ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
Յարգելի բարեկամներ, մեծարգոյ հիւրեր,
Այս օրերին աշխարհասփիւռ համայն հայութիւնը, մեր բարեկամներն ու համախոհները նորից ոտքի են ելել՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանութեան՝ Մեծ Եղեռնի, 96րդ տարելիցը: Այս օրերին հայութիւնը համախմբւում է ոչ միայն սգալու եւ յիշելու, այլեւ ողջ աշխարհին ցոյց տալու արժանապատիւ ապրելու իր կամքը, մեր ժողովրդի դէմ կատարուած մեծագոյն յանցագործութիւնը ճանաչուած եւ պատժուած տեսնելու իր անսասան կորովը եւ սեփական իրաւունքներին տէր կանգնելու հայ ժողովրդի աննահանջ պայքարի ընթացքը:
Յարգելի հայ ժողովուրդ,
Այս օրերին մենք ազգովին կարիք ունենք պատասխանելու մի շատ կարեւոր հարցի. արդեօք Հայոց Ցեղասպանութեան Ճանաչումը նպատա՞կ է, թէ միջոց: Վստահաբար, մեր միջի մեծամասնութիւնն անվարան կը պատասխանի՝ միջոց: Հետեւաբար, քանի որ Ցեղասպանութեան ճանաչումն ինքնանպատակ չէ, ուստի ցանկացած ցեղասպանութեան ժխտման հակառակը ցեղասպանութեան պարզ ճանաչումը չէ, այլ ճանաչման միջոցով յանցագործի պատիժն ու զոհի իրաւունքների հնարաւորինս վերականգնումը: Կարո՞ղ է արդեօք Ցեղասպանութեան ճանաչումը վերահաստատել արդարութիւնը, քանի դեռ յանցագործը կամ նրա սերունդները շարունակելու են վայելել յանցագործութեան պտուղները: Ի հարկէ՝ ո՜չ, որովհետեւ այդ դէպքում յանցագործութեան պտուղները վայելող սերունդները ոչ թէ յանցագործների պարզ յետնորդները կը լինեն, այլեւ՝ յանցակիցները: Այսու, անհրաժեշտութիւն է առաջանում անդրադառնալ որոշ հարցի. արդեօ՞ք Հայաստանի հանրապետութեան տարածքային եւ հայերի գոյքային իրաւունքները, ինչպէս նաեւ բարոյական կորուստները կարող են վերականգնուել միայն Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ճանապարհով, թէ՞ կայ այլ ուղի եւս:
Հայութեան իրաւունքների եւ սեփականութեան հարցն ունի 3 մակարդակ. անհատական կամ մասնաւոր, համայնքային կամ կազմակերպուած խմբերի, ազգային կամ պետական: Ժամանակի սղութեան պատճառով զուտ համառօտակի կանդրադառնամ անհատական եւ համայնքային սեփականութեան իրաւունքներին: Օսմանեան կայսրութեան հայազգի քաղաքացիների եւ համայնքային կազմակերպութիւնների իրաւունքներն ամրագրուած են եղել երկրի գործող օրէնսդրութեամբ, հետեւաբար թուրքական պետութեան կողմից յետագայ բոլոր անօրինական զաւթումները չեն զրկում հայերին իրենց իրաւունքներից: Անօրինական բռնագրաւումները սեփականութեան իրաւունքի փոխանցման օրինական հիմք չեն կարող հանդիսանալ: Թուրքիայի Հանրապետութեան 1926-27թթ. օրէնքներն ու հրամանագրերը, նպատակամղուած կրօնական փոքրամասնութիւնների գոյքի բռնագրաւմանը, չեն կարող օրինական հիմք հանդիսանալ, քանի որ հակասում են Թուրքիայի Հանրապետութեան ստանձնած միջազգային պարատաւորութիւններին՝ Լօզանի պայմանագրի 38-45 յօդուածներին: Նշեալ պարտաւորութիւնները ենթակայ չէին եւ ենթակայ չեն փոփոխութեան կամ անտեսման, քանի որ նրանց, ըստ նոյն պայմանագրի 37րդ յօդուածի, տրուած է հիմնական օրէնքի (սահմանադրութեան) կարգավիճակ:
Եթէ Թուրքիան իր ապագան տեսնում է Եւրոմիութեան կազմում, ինչպէս բազմիցս է յայտարարել, ապա պիտի ընդունի Եւրոմիութեան արժէքները: Ի շարս այլ բաների, պիտի պատրաստ լինի պատասխանատուութիւն կրել սեփական պետութեան եւ նրա իրաւանախորդի արարքների համար: Պիտի օրինական տէրերին վերադարձնի ապօրինի բռնագրաւուած գոյքը, պիտի դադարեցնի այլ պետութիւնների տարածքների բռնազաւթումը, պիտի դադարի խօսել ուժի դիրքերից եւ սպառնալիքի լեզուով:
Ուզում եմ յատուկ շեշտել, որ հայերից ապօրինի բռնագրաւուած գոյքի հարցում չի գործում որեւէ ժամանակային սահմանափակում, քանի որ օրինախախտումն ունի շարունակական բնոյթ: Բոլոր այն դէպքերում, իսկ դա գրեթէ միշտ է, երբ գոյքը բռնագրաւուել է առանց համարժէք հատուցման, այսինքն օրինախախտմամբ, ապա ներկայ տնօրինումը չի կարող օրինական իրաւատիրութեան հիմք հանդիսանալ:
Իհարկէ անհատական եւ համայնքային իրաւունքները եւ այդ հարցերում արդարութեան վերականգնումը խիստ կարեւոր են: Սակայն անձամբ ես կարծում եմ՝ մեր մեծագոյն նպատակը պիտի լինի մեր համազգային իրաւունքների վերականգնումը, այն է՝ մեզանից խլուած մեր հայրենիքի հայրենադարձութիւնը:
Երբեմն կարող էք լսել, երբ ասում են՝ հայերը Թուրքիայից հողային պահանջներ ունեն: Սուտ է՝ հայերը Թուրքիայից հողային պահանջներ չունեն, հայերն իրենցն են ուզում: Այսինքն, ուզում են, որ իրենցից խլուածը եւ անօրինական թուրքական բռնազաւթման ներքոյ գտնուող հայրենիքը վերադարձուի: Ուզում են, որ աշխարհը տէր կանգնի իր իսկ նախաձեռնութեամբ եւ մասնակցութեամբ կազմուած, հաստատուած եւ օրինապէս ուժի մէջ մտած փաստաթղթին, ուզում են, որ վերականգնուի ոտնահարուած արդարութիւնը:
Բազմաթիւ են այն փաստաթղթերը, որոնց վրայ հիմնւում են հայոց հողային իրաւունքները: Այսուհանդերձ, ՀՀ հողային իրաւունքների ամենահիմնաւոր փաստաթուղթը, որի վրայ խարսխուած է հայոց հողային պահանջատիրութիւնը, առաջին հերթին ԱՄՆ նախագահ Վուդրոյ Վիլսոնի 1920թ. Նոյեմբերի 22ի Իրաւարար վճիռն է: Առանց ժխտելու Հայոց Ցեղասպանութեան հնարաւորինս լայն ճանաչման բարոյական եւ քաղաքական անհրաժեշտութիւնը, հարկ է նշել, որ իրաւական տեսանկիւնից Հայաստանի Հանրապետութեան տիտղոսի, այն է հողային իրաւունքների վերականգնման, տեսանկիւնից, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը բնաւ նախապայման չէ: ՀՀ տարածքային իրաւունքները ճանաչուած են ցեղասպանութեան իրողութիւնից անկախաբար:
Յարգելի հայրենակիցներ,
Արդէն մի քանի տասնամեակ է, ինչ Ապրիլի 24ը հանդիսանում է հայ ժողովրդի նուիրական օրերից մէկը՝ հայոց միասնական քաղաքական վարքի թերեւս ամենավառ դրսեւորման օրը: Հայ իրականութեան մէջ այդ օրը մտաւ նախ որպէս հոգեհանգստի ու յիշատակի օր, ապա աստիճանաբար վերաճեց եւ դարձաւ ոգեկոչման ու Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու պահանջի օր: Այսուհանդերձ, այդ օրը կորստի օր է՝ առաւելագոյնը կորուստը ճանաչել տալու օր:
Սակայն որպէս ազգ եւ որպէս արդարութեանը հետամուտ հանրութիւն մենք կարիք ունենք յաղթանակի ու հատուցման օրուայ, արդարութեան կայացման ու իրաւունքի հաստատման օրուայ: Մեր իրականութեան մէջ կայ այդ օրը. յաղթանակի անթեղուած կրակը պահող այդ օրը Նոյեմբերի 22ն է՝ Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահ Վուդրոյ Վիլսոնի կողմից Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը որոշող Իրաւարար վճռի (Arbitral Award) կայացման օրը: Այդ օրը իրաւարար վճռով Հայաստանի Հանրապետութեանը յատկացուեց մեր բնօրրան-հայրենիքի մի մասը՝ նրա հիւսիսարեւելեան հատուածը: Այդ օրը միջազգային իրաւունքի հիման վրայ կայացուեց եւ մէկընդմիշտ ուժի մէջ մտաւ մի վճիռ, որը կատարման համար պարտադիր է, իրաւական տեսանկիւնից անբեկանելի է ու իրաւունքների գոյութեան առումով անժամանցելի է:
Քանի որ Իրաւարար վճիռը կայացուել է Թուրքիայի եւ Հայաստանի, ինչպէս նաեւ Բրիտանական կայսրութեան, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Բելգիայի, Յունաստանի, Կանադայի, Հնդկաստանի, Հարաւային Աֆրիկայի, Աւստրալիայի, Նոր Զելանդիայի, Չեխոսլովակիայի, Հարաւսլաւիայի, Ռումինիայի, անվերապահ հայցադիմումի (compromis) հիման վրայ եւ ուժի մէջ է մտել ստորագրման պահից, ուստի այն պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի է բոլոր վերոյիշեալ երկրների եւ նրանց իրաւայաջորդների համար: Այն պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի է նաեւ Ամերիկայի Միացեալ Նահանգների համար, քանի որ Իրաւարար վճիռը կրում է ԱՄՆ Մեծ կնիքը, ստորագրուած է ԱՄՆ նախագահի եւ ենթաստորագրուած է ԱՄՆ պետքարտուղարի կողմից:
Ըստ այդմ, մեր համազգային խնդիրը պէտք է լինի իւրաքանչիւր տարի Նոյեմբերի 22ին այդ երկրներից պահանջել, որպէսզի նրանք տէր կանգնեն միջազգային իրաւունքից բխող իրենց պարտաւորութեանը եւ դա անեն ոչ թէ որպէս բարեհաճութիւն, այլ որպէս մոռացուած եւ, մասամբ ուրացուած, սակայն անխաթար ու անբեկանելի միջազգային պարտաւորութիւն:
ՆՈՅԵՄԲԵՐԻ 22ը պէտք է դառնայ ոտնահարուած արդարութեան վերականգնման, ազգային պահանջատիրութեան եւ մեզանից խլուած իրաւունքների վերահաստատման օրը: Մեծ հայորդի Գարեգին Նժդեհի մէկ բառով՝ ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹԵԱՆ ՕՐԸ: Օգտուելով այս ժողովրդային մեծ հաւաքից կոչ եմ անում Ձեզ եւ Ձեր միջոցով համայն հայութեանը ամէն տարի Նոյեմբերի 22ին ըստ արժանւոյն՝ ցոյցերով, երթերով, հաւաքներով եւ գիտաժողովներով, նշել ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹԵԱՆ ՕՐԸ:
Վերջում, ամփոփելով խօսքս, ուզում եմ կրկնել հայ մեծանուն պատմաբան Նիկողայոս Ադոնցի միտքը, որն ասուել է աւելի քան 90 տարի առաջ՝ 1919թ., բայց հրատապ է դեռեւս այսօր. «Հասել է պահը, երբ իր որդիների արիւնով օծուած Հայաստանը հատուցում պահանջի իր պատմական ուղու ամբողջ ընթացքում կրած տառապանքների ու փորձութիւնների դիմաց, դառնայ իր սեփական ճակատագրի տէրը»:
Շնորհակալութիւն:
Մոնթեպելլօ, Լոս Անջելես
23 Ապրիլի, 2011թ.