրել հայրենիքը, նրա բնութիւնը, մշակոյթը, պատմութիւնը, եւ թէ ինչպէս ներկայացնել այն աշխարհին: Սա հայապահպանութեան մի վառ օրինակ է:
Դէպքերի բերումով յաջորդ օրը ես թռայ Երեւան: Միւնխենում ինքնաթիռ բարձրացաւ արուեստաբան Հենրիկ Իգիթեանը: Նրա հետ վաղեմի ընկերներ էինք: Սկսեցինք նորից խօսել նկարչութեան մասին: Ես սիրով պատմեցի Ռ. Հաջիկեանի հետ իմ ծանօթութեան, նրա նկարչութեան եւ ստեղծած նկարչական դպրոցի մասին, մտածելով որ Իգիթեանը չի ճանաչում նրան: Սակայն քիչ յետոյ նա խորամանկօրէն ծիծաղեց ու ասաց. «Վարդգէս ջան, ես շատ վաղուց եմ ճանաչում Ռազմիկին, սիրում եմ նրա նկարչութիւնը եւ դեռ նախկինում ես եմ կատարել նրա՝ Երեւանում կայացած երկու ցուցահանդէսների էքսպոզիցիան»:
Հասնելով Երեւան՝ մի քանի օր յետոյ հանդիպեցի Հայաստանի մշակոյթի նախարար տիկին Յասմիկ Պօղոսեանին (որն ի հեճուկս մեզ բոլորիս, ոչ միայն «վիրտուոզ» ձեւով համակարգում է երկրի մշակոյթը, այլեւ հրաշալի տիրապետում է այն) եւ պատմեցի Ռ. Հաջիկեանի նկարչութիւնից ստացած տպաւորութիւններիս մասին, ցոյց տուեցի նրա նկարների կատալոգը եւ նկարչական դպրոցին վերաբերող նիւթերը: Պատմեցի այն հանգամանքը, որ նկարիչն իրեն եւ իր նկարչութիւնը շրջապատել է նաեւ այլազգի նկարիչներով, արուեստաբաններով, արուեստասէրներով: Նրա՝ այս տարուայ Մայիս ամսին Լոս Անջելեսի «LA ARTCORE GALLERY» ցուցասրահում բացուած ցուցահանդէսի հարիւրաւոր այցելուների շուրջ կէսը այլ ազգի էին: Այս գործօնը ինքնին փաստում է այն իրողութիւնը, որ նրա նկարչութիւնը ունենալով իր հիմքում ազգային հենք, լուրջ փորձ է անում դառնալու համամարդկային: Նկարչին առաւել մօտ կանգնած արուեստասէրները, նկարիչները Ռ. Հաջիկեանի միջոցով ծանօթանում են հայ ազգի պատմութեանը, նրա մշակոյթին, աւանդոյթներին: Նախարարը, որը մինչեւ նախարար դառնալը երկար տարիներ ղեկավարում էր «արտասահմանեան երկրների հետ մշակութային կապերի Կոմիտէն», ծիծաղելով նկատեց՝ «Պարոն Եղիազարեան, դէ ասացէք Լոս Անջելեսում յայտնաբերել էք հայ նկարչութեան դեսպանի»:
2007թ. Ռազմիկ Սամուելց Հաջիկեանը այլ ազգի մի քանի նկարիչների հետ եղել է Հայաստանում եւ ջերմ ընդունելութիւն է գտել նաեւ տիկին նախարարի կողմից, որը սիրով աջակցել է վերը նշուած պատուիրակութեանը մի շարք հարցերում:
Այժմ փորձենք հասկանալ, թէ ինչով է պայմանաւորուած Ռ. Սամուէլցի նկարչութեան յաջողութեան գործօնը: Անշուշտ, նրա նկարչութեան ամուր հիմքը առաջին հերթին պայմանաւորուած է Աստծոյ տուած առատ շնորհից: Յետոյ ստանալով բարձրագոյն մասնագիտական կրթութիւն, նա ոչ միայն անդադար նկարել է, այլեւ զուգահեռաբար, մօտ 15 տարի, իր փորձը, գիտելիքներն ու նկարելու գաղտնիքներն է հաղորդել Թերլեմեզեանի ուսումնարանի սովորողներին ապա նաեւ իր իսկ ստեղծած «Art 4 Ar» նկարչական դպրոցի սաներին դասաւանդելիս: Նրա նախկին շատ ուսանողներ եւ աշակերտներ դարձել են յայտնի նկարիչներ եւ այսօր իրենք են իրենց գիտելիքները փոխանցում երիտասարդներին:
