
(Առանց Հօր չկայ Մայր: Առանց Մօր չկայ Հայր:)
ՀԱՅՐԻԿԻՍ
Դու իմ գլխին հովանաւոր
Արարատ ես, հայր,
Ամպ ու զամպի դէմ ամրակուռ
իմ վահանն ես, հայր:
Երկրից երկիր թէ զօրք ելնեն
ու բախուեն թափով,
Դու ես պաշտպան մեր տան հարկի,
դու զօրավար հայր:
Կեանքի կռւում փոթորկալից ես
կորած զինուոր,
Բազկիդ թափը իմ թիկունքին՝
անյաղթ ուժ է հայր:
Արդարութիւնն ու աշխատանքն են կենաց հիմքը,
Քրտինքն արդար աշխատանքի ճակտիդ ծով է, հայր:
Տանը, խաղաղ մեր հարկի տակ, նստել ենք հացի,
Առատութեան մեր սփրոցի աղ ու հացն ես, հայր:
Ես լացակում մի պատանի դպրոցի ճամբում,
Կեանքի ճամբում թեւատակիս դասագիրքն ես, հայր:
Դու լուռ սիրով հսկում ես իմ բախտի հիմնարկման,
Ծռուած քարը շտկել տալիս, ճարտար վարպետ, հայր:
«Որդին հօրից լաւ պիտ ապրի», խօսքդ է իմաստուն,
Դա էլ հաւատքս է լինելու երբ ես դառնամ հայր:
ՄԱՅՐԻԿԻՍ
Բիւրաւոր հեղ գովուած ես աշխարհում արար
Արեւ, լուսին ընծայուած ու մեծարուած, մայր:
Երկնի աստղաց համրանքով քեզ երգ է ձօնուած,
Թոթով երգն էլ այս անպերճ ինձնից նուէր, մայր:
Հայրենիքի, աշխարհքի հետ են չափում քեզ,
Ես մեծ չափեր չգիտեմ, դու օրոցք ես, մայր:
Տիեզերքի գիրկը խոր անհուն է թէեւ,
Բայց քո գիրկն է հանգիստն իմ, գորովագութ մայր:
Կեանքի այս մեծ համերգում այսքան նուագներ՝
Ես քո նանիկն եմ սիրում, դու օրօրերգ, մայր:
Ծովերից ծով կամարուած կամուրջներ երկաթ,
Դու առաջին քայլափոխիս վտիտ սիւնը, մայր:
Արարատը, թէեւ դեռ չեմ գգուել նրան,
Դու ես սրտիս մէջ դրել Արարատը, մայր:
Այս բառերս էլ, որ ահա ես ձօնում եմ քեզ,
Քեզնից առած հիւթն է՝ թող քեզ մեղր դառնայ, մայր:
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Լոնդոն, 1961/05/21