Յայտնի է, որ ցանկացած գործունէութիւն, եթէ չի բարելաւուում, դատապարտուած է դառնելու սովորական, ապա ճահճանում է եւ ինչպէս յայտնի գրող Մարկեսն է եզրահանգում՝ վերջապէս մահանում է: Եթէ այս տեսանկիւնից դիտարկենք Ռ. Հաջիկեանի նկարչութիւնը ժամանակի մէջ եւ ռետրոսպեկտիւ (յետահայեաց-Խմբ.) հայեացք գցենք նրա աշխատանքներին, ապա կը տեսնենք, որ նա լաւ էր նկարում նաեւ տասը, քսան տարի առաջ: Սակայն առաջին հերթին նրա անհանգիստ խառնուածքը, իր աշխատանքի նկատմամբ ունեցած բարձր պատասխանատուութիւնը, օր-օրի փոփոխական չափանիշներով ձեւաւորուող արուեստագէտի ճաշակի շնորհիւ, նրա նկարներում էլ աւելի է յստակեցւում ասելիքը, իւրաքանչիւր գիծ ճշտօրէն գտնում է իր տեղը, իւրաքանչիւր առանձին գոյն ոչ թէ խանգարում է կողքի գոյներին, այլ աւելի անհրաժեշտօրէն է պատճառաբանւում իր տեղում:
Այս բոլորը նրանց խարսխում է մէկ նպատակի, մէկ ընդհանրութեան, մէկ խնդրի լուծման շուրջ: Հաջիկեանի նկարչութիւնից կարծես առատօրէն թթուածին է սփռւում: Նկարները նայելիս սկսում ես աւելի հեշտ շնչել, ակտիւանում է բիոռիթմը, դասական հաճելի երաժշտութիւն լսելու նման վերացական եթերային պահեր ես ապրում, եւ թւում է՝ սկսւում է երկխօսութիւն նկարի հետ: Այս տպաւորութիւնն աւելի առարկայական է դառնում յատկապէս, երբ դիտում ես նկարչի կողմից վերջերս ստեղծուած տրիպտիխները: Տրիպտիխներով (եռամաս-Խմբ.) արձանագրւում է նրա նկարչութեան մնայուն ճանաչողական փուլի սկիզբը, ինչպէս Վան Գոգի «Արեւածաղիկներ»ը: Աստծուց տրուած գերզգայուն «ինտուիտիւ» շնորհի միջոցով նկարիչը բոլորիս սեփականութիւնն է դարձնում նկարի ներքին «դինամիկան», իր խոհի արտայայտման երանգային նրբութիւնը, նրա կենսականութիւնը:
Նկարների ընդհանուր կոնտեքստում (ծիրէն ներս-Խմբ.) ծանօթանանք նաեւ իր նկարչութեան մէջ ոչ դոմինանտ (տիրապետող-Խմբ.) տեղ գրաւող մի քանի դիմանկարների: Թւում է՝ թէ նկարիչը երկրորդական, ածանցեալ վերաբերմունք է ցուցաբերելու այս «պորտրետների (դիմանկարներու-Խմբ.) նկատմամբ: Սակայն այս ժանրում եւս նկարչի վերաբերմունքը հարազատ է իրեն: Այսպէս, դիտելով մեր շատ յայտնի նկարիչներից մէկի հարազատ մօր դիմանկարը, ցաւօք թւում է, թէ նա նկարել է Արշիլ Գորկու մօր մի այլ տարբերակ: Ի տարբերութիւն ասուածին Ռ. Սամուելցին յաջողուել է արտապատկերել իսկապէս իր հարազատ մեծ մօրը, արտայայտել նրա անմնացորդ գորովանքը, նրա շարունակական կարօտը թոռների, որդիների նկատմամբ, այդ չյագեցող կարօտի տառապանքը: Դիմանկարն այնքան զգայացունց է ստացուել, որ նայողը հակւում է մտածելու, որ նոյնիսկ իր ֆիզիկական բացակայութեան պարագայում, մեծ մայրը աներեւոյթ ձեւով անվտանգ ճանապարհ է հարթում նկարիչ թոռան համար, լցնում նրա ստեղծած նկարները սիրով, ժառանգական յիշողութիւններով, եթերայնութեամբ ու աստուածապաշտութեամբ: Ի դէպ, միանգամից ուզում եմ նշել, որ շատ ամուր եւ բարձր վարպետութեամբ, սիրով է նկարիչը ստեղծել նաեւ իր տիկնոջ՝ Յասմիկի դիմանկարը, տիկին, որը մեծ սիրով, հոգատարութեամբ, նրբանկատութեամբ է վերաբերւում նկարիչ ամուսնուն եւ նրա գործին:
Արուեստագէտը պարտք է, որ երկար կեանք ունենայ, որովհետեւ դեռ չի էլ իմանում, թէ ինչ նկարչական նոր գաղափարներ կան իր մէջ, որոնք պէտք է կեանքի կոչի եւ յանձնի կտաւին:
Ուրեմն՝ լաւատեսօրէն սպասենք նկարիչ Ռազմիկ Սամուելց Հաջիկեանի նորանոր կտաւներին, գլուխգործոցներին, ի սէր եւ ի յարգանս աշխարհի արուեստասէր հանրութեան:
ՎԱՐԴԳԷՍ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ «Տեխ-նիկական» գիտութիւններու թեկնածու է: